Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-376-18.11.2019-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սպառողական կրեդիտավորման մասին» 2008 թվականի հունիսի 17-ի ՀՕ-122-Ն օրենքը լրացնել նոր 15.1-ին հոդվածով`

«Հոդված 15.1. Տարեկան փաստացի տոկոսադրույքի առավելագույն չափը

1. Տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը չի կարող գերազանցել`

ա) պայմանագրի կնքման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը` բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրված կրեդիտների համար.

բ) պայմանագրի կնքման օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի վեցապատիկը` վարկային կազմակերպությունների եւ գրավատների կողմից տրամադրված կրեդիտների համար:

2. Սույն հոդվածով սահմանված առավելագույն շեմը գերազանցող տարեկան փաստացի տոկոսադրույք նախատեսող պայմանագիր կնքվելու դեպքում տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը համարվում է սույն հոդվածով սահմանված համապատասխան առավելագույն չափը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելու օրը եւ դրանից հետո կնքված պայմանագրերի եւ այդ պայմանագրերից ծագող իրավահարաբերությունների նկատմամբ:

ՀԻՄՆԱՎՈՐՈւՄ

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈւՆՄԱՆ

Որոշ ֆինանսական ընկերությունների կողմից տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքները շատ հաճախ անհասկանալի եւ անհիմն բարձր են, որոնք էականորեն վնասում են հասարակության սոցիալապես խոցելի խավերին: Քաղաքացիներից շատերը, ունենալով ֆինանսական խնդիրներ, շատ հաճախ ճարահատյալ վիճակում գտնվելով, վարկ են վերցնում` չկարեւորելով վարկի պայմանները:

Թեեւ տոկոսադրույքները ձեւավորվում են շուկայական սկզբունքով եւ ֆինանսական համակարգում առկա են մոտ 50 բանկ եւ վարկային կազմակերպություն, սակայն որոշ ընկերություններ ակնհայտորեն չարաշահում են որոշ վարկատեսակների գծով իրենց դիրքերը եւ առաջարկում երբեմն տարեկան 100 տոկոսից ավել արդյունավետ տոկոսադրույքով վարկեր:

Միեւնույն ժամանակ, կարեւորելով նաեւ ընկերությունների շահույթ ստանալու իրավունքը, ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրություներից ակնհայտ է դառնում, որ նման տոկոսադրույքներով վարկեր տրամադրող ընկերություններն ստանում են գերշահույթներ: Մասնավորապես, վարկային կազմակերպությունների կապիտալի շահութաբերությունը միջինացված տվյալներով կազմում է մոտ 7 տոկոս, ինչը ֆինանսական կառույցների համար ընդունելի ցուցանիշ է, այնինչ կան ընկերություններ, որոնց կապիտալի շահութաբերությունը հասնում է 100 տոկոսի, իսկ ահա զուտ շահույթը գերազանցում է մի շարք բանկերի զուտ շահույթին:

Արդյունքում, առկա է անհրաժեշտություն կարգավորել որոշ ընկերությունների նման գործելաոճը` մասնավորապես ներդնելով սահմանափակումներ սպառողական վարկերի արդյունավետ տոկոսադրույքների համար:

Հաշվի առնելով ուսումնասիրությունները` նշված սահմանափակումները չեն վնասի ֆինանսական համակարգի հուսալիությունը, ռիսկերի վրա հիմնված տոկոսադրույքի հաշվարկման սկզբունքները, չեն հանգեցնի ընկերությունների միջին ընդունելի շահութաբերության նվազմանը, միեւնույն ժամանակ կկարգավորվի որոշ ընկերությունների գործունեությունը` նպաստելով քաղաքացիների պաշտպանությանը սպառողական վարկավորման մասով:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բանկերի կողմից տրամադրվող սպառողական վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքը չի գերազանցում 24 տոկոսը, իսկ ունիվերսալ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքը` հիմնականում հասնում է մինչեւ 70 տոկոսի, եւ միայն որոշ կազմակերպությունների կողմից տրամադրված որոշ վարկատեսակների տոկոսադրույքը գերազանցում է նույնիսկ 100 տոկոսը:

Հետեւաբար, առաջարկվում է սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկի չափով սահմանափակում` բանկերի եւ օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի կողմից տրամադրվող կրեդիտների համար ու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի վեցապատիկի չափով սահմանափակում` վարկային կազմակերպությունների եւ գրավատների կողմից տրամադրվող վարկերի համար:

Ընդ որում, նման կարգավորումներ կան նաեւ Արեւելյան Եվրոպայի եւ Բալթյան երկրներում, մասնավորապես` Բուլղարիայում եւ Վրաստանում գործում է 50 տոկոս սահմանափակում, Հյուսիսային Մակեդոնիայում` 51 տոկոս, Էստոնիայում` 58 տոկոս, Լիտվայում` 75 տոկոս սահմանաչափերով: 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՈՐՈՇՈւՄ

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔՈւՄ ԼՐԱՑՈւՄ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈւ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը եւ 65-րդ հոդվածի 1-ին մասը` Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր 2019 թվականի նոյեմբերի ___-ի նիստում

ՈՐՈՇԵՑ

հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ շրջանառության մեջ դնել «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
 
 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասի, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապե-տության սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 65-րդ հոդվածի 1-ին մասի` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Սպառողական կրեդիտավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Նախագծին կից ներկայացվում են`

- խմբակցության որոշումն օրենքի նախագիծը շրջանառության մեջ դնելու մասին,

- նախագծի ընդունման հիմնավորումը,

- տեղեկանք, որտեղ տեսանելի ձեւով ներկայացվում է գործող օրենքում առաջարկվող լրացումը:

Նախագծի հիմնական զեկուցողն է խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր` ___ թերթ:
 

Հարգանքով`   ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆ