Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-402-03.12.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի օրենսգիրքը լրացնել նոր 325.1-րդ հոդվածով.

«Հոդված 325.1. Սուտ տեղեկություններ տարածելը

1. Սուտ տեղեկություններ տարածելու նպատակով մեկ ուրիշ անձի նյութապես շահագրգռելը՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկու տարի ժամկետով:

2. Գույքային օգուտ ստանալով կամ ստանալու նպատակով կեղծ տեղեկություններ տարածելը՝

պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկու տարի ժամկետով:

3.Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հանցագործություն կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին եւ աջակցել հանցագործությունը բացահայտելուն:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Առաջարկվող քրեականացման նախագիծը պայմանավորված է այդ արարքների հանրորեն մեծ վտանգավորությամբ.

Կառավարման պայմաններից մեկն է հանրային իրազեկվածությունը:

Սուտ տեղեկությունների ներազդումն անմիջականորեն ուղղված է մարդկանց մտածողության մոդելների ձեւափոխմանը՝ ի շահ ներազդող կողմին անհրաժեշտ ուղղվածության, որը հանգեցնում է ներազդման ենթակա հանրույթի ապակայունացմանը, նրա ամբողջության, բարոյական դրվածքների, վստահության խախտմանը, մասնատմանը, նրա ներսում բաժանման, պառակտման, փոխադարձ օտարացվածության ներմուծմանը, թշնամության հրահրմանը:

Ապատեղեկատվության տարածումն իրականացվում է ամենատարբեր ձեւերով, կախված նպատակներից՝ հաջորդականությամբ, կրկնությամբ, ժամանակի ընտրությամբ:

Մարդկանց պատկերացումների փոփոխման նպատակը դառնում է ապատեղեկատվություն տարածողի մասին իրականության խեղաթյուրմամբ տեղեկատվության «սպիտակեցում» եւ, ընդհակառակը՝ հակառակ կողմի մասին տեղեկատվության «սեւացում»:

Ապատեղեկատվության տարածումը՝ սոցիալական, հոգեբանական ներգործություն է, որն ուղղված է փոխելու անհատի, խմբի կամ հանրության ընկալումը՝ թաքնված, կեղծ գործելակերպով:

Ապատեղեկատվություն տարածելուն նախորդող գործողությունները նույնպես  բնութագրում են արարքի վտանգավորությունը՝ մասնավորապես այնպիսի գործողությունները, ինչպիսիք են տուժողի անձի հոգեբանական առանձնահատկությունների, կենցաղի, ընտանեկան դրության, շրջապատի եւ մասնավոր կյանքի այլ դրսեւորումների  ճանաչումը՝ արդյունավետության նպատակով մոտեցումների ընտրությունը կատարելու համար եւ առավել վտանգավոր են դառնում ֆինասական կամ գույքային այլ օգուտներ տալու եղանակով այլ անձի ներգրավմամբ կեղծ լուրերի տարածումը :

Ապատեղեկատվության տարածման անմիջական հետեւանքը անհատի մոտ կարող է լինել մեղքի զգացման, վախի, կասկածի ներշնչումը:

Նախկինում կեղծ լուրերը տարածվում էին միայն ավանդական հաղորդակցության միջոցներում (գլխավորապես՝ մամուլում), ապա այսօր այն արագորեն տարածվում է առցանց լրատվակայքերում ու սոցիալական ցանցերում՝  ընդգրկելով անհամեմատ ավելի մեծ լսարան եւ ապահովելով տեղեկության տարածման ավելի մեծ արագություն: Նաեւ հիմնականում հենց նշված պատճառով կեղծ տեղեկությունների դեմ պայքարի հարցը վերջին տարիներին շատ երկրներում առաջնային կարեւորության խնդիրների շարքում է: Խնդիրն առավել, քան արդիական է նաեւ Հայաստանում:

Կեղծ լուրեր տարածելը դարձել է քաղաքական պայքարի բաղկացուցիչ մաս եւ կարող է լուրջ ազդեցություն գործել նաեւ ընտրական գործընթացների վրա:

Այս նախագծի ընդունումը կարծիքի ազատության դեմ հարձակում չէ, այլ՝ երաշխիք:

Նախատեսվող դիսպոզիացիայում նշված հասկացությունը չի առնչվում կարծիքին, այլ հավաստի հաղորդագրության անվան տակ հանրային կարեւորության ոչ հավաստի տեղեկության տարածման իմաստով է:

Առաջարկվող քրեականացմամբ հանցակազմի լրացուցիչ օբյեկտը մարդու պատվի եւ արժանապատվության պաշտպանության ուղղված հասարակական հարաբերություններն են:

Օբյեկտիվ կողմը բնութագրվում է գործողությամբ: Հանցակազմերը ձեւական են.  առաջին մասով նախատեսվող հանցագործությունն ավարտված է համարվում նյութապես շահագրգռելու պահից, իսկ երկրորդ մասով նախատեսվող հանցագործությունը՝ լրատվամիջոցով, համացանցով կամ հասարակական վայրերում որեւէ այլ միջոցով կեղծ տեղեկությունները տարածելու պահից:

Սուբյեկտիվ կողմից բնութագրվում է ուղղակի դիտավորությամբ. հանցավորը գիտակցում է, որ տարածվելիք տեղեկատվությունը հավաստի չէ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



 
 

02 դեկտեմբերի 2019թ.
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն նախագահ,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում  լրացում  կատարելու  մասին» օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արման Բաբաջանյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում լրացվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Հարգանոք՝                ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ