Armenian ARMSCII Armenian
Կ-414-06.12.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ներման մասին» 2018 թվականի մարտի 7-ի ՀՕ-149-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ  հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ մաս.

«9. Ներման խնդրագիրը չի քննարկվում եւ վերադարձվում է այն ներկայացնող անձին, եթե վերջինս ներման խնդրագիր ներկայացնելուց հետո պատժի կրումից ազատվել է պայմանական վաղաժամկետ, համաներման կամ պատժից ազատելու օրենքով նախատեսված այլ հիմքերով, ինչպես նաեւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված ժամկետը չլրանալու դեպքում:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասում «հնգօրյա» բառը փոխարինել «տասնօրյա» բառով,

2) 2-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. Առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձի կողմից ներման խնդրագիր ներկայացնելու դեպքում Նախարարությունը մինչեւ Հանձնաժողովի նիստի կայանալը ծանուցում է տուժողին կամ նրա իրավահաջորդին: Տուժողը կամ նրա իրավահաջորդը նախարարության ծանուցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում կարող է գրավոր կարծիք ներկայացնել Նախարարություն՝ ներում շնորհելու կամ ներում շնորհելը մերժելու վերաբերյալ: Նշված ժամկետում կարծիք չներկայացնելը արգելք չէ ներման խնդրագիրը Հանձնաժողովի նիստում քննարկելու համար:»,

3) 4-րդ մասում «հնգօրյա» բառը փոխարինել «ոչ ուշ, քան 45-օրյա» բառերով,

4) 5-րդ մասից հանել «կամ ներման շնորհումը մերժելու» բառերը.

5) 7-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7.1 մասով.

«7.1. Անձնական գործը, Հանձնաժողովի եզրակացությունը, ներման  խնդրագիր ներկայացրած անձին ներում շնորհելու կամ ներման շնորհումը մերժելու մասին  առաջարկությունը ենթակա չէ հրապարակման եւ փոխանցման (տրամադրման) երրորդ անձանց:»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ ազատազրկման ձեւով պատիժ կրող անձին կարող է ներում շնորհվել, եթե նա փաստացի կրել է պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվելու համար պատժի՝ օրենքով սահմանված մասի կեսը:»

2) 3-րդ մասում «քսան» բառը փոխարինել «տասնհինգ» բառով:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի՝

1) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

 «6. Հանրապետության նախագահի աշխատակազմը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ընդունվելուց հետո` ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում հրամանագիրը  եւ դրանից արված քաղվածքը ուղարկում է նախարարություն, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաեւ պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարություն: Նախարարությունը, իսկ սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում՝ նաեւ պաշտպանության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող եւ իրականացնող նախարարությունը հրամանագիրը եւ քաղվածքը ստանալուց հետո անհապաղ ուղարկում է ներման խնդրագիր ներկայացրած անձին:»:

2) 7-րդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մաս.

«8. Նախարարությունը ներման խնդրագրերի մասին Հանրապետության նախագահի հրամանագրից քաղվածքները ստանալուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, դրանք տեղադրում է Նախարարության պաշտոնական կայքէջում:»:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Բացառիկ կարող են ճանաչվել դատապարտյալի՝ առողջական վիճակով պայմանավորված կյանքին սպառնացող անմիջական վտանգը, դատապարտյալի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի առկայությունը, արտակարգ կամ ռազմական դրությունը, քրեակատարողական հիմնարկում առաջացած արտակարգ իրավիճակներում դատապարտյալի կողմից ցուցաբերված բացառիկ օգնությունը եւ համանման այլ  հանգամանքներ:

Հանգամանքը բացառիկ գնահատելու հարցը լուծում է Վարչապետը դատապարտյալի ներման խնդրագրի վերաբերյալ Նախարարության կողմից առաջարկությունը ստանալու պահից 3 օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ հանգամանքը գնահատվում է բացառիկ, ներման խնդրագրի քննությունը շարունակվում է սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:»:

Հոդված 6. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում «տեղեկացնում են» բառերից հետո լրացնել «Նախարարությանը, Վարչապետի եւ» բառերը, իսկ «կայացրած՝» բառից հետո հանել «՝հանցանքի կատարման մեջ մեղավոր ճանաչելու մասին» բառերը:

Հոդված 7. Եզրափակիչ դրույթներ

 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ դրա գործողությունը տարածվում է  ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա: