Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-032-16.08.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ 400 ԿՎ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ՕԴԱՅԻՆ ԳԾԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ԱՆՑՆՈՂ ՀԱՏՎԱԾԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետեւ` ծրագիրն իրականացնող կազմակերպություն կամ պատվիրատու) եւ Իրանի Իսլամական Հանրապետության «Սանիր» ընկերության (այսուհետեւ` կապալառու) միջեւ կնքված կապալի պայմանագրի (այսուհետեւ` պայմանագիր) շրջանակներում պատվիրատուի եւ Իրանի Իսլամական Հանրապետության Արտահանման Զարգացման Բանկի (այսուհետեւ` բանկ) միջեւ կնքված ֆինանսական համաձայնագրի (այսուհետեւ` համաձայնագիր) եւ կապալառուի դուստր` «ՍԱՆԻՐ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՖԶԵ» ընկերության (փոխատու) միջեւ կնքված փոխառության պայմանագրի համաձայն` Իրան-Հայաստան 400կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների (այսուհետեւ` ծրագիր) նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտոնությունների սահմանման եւ դրանց կիրառման հետ կապված հարաբերությունները:

Հոդված 2. Համաձայնագրով իրականացվող ծրագրի շրջանակներում`

1) ծախսված միջոցների հաշվին կապալառուի կողմից պատվիրատուին ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը եւ ծառայությունների մատուցումը (այդ թվում` անհատույց կամ մասնակի հատուցմամբ) ազատվում են ավելացված արժեքի հարկից, իսկ պատվիրատուն ազատվում է «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն առաջացող` այդ գործարքների մասով կապալառուի փոխարեն ավելացած արժեքի հարկի գծով հարկային պարտավորություններ կրելու պարտավորություններից,

2) ծախսված միջոցների հաշվին կապալառուն ազատվում է ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից շահութահարկի վճարումից, իսկ պատվիրատուն ազատվում է ոչ ռեզիդենտի կողմից  ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունում իրականացված տնտեսական գործունեությունից ոչ ռեզիդենտի համար շահութահարկի գծով հարկային գործակալ հանդես գալու պարտավորությունից,

3) բանկը, փոխատուն եւ Իրանի Արտահանման Երաշխավորման Հիմնադրամը (այսուհետեւ? հիմնադրամ) ազատվում են համաձայնագրով եւ փոխառության պայմանագրով պատվիրատուի կողմից վճարվող` վարկի եւ փոխառության տոկոսների, դրանց սպասարկման հետ կապված միջնորդավճարների եւ ապահովագրական վճարների գծով առաջացող շահութահարկից, իսկ պատվիրատուն ազատվում է համաձայնագրով եւ փոխառության պայմանագրով բանկին, փոխատուին եւ հիմնադրամին  վճարվող` վարկի եւ փոխառության տոկոսների, դրանց սպասարկման հետ կապված միջնորդավճարների եւ ապահովագրական վճարների մասով ոչ ռեզիդենտի համար շահութահարկի գծով հարկային գործակալ հանդես գալու պարտավորությունից,

4) պատվիրատուն ազատվում է կապալառուի մատակարարած ապրանքների ներմուծման համար Հայաստանի Հանրապետության սահմանին մաքսային մարմինների կողմից գանձվող ավելացված արժեքի հարկից եւ մաքսատուրքից:

Հոդված 3. Սույն օրենքով սահմանված հարկային եւ մաքսային արտոնությունները չեն տարածվում ծրագրի շրջանակներում կապալառուի` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող ենթակապալառուների վրա:

Հոդված 4. Սույն օրենքով սահմանված հարկային եւ մաքսային արտոնությունները կիրառվում են ծրագրի սկսման պահից եւ մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծրագրի շրջանակներում պատվիրատուի մոտ հաշվարկված եւ չվճարված հարկային եւ մաքսային պարտավորությունները (կապալառուի փոխարեն` ավելացված արժեքի հարկը, կապալառուին վճարված եկամուտներից` շահութահարկը, կապալառուի կողմից մատակարարված ապրանքների ներմուծման համար Հայաստանի Հանրապետության սահմանին մաքսային մարմինների կողմից գանձվող ավելացված արժեքի հարկը եւ մաքսատուրքը, ինչպես նաեւ դրանց գծով տույժերը եւ տուգանքները) ենթակա են վերահաշվարկման:

Հոդված 5. Սույն օրենքով սահմանված հարկային եւ մաքսային արտոնությունների կիրառման կարգը? ներառյալ արտոնությունների կիրառման համար հիմք ընդունվող գործարքների կատարումը հիմնավորող փաստաթղթերը (պայմանագիր, հաշվարկավճարային փաստաթղթեր եւ այլն) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Իրան-Հայաստան 400 ԿՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` Հայաստանի Հանրապետության տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտության մասին

1. Անհրաժեշտությունը

Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Իրան-Հայաստան 400կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի (այսուհետեւ` էլեկտրահաղորդման գիծ)` ՀՀ տարածքով անցնող հատվածի կառուցման (այսուհետեւ` ծրագիր) համար անհրաժեշտ միջոցները` ԻԻՀ Արտահանման Զարգացման Բանկի կողմից տրամադրվող 83,083  մլն եվրո վարկը, 24,817 մլն եվրո համաֆինանսավորման գումարը (որը փոխառության կարգով տրամադրում է կապալառուի դուստր` «ՍԱՆԻՐ ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՖԶԵ» ընկերությանը, այսուհետեւ? փոխատու), վարկի եւ փոխառության տոկոսները, դրանց սպասարկման հետ կապված միջնորդավճարները եւ ապահովագրական վճարները ՀՀ պետական բյուջեի հետ առնչություն չունեն եւ կատարվում են «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի (այսուհետեւ` պատվիրատու) սեփական միջոցների` շահույթի հաշվին, այն դեպքում, երբ վերջինիս միակ գործունեության` էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագնի հաշվարկում էլեկտրահաղորդման գծի կառուցման նպատակով անհրաժեշտ ծախսեր նախատեսված չեն

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ծրագրի իրականացման նպատակով պատվիրատուի եւ ԻԱԶԲ-ի միջեւ կնքվել է 26.06.2011թ. N900/M/ARM/09 ֆինանսական համաձայնագիրը (այսուհետեւ` համաձայնագիր), ըստ որի` էլեկտրահաղորդման գծի ՀՀ տարածքով անցնող հատվածի կառուցման նպատակով ԻԱԶԲ-ն պատվիրատուին է տրամադրում 83,083 մլն եվրո վարկ (տարեկան տոկոսադրույքը` CIRR+1, մարման ժամանակաշրջանը` էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո հինգ տարվա ընթացքում):

Համաձայնագրով` էլեկտրահաղորդման գծի կառուցումը ամբողջությամբ իրականացվում է իրանական «Սանիր» ընկերության (այսուհետեւ` կապալառու)  կողմից: Պատվիրատուի եւ կապալառուի միջեւ կնքվել է համապատասխան կապալի պայմանագիր (այսուհետեւ` պայմանագիր): Ծրագրով, որի ընդհանուր արժեքը 107,9 մլն եվրո է, հայկական կողմի 24,817 մլն եվրո կազմող համաֆինանսավորման գումարը փոխատուի կողմից փոխառության պայմանագրով կտրամադրվի պատվիրատուին:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը   -

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

 
Սույն օրենքի նախագծով Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի` ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ սահմանվում են հարկային եւ մաքսային վճարների արտոնություններ, նկատի ունենալով, որ պայմանագրով պատվիրատուի վրա են թողնված կատարվող աշխատանքների գծով ՀՀ-ում առաջացող հարկերի եւ մաքսային վճարների վճարումները: Ըստ էության Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի աջակցությունը ծրագրին կլինի տրամադրվող հարկային եւ մաքսային արտոնությունները:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմ,  «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ:

6. Ակնկալվող արդյունքը
 
Իրան-Հայաստան 400կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքների նկատմամբ հարկային եւ մաքսային վճարների արտոնությունների սահմանում:

7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)