Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-4981-04.03.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 60-րդ հոդվածի 2-րդ մասում «սույն օրենսգրքով» բառերից հետո լրացնել «, օրենքով» բառը:

Հոդված 2. Օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասի «սուբսիդիար» բառը փոխարինել «համապարտ» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ

««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ հիմնավորումները.

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե Ընկերության անվճարունակության (սնանկության) պատճառ է հանդիսանում բաժնետերերի կամ այլ անձանց գործունեությունը (անգործությունը), որոնք ունեն Ընկերությանը կատարման համար պարտադիր ցուցումներ տալու իրավունք կամ Ընկերության գործունեությունն այլ կերպ կանխորոշելու հնարավորություններ, ապա Ընկերությանը պատկանող գույքը չբավարարելու դեպքում այդ բաժնետերերի կամ այլ անձանց վրա կարող է դրվել լրացուցիչ (սուբսիդիար) պատասխանատվություն` Ընկերության պարտավորությունների համար:

Վերոհիշյալ բաժնետերերի կամ այլ անձանց գործողությունները (անգործությունը) համարվում են Ընկերության անվճարունակության (սնանկության) պատճառ միայն այն դեպքում, եթե նրանք օգտագործել են իրենց այդ իրավունքը կամ հնարավորությունները Ընկերությանը որոշակի գործողություններ կատարել կամ չկատարել պարտադրելու նպատակով, նախօրոք իմանալով, որ այդ պատճառով Ընկերությունը կհայտնվի անվճարունակության (սնանկության) վիճակում:

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` Հիմնական ընկերության (ընկերակցության) մեղքով դուստր ընկերության սնանկության դեպքում հիմնական ընկերությունը (ընկերակցությունը) սուբսիդիար պատասխանատվություն է կրում նրա պարտքերի համար: Դուստր ընկերության սնանկությունը համարվում է առաջացած հիմնական ընկերության (ընկերակցության) մեղքով, եթե այն վրա է հասել դուստր ընկերության կողմից հիմնական ընկերության (ընկերակցության) պարտադիր ցուցումները կատարելու հետեւանքով:

Այսպիսով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի վերը մեջբերված կարգավորումները բաժնետիրական ընկերության սնանկության դեպքում վերջինիս պարտավորությունների համար սուբսիդիար պատասխանատվություն են նախատեսում այն անձանց համար, ում պարտադիր բնույթ կրող ցուցումների կատարումը հանգեցրել է բաժնետիրական ընկերության սնանկությանը:

Միեւնույն ժամանակ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նույնանման դեպքերում նախատեսված է ոչ թե սուբսիդիար, այլ` համապարտ պատասխանատվություն այն անձանց համար, ում պարտադիր բնույթ կրող ցուցումների կատարումը հանգեցրել է պարտապանի սնանկությանը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` Եթե պարտապանը սնանկ է ճանաչվել պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալին տիրապետող կամ նրան կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում` պարտապանի ղեկավարի մեղքով (ուղղակի կամ անուղղակի գործողություններով պարտապանի գործունեությունն ուղղորդելը եւ այլն (կանխամտածված սնանկություն), ապա պարտապան իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ այդ անձինք կրում են համապարտ պատասխանատվություն պարտապանի պարտավորություններով` վերջինիս գույքի անբավարարության դեպքում:

Այսպիսով, մի կողմից` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 7-րդ հոդվածի 6-րդ մասի, մյուս կողմից` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի միջեւ առկա է անվիճելի հակասություն այն առումով, որ նույն անձանց համար առաջին դեպքում սահմանված է սուբսիդիար, երկրորդ դեպքում` համապարտ պատասխանատվություն, ինչը եւ առաջարկվում է շտկել սույն նախագծով:

Ընդ որում, քննարկվող հակասությունը շտկելու գործընթացում նախապատվելի է համարվում համապարտ եւ ոչ թե սուբսիդիար պատասխանատվության պահպանումն այն պատճառով, որ քննարկվող իրավանորմերի կարգավորման նպատակը պարտապանին, այդ թվում` բաժնետիրական ընկերություն հանդիսացող պարտապանին պարտադիր բնույթ կրող ցուցումներ տված եւ այդպիսով վերջինիս սնանկությանը հանգեցրած անձանց քաղաքացիական պատասխանատվության ենթարկելն է ու այդպիսով պարտատերերի շահերի պաշտպանվածության առավել բարձր շեմ ապահովելը, ինչն առավել արդյունավետ կերպով կարող է իրականացվել այդպիսի անձանց համար համապարտ պատասխանատվություն սահմանելով: Ավելին, նման իրավակարգավորումն ունի նաեւ կանխարգելիչ գործառույթ, քանի որ պարտապանին, այդ թվում` բաժնետիրական ընկերություն հանդիսացող պարտապանին պարտադիր կատարման ենթակա ցուցում տալու իրավունք եւ/կամ հնարավորություն ունեցող անձանց համար գույքային պատասխանատվության սահմանումն այդ անձանց համար կարող է ունենալ որոշ առումով նաեւ զսպող բնույթ` վերջիններիս զերծ պահելով պարտապանին սնանկության հանգեցնող պարտադիր բնույթի ցուցումներից, եւ այդ կանխարգելիչ գործառույթը եւս առավել արդյունավետ կարող է գործել համապարտ եւ ոչ` սուբսիդիար պատասխանատվության դեպքում, քանի որ համապարտ պատասխանատվությունն այն կրող անձի համար անվիճելիորեն հանդիսանում է նվազ բարենպաստ իրավական պատասխանատվության տեսակ, քան սուբսիդիար պատասխանատվությունը:

Այսպիսով, ներկայացվող սույն նախագծով առաջարկվում է շտկել մի կողմից` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասի եւ 7-րդ հոդվածի 6-րդ մասի, մյուս կողմից` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի միջեւ առկա հակասությունը եւ անվիճելի համապարտ պատասխանատվություն սահմանել անձ անձանց համար, ովքեր իրենց պարտադիր բնույթ կրող ցուցումներով հանգեցնում են պարտապանների, այդ թվում` բաժնետիրական ընկերությունների սնանկությանը:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ հիմնավորումները.

1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Իրավաբանական անձի հիմնադիրը (մասնակիցը) պատասխանատու չէ իրավաբանական անձի, իսկ իրավաբանական անձը` իր հիմնադրի (մասնակցի) պարտավորությունների համար, բացառությամբ սույն օրենսգրքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի վերը մեջբերված 2-րդ մասով սահմանված է ընդհանուր կանոն առ այն, որ իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) պատասխանատվություն չեն կրում իրավաբանական անձի պարտավորությունների համար, իսկ այդ կանոնից բացառություններ նախատեսելու հնարավորությունը վերապահված է բացառապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքին եւ իրավաբանական անձի կանոնադրությանը, այսինքն` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի ներկայիս կարգավորումները բացառում են այլ օրենքներով իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) պատասխանատվության վերաբերյալ ընդհանուր կանոնից տարբերվող կանոններ, այլ կերպ` առանձնահատկություններ սահմանելու հնարավորությունը:

Միեւնույն ժամանակ, ի հակադրություն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի քննարկվող իրավակարգավորման, մի շարք այլ օրենքներով, օրինակ` «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով (3-րդ հոդվածի 4-րդ մաս, 7-րդ հոդվածի 6-րդ մաս), «Սնանկության մասին» ՀՀ օրենքով (8-րդ հոդված), «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքով (5-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերություն) տարբեր ժամանակներում սահմանվել ու ներկայումս գործում են իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) պատասխանատվությանը վերաբերող այլ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կանոնից տարբերվող կանոններ, ինչը խնդրահարույց է:

Այլ կերպ` մի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասով բացառվում է կոնկրետ հարցի վերաբերյալ այլ օրենքներով բացառություններ նախատեսելու հնարավորությունը, մյուս կողմից` վերը վկայակոչված այլ օրենքներով սահմանվում են քննարկվող հարցի վերաբերյալ այլ` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի կանոնից տարբերվող կանոններ:

Վերոգրյալը հաշվի առնելով` ներկայացվող նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում առկա «սույն օրենսգրքով» բառերից հետո լրացնել «օրենքով» բառը, ինչը հնարավորություն կտա իրավաբանական անձի հիմնադիրների (մասնակիցների) պատասխանատվությանը վերաբերող, այդ թվում եւ հիմնականում` կոնկրետ դեպքերում առանձնահատկություններ սահմանող իրավական կարգավորումներ նախատեսել ոչ միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքով եւ իրավաբանական անձի կանոնադրությամբ, այլ նաեւ` ՀՀ այլ օրենքներով, առավել եւս, որ այլ օրենքներում փաստացի առկա են այդպիսի դրույթներ:

2) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Հիմնական ընկերակցության կամ ընկերության մեղքով դուստր ընկերության սնանկության դեպքում հիմնական ընկերակցությունը կամ ընկերությունը սուբսիդիար պատասխանատվություն է կրում նրա պարտքերի համար: Դուստր ընկերության սնանկությունը հիմնական ընկերակցության կամ ընկերության մեղքով առաջացած է համարվում, եթե այն վրա է հասել դուստր ընկերության կողմից հիմնական ընկերակցության կամ ընկերության պարտադիր ցուցումները կատարելու հետեւանքով:

Վերոգրյալից հետեւում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասը դուստր տնտեսական ընկերության սնանկության դեպքում վերջինիս պարտավորությունների համար սուբսիդիար պատասխանատվություն է նախատեսում հիմնական տնտեսական ընկերակցության կամ ընկերության համար այն դեպքում, երբ դուստր ընկերության սնանկությունը վրա է հասել հիմնական ընկերակցության կամ ընկերության պարտադիր ցուցումները կատարելու հետեւանքով:

Միեւնույն ժամանակ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով նույնանման դեպքերում նախատեսված է ոչ թե սուբսիդիար, այլ` համապարտ պատասխանատվություն այն անձանց համար, ում պարտադիր բնույթ կրող ցուցումների կատարումը հանգեցրել է պարտապանի սնանկությանը, այսինքն` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի կարգավորումները կոնկրետ դեպքերում վերաբերում են եւ կիրառելի են այն փաստական հանգամանքներում, որոնք սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասում:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն` Եթե պարտապանը սնանկ է ճանաչվել պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալին տիրապետող կամ նրան կատարման համար պարտադիր ցուցումներ տալու կամ նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող այլ անձանց, այդ թվում` պարտապանի ղեկավարի մեղքով (ուղղակի կամ անուղղակի գործողություններով պարտապանի գործունեությունն ուղղորդելը եւ այլն (կանխամտածված սնանկություն), ապա պարտապան իրավաբանական անձի հիմնադիրները (մասնակիցները) կամ այդ անձինք կրում են համապարտ պատասխանատվություն պարտապանի պարտավորություններով` վերջինիս գույքի անբավարարության դեպքում:

Այսպիսով, մի կողմից` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասի, մյուս կողմից` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի միջեւ առկա է անվիճելի հակասություն այն առումով, որ նույն անձանց համար առաջին դեպքում սահմանված է սուբսիդիար, երկրորդ դեպքում` համապարտ պատասխանատվություն, ինչը եւ առաջարկվում է շտկել ներկայացվող նախագծի 2-րդ հոդվածով:

Ընդ որում, քննարկվող հակասությունը շտկելու գործընթացում նախապատվելի է համարվում համապարտ եւ ոչ թե սուբսիդիար պատասխանատվության պահպանումն այն պատճառով, որ քննարկվող իրավանորմերի կարգավորման նպատակը պարտապանին, այդ թվում` դուստր ընկերություն հանդիսացող պարտապանին պարտադիր բնույթ կրող ցուցումներ տված եւ այդպիսով վերջինիս սնանկությանը հանգեցրած անձանց քաղաքացիական պատասխանատվության ենթարկելն է ու այդպիսով պարտատերերի շահերի պաշտպանվածության առավել բարձր շեմ ապահովելը, ինչն առավել արդյունավետ կերպով կարող է իրականացվել այդպիսի անձանց համար համապարտ պատասխանատվություն սահմանելով:

Ավելին, նման իրավակարգավորումն ունի նաեւ կանխարգելիչ գործառույթ, քանի որ պարտապանին, այդ թվում` դուստր ընկերություն հանդիսացող պարտապանին պարտադիր կատարման ենթակա ցուցում տալու իրավունք եւ/կամ հնարավորություն ունեցող անձանց համար գույքային պատասխանատվության սահմանումն այդ անձանց համար կարող է ունենալ որոշ առումով նաեւ զսպող բնույթ` վերջիններիս զերծ պահելով դուստր ընկերություն հանդիսացող պարտապանին սնանկության հանգեցնող պարտադիր բնույթի ցուցումներից, եւ այդ կանխարգելիչ գործառույթը եւս առավել արդյունավետ կարող է գործել համապարտ եւ ոչ` սուբսիդիար պատասխանատվության դեպքում, քանի որ համապարտ պատասխանատվությունն այն կրող անձի համար անվիճելիորեն հանդիսանում է նվազ բարենպաստ իրավական պատասխանատվության տեսակ, քան սուբսիդիար պատասխանատվությունը:

Այսպիսով, ներկայացվող նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվում է շտկել մի կողմից` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասի, մյուս կողմից` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի միջեւ առկա հակասությունը եւ անվիճելի համապարտ պատասխանատվություն սահմանել անձ անձանց համար, ովքեր իրենց պարտադիր բնույթ կրող ցուցումներով հանգեցնում են պարտապանների, այդ թվում եւ հիմնականում` դուստր տնտեսական ընկերություն հանդիսացող պարտապանների սնանկությանը:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

 
 
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասով, ինչպես նաեւ 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում ««Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

1. Օրենքների նախագծերը

2. Օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը

3. Գործող օրենքների փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքները:

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Արթուր Դավթյանը:

Խնդրում եմ ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր` 13 թերթ:
 
 
Հարգանքով` Արթուր Դավթյան
Արմեն Փամբուխչյան