Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-380-21.11.2008-ՄԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԽՂՃԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 1991 թվականի հունիսի 17-ի Հ.Ն-0333-1 օրենքի (այսուհետ՝ օրենք) նախաբանն ուժը  կորցրած ճանաչել։

Հոդված 2. Օրենքի 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետությունն երաշխավորում է խղճի եւ կրոնի ազատությունը եւ  ապահովում է յուրաքանչյուրի իրավունքի իրացումը: Այս իրավունքը ներառում է կրոն, դավանանք կամ համոզմունքներ ընդունելու, չընդունելու կամ փոխելու ազատությունը եւ դրանք քարոզի, եկեղեցական արարողությունների եւ պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու իրավունքը՝ միայնակ եւ (կամ) այլոց հետ (համատեղ, միավորվելով)։

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝  որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:

Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունները, համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 8.1 հոդվածի, կարգավորվում են  «Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքով:

Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:»։

Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1.-րդ հոդվածով՝

«Հոդված 1.1. Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, բնագավառը կարգավորող օրենքներից եւ իրավական այլ ակտերից»:

Հոդված 4. Օրենքի 2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ բովանդակությամբ`

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավասար են օրենքի առջեւ՝ անկախ կրոնի նկատմամբ իրենց վերա՟բեր՟մունքից կամ կրոնական պատկանելիությունից։

Կրոնի, դավանանքի կամ հոգեւոր համոզմունքի նկատմամբ անձի իրավունքների սահմանափակումները (բացառությամբ՝ օրենքով սահմանված դեպքերի), կրոնական հիմքի վրա հետապնդումները կամ այլ իրավունքների խոչընդոտումը, ինչպես նաեւ կրոնական թշնամանքի հարուցումն առաջ են բերում օրենքով սահմանված պատասխանատվություն։»:

Հոդված 5. Օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Խղճի եւ կրոնի ազատության իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության կամ հասարակության մյուս անդամների իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար: »

Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածի  երկրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 7. Օրենքի 5-րդ հոդվածի՝

ա) առաջին մասի «ե» կետում «200» թիվը փոխարինել «500» թվով.

բ)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ «զ»կետ`

«զ) քրիստոնեական դավանանքի դեպքում` դավանում են Հիսուս Քրիստոսին՝ որպես Աստված եւ Փրկիչ, եւ ընդունում են Սուրբ Երրորդությունը.»:

Հոդված 8. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությունն «առաքելական» բառից հետո լրացնել «սուրբ» բառով։

Հոդված 9. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է հոգեորսությունը։

Հոգեորսություն է համարվում այլ կրոնական կամ դավանաբանական հայացքներ ունեցող կամ դրանք չունեցող քաղաքացիների նկատմամբ այն քարոզչական ներգործությունը, որի ընթացքում ՝

ա)  առաջարկվում կամ տրամադրվում է նյութական խրախուսանք,

բ) գործադրվում է ֆիզիկական կամ հոգեբանական ճնշում կամ  հարկադրանք,

գ) ձեւավորվում է ատելություն այլ կրոնական կազմակերպությունների, նրանց դավանանքի եւ գործունեության նկատմամբ,

դ) կիրառվում է այլ անձանց կամ կրոնի նկատմամբ վիրավորանքների արտահայտում,

զ) անձը կրկնակի եւ ավելի անգամ հետապնդվում է իր բնակարանում, աշխատավայրում, հանգստի կամ այլ վայրերում, ինչպես նաեւ հեռախոսազրույցով՝ առանց իր ցանկության կամ խնդրանքի։»։

Հոդված 10.   Օրեքնի 10-րդ հոդվածն «առաքելական» բառից հետո լրացնել  «սուրբ» բառով։

Հոդված 11. Օրեքնի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2-րդ մասով՝

«Արգելվում է առանց օրենքով սահմանված կարգով գրանցված եւ գործող տվյալ կրոնական կազմակերպության  համաձայնության կրոնական խորհրդաբանության, կրոնական շինությունների (անկախ սեփականության ձեւից) պատկերների եւ անվանումների, սրբերի անունների եւ պատկերների օգտագործումն ապրանքային եւ սպասարկման նիշերում,  ֆիրմային անվանումներում կամ նշաններում, գովազդում, բացառությամբ՝ սոցիալական գովազդի։ Այդ հարաբերությունները կարող են կարգավորվել պայմանագրային հիմունքներով:

Սույն հոդվածի 2-րդ մասի դրույթները չեն տարածվում ֆիզիկական անձանց գեղարվեստական ստեղծագործությունների եւ դրանց նկատմամբ հեղինակային իրավունք ունեցող օբյեկտների նկատմամբ։»։

Հոդված 12. Օրենքի 14-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի «համայնքը կամ» բառերը հանել, իսկ « «բ»-«ե» ենթակետերով» բառերը փոխարինել «առաջին մասում, բացառությամբ՝ «ա» կետում» բառերով.

գ) 2-րդ մասի «տաս» բառը փոխարինել «երեսուն» բառով։

Հոդված 13. Օրենքի 17-րդ հոդվածի՝

ա) 1-ին մասի «բ» եւ «գ»  կետերի վերջում լրացնել « , բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։» բառերը։

բ)  2-րդ եւ 3-րդ մասերում «Հայաստանյաց Առաքելական եկեղեցու» բառերը կամ դրա հոլովաձեւերը շարադրել «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու» բառերով կամ դրա հոլովաձեւով։

Հոդված 14. Օրենքի 18-րդ հոդվածը «Պետությունը» բառից հետո լրացնել «, բացի օրենքով սահմանված դեպքերի, » բառերով:

Հոդված 15. Օրենքի 19-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Հայաստանի Հանրապետության տարածքում արգելվում է այն կրոնական կազմակերպությունների գործունեությունը, որոնք իրենց գործունեության ընթացքում իրականացնում են կամ փորձում են իրականացնել անդամների անձնական կյանքի, տեղեկացվածության, առողջության եւ սեփականության  վերահսկողություն»:

Հոդված 16. Օրենքի 23-րդ հոդվածի՝

ա) «ա» կետում «գրանցում է կրոնական կազմակերպությունների կանոնադրությունները» բառերը փոխարինել «սույն օրենքի 14-րդ հոդվածի համապատասխան տալիս է փորձագիտական եզրակացություն» բառերով.

բ) 23-րդ հոդվածի  երկրորդ մասն ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից։

Հոդված 18. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ գրանցված եւ իրենց գործունեությամբ սույն օրենքի դրույթներին չհամապատասխանող կրոնական կազմակերպություններն, երեք ամսվա ընթացքում վերագրանցվում են եւ իրենց գործունեությունը  համապատասխանեցնում սույն օրենքի դրույթներին։

Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված դեպքերում եւ ժամկետներում չվերագրանցված կրոնական կազմակերպությունների գործունեությունը դադարում է, եթե օրենքով այլ բան սահմանված չէ։