Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-4213-12.12.2019-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-123-Ն օրենքի) ամբողջ տեքստից հանել «աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող» բառերը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ, «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ ԵՎ «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

1. Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը եւ նպատակը

ՀՀ կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա: Մասնավորապես Ազգային ժողովի կողմից 2019 թվականի փետրվարի 14-ին հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4.2 բաժնով (աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը եւ ժողովրդագրությունը) սահմանված է, որ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաեւ սոցիալական ծառայությունների որակը, որը կապահովվի ընտանիքի (անձի) սոցիալական կարիքներին համապատասխան՝ բազմաբնույթ ու ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրմամբ եւ անձնակազմի մասնագիտական կարողությունների հզորացմամբ: Միաժամանակ, ՀՀ կառավարության ծրագրի նույն բաժնով ամրագրված է, որ «Կառավարությունը նպատակադրվել է մինչեւ 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը: Այս նպատակի իրագործման համար առանցքային նշանակություն են ունենալու բնակչության աղքատ խավի շրջանում կրթության եւ աշխատանքի քաջալերումը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացումը»: Այս գործընթացը պահանջում է ընտանիքների եւ քաղաքացիների սոցիալական կարիքների գնահատման էապես նոր եւ համակարգի ներդրում՝ անցում կատարելով դրա թվայնացմանը, ինչպես նաեւ դրան համահունչ ծառայությունների փաթեթների ձեւավորմանն ու ընդլայնմանը: Ընդ որում, հավատարիմ մնալով ապակենտրոնացման հետեւողական քաղաքականությանը՝ սոցիալական կարիքների գնահատման նոր եւ միասնական համակարգի ներդրմանը զուգընթաց ընդլայնվող ծառայությունների մատուցումը նախատեսվում է իրականացնել համայնքների մակարդակում՝ խթանելով համալիր ծառայությունների համայնքահենք բնույթն ու զարգացնելով համայնքների կարողություններն այս ուղղությամբ՝ ակտիվացնելով համայնքային սոցիալական ծառայողների ինստիտուտն ու տեղական սոցիալական ծրագրերի իրականացումը, ինչպես նաեւ ոլորտում հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությամբ տարբեր սոցիալական խմբերի համար իրականացվող ծառայությունների պատվիրակումը համայնքներին:

Ներկայումս սոցիալական կարիքի գնահատման ոլորտում առկա է հետեւյալ իրավիճակը:

ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն լիազորած պետական կառավարման մարմնի աշխատակազմում չընդգրկված եւ կառավարման ոլորտից դուրս գործող տարածքային մարմինները  Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալություններն են (38), որոնց աշխատողները քաղաքացիական ծառայողներ են, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետարանի, Արարատի, Վանաձորի, Գյումրու եւ Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային բաժինները (17), որոնց աշխատողները՝ համայնքային ծառայողներ են:

Գործակալությունների եւ բաժինների օրինակելի կանոնադրությունները սահմանվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հրամանով, որոնց հիման վրա մարզպետները հաստատել են գործակալությունների կանոնադրությունները եւ քաղաքացիական ծառայող սոցիալական աշխատողների պաշտոնների անձնագրերը, իսկ համայնքների ավագանիները՝ բաժինների կանոնադրությունները եւ համայնքային ծառայող սոցիալական աշխատողների պաշտոնների անձնագրերը: Այս կառույցներն են ըստ էության իրականացնում սոցիալապես խոցելի եւ անապահով ընտանիքների եւ քաղաքացիների կարիքների գնահատումը:

Գործակալությունների ֆինանսավորումը՝ աշխատավարձ, պահպանման այլ ծախսեր եւ այլն, իրականացվում է ՀՀ մարզպետարանների միջոցով, իսկ Բաժիններինը՝ որպես համայնքի ղեկավարին պատվիրակած լիազորություն իրականացվում է ՀՀ ԱՍՀՆ-ի միջոցով, համայնքի ղեկավարների հետ ՀՀ ԱՍՀՆ աշխատակազմի ղեկավարի միջեւ կնքված պայմանագրի հիման վրա: Սակայն, անկախ տարածքային մարմինների եւ դրանց աշխատողների կարգավիճակից՝ լիազորությունների շրջանակը, իրավունքներն ու պարտականություններն ու պատասխանատվությանը նույնական են:

Ի թիվս այլոց, սոցիալական կարիքի գնահատում են իրականացնում նաեւ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալությունը՝ 51  տարածքային կենտրոններով, որի՝ ՀՀ կառավարության 29 մայիսի 2014 թվականի N 578-Ն որոշմամբ հաստատված գործառույթներով սահմանված է աշխատանք փնտրող անձի կարիքների գնահատում եւ անհատական ծրագրի կազմում: Կարիքների գնահատման գործառույթ է իրականացնում նաեւ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը:

ՀՀ կառավարության ծրագրին համահունչ՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնարկել է կառուցվածքային փոփոխություններ՝ նպատակ ունենալով ստեղծել սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ՝ էապես նոր բովանդակությամբ, որը կմիավորի մեկ միասնական մեթոդաբանությամբ եւ մեկ կառույցի կողմից շահառուի կարիքների համալիր գնահատումն ու դրա հիման վրա համայնքների եւ շահեկից այլ գերատեսչությունների՝ ինչպես առողջապահական համակարգը, կրթական համակարգը եւն, հետ սերտ համագործակցությամբ՝ տարաբնույթ աջակցության տրամադրումը՝ ներառելով զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության եւ այլ համալիր ծառայությունները:

1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից սոցիալական կարիքի գնահատման միասնական նոր համակարգի, եւ դրանից բխող նոր բովանդակությամբ եւ որակով սոցիալական աջակցության տրամադրման աշխատանքների իրականացմանը ներկայումս խոչընդոտում է կարիքի գնահատման համակարգի ֆրագմենտարությունը եւ բաշխվածությունը տարբեր կառույցների միջեւ, որոնցից սոցիալական աջակցության շրջանակներում կարիքի գնահատման գործառույթը ներկայումս իրականացվում է սոցիալական աջակցության տարածքային մարմինների կողմից, որոնք չեն գտնվում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայության ներքո: Չնայած 2010 թվականից գործադրված ջանքերին, համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնները դեռեւս լիարժեք չեն կայացել: Այստեղ տեղակայված կառույցների միջեւ հորիզոնական գործընկերային հարաբերությունները գրեթե չեն գործում: Սոցիալական կարիքի գնահատման գործառույթ ունեցող 4 կառույցները իրականացնում են միմյանցից անջատ եւ գրեթե չփոխկապված գործընթացներ, ինչն անհարկի մեծացնում է վարչարարության ծախսերը, որոնք ՀՀ համար գնահատված են 2.2% այն պարագայում, երբ զարգացած երկրներում վարչարարության ծախսը տատանվում է 0,5%-1%-ի սահմաններում: Վարչարարության մեծ ծախսը, բացի կարիքի գնահատման ֆրագմենտար բնույթից, հետեւանք է նաեւ իրականացվող աշխատանքների թվայնացման խիստ ցածր աստիճանի: Կատարվող աշխատանքների մեծ մասը իրականացվում են ձեռքով, տարածքային մարմինների տեխնիկական հագեցվածությունն անբավարար է: Ոլորտում աշխատողների քարտեզագրման արդյունքները ցույց են տալիս, որ սոցիալական աշխատողի գործառույթ իրականացնող եւ կարիք գնահատող աշխատակիցների ավելի քան 85%-ը չունի սոցիալական աշխատողի որակավորում եւ ոլորտում աշխատում է ավելի քան 20 տարի: Աշխատակիցների հանրային ընկալումը շարունակում է մնալ իբրեւ նպաստ բաժանողների այն պայմաններում, երբ սոցիալական կարիքի գնահատման գործառույթը պահանջում է իրապես մասնագիտական աշխատանք: ՀՀ-ում 23.5% դրամային աղքատության մակարդակի պայմաններում սոցիալական կարիքի գնահատման հիման վրա ներկայումս գործող սոցիալական աջակցության համակարգում հաշվառված են շուրջ 400 հազար մարդ, ինչը ցույց է տալիս համակարգի ամբողջականության, դրա մասին անապահով բնակչության շրջանում իրազեկվածության, ինչպես նաեւ վստահության ցածր աստիճանի մասով խնդրահարույց լինելը: Միաժամանակ, գործող կառուցվածքը ստեղծել է մի իրավիճակ, երբ համայնքների՝ սոցիալական պաշտպանության ոլորտում սեփական լիազորությունների իրացման գործիքները՝ ի դեմս տեղական սոցիալական ծրագրերի, գրեթե չեն գործում, իսկ սոցիալական խնդիրների կարգավորման նպատակով հատկացվող միջոցները հիմնականում հատկացվում են միանգամյա դրամային կամ բնաիրային աջակցությունների համար՝ խթանելով աղքատության մշակույթի ձեւավորումը, ձեւավորելով ոչ նպատակային ծախսված միջոցներ եւ չբացահայտելով համայնքների՝ սոցիալական պաշտպանության ոլորտում սեփական լիազորությունների իրացման ամբողջ պոտենցիալը:

Ներկայումս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ՀՀ կառավարության ծրագրին համահունչ, ձեռնարկել է նպաստների համակարգի սկզբունքային վերափոխման գործընթաց՝ միտված խրախուսելու աշխատանքը եւ նպաստելու ընտանիքների կայուն եկամտի աղբյուրների ձեւավորմանը, որի հաջող ներդրման համար առանցքային է սոցիալական կարիքի գնահատման որակական փոփոխությունը, սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացումը եւ համայնքահենք ծառայությունների ցանցի զարգացումը՝ համայնքների կարողությունների զարգացմանը զուգընթաց:

1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Վերոնշյալ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է իրականացնել կառուցվածքային բարեփոխումներ. մասնավորապես սոցիալական կարիքի գնահատման միասնական ինստիտուցիոնալ մեխանիզմի ստեղծմանը նախընթաց մարզպետարաններից եւ համայնքներից ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը փոխանցելով կարիքի գնահատման գործառույթը, որի կապակցությամբ, նախեւառաջ, առաջարկվում է փոփոփություններ կատարել «Սոցիալական աջակցության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում եւ ՀՀ Ընտանեկան օրենսգրքում: Կառուցվածքային փոփոխությանը զուգընթաց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը իրականացրել է նախապատրաստական աշխատանքներ սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացման եւ սոցիալական կարիքների գնահատման նոր համակարգի ներդրման բովանդակային, կազմակերպական եւ տեխնոլոգիական հագեցվածության ապահովման համար: Մասնավորապես, մշակվել է կարիքների գնահատման համար անհրաժեշտ դեպքի վարման տեղեկատվական համակարգը: Կազմակերպվել է մրցույթ հեռահաղորդակցության ոլորտի ընկերությունների մասնակցությամբ՝ դեպքի վարման տեղեկատվական համակարգի գործարկման համար անհրաժեշտ կապի ծառայության եւ տեխնիկական շարժական միջոցների ձեռքբերման համար, ինչը թույլ կտա դեպքը վարող սոցիալական աշխատողների կողմից տեխնիկական շարժական միջոցի եւ դեպքի վարման տեղեկատվական համակարգի գործածմամբ իրականացնել կարիքների գնահատումը՝ մեծապես թվայնացնելով ամբողջ գործընթացը, բարձրացնելով դրա թափանցիկությունն ու արդյունավետությունը: 2020 թվականի բյուջետային հայտով նախատեսվել են միջոցների սոցիալական աշխատողների կողմից տնային այցելությունների իրականացման համար, ինչը զգալի խոչընդոտ էր կարիքի որակյալ գնահատման համար: Զուգահեռաբար հանրային լայն քննարկումներով 2019 թվականի ընթացքում մշակվել է Սոցիալական աշխատանքի մասին ՀՀ օրենքի նախագիծը, որը կանոնակարգելու է սոցիալական աշխատողների կողմից մասնագիտական գործունեության ծավալման չափորոշիչները: Միաժամանակ, ս.թ. փետրվարի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում ամփոփվում է նպաստների համակարգի վերափոխման փաթեթային լուծումը, որն, ըստ էության, կարիքների գնահատման նոր համակարգի մեթոդաբանությունն է: Այսպիսով, իրականացված քայլերը ամբողջության մեջ պետք է նպաստեն սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի ամբողջական ներդրմանը՝ որպես հետեւանք ունենալով նաեւ ավելի հասցեական եւ համայնքահենք ծառայությունների տրամադրումն ըստ գնահատված կարիքի:

2. Կարգավորման առարկան

Նախագծով առաջարկվող նման կառուցվածքային փոփոխությունը թույլ կտա ապահովել ընտանիքների եւ քաղաքացիների սոցիալական կարիքի համալիր եւ միասնական գնահատման համակարգի ներդրումը: Այդ փոփոխությունը մեծապես կնպաստի համալիր սոցիալական ծառայությունների կենտրոնների աշխատանքների բարելավմանը, եւ դրանց կառուցվածքային մոդելի վերջնականացմանը, լիարժեք կայացմանը:

3. Միջոցառման իրակացումից ակնկալվող արդյունքը

Բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական եւ ամբողջական գնահատում, որի արդյունքում առավել մատչելի, նպատակային եւ որակյալ սոցիալական համայնքահենք ծառայությունների ամբողջական փաթեթով տրամադրման ապահովում՝ համայնքների եւ շահեկից կազմակերպությունների հետ համագործակցությամբ եւ դրա արդյունքում կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարող շահառու ընտանիքների տարեցտարի աճ:
 


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ, «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

5 դեկտեմբերի 2019 թվականի N 1729-Ա
 

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ   ՄԱՍԻՆ»   ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ»,  «ԵՐԵՎԱՆ  ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հավանություն տալ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. դեկտեմբերի 9
Երեւան
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ   ԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ

պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի
65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի N 1729-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ նշված օրենքների նախագծերի փաթեթը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
 
 

Հարգանքով`  ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ