Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-0032-15.06.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաuտանի Հանրապետության 2000 թվականի մայիսի 17-ի ՀO-60 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ կետի 2-րդ պարբերությունում, 3-րդ կետում «հաստատագրված վճարների մասին օրենքով սահմանված ելակետային տվյալների եւ դրանց ուղղիչ գործակիցների» բառերը փոխարինել «օրենքով սահմանված ելակետային տվյալների եւ գործակիցների» բառերով,

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 3.1-րդ մասի 5-րդ կետի «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ելակետային տվյալների եւ դրանց ուղղիչ գործակիցների» բառերը փոխարինել  «օրենքով սահմանված ելակետային տվյալների եւ գործակիցների» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետություն ստուգումների կազմակերման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը 2011 թվականի ընթացքում հարկային օրենսդրության փոփոխություններով պայմանավորված տեխնիկական բնույթի խոտանների վերացումն է:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. 2011 թվականի ընթացքում օրենսդրության մեջ կատարված եւ 2012 թվականի ապրիլի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում նախկինում հաստատագրված վճարով հարկվող գործունեության որոշ տեսակներ տեղափոխվել են արտոնագրային վճարներով հարկման համակարգ: Սակայն, վերոհիշյալ օրենսդրական փոփոխություններով պայմանավորված համապատասխան փոփոխություններ չեն կատարվել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում, որը հարկային մարմնին հնարավորություն է ընձեռում ստուգումներ իրականացնել միայն «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ելակետային տվյալների ճշտության ստուգման ուղղությամբ:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ, ինչի արդյունքում հարկային մարմինը հնարավորություն կունենա ստուգումներ իրականացնելու ոչ միայն «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ելակետային տվյալների, այլ նաեւ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ելակետային տվյալների ճշտության ստուգման ուղղությամբ:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Օրենքի նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը. Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանել, որ հարկային մարմինն իրավունք ունի ստուգումների իրականացնելու ոչ միայն «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ելակետային տվյալների, այլ նաեւ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված ելակետային տվյալների ճշտության ստուգման ուղղությամբ: