Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-452-24.01.2020-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Նոտարիատի մասին» 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի 81.1-րդ հոդվածում.

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 4.1-րդ մաս`

«4.1.Դիմողի գրավոր միջնորդության հիման վրա նոտարը ցուցմունք է վերցնում վկայից: Վկայի ներկայությունը ապահովում է դիմողը: Նոտարի մոտ ցուցմունք տալը վկայի իրավունքն է: Նոտարը նախազգուշացնում է վկային սուտ ցուցմունք տալու համար սահմանված քրեական պատասխանատվության մասին, որի վերաբերյալ վկան ստորագրում է եւ որը կցվում է նոտարական գործին: Ցուցմունքը ձայնագրվում է, իսկ ձայնագրման կրիչը կցվում է նոտարական գործին: Վկայից ցուցմունք վերցնելիս նոտարը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներով՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են սույն հոդվածի դրույթների նկատմամբ:»

2) 5-րդ մասում «այլ» բառից հետո լրացնել «արտադատական» բառը.

3) 9-րդ մասի`

ա) 1-ին կետում` «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «կամ վկայի ցուցմունքը» բառերը,

բ) 2-րդ կետում` «տվյալներից» բառից հետո լրացնել «կամ վկայի ցուցմունքից» բառերը,

գ) 4-րդ կետում` «այլ» բառից հետո լրացնել «արտադատական» բառը,

դ) 5-րդ կետում  «պահանջները» բառից հետո լրացնել «,վկայից ցուցմունք վերցնելու դեպքում՝ նաեւ սույն հոդվածի 4.1-րդ մասի պահանջները» բառերը:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի (այսուհետ՝ հարց) նպատակը.

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվում է լրացումներ կատարել «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քրեական օրենսգրքում եւ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում, մասնավորապես՝

Առաջարկվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակում ներառել վկայի ցուցմունքները.

Առաջարկվում է նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառել դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը.

Առաջարկվում է դատարանի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառել նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը.

Առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:

2.Առկա իրավիճակը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) համաձայն հաստատված ծրագրով Կառավարության կողմից նախատեսվել է մինչեւ 2018 թվականի ավարտն ընդլայնել իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակը՝ ներառելով վկայի ցուցմունքները՝ դրա հետ մեկտեղ քրեական պատասխանատվություն նախատեսելով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 81.1-րդ հոդվածի  1-ին մասի համաձայն՝ նոտարը հաստատում է այն փաստերը, որոնցից կախված են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց անձնական կամ գույքային իրավունքների ծագումը, փոփոխումը կամ դադարումը: Օրենքի 9-րդ մասում սպառիչ թվարկված են այն պահանջները, որոնց պահպանված չլինելու դեպքում նոտարը մերժում է փաստի հաստատումը:

Օրենքի 81.1-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նոտարը իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր, կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը: Նմանատիպ կարգավորում է նախատեսված նաեւ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածում, համաձայն որի՝ դատարանն իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատում է միայն այն դեպքում, եթե դիմողը հնարավորություն չունի այլ կարգով ստանալու այդ փաստը հավաստող պատշաճ փաստաթղթեր կամ անհնար է վերականգնել կորցրած փաստաթղթերը:

Ի սկզբանե Օրենքում նախատեսելով նոտարի իրավունքը հաստատել  իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, օրենսդրի նպատակն է եղել բեռնաթափել դատարաններին, ինչը չի կարող նշանակել, որ նոտարի կողմից իրավաբանական նշանակության փաստի հաստատումը հանդիսանում է ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 239-րդ հոդվածով սահմանված փաստը հավաստող պատշաճ փաստաթղթերը ստանալու այլ կարգ: Մինչդեռ, Ներկայիս պրակտիկայում դատարանները մերժում են իրավաբանական Նշանակության փաստի հաստատման դիմումի ընդունումը, եթե առկա չէ Նույն փաստի հաստատման համար Նոտարի կողմից տրված մերժումը:

Միեւնույն ժամանակ, առկա կարգավորումներով իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու համար անհրաժեշտ ապացույցների շարքում բացակայում է վկայի ցուցմունքը, որը կարող է գործով կարեւոր ապացուցողական նշանակություն ունենալ: Ինչի արդյունքում նոտարը իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործերով զրկված է որպես ապացույց ընդունել նաեւ վկայի ցուցմունքը:

Հաշվի առնելով վերոշարադրյալը, անհրաժեշտություն է առաջացել դատարանի կողմից փաստը հաստատելու այլ կարգերից բացառել նոտարի կողմից իրավաբանական նշանակության փաստի հաստատումը եւ ընդլայնել իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակը ներառելով նաեւ վկայի ցուցմունքը, ինչպես նաեւ առաջարկվում է նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառել դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը:

3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունմամբ ընդլայնվում է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատող ապացույցների շրջանակը՝ ներառելով վկայի ցուցմունքը, նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստը չհաստատելու համար հիմք հանդիսացող այլ կարգով նախատեսված դեպքերից բացառվում է դատական կարգով իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման հնարավորությունը, դատարանի կողմից փաստը հաստատելու այլ կարգերից բացառել նոտարի կողմից իրավաբանական նշանակության փաստի հաստատումը եւ քրեական պատասխանատվություն է սահմանվում նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից նոտարին սուտ ցուցմունք տալու համար:

4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաեւ, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների եւ մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

             Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒ Մ

9 հունվարի 2020 թվականի  N  10 - Ա

«ՆՈՏԱՐԻԱՏԻ  ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հավանություն տալ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ         Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունվարի 10
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒ Մ

22 հունվարի 2020 թվականի  N 71 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2020 թ. հունվարի 22
Երեւա ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքները, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 9-ի N 10-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Հարգանքով`  ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ