Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Խ-401-02.12.2019-ՖՎ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 05-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 375-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով.

«3. Անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ չհանդիսացող երաշխավորի հետ կնքված երաշխավորության պայմանագրում պետք է նշվի երաշխավորության առավելագույն գումարային չափը` թվային արտահայտությամբ: Երաշխավորության պայմանագրում պետք է հստակ նշվի այն ժամկետը, որով տրամադրվել է երաշխավորությունը:»:

Հոդված 2.

Օրենսգրքի 377-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 377. Երաշխավորի պատասխանատվությունը

1. Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է սուբսիդիար պատասխանատվություն, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի:

Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է համապարտ պատասխանատվություն, եթե դա նախատեսված է երաշխավորության պայմանագրով եւ միաժամանակ առկա է հետեւյալ պայմաններից առնվազն մեկը`

1) երաշխավորն ու պարտապանը հանդիսանում են նույն ընտանիքի անդամներ: Սույն կետի իմաստով նույն ընտանիքի անդամներ են համարվում ծնողը, զավակը, ամուսինը.

2) երաշխավորը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամ կամ պարտապան իրավաբանական անձի մասնակից.

3) երաշխավորը պարտատիրոջը գրավոր հայտնել է, որ ինքը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառուն: Իրական շահառու է համարվում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իրական շահառու հանդիսացող անձը.

4) երաշխավորն ու պարտապանն ունեն համատեղ գործունեության պայմանագիր եւ երաշխավորությամբ ստացվող միջոցներն ուղղված են այդ համատեղ գործունեությանը (համատեղ գործունեության պայմանագրի կատարմանը):

2. Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է սուբսիդիար պատասխանատվություն, եթե իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր երաշխավորի համապարտ պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով:

3. Երկու կամ ավելի անձանց կողմից համատեղ երաշխավորություն ստանձնելիս պայմանագրով այլ բան նախատեսված չլինելու դեպքում պարտատերն իրավունք ունի ամբողջ ծավալով կամ մասամբ իր պահանջը ներկայացնել ինչպես պատասխանատվություն կրող բոլոր երաշխավորներին, այնպես էլ նրանցից յուրաքանչյուրին իր նախընտրած հերթականությամբ, բացառությամբ այն դեպքի, երբ  համատեղ երաշխավորներից մեկը պարտապանի առջեւ կրում է համապարտ, իսկ մյուսը` սուբսիդիար պատասխանատվություն: Այդ դեպքում պարտատերը պարտավոր է առաջին հերթին պահանջ ներկայացնել պարտապանի առջեւ համապարտ, իսկ հետո` սուբսիդիար պատասխանատավություն կրող երաշխավորներին:

4. Սույն հոդվածի իմաստով երաշխավորի սուբսիդիար պատասխանատվությունը նշանակում է, որ պարտապանի կողմից պարտատիրոջ առջեւ իր պարտականությունը չկատարվելու կամ անպատշաճ կատարվելու դեպքում պարտատերը երաշխավորին պահանջ ներկայացնելու իրավունք ունի, եթե պարտապանը չի բավարարել պարտատիրոջ պահանջը եւ սպառվել են պարտատիրոջ պահանջի բավարարման բոլոր հնարավոր միջոցները:

Սույն մասի իմաստով` պարտատիրոջ պահանջի բավարարման բոլոր հնարավոր միջոցները սպառված են համարվում հետեւյալ պայմաններից առնվազն մեկի առկայության դեպքում`

1) պարտապանը ճանաչվել է սնանկ.

2) առկա է հարկադիր կատարողի որոշումը կատարողական վարույթն ավարտելու վերաբերյալ` պարտապանի գույքի բացակայության կամ անբավարության կամ պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հիմքով.

3) պարտապանի պարտավորությունների համար գրավադրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ պարտապանի պարտավորությունների կատարման համար:

5. Երաշխավորը պարտատիրոջ առջեւ պատասխանատվություն է կրում նույն ծավալով, ինչ պարտապանը` ներառյալ տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու կապակցությամբ դատական ծախսերը եւ պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետեւանքով առաջացած պարտատիրոջ այլ վնասները հատուցելը` պահպանելով սույն օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, եթե պատասխանատվության ավելի փոքր ծավալ նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով: Ընդ որում`  եթե պարտապանի պարտավորության ծավալը որեւէ հիմքով, այդ թվում` պարտավորությունների մորատորիումի (սառեցման) հիմքով նվազում կամ դադարում է աճել, ապա երաշխավորի  պատասխանատվությունը համապատասխան ծավալով նվազում կամ դադարում է աճել:

6. Երաշխավորի պարտավորության չափը չի կարող գերազանցել պարտապանի պարտավորությունը, եւ երաշխավորության պայմանագիրը չի կարող կնքված լինել ավելի վատթար պայմաններով, քան երաշխավորությամբ ապահովված պարտավորության վերաբերյալ պայմանագիրը:

7. Պարտապանի կողմից իր պարտականությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում ոչ ուշ, քան դրա հաջորդ աշխատանքային օրը պարտատերը պարտավոր է այդ մասին ծանուցել երաշխավորին: Եթե պարտատերն սույն մասում նշված ժամկետում չի ծանուցում երաշխավորին, ապա պարտատերն իրավունք չունի երաշխավորից պահանջել երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը պարտապանի կողմից չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետեւանքով առաջացած  տոկոսները, առաջացող տույժերը, տուգանքները եւ(կամ) կատարել այլ վճարներ, որոնք առաջացել են պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու օրվանից` մինչեւ երաշխավորին այդ մասին ծանուցում ուղարկելը:

8. Պարտապանի կողմից իր պարտականությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պարտատիրոջ կողմից երաշխավորին պահանջ ներկայացվելու դեպքում երաշխավորը պարտավոր է կատարել իր պարտականությունն այդ պահանջը ներկայացվելու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե երաշխավորության պայմանագրով կամ պարտատիրոջ կողմից ներկայացված պահանջով երաշխավորի կողմից պարտավորության կատարման ավելի երկար ժամկետ նախատեսված չէ: Ընդ որում` երաշխավորը պարտավոր է սույն մասով սահմանված ժամկետում կատարել պարտատիրոջ պահանջը, եթե պարտատերն ունի այդ պահանջը ներկայացնելու իրավունք:»:

Հոդված 3.

Օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, եթե այլ բան չի բխում երաշխավորության պայմանագրից» բառերը:

Հոդված 4.

Օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) դրանով ապահովված պարտավորությունը դադարելու, ինչպես նաեւ առանց երաշխավորի համաձայնության պարտավորությունը փոփոխելու դեպքում (դադարում է միայն փոփոխված մասով), որը հանգեցրել է նրա պատասխանատվության մեծացմանը կամ նրա համար այլ անբարենպաստ հետեւանքների: Ընդ որում, երաշխավորի համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր անգամ, երբ կատարվում է նրա պատասխանատվությունը մեծացնող կամ իր համար այլ անբարենպաստ հետեւանքներ առաջացնող փոփոխություն, իսկ երաշխավորության պայմանագրի այն պայմանը, որով երաշխավորը նախապես համաձայնություն է տալիս իր պարտավորությունը նման ձեւով փոփոխելուն, համարվում է առ ոչինչ.»:

Հոդված 5.

Օրենսգիրքը լրացնել նոր 382.1-ին հոդվածով.

«Հոդված 382.1. Պարտապանի կամ երաշխավորի մահը

1. Երաշխավորի կամ պարտապանի մահվան դեպքում երաշխավորության պայմանագիրը դադարում է, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Պարտապանի մահվան դեպքում երաշխավորոթյան պայմանագիրը չի դադարում, եթե երաշխավորը հանդիսանում է պարտապանի ծնողը, զավակը, ամուսինը, բացառությամբ այն դեպքի, երբ պարտապանի ծնող, զավակ կամ ամուսին հանդիսացող երաշխավորին իրավահաջորդության կարգով անցնում է պարտապանի` երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը:»:

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո առաջացող հարաբերությունների վրա, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով նախատեսված դեպքերի:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածով խմբագրվող օրենսգրքի 377-րդ հոդվածի 7-րդ եւ 8-րդ մասերով կարգավորումները տարածվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո առաջացող իրավահարաբերությունների նկատմամբ` անկախ երաշխավորության պայմանագիրը մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված լինելու հանգամանքից:

4. Եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող երաշխավորության պայմանագրում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվում է որեւէ պայմանի փոփոխություն, ապա փոփոխություն կատարելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ երաշխավորության պայմանագրի պայմանները, այդ թվում` երաշխավորի պատասխանատվությանը վերաբերող մասով, ամբողջությամբ համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին: Սույն մասով նախատեսված դեպքերում երաշխավորության պայմանագրի պայմանները սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցվելու դեպքում, երաշխավորության պայմանագիրը համարվում է անվավեր:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` «քաղաքացիական օրենսգիրք») 375-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երաշխավորը, երաշխավորության պայմանագրով, այլ անձի պարտատիրոջ առջեւ պարտավորվում է պատասխանատվություն կրել այդ անձի կողմից իր պարտավորությունը լրիվ կամ մասնակի կատարելու համար:

Այսինքն, երաշխավորության ինստիտուտի նպատակը պարտավորությունների կատարման ապահովումն է:

Այսօր մեր օրենսդրությամբ ամրագրված եւ փաստացի գործող երաշխավորության ինստիտուտի կիրառումը հանգեցրել է այնպիսի իրավիճակի, որ հատկապես մարզերում, գյուղական համայնքներում, որտեղ, օգտվելով մարդկանց ֆինանսական գիտելիքների եւ տեղեկացվածության պակասից, բազմաթիվ ֆինանսական կազմակերպություններ վերցնում են երաշխավորություններ հարեւաններից, համագյուղացիներից, որոնք պատրաստակամորեն տալիս են իրենց երաշխավորությունները` նույնիսկ չպատկերացնելով դրա իրավական հետեւանքները, մասնավորապես այն, որ իրենք ստանձնում են դրանով համապարտ պատասխանատվություն վարկառուի վարկային պարտավորությունների համար, եւ որ վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում իրենք են կրում պատասխանատվություն իրենց ամբողջ գույքով, իսկ չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում կարող է արգելանք դրվել, իսկ հետագայում նրանք կարող են նաեւ զրկվել իրենց բանկային ավանդներից, անշարժ եւ շարժական գույքից եւ այլն: Միեւնույն ժամանակ, երաշխավորների վերաբերյալ կարող է ձեւավորվել անբարենպաստ վարկային պատմություն, ինչը հետագայում կարող է խանգարել վարկ ստանալիս:

Որպես արդյունք, այսօր ունենք մտահոգիչ պատկեր, երբ առանձին գյուղերում գտնվող հողերի եւ տների զգալի հատվածն արգելանքի տակ են կամ գրավադրված: Այս երեւույթի առկայության պայմաններում չափազանց դժվար է գյուղացիների համար նոր վարկային պարտավորություններ ստանձնել, ապահովման միջոցներ տրամադրել` իրենց գյուղացիական տնտեսությունը զարգացնելու եւ նոր ծրագրեր իրականացնելու նպատակով: Արդյունքում, հաճախ անելանելի վիճակում հայտնվելով, գյուղացին կրկին բռնում է արտագնա աշխատանքի կամ առհասարակ արտագաղթի ճամփան:

Ինչպես գիտենք, կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսական աջակցության ծրագրերի զգալի մասը վերաբերում է վարկերի տոկոսների սուբսիդավորմանը, ինչը շատ անարդյունավետ է նախ եւ առաջ վերը հիշատակված պատճառներով: Գյուղացին այսօր գտնվում է ծանրագույն վարկային բեռի տակ, այդ թվում` երաշխավորությունների պատճառով եւ ի վիճակի չէ ստանձնելու նոր պարտավորություններ:

Հարկ է նշել նաեւ, որ գործող քաղաքացիական օրենսգրքի 377-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում երաշխավորը եւ պարտապանը պարտատիրոջ առջեւ կրում են համապարտ պատասխանատվություն, եթե երաշխավորի սուբսիդիար պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ երաշխավորության պայմանագրով:

Սակայն, մեր համոզմամբ, երաշխավորը պետք է կրի սուբսիդիար պատասխանատվություն` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, իսկ երաշխավորության ինստիտուտը պետք է հանդիսանա առավելապես հավելյալ ապահովման միջոց:

Վերոհիշյալ հիմնավորումներից ելներով, ինչպես նաեւ խիստ կարեւորելով երաշխավորի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը եւ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորության ինստիտուտի անհետաձգելիորեն վերանայելու անհրաժեշտությունը` ներկայացվում է սույն նախագիծը, որով մասնավորապես առաջարկվում է սահմանել հետեւյալը`

- Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է սուբսիդիար պատասխանատվություն, բացառությամբ հետեւյալ դեպքերի`

Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է համապարտ պատասխանատվություն, եթե դա նախատեսված է պայմանագրով եւ միաժամանակ առկա է հետեւյալ պայմաններից առնվազն մեկը`

1) Երաշխավորն ու պարտապանը հանդիսանում են նույն ընտանիքի անդամներ: Սույն կետի իմաստով նույն ընտանիքի անդամներ են համարվում ծնողը, զավակը, ամուսինը.

2) Երաշխավորը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի գործադիր մարմնի անդամ կամ պարտապան իրավաբանական անձի մասնակից.

3) Երաշխավորը պարտատիրոջը գրավոր հայտնել է, որ ինքը հանդիսանում է պարտապան իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ իրական շահառուն: Իրական շահառու է հանդիսանում «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն իրական շահառու հանդիսացող անձը.

4) Երաշխավորն ու պարտապանը ունեն համատեղ գործունեության պայմանագիր եւ երաշխավորությամբ ստացվող միջոցներն ուղղված են այդ համատեղ գործունեությանը (համատեղ գործունեության պայմանագրի կատարմանը):

- Պարտապանի կողմից երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր երաշխավորը պարտատիրոջ առջեւ կրում է սուբսիդիար պատասխանատվություն, եթե իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր երաշխավորի համապարտ պատասխանատվություն նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

- Երաշխավորի սուբսիդիար պատասխանատվությունը նշանակում է, որ պարտապանի կողմից պարտատիրոջ առջեւ իր պարտականությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պարտատերը երաշխավորին պահանջ ներկայացնելու իրավունք ունի, եթե պարտապանը հրաժարվել է պարտատիրոջ պահանջը բավարարել եւ սպառվել են պարտատիրոջ պահանջի բավարարման բոլոր հնարավոր միջոցները:

Այս իմաստով պարտատիրոջ պահանջի բավարարման բոլոր հնարավոր միջոցներն սպառված են համարվում հետեւյալ պայմաններից առնվազն մեկի առկայության դեպքում`

1) պարտապանը ճանաչվել է սնանկ.

2) առկա է հարկադիր կատարողի որոշումը կատարողական վարույթն ավարտելու վերաբերյալ` պարտապանի գույքի բացակայության կամ անբավարության կամ պարտապանի կամ նրա գույքի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հիմքով.

3) պարտապանի պարտավորությունների համար գրավադրված գույքն իրացնելուց ստացված գումարը կամ գրավառուին կամ նրա նշած անձին ի սեփականություն անցած գույքի արժեքը բավարար չէ պարտապանի պարտավորությունների կատարման համար:

- Սահմանել նոր դրույթներ, որոնք սահմանված չեն գործող քաղաքացիական օրենսգրքով, սակայն խիստ անհրաժեշտ են երաշխավորի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության համար, մասնավորապես`

1) Անհատ ձեռնարկատեր եւ իրավաբանական անձ չհանդիսացող երաշխավորների հետ կնքված երաշխավորության պայմանագրում պետք է նշվի երաշխավորության առավելագույն գումարային չափը` թվային արտահայտությամբ:

2) Երաշխավորության պայմանագրում պետք է հստակ նշվի այն ժամկետը, որով տրամադրվել է երաշխավորությունը:

3) Եթե պարտապանի պարտավորության ծավալը որեւէ հիմքով, այդ թվում` պարտավորությունների մորատորիումի (սառեցման) հիմքով, նվազում կամ դադարում է աճել, ապա երաշխավորի պատասխանատվությունը համապատասխան ծավալով նվազում կամ դադարում է աճել:

4) Երաշխավորի պարտավորության չափը չի կարող գերազանցել պարտապանի պարտավորությունը, եւ երաշխավորության պայմանագիրը չի կարող կնքված լինել ավելի վատթար պայմաններով, քան երաշխավորությամբ ապահովված պարտավորության վերաբերյալ պայմանագիրը:

5) Պարտապանի կողմից իր պարտականությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում ոչ ուշ, քան դրա հաջորդ աշխատանքային օրը պարտատերը պարտավոր է այդ մասին ծանուցել երաշխավորին: Եթե պարտատերն սույն մասում նշված ժամկետում չի ծանուցում երաշխավորին, ապա պարտատերն իրավունք չունի երաշխավորից պահանջել երաշխավորությամբ ապահովված պարտավորությունը պարտապանի կողմից չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետեւանքով առաջացած  տոկոսները, առաջացող տույժերը, տուգանքները եւ(կամ) կատարել այլ վճարներ, որոնք առաջացել են պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու օրվանից` մինչեւ երաշխավորին այդ մասին ծանուցում ուղարկելը:

6) Պարտապանի կողմից իր պարտականությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում պարտատիրոջ կողմից երաշխավորին պահանջ ներկայացնելու դեպքում երաշխավորը պարտավոր է կատարել իր պարտականությունն այդ պահանջը ներկայացնելու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում, եթե երաշխավորության պայմանագրով կամ պարտատիրոջ կողմից ներկայացված պահանջով երաշխավորի կողմից պարտավորության կատարման ավելի երկար ժամկետ նախատեսված չէ: Ընդ որում` երաշխավորը պարտավոր է սույն մասով սահմանված ժամկետում կատարել պարտատիրոջ պահանջը, եթե պարտատերն ունի այդ պահանջը ներկայացնելու իրավունք:

7) Երաշխավորի համաձայնությունը պահանջվում է յուրաքանչյուր անգամ, երբ կատարվում է նրա պատասխանատվությունը մեծացնող կամ իր համար այլ անբարենպաստ հետեւանքներ առաջացնող փոփոխություն, իսկ երաշխավորության պայմանագրի այն պայմանը, որով երաշխավորը նախապես համաձայնություն է տալիս իր պարտավորությունը նման ձեւով փոփոխելուն, համարվում է առոչինչ:

- Սահմանել 2 կամ ավելի անձանց կողմից համատեղ երաշխավորություն ստանձնելիս երաշխավորության պայմանագրի առանձնահատկությունները:

- Քաղաքացիական օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ երաշխավորն իրավունք ունի պարտատիրոջ պահանջի դեմ անել այնպիսի առարկություններ, որոնք կարող էր ներկայացնել պարտապանը, եթե այլ բան չի բխում երաշխավորության պայմանագրից: Նախագծով առաջարկվում է հանել «եթե այլ բան չի բխում երաշխավորության պայմանագրից» բառերը, քանի որ դա հնարավորություն է տալիս պայմանագրով նախատեսել երաշխավորի համար այդ առումով ոչ բարենպաստ, ավելի վատթար պայմաններ` շրջանցելով այս դրույթի սկզբունքային պահանջը:

- Քաղաքացիական օրենսգիրքը լրացնել նոր «Պարտապանի կամ երաշխավորի մահը» վերտառությամբ եւ համապատասխան կարգավորման բովանդակությամբ հոդվածով:

- Անցումային դրույթներով նախատեսվում է, որ օրենքը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո առաջացող հարաբերությունների վրա, բացառությամբ այն դեպքերի, որոնք վերաբերում են պարտատերերի կողմից երաշխավորին ծանուցելու եւ երաշխավորի կողմից իր պարտականությունը կատարելու ժամկետներին, ինչպես նաեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո արդեն իսկ գործող երաշխավորության պայմանագրերում փոփոխությունների կատարմանը:

- Անցումային դրույթներով նախատեսվում է նաեւ, որ եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ գործող երաշխավորության պայմանագրում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվում է որեւէ պայմանի փոփոխություն, ապա փոփոխություն կատարելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում այդ երաշխավորության պայմանագրի պայմանները, այդ թվում` երաշխավորի պատասխանատվությանը վերաբերող մասով, պետք է ամբողջությամբ համապատասխանեցվեն սույն օրենքի պահանջներին: Այս դեպքում երաշխավորության պայմանագրի պայմանները սույն օրենքի պահանջներին չհամապատասխանեցնելու դեպքում, երաշխավորության պայմանագիրը համարվում է անվավեր:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՈՐՈՇՈւՄ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը` Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի նոյեմբերի 28-ի նիստում

ՈՐՈՇԵՑ

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են`

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է օրենսգրքի համապատասխան հոդվածում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր` ___ թերթ:

Հարգանքով`     ԷԴՄՈՆ ՄԱՐՈւՔՅԱՆ