Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-018-11.07.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 6-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 6. Օրենքի առջեւ հավասարության սկզբունքը

Հանցանք կատարած անձինք հավասար են օրենքի առջեւ եւ ենթակա են քրեական պատասխանատվության՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից:»:

Հոդված 2. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասը «հանձնվում» բառից հետո լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 143-րդ հոդվածում`

1) վերնագիրը եւ 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 143. Մարդու եւ քաղաքացու իրավահավասարությունը խախտելը

1. Մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը՝ կախված  սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու եւ քաղաքացու իրավունքներին  ու օրինական շահերին».

2) 2-րդ մասում «երկուսից հինգ» բառերը փոխարինել «առավելագույնը երեք» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 146-րդ հոդվածում`

1) «Քաղաքացիների» բառը փոխարինել «Անձի» բառով.

2) հանել «ապօրինի» բառը:

Հոդված 5. Օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասում «երկուսից վեց» բառերը փոխարինել «առավելագույնը երեք» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասից հանել « 206-րդ» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասում «հինգ» բառը փոխարինել «երեք» բառով:

Հոդված 8. Օրենսգրքի 294-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «կամ կալանքով` չորuից վեց ամիu ժամկետով» բառերը փոխարինել «կամ կալանքով` երկուսից երեք ամիu ժամկետով» բառերով.

2) 2-րդ մասում «չորս» բառը փոխարինել «երեք» բառով:

Հոդված 9. Օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասում  «առավելագույնը հինգ տարի կամ առանց դրա» բառերը փոխարինել «առավելագույնը երեք տարի կամ առանց դրա» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 314.1-րդ հոդվածում «առավելագույնը հինգ» բառերը փոխարինել «առավելագույնը երեք» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 315.2-րդ հոդվածում «զրկելով» բառերից հետո լրացնել «առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերը:

Հոդված 12. Օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասում «վեց» բառը փոխարինել «հինգ» բառով:

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Անհրաժեշտությունը

«Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր եւ հատուկ մասերի դրույթների միջեւ առկա ներքին հակասությունները վերացնելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հոդվածը սահմանում է, որ հանցանք կատարած անձինք հավասար են օրենքի առջեւ եւ ենթակա են քրեական պատասխանատվության՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, ծննդից, գույքային կամ այլ դրությունից: Օրենսգրքի մեկ այլ` 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանատվություն է նախատեսված մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելու համար՝ կախված անձի ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1 հոդվածն արգելում է խտրականությունը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից: Այսպիսով, Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածների եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14.1 հոդվածի միջեւ մասամբ առկա է անհամապատասխանություն:

Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` այլ պետության տարածքում հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլ պետության չեն հանձնվում, մինչդեռ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30.1 հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի: Արդյունքում առկա է վերոնշյալ դրույթների միջեւ անհամապատասխանություն:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 23-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունք, սակայն Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում միայն քաղաքացիների նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունն ապօրինի խախտելու համար:

Վերոնշյալից բացի` քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածում կիրառված «ապօրինի խախտելը» արտահայտության մեջ ավելորդ է «ապօրինի» բառը, քանի որ տվյալ հոդվածի իմաստով «խախտել» բառն ինքնին վկայում է ապօրինի արարքի մասին: Հարկ է նշել նաեւ, որ նույն հոդվածի վերնագրում «ապօրինի» բառն օգտագործված չէ:

Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի 2-րդ մասի, 291-րդ հոդվածի 2-րդ մասի, 294-րդ հոդվածի 2-րդ մասի, 296-րդ հոդվածի 3-րդ մասի, 314.1-րդ հոդվածի եւ քրեական օրենսգրքի ընդհանուր մասի 52-րդ հոդվածի 2-րդ մասի միջեւ առկա է հակասություն` որպես լրացուցիչ պատիժ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետների հետ կապված: Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի 315.2-րդ հոդվածում ընդհանրապես բացակայում են որպես լրացուցիչ պատիժ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետները:

Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածն ուժը կորցրած է ճանաչվել 2011 թվականի նոյեմբերի 29-ին, սակայն օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասում չի կատարվել համապատասխան փոփոխություն:

Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի եւ քրեական օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի միջեւ առկա է հակասություն` կապված կալանքի առավելագույն թույլատրելի ժամկետի հետ:

Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասի եւ քրեական օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի միջեւ եւս առկա է հակասություն: Օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասում նկարագրված է ծանր հանցագործություն, սակայն միաժամանակ հոդվածի նույն մասով որպես պատիժ նախատեսված է տուգանք, այն դեպքում, երբ օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն տուգանքը նշանակվում է ոչ մեծ եւ միջին ծանրության հանցանքների համար:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Նախագծի ընդունմամբ գործող քրեական քաղաքականության մեջ փոփոխություններ չեն կատարվի:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նախագծի նպատակն է համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի որոշ հոդվածներ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, ինչպես նաեւ վերացնել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր եւ հատուկ մասերի մի շարք դրույթների միջեւ առկա ներքին հակասությունները:

5. Ակնկալվող արդյունքը

Օրենքի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքն առավել համահունչ դարձնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը` բացառելով նաեւ սխալ պատժատեսակների եւ պատժաչափերի նշանակման հնարավորությունը: