Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-048-23.08.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի «տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման» բառերը փոխարինել «միջազգային վիճակագրական համագործակցության» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման նպատակահարմարության վերաբերյալ



1. Ընթացիկ վիճակը եւ խնդիրները -

Գաղտնիք չէ, որ անկախությունից ի վեր Հայաստանի վիճակագրական համակարգը գտնվում է վերափոխումների շրջանում, միտված` միջազգային առաջավոր փորձառության հիման վրա ժողովրդավարական սկզբունքներին խարսխված ազատական տնտեսակարգին հարիր վիճակագրական համակարգ ձեւավորելուն: Այս առումով Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունում (ՀՀ ԱՎԾ) առկա է աշխատանքների մեծ եւ հարաճուն ծավալ ու ծանրաբեռնվածություն միջազգային վիճակագրական համագործակցության ոլորտում, ինչը բխում է ՄԱԿ-ի պաշտոնական վիճակագրության հիմնարար սկզբունքներից (ընդունված ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի 47-րդ նստաշրջանում` Ժնեւ, 15.04.1992թ. եւ ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի կողմից` Նյու-Յորք, 14.04.1994թ.) 10-րդ սկզբունքի պահանջներից: Հիշատակված սկզբունքի հիման վրա ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովն ընդունել է նաեւ «Միջազգային վիճակագրական գործունեության կառավարման սկզբունքները», որի պահանջների համաձայն գլոբալ ինֆորմացիոն համակարգերի հիմնարար տարրը միջազգային վիճակագրական համագործակցությունն է, եւ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների համար կարեւոր է վիճակագրության ոլորտում առաջնորդվել ՄԱԿ-ի հովանու ներքո ձեւավորված միասնական միջազգային մեթոդաբանությամբ` զերծ մնալու համար ազգային մակարդակով առկա քաղաքական եւ վարչական շահերի կոնֆլիկտներից:

Միայն վերջին հինգ տարիների ընթացքում, միջազգային վիճակագրական համագործակցության ներքո, ՀՀ ԱՎԾ կողմից իրականացվել են աշխատանքներ 60-ից ավելի միջազգային համագործակցության ծրագրերի եւ նախագծերի շրջանակում: ՀՀ ԱՎԾ 280 աշխատակից 102 արտասահմանյան երկրներում վերապատրաստվել եւ մասնակցել են տարբեր միջոցառումների: Նշված միջոցառումների համար նախապատրաստվել եւ ներկայացվել է 48 զեկույց` 1030 էջ ընդհանուր ծավալով: ՀՀ ԱՎԾ աշխատակիցները միջազգային համագործակցության շրջանակում 1193 միավոր այցեմասնակցություն են ունեցել ՀՀ տարածքում (ՀՀ ԱՎԾ-ից դուրս) կազմակերպված թվով 314 միջոցառումների: ՀՀ ԱՎԾ է այցելել 64 հանձնախումբ, 147 փորձագետ: ՀՀ ԱՎԾ-ում կազմակերպվել է 62 սեմինար-շնորհանդես` նվիրված վիճակագրության տարբեր բնագավառներին, ՀՀ ԱՎԾ այցելած միջազգային փորձագետների մասնակցությամբ, ինչպես նաեւ արդի վիճակագրական գործիքակազմի կիրառման եւ ստացված ժամանակակից վիճակագրական գրականության շնորհանդեսներ, որոնց` ՀՀ ԱՎԾ աշխատակիցների կողմից այցեմասնակցությունների թիվը կազմել է 1425 միավոր:

ՀՀ ԱՎԾ-ն վիճակագրության մասով մասնակցել է ՀՀ-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցային գործընթացի շրջանակում գործող «Տնտեսական, ֆինանսական եւ ոլորտային համագործակցության հարցերի» աշխատանքային խմբի աշխատանքներին: ՀՀ ԱՎԾ-ն վիճակագրության մասով մասնակցել է ՀՀ-ԵՄ համագործակցության առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի աշխատանքներին: Իրականացվել են բանակցություններ եւ քննարկումներ ազգային վիճակագրական ծառայությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության հնարավորությունների շուրջ: ՀՀ ԱՎԾ-ն իրականացրել է Եվրոստատի «Վիճակագրության եւ դրա հետ կապված տեղեկատվության հավաքագրում, հիմնավորում եւ հրապարակում թեկնածու երկրներից, պոտենցիալ թեկնածու երկրներից եւ Եվրոպական հարեւանության քաղաքականության երկրներից» խորագրով նախագիծը:

Միջազգային վիճակագրական համագործակցության շրջանակում 2011 թ.-ի մարդահամարի անցկացմանն օժանդակելու նպատակով ՀՀ ԱՎԾ-ի կողմից իրականացվել են Հայաստանի Հանրապետության հնարավոր դոնորների ցանկի, համապատասխան գրությունների, նամակների նյութերի մշակման եւ թարգմանչական աշխատանքներ: ՀՀ ԱՎԾ միջազգային համագործակցությունը տարբեր երկրների ազգային վիճակագրական ծառայությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ իրականացվել է նաեւ վիճակագրական տեղեկատվության ընդլայնված փոխանակությամբ եւ թղթակցության վարմամբ (թվով 5747 միավոր): Ստացվել են բազմաթիվ տարեգրքեր, տեղեկագրեր, տեղեկատուներ, մեթոդաբանական ձեռնարկներ, հարցաթերթեր եւ այլ վիճակագրական նյութեր: Միջազգային համագործակության շրջանակում ՀՀ ԱՎԾ կողմից լույս է ընծայվել 23 հրապարակում, 12 մամուլի հաղորդագրություն, էլեկտրոնային փոստով պատասխանվել է 1157 հարցումների: Միջազգային համագործակության շրջանակում տեղի են ունեցել 677 պաշտոնական հանդիպումներ, որոնց վերաբերյալ կազմվել են արձանագրություններ: Տեղեկատվության միջպետական փոխանակման շրջանակում ՀՀ ԱՎԾ կողմից լրացվել եւ նախատեսված պարբերականությամբ միայն ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեին տրամադրվել են 953 վիճակագրական հարցաթերթեր:

Միջազգային վիճակագրական համագործակցության ինտենսիվության շնորհիվ էր, որ Հայաստանում 2000թ.-ին կիրառվեց Եվրամիության մոդելային օրենքի հիման վրա (տրամադրված Եվրոստատի կողմից) մշակված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ գործող օրենքը, դրանից բխող բազմաթիվ ենթաօրենսդրական ակտեր, սկսած 2001թ.-ից Հայաստանը անցում կատարեց Եվրամիության դասակարգիչների եւ վիճակագրական այլ գործիքների կիրառմանը, 2001թ.-ին դարձավ ԱՄՀ Տվյալների տարածման ընդհանուր համակարգի (ՏՏԸՀ) անդամ, 2003թ.-ի նոյեմբերից ԱՄՀ Տվյալների տարածման հատուկ ստանդարտի (ՏՏՀՍ) անդամ` 54 երկիրը (2012թ.-ի հունիսի դրությամբ դեռեւս աշխարհի 70 երկրների է հաջողվել ապահովել վիճակագրության ոլորտում ամենախիստ ստանդարտը համարվող ՏՏՀՍ-ի պահանջները եւ անդամագրվել դրան: Երկրների վիճակագրական ներուժի գնահատման տեսանկյունից ՏՏՀՍ-ի նշանակությունը բնութագրվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի «Վիճակագրության տարածաշրջանային զարգացումը ասիական եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» խորագրով ուղերձում, որը ներկայացվեց ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի 2009թ.-ի փետրվարի 24-27 Նյու-Յորքում կայացած 40-րդ նստաշրջանին` http://unstats.un.org/unsd/statcom/doc09/2009-15-ESCAP-R.pdf: Այդ փաստաթղթի 37-րդ կետի վերջին նախադասությունում, էջ 14, նշված է. «Այսպիսով ՏՏԸՀ-ին անդամագրված երկրները կարող են դիտարկվել որպես համապատասխան վիճակագրական տվյալների որակը բարձրացնելու պարտավորություն ստանձնածներ, այն դեպքում, երբ ՏՏՀՍ-ին անդամագրված երկրները կարող են դիտարկվել որպես ավելի զարգացած վիճակագրական ներուժ ունեցող երկրներ` ի համեմատություն ՏՏԸՀ-ին անդամագրված կամ չանդամագրված երկրների:»),  իսկ 2008թ.-ի ապրիլի 28-ին ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհուրդը Հայաստանին ընտրեց ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովի անդամ 2009 թ.-ի հունվարի 1-ից 2012թ.-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ` 4 տարի ժամկետով (անդամները 24 երկիր են): Հայաստանը հանդիսանում է նաեւ «Եվրոպայի վիճակագիրների կոնֆերանսի» լիիրավ անդամ, որպես անդամ երկիր մասնակցում է ԱՊՀ վիճակագրական ծառայությունների ղեկավարների խորհրդի եւ ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի աշխատանքներին:

2. Անհրաժեշտությունը -

վերը նկարագրվածով է պայմանավորված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը` միտված միջազգային վիճակագրական համագործակցության հարաբերություններում վիճակագրության պետական լիազոր մարմնի ներկայացուցչի ներկայացուցչականության աստիճանի բարձրացմանը:

«Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն պետական վիճակագրության վարումն իրականացվում է ըստ որոշակի բնագավառների: Այս բնագավառներից տարածքային վիճակագրության վարումն իրագործվում է վիճակագրության յուրաքանչյուր ոլորտի ՀՀ ԱՎԾ համապատասխան ստորաբաժանման կողմից (ժողովրդագրության, սոցիալական ոլորտի, տնտեսական եւ բնապահպանական ոլորտի վիճակագրական ստորաբաժանումներից յուրաքանչյուրն իր մասով), ինչով պայմանավորված տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման ոլորտի Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամի գործունեության ծանրաբեռնվածությունը, ըստ ձեւավորված փորձառության, չափազանց փոքր է: Տարածքային կտրվածքով վիճակագրական ցուցանիշների ամփոփումն ու հրապարակումը իրագործվում է վիճակագրության բոլոր ոլորտներով եռամսյակային եւ տարեկան կտրվածքներով, իսկ համայնքների մակարդակով` միայն ժողովրդագրական ցուցանիշների մասով: Այդ հրապարակումները զետեղվում են «Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը» տեղեկատվական ամսական զեկույցների եռամսյակային ամփոփումներում, «Հայաստանի Հանրապետության մարզերը եւ Երեւան քաղաքը թվերով» վիճակագրական ժողովածուում, «Հայաստանի վիճակագրական տարեգրքերում»: Թեմատիկ վիճակագրական տարեկան ժողովածուները («Հայաստանի Հանրապետության սոցիալական վիճակը», «Հայաստանի ժողովրդագրական ժողովածուն» եւ այլն) պատրաստվում եւ հրապարակվում են վիճակագրական համապատասխան ստորաբաժանումների կողմից` ըստ ՀՀ մարզերի ցուցանիշների (ժողովրդագրական ցուցանիշների դեպքում նաեւ` ըստ համայնքների), ինչը ՀՀ վիճակագրության պետական խորհրդի անդամի կողմից համակարգված աշխատանքի հատուկ անհրաժեշտություն արդեն չի առաջացնում, քանզի այդ աշխատանքներն արդեն համակարգվում են ՀՀ ԱՎԾ աշխատակազմի վիճակագրական տեղեկատվության տարածման եւ մարկետինգի բաժնի կողմից:

3. Կարգավորման նպատակը եւ

բնույթը, ակնկալվող արդյունքները- Հայաստանի Հանրապետության համար կարեւորվում է վիճակագրության ոլորտում, արդեն իսկ ձեւավորված միջազգային վիճակագրական ինտենսիվ համագործակցության պայմաններում, ապահովելու Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական լիազոր մարմնի ներկայացուցչի ներկայացուցչականության ավելի բարձր աստիճան (ներկայումս ներկայացվածությունը համագործակցության հարաբերություններում ապահովվում է բաժնի պետի մակարդակով), ինչի վերաբերյալ բազմիցս առաջարկներ են եղել նաեւ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի եւ Եվրոստատի փորձագետների կողմից: Միջազգային վիճակագրական համագործակցության մշտական գործընկերներն են ՄԱԿ-ի վիճակագրական հանձնաժողովը (Նյու-Յորք), ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովը (Ժնեւ), ՄԱԿ-ի մասնագիտացված մյուս կառույցները, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), Համաշխարհային բանկը, Եվրամիության (ԵՄ) վիճակագրական ծառայությունը (Եվրոստատ), ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեն եւ այլն:

4. Այլ իրավական ակտերում փոփոխությունների եւ/կամ լրացումների անհրաժեշտությունը -

«Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխությունների եւ/կամ լրացումների անհրաժեշտություն չի առաջացնի: