Armenian ARMSCII Armenian
Կ-459-31.01.2020-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագիրը:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ»  ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Պայմանագիրը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Միաժամանակ գտնում ենք, որ Պայմանագիրը ենթակա է վավերացման:

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումը

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր) ստորագրվել է 2019թ. մայիսի 26-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից:

Պայմանագրի յուրաքանչյուր Կողմ պետք է մյուս Կողմին դիվանագիտական հայտագրով տեղեկացնի, որ իր օրենքների շրջանակներում արվել են Պայմանագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր քայլերը: Պայմանագիրն ուժի մեջ է մտնում վերջին դիվանագիտական հայտագիրը ստանալու օրվանից հետո՝ երեսուներորդ օրը:

2019թ. հուլիսի 18-ի դրությամբ՝ չինական կողմից չի ստացվել ծանուցում՝ Պայմանագրի ուժի մեջ մտնելու վերաբերյալ ներպետական ընթացակարգերի կատարման մասին:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                      ԱՎԵՏ ԱԴՈՆՑ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հարաբերությունները վերջին տարիների ընթացքում ունեցել են կայուն վերընթաց, զարգացման դինամիկա քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում: 2019թ.-ի ընթացքում Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ կայացել են բարձր մակարդակի հանդիպումներ, որոնց ընթացքում նախանշվել են երկու պետությունների միջեւ բազմաբովանդակ, լայն համագործակցության հեռանկարները: Կողմերը շահագրգիռ են տարբեր ոլորտներում համագործակցությունը շարունակ խորացնելու հարցում: Հայաստանը եւ Չինաստանը հաջողությամբ համագործակցում են միջազգային կազմակերպությունների շրջանակներում:

«Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագրի վավերացմամբ կամ հաստատմամբ ակնկալվում է արդարադատության ոլորտում համագործակցության զարգացումը: Հարկ է նշել նաեւ, որ տվյալ Պայմանագրի վավերացումը կամ հաստատումը կնպաստի նաեւ երկկողմ քաղաքական հարաբերությունների եւ փոխվստահության ամրապնդմանը:

Ելնելով վերոգրյալից՝ 2019թ. մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագրի վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ             ԱՎԵՏ ԱԴՈՆՑ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագրով Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

Պայմանագրով նախատեսվում է կարգավորել կողմերից մեկի տարածքում հայտնաբերված եւ հետախուզման մեջ գտնվող անձանց հանձնման հետ կապված որոշ հարաբերություններ:

Ելնելով վերոգրյալից` հայտնում ենք, որ Պայմանագրի ընդունումը չի հանգեցնի ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման, սակայն կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման (հոդված 20), որի չափը հնարավոր չէ գնահատել՝ համապատասխան տեղեկատվության բացակայությամբ պայմանավորված:

Արմեն հայրապետյան
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

26 սեպտեմբերի 2019 թվականի N 1309  - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՀԱՆՁՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.  Հավանություն տալ 2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան:

3. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին որոշման դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

4. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանին:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ                                                               Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2019 թ. հոկտեմբերի 3
Երեւան

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵ ՆԱԽԱԳԱՀ

ՀՀ  ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ

 

Հարգելի պարոն Պապիկյան

Ի կատարումն Ձեր հանձնարարականի հայտնում ենք, որ «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագրով Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝                                 ՆԱՐԵԿ ԲԱԲԱՅԱՆ
 
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԻ ՏԵՂԱԿԱԼ

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
տիկին Ք.Գրիգորյանին
Հարգելի տիկին Գրիգորյան,

Ի պատասխան Ձեր 25.07.2019թ.N 01/14.2/16747-2019 գրության տեղեկացնում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր), Պայմանագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության հիմնավորումը եւ վավերացման կամ հաստատման արտաքին քաղաքական նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարության եզրակացությունը:

Նկատի ունենալով այն, որ Պայմանագրի նպատակն է կարգավորել Կողմերի միջեւ հանձնման (էքստրադիցիայի) ընթացակարգը, որը կնպաստի քրեական գործերով միջազգային-իրավական համագործակցության զարգացմանը եւ հանցավորության դեմ առավել արդյունավետ պայքարին, հաշվի առնելով նաեւ այն, որ ՀՀ եւ ՉԺՀ միջեւ բացակայում է հանձնման ոլորտը կարգավորող միջազգային պայմանագիր, իսկ առկա բազմակողմ միջազգային պայմանագրերը կարգավորում են քրեական գործերով իրավական օգնության եւ հանձնման բնագավառը միայն որոշակի հանցատեսակների եւ հանցագործությունների պարագայում ու ենթակա չեն լայնորեն կիրառման համար, գտնում եմ, որ Պայմանագրի վավերացումը նպատակահարմար է:

Հարգանքով՝             Արդարադատության առաջին դասի խորհրդական Դ.Մելքոնյան
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 92-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը, որպես օրենսդրական նախաձեռնություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում 2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ հանձնման մասին» պայմանագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են «Միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման 68-րդ կետով նախատեսված փաստաթղթերը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը:

Հարգանքով`      ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ