Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-531-26.03.2020-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Գույքահարկի մասին» 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-491-Ն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասում`

1) առաջին պարբերությունում «պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք՝» բառերը փոխարինել «օրենքով սահմանված զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները՝» բառերով.

2) երկրորդ պարբերությունում «ժամկետային» բառը փոխարինել «զինվորական» բառով, իսկ «ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք» բառերը փոխարինել «օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող, ինչպես նաև հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողները» բառերով.

3) հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն մասով սահմանված արտոնությունների իրավունքը դադարում է զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու, ինչպես նաև հարկվող օբյեկտ համարվող գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու դեպքերում:».

4) վեցերորդ պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«Սույն մասով սահմանված արտոնությունների կիրառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է զինվորական ծառայությունը կարգավորող և 2017թ. դեկտեմբերին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում օգտագործվող ձևակերպումները «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում իրացնելու և գույքահարկի արտոնություն ունեցող զինծառայողների շրջանակը հստակեցնելու հանգամանքով:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) 5-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն՝ պարտադիր զինվորական ծառայություն է համարվում զինված ուժերում և այլ զորքերում զորակոչի միջոցով կազմակերպվող ծառայությունը: Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է` շարքային կազմի համար` 24 ամիս, իսկ սույն օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց համար` 3 տարի, պահեստազորի սպայական կազմի համար` 24 ամիս, պարտադիր զինվորական ծառայություն չանցած և ռազմաուսումնական հաստատություններ ընդունված անձանց համար` ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության ժամկետով, որը ռազմաբժշկական բնույթի ռազմաուսումնական հաստատություններում սովորողների մասով ներառում է նաև ինտերնատուրայում ուսումնառության ժամկետը:

Նույն հոդվածի 8-րդ մասի պահանջների համաձայն՝ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերը ռազմաուսումնական հաստատություններ ընդունված քաղաքացիների հետ կնքվում են տվյալ ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության և հետուսումնական 10 տարի ժամկետով, որը պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասով ներառում է նաև ուսումնառության ժամանակահատվածը` որպես պարտադիր զինվորական ծառայություն:

Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջների համաձայն՝ առաջին պայմանագիրը կնքվում է ռազմաուսումնական հաստատություն ընդունված` 18 տարին չլրացած քաղաքացու կամ մինչև 23 տարեկան` պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի կամ պահեստազորում հաշվառված արական սեռի կամ իգական սեռի քաղաքացու հետ` ռազմաուսումնական հաստատությունում որպես կուրսանտ գրանցելու հետ միաժամանակ: Սույն կետում նշված պայմանագրում ներառման պարտադիր պայման է սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության նախատեսումը: Նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին պայմանագրի ժամկետը սահմանվում է`  ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների համար` համապատասխան ռազմաուսումնական հաստատությունում ուսումնառության և հետուսումնական 10 տարի: Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջների համաձայն՝ զինծառայողի հետ հերթական պայմանագիր կնքվում է նախորդ պայմանագրի ժամկետը լրանալիս (իր համաձայնությամբ):

Օրենքի վերը նշված ձևակերպումները՝ պարտադիր զինվորական ծառայություն և հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների մասով, որոշակիորեն տարբերվում են «Գույքահարկի մասին» ՀՀ օրենք 15-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանված ձևակերպումներից, չնայած որ նշված օրենքի համապատասխան դրույթները վերաբերում են նման կարգավիճակ ունեցող զինծառայողներին: Արդյունքում, երկու օրենքների շրջանակներում կարգավիճակի (զինվորական ծառայության տեսակի) առումով նույն շահառուներին վերաբերող տարբեր ձևակերպումները խնդիրներ են առաջացնում գույքահարկի արտոնությունների կիրառման գործընթացում:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Բնագավառում իրականացվող քաղաքականության նպատակն է ապահովել գույքահարկի արտոնություններից օգտվող զինծառայողների կողմից սահմանված իրավունքի իրացման անխոչընդոտ գործընթացը:

4. Կարգավորման նպատակը և բնույթը

Օրենքի նախագծի համաձայն հստակեցվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շրջանակը՝ որը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն իրականացվում է զորակոչի միջոցով, հստակեցվում է գույքահարկի արտոնությունից օգտվող՝ հետուսումնական պայմանագրային զինծառայության մեջ գտնվող անձանց շրջանակը, հստակեցվում են համապատասխան շահառուների համար գույքահարկի արտոնության իրավունքի դադարման հիմքերը, ինչպես նաև նախատեսվում է, որ արտոնությունների կիրառման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ:

 5. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունումը կապահովի գույքահարկի արտոնություններից օգտվող զինծառայողների շրջանակի հստակ ընկալումը և այդ իրավունքի իրացման անխոչընդոտ գործընթացը:

Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտություն է առաջանում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել գույքահարկի գծով արտոնությունների կիրառման կարգը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետա­կան բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

Ընդունված է 2002 թվականի դեկտեմբերի 26-ին

 

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 15. ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Գույքահարկից ազատվում են`

1) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` գծային ինժեներատրանսպորտային շինությունները, եթե դրանցից օգտվելու համար վճար չի գանձվում.

2) ջրամբարները.

3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական սեփականություն համարվող պատմամշակութային նշանակության հարկվող օբյեկտ համարվող շինությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկին համապատասխան, ինչպես նաև կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող` մինչև 1991 թվականը կառուցված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դասակարգմանը համապատասխան` կրոնական, պաշտամունքային շենքերն ու շինությունները: Կրոնական կազմակերպություններն ազատվում են նաև իրենց սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված շենքերի և շինությունների համար 2007 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված գույքահարկի, ինչպես նաև այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումից: Կրոնական կազմակերպություններին սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված շենքերի և շինությունների մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:

Գույքահարկից ազատվում են նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերն ու շինությունները, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3.1) Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ազատվում է նաև իրեն սեփականության իրավունքով պատկանող` սույն մասի 3-րդ կետում նշված շենքերի և շինությունների համար 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվարկված գույքահարկի, ինչպես նաև այդ գումարները օրենսդրությամբ սահմանված ժամկետներում չվճարելու համար հաշվարկված` հարկային օրենսդրությամբ սահմանված տույժերի և տուգանքների գումարների վճարումից: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված շենքերի և շինությունների մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:

4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված (մահացած), ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց (կամ ընտանիքի անդամներին) պատկանող գույքը` մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը.

5) սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների մասով: Հաշմանդամներին սեփականության իրավունքով պատկանող` սույն կետում նշված ավտոմեքենաների մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ.

6) փոստային կապի ազգային օպերատորը.

7) ազատ տնտեսական գոտու տարածքում գտնվող ազատ տնտեսական գոտու շահագործողներին պատկանող կամ նրանց կողմից օգտագործվող հասարակական և արտադրական նշանակության շենքերը և շինությունները:

2. Ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով դաշնակից երկրների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձինք` օրենքով սահմանված զորակոչի միջոցով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողները՝

1) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող շենքերի և շինությունների և (կամ) փոխադրամիջոցների մասով.

2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող` սույն մասի 1-ին կետում նշված` գույքահարկով հարկվող օբյեկտի դեպքում հարկվող օբյեկտի իրենց բաժնի մասով.

3) ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող սույն մասի 1-ին կետում նշված գույքահարկով հարկվող օբյեկտի մասով, եթե մյուս համասեփականատերերն անչափահաս կամ անաշխատունակ անձինք են:

Սույն մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետի ավարտից հետո, գույքահարկից ազատվում են նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում ծառայություն անցած` ռազմաուսումնական հաստատություններն ավարտած անձինք օրենքով սահմանված հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնող, ինչպես նաև հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայության պայմանագրի ժամկետի ավարտից հետո օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունը շարունակող զինծառայողները` հասարակական և (կամ) արտադրական նշանակության շինություն չհանդիսացող մեկ շինության մասով, որի հարկման բազան չի գերազանցում 40.0 մլն դրամը (չգերազանցող մասով) և մեկ փոխադրամիջոցի մասով, որի հարկման բազան չի գերազանցում 150 ձիաուժը (չգերազանցող մասով):

Սույն մասում նշված` սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի շինություն պատկանելու դեպքում արտոնությունը կիրառվում է հարկ վճարողի կողմից ընտրված շինության նկատմամբ, իսկ արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող շինությունների թվաքանակի և գտնվելու վայրերի մասին, ինչպես նաև շինության գտնվելու վայրի (վայրերի) հաշվառող մարմնի կողմից տրված տեղեկանքը` այլ շինության մասով արտոնություն կիրառված չլինելու մասին:

Սույն մասով նշված սեփականության իրավունքով հարկ վճարողին մեկից ավելի փոխադրամիջոց պատկանելու դեպքում արտոնությունները կիրառվում են հարկ վճարողի կողմից ընտրված փոխադրամիջոցի մասով, իսկ արտոնությունների կիրառման համար հիմք է ընդունվում ոստիկանության լիազոր մարմնի կողմից տրված տեղեկանքը` անձին սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի թվաքանակի մասին և (կամ) փոխադրամիջոցի գրանցման վայրի հաշվառող մարմնի կողմից տրամադրված տեղեկանքը` այլ փոխադրամիջոցների մասով արտոնություններ կիրառված չլինելու մասին:

Սույն մասով սահմանված արտոնությունները չեն կիրառվում, եթե հարկվող օբյեկտ համարվող գույքը ծառայության ընթացքում կամ ծառայության ավարտից հետո հանձնվել է վարձակալության կամ հավատարմագրային կառավարման, ինչպես նաև եթե հարկվող օբյեկտ համարվող գույքը ձեռք է բերվել ծառայության ժամկետի ավարտից հետո:

Սույն մասով սահմանված արտոնությունների իրավունքը դադարում է զինծառայողին զինվորական ծառայությունից արձակելու, ինչպես նաև հարկվող օբյեկտ համարվող գույքը զինվորական ծառայության ընթացքում վարձակալության կամ հավատարմագրային կառավարման հանձնված լինելու դեպքերում:

«Սույն մասով սահմանված արտոնությունների կիրառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:»:

Սույն մասով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման հետևանքով համայնքների եկամուտների նվազեցումը պետության կողմից փոխհատուցման ենթակա չէ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով համայնքի ավագանին կարող է սահմանել գույքահարկի գծով արտոնություններ:

Համայնքի ավագանու սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ տարվա համար գույքահարկի գծով համայնքի բյուջեում հաստատված եկամուտների 10 տոկոսը:

Համայնքի ավագանու կողմից գույքահարկի գծով սահմանված արտոնությունների գումարի դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքի բյուջեին լրացուցիչ դոտացիաներ չեն տրամադրվում:

4. Օրենքով կարող են սահմանվել գույքահարկի գծով այլ արտոնություններ:

(15-րդ հոդվածը փոփ. 28.11.06 ՀՕ-202-Ն, 19.03.07 ՀՕ-140-Ն,

30.04.08 ՀՕ-54-Ն, 26.12.08 ՀՕ-250-Ն, 07.04.09 ՀՕ-82-Ն,

25.05.11 ՀՕ-197-Ն, 08.12.11 ՀՕ-351-Ն օրենքներ)

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒ Մ

19 մարտի 2020 թվականի  N   315 - Ա

«ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը    որոշում է.

1. Հավանություն տալ «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրա­պե­տության օրենքի նախագծին:

2. Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը սահմանված կարգով ներ­կայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. մարտի 20

Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

 

 

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրա­պե­­­տության Ազգային ժողով է ներկայացնում «Գույքահարկի մասին» Հայաստանի Հան­րապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրա­պե­տու­թյան պետա­կան բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաս­տանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաև օրենս­դրական նախա­ձեռ­նության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառա­վարության 2020 թվա­կանի մարտի 19-ի N 315-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրա­­պետության Ազգային ժողովում քննարկելիս` Հայաստանի Հանրապետության կառավա­րության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրա­պե­տու­թյան պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

 

Հարգանքով`    ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ