Armenian ARMSCII Armenian
Կ-037-17.08.2012-ԳԿ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրակրթության մաuին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիuի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածը «Uահմանադրությամբ ամրագրված» բառերից հետո լրացնել «բոլորի համար հավասար» բառերով։

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածից հանել «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» բառերը։

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10) հատուկ հանրակրթական դպրոց` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպեu նաեւ հակաuոցիալական վարք դրuեւորող uովորողների համար հանրակրթական հիմնական ընդհանուր եւ (կամ) հանրակրթական հիմնական հատուկ ծրագրեր իրականացնող ուuումնական հաuտատության տեuակ.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10.1-10.9-րդ կետերով.

«10.1) կրթության առանձնահատուկ պայմաններ` անձի հանրակրթական հիմնական ծրագրի յուրացմանը նպատակաուղղված առարկայական ծրագրերի եւ ուսուցման մեթոդների, ուսուցման անհատական տեխնիկական միջոցների, հարմարեցված միջավայրի, ինչպես նաեւ մանկավարժական, սոցիալական եւ այլ ծառայությունների ամբողջություն.

10.2) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ ուսուցման հետ կապված դժվարություններ, այդ թվում՝ զարգացման ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություններ ունեցող անձ, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ.

10.3) ներառական կրթություն` յուրաքանչյուր երեխայի համար, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, զարգացման առանձնահատկություններին համապատասխան, անհրաժեշտ պայմանների եւ հարմարեցված միջավայրի ապահովման միջոցով կրթական գործընթացին առավելագույն մասնակցության եւ հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված արդյունքի ապահովում.

10.4) մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ ուսումնամեթոդական, հոգեբանական եւ մանկավարժական աջակցություն, որը ցուցաբերվում է սովորող երեխային, նրա ծնողին եւ մանկավարժական աշխատողին.

10.5) երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում՝ անձի կրթական ծրագրերին մասնակցության դիտարկում, երեխայի զարգացման հնարավորությունների բացահայտում եւ կրթության առանձնահատուկ անհրաժեշտ պայմանների սահմանում.

10.6) մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը գնահատող, կրթությանն աջակցող մանկավարժահոգեբանական եւ այլ օժանդակող ծառայություններ մատուցող կազմակերպություն.

10.7) ֆինանսավորման բարձրացված չափաքանակ` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած նվազագույն ֆինանսավորման չափ, որն անհրաժեշտ է կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման համար.

10.8) անհատական ուսուցման պլան` հանրակրթության պետական եւ առարկայական չափորոշիչների, ծրագրերի եւ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հիման վրա կազմված փաստաթուղթ, որը սահմանում է սովորողի կրթության կազմակերպման տարեկան նպատակը, խնդիրները եւ դրանց հասնելու գործողությունները (ներառյալ՝ աջակցող ծառայությունները).

10.9) ուսուցչի օգնական` կրթության կազմակերպման գործընթացում ուսուցչին աջակցող մանկավարժական աշխատող.».

3) 12-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«12) մանկավարժական աշխատող` սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող եւ (կամ) կրթության բովանդակության պահանջները ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաեւ մանկավարժահոգեբանական կենտրոնների աշխատակից.»:

Հոդված 4. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության եւ որակի ապահովմանը։»։

Հոդված 5. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Հանրակրթությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր սովորողի՝

1) մտավոր, հոգեւոր, ֆիզիկական եւ uոցիալական զարգացմանը.

2) մարդկային արժանապատվության պահպանմանը.

3) իր ընդունակություններին, կարողություններին եւ առողջությանը համապատասխան ուսումնական միջավայրում նրա հասարակական հարմարեցմանը.

4) ինքնասպասարկման ունակությունների ձեռք բերմանը եւ ինքնուրույն կյանքի նախապատրաստմանը.

5) մաuնագիտական կողմնորոշմանը եւ մասնագիտական աշխատանքային գործունեության նախապատրաստմանը.

6) ընտանեկան կյանքին պատրաստվածության ապահովմանը.

7) որպես ապագա քաղաքացու ձեւավորմանը։»։

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) ուսումնական բնագավառները, դրանց բովանդակությանը ներկայացվող պահանջները.».

2) 2-րդ կետից հանել «եւ ուսումնական բնագավառների» բառերը:

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Հանրակրթական հիմնական ծրագրերն են նախադպրոցական, ինչպես նաեւ միջնակարգ կրթության հետեւյալ ծրագրերը.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Նախադպրոցական ծրագրերն իրականացվում են ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:»:

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրում է տնօրեն.».

2) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) տնօրենի ներկայացմամբ քննարկում է ուսումնական հաստատության ամենամյա ծախսերի նախահաշիվը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը, տալիս է հավանություն եւ ներկայացնում պետական լիազորված մարմնի հաստատմանը.».

3) 3-րդ մասը`

ա. «դադարեցվում են» բառերից հետո լրացնել «լիազորված մարմնի կողմից`» բառերով.

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1) խորհրդի կազմում սահմանված կարգի խախտմամբ ընդգրկված լինելու,».

4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Խորհրդի անդամի լիազորությունները սույն հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված հիմքերով չեն կարող դադարեցվել տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի օրվանից մինչեւ տվյալ մրցույթի ավարտը, բացառությամբ ծնողական խորհրդի կողմից առաջադրված անդամի՝ դպրոցում սովորող երեխա չունենալու, ինչպես նաեւ մանկավարժական խորհրդի կողմից առաջադրված ուսուցչի աշխատանքից ազատվելու դեպքերի:»:

Հոդված 9. Օրենքի 12-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Պետական ուսումնական հաստատության տնօրենը (այսուհետ` տնօրեն) ընտրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մրցութային կարգով:

Տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել, իսկ ոչ պետական ուսումնական հաստատության եւ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարի թափուր պաշտոնում կարող է նշանակվել կամ ընտրվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված եւ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը։ Բացառություն կարող են կազմել սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա», «բ», «գ» եւ «դ» ենթակետերով սահմանված կրթական ծրագրեր իրականացնող ոչ պետական ուսումնական հաստատությունների ղեկավարները։».

2) 4-րդ մասը «ընթացակարգերը» բառից հետո լրացնել «, ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու ընթացակարգը,» բառերով.

3) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Վերապատրաստումը կազմակերպվում է տարեկան առնվազն մեկ անգամ։».

4) 14-րդ մասից հանել «խորհրդի հետ» բառերը, եւ նույն մասը «կարգով» բառից հետո լրացնել «աշխատանքային» բառով.

5) 16-րդ մասը «տնօրենը» բառից հետո լրացնել «(հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը)» բառերով.

6) 17-րդ մասի առաջին պարբերությունը եւ 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«17. Ուսումնական հաստատության տնօրեն (հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավար) չի կարող առաջադրվել, ընտրվել (նշանակվել) այն անձը, որը՝

1) սույն հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված կարգով չի ստացել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր.»։

Հոդված 10. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 4-րդ մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Ուսումնական հաստատությունն այդ մասին որոշումը կայացնում է մինչեւ սեպտեմբերի 1-ը եւ առնվազն տասնօրյա ժամկետում այդ մասին տեղեկացնում է կրթության պետական կառավարման եւ տարածքային (Երեւան քաղաքում` Երեւանի քաղաքապետին) կառավարման լիազորված մարմիններին:»:

Հոդված 11. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասի «՝ համաձայն ոլորտը կարգավորող օրենսդրության» բառերը փոխարինել «ընդհանուր հիմունքներով» բառերով.

2) 10-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Տվյալ ուսումնական տարվա հանրակրթական հիմնական ծրագիրը չյուրացրած սովորողի հաջորդ դասարան փոխադրվելու, ինչպես նաեւ տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:».

3) 11-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11. Ուսումնական պարապմունքներից բացակայություններ ունեցող սովորողների հետագա ուսումնառության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»:

Հոդված 12. Օրենքի 17-րդ հոդվածում՝

1) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Առողջական վիճակի պատճառով ուսումնական հաստատություններ հաճախել չկարողացող սովորողների համար կազմակերպվում է տնային ուսուցում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի։ Տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Երեխայի կրթության իրավունքն ապահովելու նպատակով հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում հանրակրթական ծրագրերին համապատասխան կազմակերպվում է երկարատեւ (ոչ պակաս, քան 21 օր) բուժման մեջ գտնվող երեխաների ուսուցումը:

Այն իրականացվում է տվյալ բժշկական կազմակերպությունում եւ ուսումնական հաստատության միջեւ պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձեւը հաստատվում է կրթության պետական կառավարման եւ առողջապահության պետական կառավարման լիազորված մարմինների ղեկավարների համատեղ հրամանով։ Պայմանագրի պատճենը ներկայացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմին։».

3 ) 7-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«7. Ուսումնական հաստատությունը կրթական ծառայությունների մատչելիությունը, որակն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կրթական գործընթացի մասնակիցներին (սովորող, ծնող, մանկավարժական աշխատողներ եւ այլն) տրամադրում է կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ: Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:»:

Հոդված 13. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.1-17.3-րդ հոդվածներով.

«Հոդված 17.1. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները

1. Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները տրամադրվում են երեք մակարդակում.

1) դպրոցական մակարդակ՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության կողմից.

2) տարածքային մակարդակ՝ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից.

3) հանրապետական մակարդակ՝ հանրապետական մանկավարժահոգեբա-նական կենտրոնի կողմից։

2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը վկայագրման նպատակով իրականացնում են տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները:

3. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը կազմակերպվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներով։

4. Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ծնողը կարող է արդյունքները բողոքարկել հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն։

5. Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները՝

1) իրականացնում են երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատում.

2) կազմում են համապատասխան եզրակացություն՝ երեխայի կրթության կազմակերպման համար անհրաժեշտ կրթության առանաձնահատուկ պայմանների վերաբերյալ.

3) մատուցում են կրթության կազմակերպման աջակցության ծառայություններ.

4) իրականացնում են խորհրդատվական փոխայցեր ուսումնական հաստատություններ.

5) կազմակերպում եւ անցկացնում են վերապատրաստումներ.

6) իրականացնում են օրենսդրությամբ եւ իրենց կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթներ։

6. Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնը`

1) սահմանում է մանկավարժահոգեբանական աջակցության եւ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքների գնահատման միասնական մոտեցումը.

2) մշակում է մանկավարժահոգեբանական ծառայությունների ոլորտը կարգավորող իրավական ակտերը.

3) համակարգում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների աշխատանքները.

4) մշակում է գիտամեթոդական եւ ուսումնամեթոդական նյութեր եւ ուղեցույցներ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող մանկավարժահոգեբանական մասնագետների համար.

5) կազմակերպում եւ իրականացնում է վերապատրաստումներ, տրամադրում մասնագիտական խորհրդատվություն.

6) ստեղծում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների տվյալների բազա, իրականացնում տվյալների վերլուծություն եւ տալիս առաջարկություններ՝ քաղաքականության մշակման եւ իրականացման վերաբերյալ.

7) իրականացնում է օրենսդրությամբ եւ իր կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ ու գործառույթներ։

7. Տարածքային եւ հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների օրինակելի կանոնադրությունները եւ ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

8. Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները եւ տարածքային ու հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների գործունեության ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

9. Հանրապետական եւ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոններն ունեն պետական ոչ առեւտրային կազմակերպության կարգավիճակ։

10. Հանրապետական եւ տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների տնօրենները նշանակվում են կրթության պետական կառավարման լրազորված մարմնի կողմից։

11. Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության եռամակարդակ ծառայություններ տրամադրող մանկավարժական աշխատողների մեկ հինգերորդը տարեկան անցնում է համապատասխան վերապատրաստում՝ ըստ ուսումնական հաստատության եւ համապատասխան մանկավարժահոգեբանական կենտրոնի ղեկավարի կազմած ժամանակացույցի։

Երեխայի կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության եռամակարդակ ծառայություններ տրամադրող մանկավարժական աշխատողների վերապատրաստումը կազմակերպվում է սույն օրենքի 26-րդ հոդվածով սահմանված՝ ուսուցչի վերապատրաստման ընթացակարգերով։

Հոդված 17.2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումը

1. Կրթության առանձնահատուկ պայմաններ սահմանելու նպատակով երեխան կարող է ներկայացվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման՝ ծնողի (օրինական ներկայացուցչի) դիմումի հիման վրա կամ երեխայի կրթության վայր հանդիսացող ուսումնական հաստատության մանկավարժական խորհրդի դիմումի հիման վրա, եթե դիմումին կցված է ծնողի ստորագրած համաձայնագիրը։

2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի մանկավարժահոգեբանական գնահատումը կազմակերպվում է ծնողի (կամ նրա այլ օրինական ներկայացուցչի) մասնակցությամբ։

3. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի գնահատումը իրականացվում է երեխայի կենսագործունեության բնական միջավայրում (ընտանիք, ուսումնական հաստատություն եւ երեխայի շփման այլ միջավայրում)։

Հոդված 17.3. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վկայագրումը

1. Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնի տված՝ երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ եզրակացության հիման վրա տարածքային կառավարման պետական մարմինը վկայագրում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը։

2. Երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագրի տիպային ձեւը մշակում եւ հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։

3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ վկայագիր ունեցող երեխայի կրթության կազմակերպման համար տրամադրվում են համապատասխան մանակավարժահոգեբանական աջակցության ծառայություններ, իսկ սույն օրենքի 35-րդ հոդվածի 3.1-ին կետով սահմանված դեպքում տրվում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակ՝ համաձայն նույն հոդվածի 3.2-րդ կետի պայմանների:»:

Հոդված 14. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.

«3.1) ստանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքը բավարարելուն ուղղված աջակցություն.»։

Հոդված 15. Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը «թեկնածուի առկայության» բառերից հետո լրացնել «կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղվելու դեպքում, եթե մինչ այդ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չի համալրվել:» բառերով, իսկ «դեպքերում» բառը հանել։

Հոդված 16. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին եւ 2.2-րդ կետերով.

«2.1) մասնակցելու երեխայի անհատական ուսուցման պլանի մշակմանն ու իրականացմանը.

2.2) ստանալու անհրաժեշտ խորհրդատվություն երեխայի կրթության կազմակերպման աջակցության ծառայությունների վերաբերյալ.»:

Հոդված 17. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը «պետական ծրագրերը,» բառերից հետո լրացնել «հաստատում է» բառերով.

2) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) համարվում է պետական ավագ դպրոցների, ինչպես նաեւ տարածքային ու հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների պետական կառավարման լիազորված մարմինը.».

3) 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

4) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 26.1-ին կետով.

«26.1) տրամադրում է լուծարված ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի կրկնօրինակը` արխիվային հիմքերի առկայության դեպքում.»:

Հոդված 18. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատությունների ընտրված տնօրենի հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով վաղաժամկետ դադարեցնում է տնօրենի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին կետով.

«6.1) աջակցում է ուսուցչի ատեստավորման գործընթացին.»:

Հոդված 19. Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ մասերով.

«3.1. Կրթության կազմակերպման համար լրացուցիչ պետական աջակցությունից ֆինանսավորման բարձրացված չափաքանակով օգտվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող այն երեխաները, որոնք ունեն հետեւյալ ֆունկցիաների միջին, ծանր եւ խոր խանգարումներ.

1) ձայնի եւ խոսքի.

2) լսողական.

3) տեսողական.

4) ինտելեկտուալ (մտավոր) հետամնացություն ունեցող.

5) շարժողական։

3.2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահմանված ֆինանսավորման բարձրացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստիճանի, սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»:

Հոդված 20. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» 2005 թվականի մայիսի 25-ի ՀՕ-136-Ն օրենքը։

Հոդված 21. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչեւ 2022 թվականի օգոստոսի 1-ը՝

1) Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզում գործող առնվազն մեկ, Երեւան քաղաքում՝ առնվազն չորս հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն վերակազմակերպվում է տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի։

Եթե տվյալ մարզում առկա չէ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն, ապա մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կարող է վերակազմակերպվել կամ պատվիրակվել այնպիսի կազմակերպության, որում առկա են ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ պայմաններ:

Մինչեւ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ամբողջական ներդրումը Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնը շարունակում է կատարել սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 17.1-ին հոդվածի 2-րդ եւ 5-րդ մասերով սահմանված լիազորությունները այն մարզերում, որտեղ դեռեւս չեն ստեղծվել տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ։ Դրանց ստեղծմանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում հանրապետական կենտրոնը տվյալ տարածքի (մարզի) շահառուների եւ նախընթաց գործընթացների վերաբերյալ տվյալները եւ փաստաթղթային հիմքերը փոխանցում է տվյալ տարածքային կենտրոն՝ համաձայն քաղաքացիաիրավական օրենսդրության.

2) Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում ներդրվում են ուսուցչի օգնականի հաստիքներ, որոնց թիվը որոշվում է տվյալ դպրոցում սովորողների միջին տարեկան թվի 10 տոկոսի հաշվարկի հարաբերակցությունից.

3) մինչեւ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված՝ Օրենքի 17.1-ին հոդվածի միջոցառումների ներդրման ավարտը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն չունեցող մարզերի հանրակրթական դպրոցների համար կիրառվում է երեխայի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործող կարգը.

4) մինչեւ 2025 թվականի օգոստոսի 1-ը ներդրվում է համընդհանուր ներառական կրթության համակարգը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած գործողությունների պլանի եւ ժամանակացույցի։

2. Ոչ պետական ուսումնական հաստատության եւ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարները վերապատրաստվում եւ հավաստագրվում են մինչեւ 2016 թվականի հունվարի մեկը: Հավաստագիր չստացած ոչ պետական ուսումնական հաստատության եւ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը լուծվում են:

Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։