Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-447-17.01.2020-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-237-Ն օրենքի (այսուհետ՝Օրենք) 15-րդ հոդվածի`

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«2. Ֆիզիկական անձինք մինչեւ սեփականության իրավունքի փոխանցման պետական գրանցման օրն ընդգրկող ամիսը ներառող ժամանակահատվածի համար տվյալ գույքի մասով աղբահանության վճարի պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչեւ օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումը բացառությամբ, երբ օտարումը կատարվում է հարկադիր կատարողի, սնանկության կառավարչի կամ գրավառուի կողմից:»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով՝

«3.Բացառությամբ այն դեպքերի, երբ օտարումը կատարվում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, սնանկության կառավարչի կողմից կամ գրավառուի կողմից, անշարժ գույքի կադաստր վարող մարմինը անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքների պետական գրանցումն իրականացնում է հաշվառող մարմինների կողմից տրված` անշարժ գույքի գծով աղբահանության վճարի պարտավորություններ չունենալու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, որում նշվում է նաեւ տեղեկանքը տրամադրելու տարվա այն ժամանակահատվածը, որի համար տվյալ անշարժ գույքի մասով կատարված են աղբահանության վճարի (կազմակերպությունների համար` տվյալ հաշվառող մարմնում հաշվառված բոլոր օբյեկտների մասով աղբահանության վճարի) վճարումները:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀՀ  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայումս անշարժ գույքի առուվաճառք իրականացնելիս վաճառողը պարտավոր չէ կատարել աղբահանության վճարի գծով իր պարտավորությունները, քանի որ առկա չէ որեւէ նման օրենսդրական պահանջ, որը այդպիսի պարտավորություն կսահմանի: Հատկանշական է, որ գործող իրավակարգավորումներով, առկա է նախադեպ, երբ վաճառքից առաջ պահանջվում է որոշակի պարտավորությունների կատարում, մասնավորապես «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքը այդպիսի պարտադրանք տալիս է տրանսպորտային միջոցների համար, որոնց վաճառքից առաջ վաճառողը պարտավոր է կատարել գույքահարկի գծով իր բոլոր հարկային պարտավորությունները: Նշենք նաեւ, որ ԱԺ օրակարգում է ընդգրկվել նմանատիպ նախագիծ նաեւ գույքահարկի համար, որը կառավարության եւ գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացությանն է արժանացել:

 Սույն իրավիճակի չկարգավորվածությունը հաճախ հանգեցնում է հետագայում խնդիրների գնորդների համար, քանի որ երբեմն որոշ վաճառողներ մոլորության մեջ են գցում գնորդին, եւ գնորդները հաճախ անգամ ուշադրություն չեն դարձնում նոտարական գրասենյակներում նոտարի զգուշացմանը՝ կապված աղբահանության վճարների եւ այլ պարտավորությունների մասով կատարմանը, իսկ կադաստրի գրասենյակներում առհասարակ դրանց մասին չի զգուշացվում, քանի որ կադաստրի գործառույթներից այն չի բխում:

2.Առաջարկվող կարգավորուման բնույթը.

Օրենսդրական առկա կարգավորումը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով.
 

3. Առաջարկվող կարգավորումը

Առաջարկվում է պարտադիր դարձնել գույքը վաճառելուց առաջ մինչ վաճառքի ամիսը ներառյալ աղբահանության վճարի մասով պարտավորությունների ամբողջական կատարումը:

4. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է, որ օրենքի ընդունումից հետո կվերանան բոլոր այն դեպքերը, երբ գնորդը օրենքի չիմացության արդյունքում ձեռք է բերում անշարժ գույք, որը ծանրաբեռնված է մինչ այդ գոյացած աղբահանության վճարով, ինչպես նաեւ հեշտ վարչարարությամբ կմեծանան համայնքային բյուջեները:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



16 հունվար 2020թ.

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

ՀԱՐԳԵԼԻ՜ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին»   օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են՝

-նախագծի ընդունման հիմնավորումը,

-օրենքներիի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,

-տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող լրացումները եւ փոփոխությունները:

Նախագծի հիմնական զեկուցողն է Գեւորգ Պապոյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր` (5) էջ:
 
Հարգանքով`  Գեւորգ Պապոյան /057/