Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-089-25.09.2012-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 26-րդ հոդվածում՝

1)  1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «թ.1» ենթակետով.

«թ.1) ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հաշվի առնելով Սիրիայի ներկայիս պատերազմական իրավիճակը, եւ քաղաքական հետագա զարգացումները, Սիրայում բնակվող մոտ 100 հազար հայերին սպառնացող վտանգը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը շտապ միջոցներ է ձեռնարկում մեր հայրենակիցների անվտանգությունը ապահովելու եւ նրանց վերադարձը Հայրենիք կազմակերպելու համար:

Միաժամանակ Հայրենիք վերադարձող Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց տրվում է Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա՝ հիմնականում մինչեւ 21 օր ժամկետով գտնվելու իրավունքով, եւ հաշվի առնելով, որ հայրենիք վերադարձածները շարունակում են բնակվել Հայաստանում առաջացել է նրանց տրված վիզաները երկարաձգելու, ինչպես նաեւ կացության  կարգավիճակ ստանալու անհրաժեշտության:

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14.1. հոդվածի համաձայն՝ մուտքի արտոնագրի երկարաձգման յուրաքանչյուր օրվա համար գանձվում է պետական տուրք` բազային տուրքի 50 տոկոսի չափով: Ըստ 14-րդ հոդվածի 8-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար բազային տուրքի 105-150-ապատիկի չափով: Հետեւաբար մուտքի արտոնագիրը երկարաձգելու կամ կացության կարգավիճակ ստանալու համար սահմանված պետական տուրքի վճարումը ծանր նյութական վիճակում գտնվող անձանց համար խնդրահարույց է:

Սույն նախագծով սահմանվում է պետական տուրքի գծով արտոնություն՝ ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը՝ ազատելով Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքի վճարումից:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

  Նախագծի ընդունումը նպատակ ունի կարգավորել Հայաստանի Հանրապետությունում մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու կամ կացության կարգավիճակ ստանալու համար սահմանված պետական տուրքի գանձումից ազատելու խնդիրը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության աշխատակազմի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ազգությամբ հայ այն օտարերկրյա քաղաքացիները, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը՝ կազատվեն Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու կամ կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար պետական տուրքի վճարումից: