Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-233-10.03.2004-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԹԻԿՆԱԶՈՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ I

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է թիկնազորային գործունեության կազմակերպման եւ իրականացման կարգը, նշված գործունեության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ իրավակարգի պաշտպանության եւ հանցավորության դեմ պայքարի ոլորտում թիկնազորային գործունեության սուբյեկտների փոխհամագործակցության կարգը պետական մարմինների հետ:

Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը

1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող թիկնազորային գործունեության վրա:

Օտարերկրյա ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձինք (բացառությամբ` փախստականների) Հայաստանի Հանրապետության տարածքում իրավունք չունեն զբաղվել թիկնազորային գործունեությամբ:

2. Թիկնազորային գործունեությունը չի տարածվում հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց պահպանության իրականացման հարաբերությունների վրա:

Հոդված 3. Հիմնական հասկացություններ

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

թիկնազորային գործունեություն՝ լիցենզավորման ենթակա գործունեություն, որն իրականացվում է թիկնազորային կազմակերպության կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սույն օրենքով նախատեսված թիկնազորային ծառայություններ մատուցելու միջոցով,

թիկնազորային գործունեություն իրականացնող իրավաբանական անձ (այսուհետ՝ թիկնազորային կազմակերպություն)՝ օրենքով սահմանված կարգով գրանցված առեւտրային կազմակերպություն, որն ունի թիկնազորային գործունեություն իրականացնելու լիցենզիա եւ մատուցում է բացառապես թիկնազորային ծառայություններ,

պահապան՝ քաղաքացի, որը պահապան աշխատելու համար անցել է սույն օրենքով նախատեսված հատուկ պատրաստություն, աշխատանքային պայմանագրով աշխատում է թիկնազորային կազմակերպությունում, օրենքով սահմանված կարգով ստացել է քաղաքացիական եւ

ծառայողական զենքի (այսուհետ՝ զենք), հատուկ միջոցների պահման ու կրման թույլտվություն, պահապանի վկայական,

թիկնապահ՝ սույն օրենքով սահմանված ժամկետի ընթացքում որպես պահապան աշխատած քաղաքացի, որն անցել է պահպանվող անձանց կյանքի եւ առողջության պաշտպանություն իրականացնելու համար հատուկ պատրաստություն, սույն օրենքով նախատեսված կարգով թիկնազորային կազմակերպությունում պայմանագրային հիմունքներով իրականացնում է պահպանվող անձի կյանքի եւ առողջության պաշտպանություն (այդ թվում՝ զենքի օգտագործմամբ), ստացել է թիկնապահի վկայական,

պահպանվող անձ (պատվիրատու)՝ ֆիզիկական անձ, որը թիկնազորային կազմակերպության հետ պայմանագիր է կնքել իր կյանքի եւ առողջության պաշտպանություն իրականացնելու ծառայություններ մատուցելու մասին,

պահպանվող օբյեկտ՝ պատվիրատուի ու թիկնազորային կազմակերպության միջեւ կնքված պայմանագրի համաձայն պահպանության ենթակա շենք, շինություն, կառույց, տարածք, տրանսպորտային միջոց, ինչպես նաեւ բեռ, այդ թվում՝ դրա փոխադրման ժամանակ, դրամական միջոցներ եւ այլ շարժական ու անշարժ գույք,

թիկնազորային ծառայություններ՝ պահպանվող օբյեկտների եւ ֆիզիկական անձանց պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովող գործողությունների ամբողջություն,

անվտանգության ծառայություն՝ անկախ սեփականության ձեւից հիմնարկներում եւ կազմակերպություններում ստեղծվող ստորաբաժանում, որը տվյալ մարմնի անվտանգության շահերից ելնելով իրականացնում է սույն օրենքով սահմանված գործունեություն,

անցագրային ռեժիմ՝ պահպանվող օբյեկտ մուտք (ելք) գործելու եւ օբյեկտի ներսում գտնվելու համար սահմանված կարգ, որն ապահովվում է այնպիսի միջոցառումների ու կանոնների ամբողջությամբ, որոնք բացառում են անձանց, տրանսպորտային միջոցների, գույքի անվերահսկելի մուտքը (ելքը) պահպանվող օբյեկտ:

Հոդված 4. Թիկնազորային գործունեության իրականացման իրավական հիմքերը

Թիկնազորային գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, սույն օրենքին, այլ օրենքներին ու իրավական ակտերին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսվում են այլ նորմեր, որոնք նախատեսված չեն սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

Հոդված 5. Թիկնազորային գործունեության սկզբունքները

Թիկնազորային գործունեությունն իրականացվում է օրինականության, մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, իրավաբանական անձանց իրավունքներն ու օրինական շահերը հարգելու եւ պահպանելու սկզբունքների հիման վրա:

Հոդված 6. Թիկնազորային գործունեության նպատակը

Թիկնազորային գործունեությունն իրականացվում է հետեւյալ նպատակներով՝

ա) իրավաբանական անձանց տնտեսական անվտանգության ապահովում,

բ) օբյեկտների եւ ֆիզիկական անձանց պաշտպանություն,

գ) պահպանվող օբյեկտներում անցագրային ռեժիմի ապահովում,

դ) իրավակարգի պահպանության ու հանցավորության դեմ պայքարի ապահովման ոլորտում իրավապահ եւ այլ պետական մարմիններին օժանդակություն:
 


ԳԼՈՒԽ II

ԹԻԿՆԱԶՈՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԹԻԿՆԱԶՈՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԻՍ ԶԵՆՔԻ, ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՀՄԱՆ ՈՒ ԿՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

Հոդված 7. Թիկնազորային գործունեության լիցենզավորումը

1. Թիկնազորային գործունեության լիցենզավորումն իրականացվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով սույն օրենքով նախատեսված առանձնահատկությունները:

2. Թիկնազորային գործունեության համար տրվում է բարդ ընթացակարգով լիցենզիա:

Թիկնազորային գործունեության լիցենզիայի գործողության ժամկետը երեք տարի է: Նշված ժամկետը կարող է երկարաձգվել հինգ տարով:

3. Թիկնազորային գործունեությամբ զբաղվելու լիցենզիան տրամադրում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ լիազոր մարմին), որը հսկողություն է իրականացնում նաեւ լիցենզիա ստացած կազմակերպությունների կողմից լիցենզիայի պայմանները եւ պահանջները պատշաճ կատարելու նկատմամբ:

4. Թիկնազորային գործունեության լիցենզիա ստանալու համար թիկնազորային կազմակերպության ղեկավարը, բացի օրենքով նախատեսված փաստաթղթերից, լիազոր մարմնին պարտավոր է ներկայացնել՝

ա) իր կողմից հատուկ ուսուցում անցած լինելու հանգամանքը հաստատող փաստաթուղթ,

բ) բարձրագույն մասնագիտական կրթությունը հաստատող փաստաթուղթ,

գ) սույն օրենքով նախատեսված մատուցման ենթակա թիկնազորային ծառայության տեսակի մասին տեղեկություն,

դ) կազմակերպության հետ աշխատանքային պայմանագիր կնքած առնվազն 10 պահապանի (թիկնապահի) առկայությունը հաստատող փաստաթուղթ,

ե) կազմակերպության գործունեության վայրի վերաբերյալ տեղեկություններ,

զ) զենքի եւ հատուկ միջոցների օգտագործման մտադրության եւ դրանք օգտագործելու անհրաժեշտության հիմնավորումը:

5. Թիկնազորային գործունեության համար լիցենզիայի տրամադրումը, վերաձեւակերպումը, գործողության ժամկետի երկարաձգումը, կասեցումը կամ դադարեցումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:

Լիցենզիայի ձեւը եւ վավերապայմանները սահմանում է լիազոր մարմինը:

Հոդված 8. Թիկնազորային գործունեություն իրականացնելիս զենք ձեռքբերելու համար տրվող լիցենզիան, զենքի, հատուկ կամ տեխնիկական միջոցների պահման եւ կրման համար տրվող թույլտվությունը

1. Թիկնազորային կազմակերպություններին եւ պահապաններին (թիկնապահներին) զենքի ձեռքբերման լիցենզիայի, զենքի պահման ու կրման թույլտվության տրամադրումը, ինչպես նաեւ այդ զենքի գրանցումն իրականացվում է «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց եւ քաղաքացիների համար նախատեսված պայմաններով ու կարգով:

2. Թիկնազորային գործունեություն իրականացնելիս հատուկ կամ տեխնիկական միջոցների օգտագործման թույլտվությունը տրամադրում է լիազոր մարմինը:

Թիկնազորային գործունեության ընթացքում կիրառման ենթակա հատուկ կամ տեխնիկական միջոցների տեսակները, ձեռքբերման, գործադրման ու հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 9. Թիկնազորային գործունեության եւ զենքի ձեռքբերման լիցենզիաների, զենքի, հատուկ կամ տեխնիկական միջոցների պահման եւ կրման թույլտվությունների տրամադրման մասին որոշումները

1. Թիկնազորային գործունեության եւ զենքի ձեռքբերման լիցենզիաների, զենքի, հատուկ կամ տեխնիկական միջոցների պահման ու կրման թույլտվությունների տրամադրման մասին որոշումներն ընդունում է լիազոր մարմինը՝ սույն օրենքով եւ այլ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան:

2. Լիազոր մարմինն իրավունք ունի ստուգել համապատասխան լիցենզիաների կամ թույլտվությունների տրամադրման համար ներկայացված փաստաթղթերի եւ տեղեկությունների հավաստիությունը:

3. Լիցենզիա կամ թույլտվություն չի տրամադրվում՝

ա) 21 տարեկանը չլրացած քաղաքացուն,

բ) պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացուն,

գ) բուժհիմնարկներում հոգեկան հիվանդության, հարբեցողության կամ թմրամոլության պատճառով հաշվառման կանգնած քաղաքացուն,

դ) դիտավորյալ հանցագործության համար դատապարտված քաղաքացուն, եթե դատվածությունը հանված կամ մարված չէ,

ե) հանցագործության կատարման մեջ մեղադրվող քաղաքացուն (մինչեւ օրենքով սահմանված կարգով նրա մեղավորության հարցի լուծումը),

զ) պետական, քաղաքացիական, դատական եւ այլ հատուկ ծառայություններից բացասական հիմքով ազատված քաղաքացուն,

է) թիկնազորային գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի նախկին աշխատակցին, եթե վերջինիս ազատման օրվանից չի անցել մեկ տարին,

ը) անհրաժեշտ փաստաթղթերը թերի ներկայացրած կամ դրանցում կեղծ տվյալներ ներկայացրած քաղաքացուն:

Թիկնազորային գործունեություն իրականացնելու լիցենզիա չի տրամադրվում նաեւ այն դեպքերում, երբ թիկնազորային կազմակերպության հիմնադիրների (մասնակիցների) թվում կան քաղաքացիներ, ովքեր նախկինում դատապարտվել են դիտավորյալ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար, կամ եթե նշված կազմակերպությունը հիմնադրվել է օտարերկրյա իրավաբանական անձանց կողմից կամ նրանց հետ համատեղ, կամ այնպիսի իրավաբանական անձանց հետ համատեղ, որոնց հիմնադիրների կազմում կան օտարերկրյա քաղաքացիներ կամ քաղաքացիություն չունեցող անձինք:

4. Լիազոր մարմինը լիցենզիան կամ թույլտվությունը տրամադրում է կամ դրանց տրամադրումը մերժում է օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված ժամկետներում: Լիցենզիայի կամ թույլտվության տրամադրումը մերժելու դեպքում լիազոր մարմինը պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել քաղաքացուն՝ նշելով այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել մերժման համար: Լիցենզիայի կամ թույլտվության տրամադրումը մերժելու մասին որոշումը կամ քաղաքացու դիմումը քննարկելու ժամկետի խախտումը քաղաքացու կողմից կարող է բողոքարկվել դատարան:

5. Լիցենզիայի եւ թույլտվության տրամադրման համար վճարումների կարգն ու չափերը սահմանվում են օրենքով:
 


ԳԼՈՒԽ III

ԹԻԿՆԱԶՈՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 10. Թիկնազորային գործունեության իրականացումը

1. Սույն օրենքի նախատեսված թիկնազորային գործունեություն կարող են իրականացնել օրենքով սահմանված կարգով գրանցված եւ լիցենզիա ստացած թիկնազորային կազմակերպությունները:

2. Թիկնազորային գործունեություն իրականացնելիս թույլատրվում է մատուցել հետեւյալ ծառայությունները.

ա) պահպանվող անձանց կյանքի եւ առողջության պաշտպանություն, այդ թվում՝ զենքի օգտագործմամբ,

բ) սեփականության կամ տնօրինման (օգտագործման) իրավունքով անձին պատկանող անշարժ եւ շարժական գույքի պահպանություն, այդ թվում՝ դրա տեղափոխության ժամանակ,

գ) պահպանվող օբյեկտներում անցագրային եւ ներօբյեկտային ռեժիմների ապահովում,

դ) անվտանգության եւ հրդեհային ազդանշանային միջոցների ու համակարգերի նախագծման, տեղադրման եւ շահագործման աշխատանքների իրականացում,

ե) պատվիրատուի իրավունքների եւ օրինական շահերի, ինչպես նաեւ ֆիզիկական ու իրավաբանական անձանց տեղեկատվության եւ տեխնոլոգիաների պաշտպանության հետ կապված հարցերով խորհրդատվության մատուցում:

3. Թիկնազորային ծառայություններ մատուցելիս օրենքով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով կարող է գործադրվել ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ, պահապանները (թիկնապահները) կարող են ունենալ ծառայողական համազգեստ, որի նմուշները համաձայնեցվում են լիազոր մարմնի հետ:

4. Թիկնազորային գործունեությունը չի կարող համատեղվել օրենքով սահմանված այլ ծառայության հետ: Թիկնազորային կազմակերպության ղեկավարները եւ պահապանները (թիկնապահները) իրավունք չունեն նաեւ թիկնազորային գործունեության հետ չկապված պաշտոններ զբաղեցնել այն առեւտրային ու ոչ առեւտրային կազմակերպություններում, որոնց հետ թիկնազորային կազմակերպությունը կնքել է թիկնազորային ծառայություններ մատուցելու պայմանագիր:

Սույն պահանջների չկատարումը կարող է հիմք ծառայել թիկնազորային կազմակերպությանը թիկնազորային գործունեության լիցենզիայից զրկելու համար:

Հոդված 11. Թիկնազորային ծառայություններ մատուցելու պայմանագիրը

1. Թիկնազորային կազմակերպության եւ պատվիրատուի միջեւ թիկնազորային ծառայություններ մատուցելու պայմանագիրը կնքվում է գրավոր՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրության եւ սույն օրենքի համաձայն:

2. Թիկնազորային ծառայություններ մատուցելու պայմանագրում նշվում են թիկնազորային գործունեության լիցենզիայի համարը եւ տրման տարեթիվը, պատվիրատուի հանձնարարության բնույթը, մատուցվող ծառայության տեսակը, կատարման ժամկետը, ծախսերի հավանական գումարն ու մատուցվող ծառայությունների արժեքը, կողմերի պատասխանատվության եւ օրենքով նախատեսված այլ պայմանները:

3. Թիկնազորային ծառայություններ մատուցելու պայմանագիրը եւ դրա կատարման հետ կապված այլ փաստաթղթերը թիկնազորային կազմակերպությունում ենթակա են պահպանման կառավարության կողմից սահմանված ժամկետներում:

Նշված փաստաթղթերը ժամկետից շուտ ոչնչացնելը կամ դրանք կորցնելը հանգեցնում է պատասխանատվության օրենքով սահմանված կարգով:

4. Պայմանագրային պարտավորությունների կատարման հետ կապված վեճերը լուծվում են կողմերի համաձայնությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ դատական կարգով:

ԳԼՈՒԽ IV

ՊԱՀԱՊԱՆԻ (ԹԻԿՆԱՊԱՀԻ) ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոդված 12. Պահապանը (թիկնապահը)

1. Թիկնազորային կազմակերպությունում աշխատանքային պայմանագրով պահապան (թիկնապահ) աշխատելու համար քաղաքացին, որի պարտականությունների մեջ է մտնում սույն օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասով նախատեսված ծառայությունների մատուցումը, պարտավոր է ներկայացնել դիմում, որի ձեւը եւ դրան կից փաստաթղթերի ցանկը սահմանում է լիազոր մարմինը։

Թիկնապահը պարտավոր է ներկայացնել նաեւ որպես պահապան աշխատելու համար նախատեսված պարտականությունների կատարմամբ ոչ պակաս, քան երկու տարվա աշխատանքային ստաժը, կամ իրավապահ մարմիններում կամ պետական ռազմականացված կազմակերպություններում զենք օգտագործելու թույլտվությամբ ոչ պակաս, քան մեկ տարվա աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ:

2. Իր ծառայողական պարտականությունները կատարելիս պահապանին (թիկնապահին) արգելվում է կատարել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող մարմինների բացառիկ իրավասությանը վերապահված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:

3. Պահապան (թիկնապահ) աշխատելու համար թիկնազորային կազմակերպության հետ աշխատանքային պայմանագիր կնքած քաղաքացուն լիազոր մարմնի կողմից տրվում է համապատասխան վկայական, որի ձեւը եւ վավերապայմանները սահմանում է լիազոր մարմինը:

Հոդված 13. Պահապանի եւ թիկնապահի իրավունքները

1. Պահապանը (թիկնապահը) իր ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունի՝

ա) ֆիզիկական անձանցից պահանջել իր օրինական պահանջների կատարում,

բ) պահպանվող օբյեկտի պաշտոնատար անձանցից, աշխատակիցներից եւ այլ անձանցից պահանջել անցագրային ու ներօբյեկտային ռեժիմների պահպանում,

գ) պահպանվող օբյեկտում անցագրային ռեժիմի պայմաններն ապահովելիս, իր իրավասության շրջանակներում եւ թիկնազորային ծառայությունների մատուցման պայմանագրին համապատասխան, իրականացնել քաղաքացիների անձնական զննություն, նրանց մոտ գտնվող առարկաների զննում, անձը հաստատող, ինչպես նաեւ պահպանվող օբյեկտ հետիոտն կամ տրանսպորտային միջոցով մուտք (ելք) գործելու, գույք մտցնելու (հանելու) փաստաթղթերի զննություն,

դ) իրականացնել պահպանվող օբյեկտ մուտք (ելք) գործող տրանսպորտային միջոցների զննում,

ե) իրականացնել պահպանվող անձի կամ օբյեկտի, ինչպես նաեւ իր նկատմամբ ոտնձգություն կատարած անձի վնասազերծում եւ անհապաղ վերջինիս հանձնել իրավապահ մարմիններին,

զ) սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով կիրառել ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ:

2. Պահապանի (թիկնապահի) կողմից ֆիզիկական անձանց օրինական իրավունքների եւ ազատությունների խախտումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Հոդված 14. Թիկնազորային գործունեության իրականացման սահմանափակումները

1. Իր ծառայողական պարտականությունները կատարելիս պահապաններին (թիկնապահներին) արգելվում է՝

ա) թիկնազորային կազմակերպության ղեկավարից թաքցնել իրենց գործունեության ընթացքում հայտնի դարձած նախապատրաստվող կամ կատարված հանցագործությունների փաստը,

բ) ներկայանալ որպես իրավապահ մարմինների աշխատակից կամ օգտագործել այդ մարմինների համար նախատեսված համազգեստը, տարբերանշանները եւ այլ խորհրդանիշերը,

գ) թիկնազորային ծառայություններ մատուցել հանցագործություն կատարած պահպանվող անձին,

դ) կատարել քաղաքացիների իրավունքները եւ ազատությունները ոտնահարող, ինչպես նաեւ կյանքը, առողջությունը, պատիվը, արժանապատվությունն ու գույքը վտանգող գործողություններ,

ե) հրապարակել ծառայողական գործունեության ընթացքում իրեն հայտնի դարձած տեղեկությունները կամ դրանք անօրինական օգտագործել իր կամ այլ անձի շահերից ելնելով,

զ) իրեն կցված հատուկ կամ տեխնիկական միջոցները, զենքը, դրանց կիրառման թույլտվությունը, պահապանի (թիկնապահի) վկայականը փոխանցել այլ անձանց:

2. Պահապանի (թիկնապահի) կողմից այնպիսի գործողությունների իրականացումը, որոնք կապված են անձի կամ բնակարանի, անձնական կյանքի, պատվի եւ բարի համբավի անձեռնմխելիության երաշխիքների խախտման հետ, հանգեցնում են օրենքով սահմանված պատասխանատվության:

Հոդված 15. Պահապանի (թիկնապահի) կողմից իր գործողությունների փաստաթղթավորումը

1. Պահապանը (թիկնապահը) պահպանվող անձի, պահպանվող գույքի կամ օբյեկտի, պահպանության աշխատակիցների, ինչպես նաեւ իր նկատմամբ իրավախախտումը կանխելիս, իրավախախտներին վնասազերծելիս կամ քաղաքացիների կյանքին, առողջությանը եւ գույքին ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների կամ զենքի կիրառմամբ վնաս հասցնելու դեպքերում պարտավոր է այդ մասին գրավոր տեղեկացնել իրավապահ մարմիններին եւ թիկնազորային կազմակերպության ղեկավարին՝ նշելով դրա ժամանակի, վայրի, հանգամանքների ու դրա հետ կապված իր գործողությունների մասին:

2. Հանցագործության նշաններ հայտնաբերելու դեպքում պահապանը (թիկնապահը) պարտավոր է մինչեւ իրավապահ մարմնի աշխատակիցների ժամանելը, հնարավորության դեպքում, միջոցներ ձեռք առնել հանցագործություն կատարած անձին վնասազերծելու, հանցագործության հետքերը պահպանելու, վկաների բացահայտման եւ նրանց նախնական տվյալների ամրագրման ուղղությամբ:

ԳԼՈՒԽ V

ԹԻԿՆԱԶՈՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼԻՍ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՈՒԺԻ, ԶԵՆՔԻ, ՀԱՏՈՒԿ ԿԱՄ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

Հոդված 16. Ֆիզիկական ուժի, զենքի, հատուկ կամ տեխնիկական միջոցների, կիրառման պայմանները

1. Իր ծառայողական պարտականությունները կատարելիս պահապանը (թիկնապահը) իրավունք ունի կիրառել ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ միայն սույն օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով, ինչպես նաեւ անհրաժեշտ պաշտպանության, ծայրահեղ անհրաժեշտության պայմաններում կամ հանցագործություն կատարած անձանց վնասազերծելիս:

2. Ֆիզիկական ուժ, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ կիրառելիս պահապանը (թիկնապահը) պարտավոր է՝

ա) նախազգուշացնել դրանց կիառման մտադրության մասին, ընդ որում, բավականաչափ ժամանակ տրամադրելով իր պահանջների կատարման համար, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական ուժի գործադրման, հատուկ միջոցների կամ զենքի կիրառման ուշացումը կարող է անմիջական վտանգ ստեղծել նրա կամ պահպանվող անձի կյանքի եւ առողջության համար կամ հանգեցնել այլ ծանր հետեւանքների,

բ) ձգտել, որպեսզի վտանգը վերացնելիս պատճառված վնասը՝ կախված իրավախախտման եւ այն կատարող անձանց բնույթից ու վտանգավորության աստիճանից, ինչպես նաեւ հակազդեցության ուժից, լինի նվազագույն,

գ) մարմնական վնասվածք ստացած անձանց ապահովել մինչբուժական օգնությամբ եւ կատարվածի մասին անհապաղ տեղեկացնել բժշկական եւ իրավապահ մարմիններին,

դ) մահվան կամ մարմնական վնասվածքների բոլոր դեպքերի մասին անհապաղ տեղեկացնել լիազոր մարմնի տվյալ վայրի ստորաբաժանմանը:

3. Պահապանները (թիկնապահները) պարտավոր են պարբերաբար ստուգման ենթարկվել այն գործողություններին պիտանելիությունը որոշելու համար, որոնք կապված են հատուկ միջոցների եւ զենքի կիրառման հետ: Նշված ստուգումն իրականացվում է լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով:

4. Պահապանի (թիկնապահի) կողմից իր իրավասության սահմանների, ծայրահեղ անհրաժեշտության կամ անհրաժեշտ պաշտպանության խախտմամբ ֆիզիկական ուժի գործադրումը, հատուկ կամ տեխնիկական միջոցների եւ զենքի կիրառումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:

Հոդված 17. Ֆիզիկական ուժի գործադրումը

1. Պահապանը (թիկնապահը) իրավունք ունի ֆիզիկական ուժ գործադրել հանցագործությունը կամ վարչական իրավախախտումը կանխելիս, դրանք կատարած անձանց վնասազերծելիս, ինչպես նաեւ այն դեպքերում, երբ ոչ բռնի միջոցների կիրառումը չի ապահովում նրա ծառայողական պարտականությունների օրինական եւ իրավաչափ կատարումը:

2. Պահապանի (թիկնապահի) կողմից ֆիզիկական ուժի գործադրման դեպքերը եւ պայմանները սահմանում է կառավարությունը:

Հոդված 18. Հատուկ միջոցների կիրառումը

1. Պահապանը (թիկնապահը) հատուկ միջոցներ կարող է կիրառել հետեւյալ դեպքերում.

ա) իր կամ պահպանվող անձի կյանքին եւ առողջությանն անմիջականորեն սպառնացող հարձակմանը դիմակայելիս,

բ) իր կամ պահպանվող անձի կամ պահպանվող սեփականության դեմ ուղղված հարձակումը կանխելիս, երբ իրավախախտը ֆիզիկական դիմադրություն է ցույց տալիս,

գ) հանցագործություն կամ վարչական իրավախախտում կատարած անձին վնասազերծելիս, եթե նա փորձում է թաքնվել կամ երբ ակնհայտ է, որ նա մտադիր է ցույց տալ ֆիզիկական դիմադրություն եւ այլ ոչ բռնի մեթոդներով նրա վնասազերծումը հնարավոր չէ,

դ) պահպանվող օբյեկտ մուտք գործելու փորձ կատարող տրանսպորտային միջոցը կանգնեցնելու անհրաժեշտությունից ելնելով, եթե վարորդը չի կատարում մեքենան կանգնեցնելու վերաբերյալ պահապանի օրինական պահանջը,

ե) պահապանի (թիկնապահի) հատուկ միջոցներին տիրանալու փորձը կանխելիս:

2. Արգելվում է հատուկ միջոցների կիրառումը հղիության նկատելի նշաններ ունեցող կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց, ինչպես նաեւ անչափահասների նկատմամբ, եթե նրանց տարիքն ակնհայտ է կամ հայտնի է պահապանին (թիկնապահին), բացառությամբ նշված անձանց կողմից ֆիզիկական դիմադրություն ցույց տալու, պահապանի (թիկնապահի) կամ պահպանվող անձի կյանքին եւ առողջությանը, պահպանվող օբյեկտի անվտանգությանը սպառնացող հարձակումը կանխելու դեպքերի:

3. Թիկնազորային ծառայություններ մատուցելիս օգտագործվող հատուկ միջոցների տեսակները, ձեռքբերման եւ հաշվառման կարգը սահմանում է կառավարությունը:

Հոդված 19. Զենքի կիրառումը

1. Պահապանը (թիկնապահը) իրավունք ունի զենք կիրառել հետեւյալ դեպքերում.

ա) իր կամ պահպանվող անձի կամ պահպանվող օբյեկտի վրա կատարվող խմբակային կամ այլ զինված հարձակումը կանխելիս, եթե զենք չկիրառելը կարող է անմիջական վտանգ ստեղծել նրա, պահպանվող անձի կյանքի եւ առողջության կամ պահպանվող սեփականության համար,

բ) զենքի կիրառման մասին նախազգուշացնելու (օդ կրակելով), ինչպես նաեւ տագնապի ազդանշան կամ օգնության կանչ տալու նպատակով,

գ) պահապանի (թիկնապահի) զենքին տիրանալու փորձը կանխելիս,

դ) ակնհայտ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձին վնասազերծելիս, եթե նա ցույց է տալիս զինված դիմադրություն եւ այլ ոչ բռնի մեթոդներով նրա վնասազերծումը հնարավոր չէ:

2. Արգելվում է զենք կիրառել մարդկանց կուտակումների վայրերում, երբ կարող են վտանգի ենթարկվել կողմնակի անձինք, կանանց, հաշմանդամության ակնհայտ նշաններ ունեցող անձանց, ինչպես նաեւ անչափահասների նկատմամբ, եթե նրանց տարիքն ակնհայտ է կամ հայտնի է պահապանին (թիկնապահին), բացառությամբ նշված անձանց կողմից զինված դիմադրություն ցույց տալու, պահապանի (թիկնապահի) կամ պահպանվող անձի կյանքին եւ առողջությանը, պահպանվող օբյեկտի անվտանգությանը սպառնացող զինված կամ խմբակային այլ հարձակումը կանխելու դեպքերի:

3. Զենքի յուրաքանչյուր կիրառման դեպքում պահապանը (թիկնապահը) պարտավոր է այդ մասին տեղեկացնել տվյալ վայրի լիազոր մարմնի ստորաբաժանմանը:

4. Թիկնազորային ծառայություններ մատուցելիս օգտագործվող զենքի տեսակները սահմանում է կառավարությունը:

Հոդված 20. Տեխնիկական միջոցների կիրառումը

1. Թիկնազորային գործունեություն իրականացնելիս տեխնիկական միջոցների կիրառումը չպետք է խախտի այլ անձանց օրինական իրավունքներն ու ազատությունները, վնաս հասցնի նրանց կյանքին եւ առողջությանը, շրջակա միջավայրին:

Արգելվում է այնպիսի տեխնիկական միջոցների կիրառումը, որոնք նախատեսված են տեղեկատվության ոչ հրապարակային հավաքման ու ձեռքբերման համար եւ որոնց կիրառման կարգը սահմանվում է օրենքով ու այլ իրավական ակտերով:

2. Թիկնազորային գործունեություն իրականացնելիս թույլատրվում է օգտագործել ռադիոհաճախականության տիրույթներ, որոնց տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը:

ԳԼՈՒԽ VI

ԹԻԿՆԱԶՈՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ ԵՎ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ, ԹԻԿՆԱԶՈՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՈՒՍՈՒՑՈՒՄՆ ՈՒ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ

Հոդված 21. Թիկնազորային կազմակերպության մասնաճյուղերի եւ հիմնարկներում, կազմակերպություններում անվտանգության ծառայությունների ստեղծումը

Թիկնազորային կազմակերպության մասնաճյուղերի, ինչպես նաեւ հիմնարկներում եւ կազմակերպությունների անվտանգության ծառայությունների ստեղծումն ու գործունեությունն իրականացվում են սույն օրենքով թիկնազորային կազմակերպությունների համար սահմանված պայմաններով:

Հոդված 22. Թիկնազորային կազմակերպության ղեկավարների, պահապանների (թիկնապահների) մասնագիտական (հատուկ) ուսուցումը, վերապատրաստումը եւ որակավորման բարձրացումը

1. Թիկնազորային կազմակերպության ղեկավարների, պահապանների (թիկնապահների) մասնագիտական (հատուկ) ուսուցման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման խնդիրներն իրականացնում են համապատասխան կրթական գործունեության լիցենզիա ստացած ուսումնական հաստատությունները:

Նշված հաստատությունների լիցենզավորումը, կրթական ծրագրերի մշակումը եւ գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կրթության պետական լիազոր մարմինը՝ օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

2. Թիկնազորային կազմակերպության ղեկավարների, պահապանների (թիկնապահների) վերապատրաստումն իրականացվում է հինգ տարին մեկ անգամ:

ԳԼՈՒԽ VII

ԹԻԿՆԱԶՈՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎԱԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Հոդված 23. Թիկնազորային կազմակերպությունների համագործակցությունն իրավապահ եւ այլ պետական մարմինների հետ իրավակարգի պահպանության ու հանցավորության դեմ պայքարի ապահովման ոլորտում

1. Թիկնազորային կազմակերպությունները համարվում են պետության, անհատի ու ձեռնարկատիրական գործունեության անվտանգության ապահովման ոլորտի սուբյեկտներ եւ պայմանագրային հիմունքերով կարող են մասնակցել իրավակարգի պահպանության ու հանցավորության դեմ մղվող պայքարի միջոցառումներին:

2. Իրավապահ եւ այլ պետական մարմինների (այսուհետ՝ պետական մարմին) հետ թիկնազորային կազմակերպությունների համագործակցության շրջանակն ընդգրկում է հետեւյալ ուղղությունները.

1) իրավակարգի պահպանություն եւ հանցավորության դեմ պայքար,

2) քաղաքացիների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանություն եւ իրավաբանական անձանց տնտեսական անվտանգության ապահովում,

3) թիկնազորային կազմակերպությունների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանություն եւ սեփական անվտանգության ապահովում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված ուղղություններով թիկնազորային կազմակերպությունների եւ պետական մարմինների համագործակցությունն իրականացվում է պայմանագրային կարգով՝ տեղեկատվության փոխանակման ու համատեղ կամ համաձայնեցված միջոցառումների անցկացման միջոցով:

Հոդված 24. Իրավակարգի պահպանության եւ հանցավորության դեմ պայքարի ապահովման ոլորտում համագործակցության շրջանակներում թիկնազորային կազմակերպությունների ու պետական մարմինների իրավունքները եւ պարտականությունները

1. Թիկնազորային կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում պետական մարմինները, պայմանագրի հիման վրա, իրավունք ունեն՝

ա) գերատեսչական տեղեկատվական բազայի հիման վրա տրամադրել թիկնազորային կազմակերպությանը հետաքրքրող տեղեկատվություն,

բ) պայմանագրից բխող գրավոր հարցումների հիման վրա իրականացնել անձանց հաշվառման տվյալների նպատակային ստուգումներ,

գ) թիկնազորային կազմակերպությունների նկատմամբ քրեական հատկանիշներով սպառնալիք ծագելու դեպքերում նրանց տրամադրել անհրաժեշտ ուժեր եւ միջոցներ,

դ) թիկնազորային կազմակերպություններին ցույց տալ իրավական եւ մեթոդական օգնություն,

ե) աջակցել թիկնազորային պաշտպանության եւ հակահրդեհային անվտանգության միջոցառումների ու տեխնիկական միջոցների մշակման գործընթացին,

զ) աջակցել թիկնազորային գործունեության համար կադրերի ընտրության, ստուգման, ուսուցման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման գործընթացին:

Ընդ որում, պետական մարմինները պարտավոր են՝

ա) թիկնազորային կազմակերպության գրավոր հարցման դեպքում տեղեկատվություն տրամադրել ֆիզիկական անձի դատվածության մասին,

բ) տեղեկատվական ապահովման պայմանագրի հիման վրա արված գրավոր հարցման դեպքում տեղեկատվություն տրամադրել պահպանվող անձի կամ օբյեկտի անվտանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ տեղեկատվությունը համարվում է պետական կամ ծառայողական գաղտնիք,

գ) ապահովել համագործակցության շրջանակներում հայտնի դարձած եւ առեւտրային կամ ծառայողական գաղտնիք համարվող տեղեկատվության գաղտնիությունը:

2. Պետական մարմինների հետ համագործակցության շրջանակներում թիկնազորային կազմակերպությունները, պայմանագրի հիման վրա, իրավունք ունեն՝

ա) տեղեկատվական ապահովման պայմանագրի հիման վրա արված գրավոր հարցման դեպքում տրամադրել պետական մարմիններին հետաքրքրող տեղեկատվություն,

բ) մասնակցել իրավակարգի պահպանության եւ հանցավորության դեմ պայքարի միջոցառումներին, աջակցել հետաքննչական ու օպերատիվ-հետախուզական գործողությունների անցկացմանը:

Ընդ որում, թիկնազորային կազմակերպությունները պարտավոր են պետական մարմիններին՝

ա) տեղեկացնել իրենց կողմից բացահայտված պետության, հասարակության կամ քաղաքացիների անվտանգությանը սպառնացող վտանգի մասին,

բ) տեղեկացնել պատրաստվող կամ կատարված հանցագործությունների մասին եւ միջոցներ ձեռք առնել հանցագործության հետքերը պահպանելու ուղղությամբ,

գ) աջակցել հանցագործության մեջ կասկածվող անձանց վնասազերծման միջոցառումներին:

ԳԼՈՒԽ VIII

ՊԱՀԱՊԱՆՆԵՐԻ ԵՎ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Հոդված 25. Պահապանների եւ թիկնապահների սոցիալական պաշտպանվածությունը

1. Թիկնազորային գործունեությունը հաշվարկվում է քաղաքացու ապահովագրական եւ սոցիալական կենսաթոշակի նշանակման համար ստաժում, պայմանով, որ այդ ընթացքում կատարվել են օրենքով սահմանված համապատասխան վճարումները:

2. Պահապանները եւ թիկնապահները համապատասխան թիկնազորային կազմակերպության միջոցների հաշվին ենթակա են պարտադիր ապահովագրության՝ իրենց գործունեությունն իրականացնելիս մահվան, խեղման կամ առողջությանը պատճառված այլ վնասի դեպքերում: Նշված ապահովագրական գումարներն ամբողջովին ներառվում են թիկնազորային կազմակերպության եւ պատվիրատուի միջեւ կնքվող պայմանագրում:

Հոդված 26. Պահապանների եւ թիկնապահների իրավական պաշտպանվածությունը

1. Պահապանը (թիկնապահը) չի կարող հետապնդվել եւ պատասխանատվության ենթարկվել օրենքով սահմանված պարտականություններին ու իր իրավասության սահմաններին համապատասխան իրականացրած գործողությունների համար:

2. Թիկնազորային ծառայություններ մատուցող անձանց նկատմամբ իրենց ծառայողական պարտականությունները կատարելիս դիմադրություն ցույց տալը, սպառնալիքը կամ բռնությունն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվության:
 


ԳԼՈՒԽ IX

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԹԻԿՆԱԶՈՐԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 27. Վերահսկողությունը թիկնազորային գործունեության նկատմամբ

1. Հայաստանի Հանրապետության տարածքում թիկնազորային գործունեության եւ դրա շրջանակներում ձեռք բերված զենքի ու հատուկ միջոցների շրջանառության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է լիազոր մարմինը:

Թիկնազորային գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց, ուսումնական հաստատությունների եւ անվտանգության ծառայություների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձինք իրավունք ունեն նշված մարմիններից պահանջել համապատասխան փաստաթղթեր եւ ստանալ գրավոր կամ բանավոր տեղեկություններ:

2. Առանց լիցենզիայի իրականացվող թիկնազորային գործունեության, ինչպես նաեւ օրենքով չնախատեսված կամ օրենքի պահանջների խախտմամբ թիկնազորային ծառայությունների մատուցման համար իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ X

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 28. Պատասխանատվությունը օրենքը խախտելու համար

Սույն օրենքը խախտող պաշտոնատար անձինք եւ քաղաքացիները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

Հոդված 29. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում...:

2. Սույն օրենքի կիրարկումն ապահովող իրավական ակտերը ենթակա են ընդունման մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Թիկնազորային գործունեության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության անկախացումից հետո նոր տնտեսական հարաբերությունների ձեւավորումը հանգեցրեց հասարակության մեջ այնպիսի իրական պահանջարկի առաջացմանը, ինչպիսին է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, սեփականության ոչ պետական պաշտպանության կազմակերպման անհրաժեշտությունը:

Գաղտնիք չէ, որ նման գործունեությունն արդեն իսկ իրականացվում է, ներառյալ` զենքի օգտագործմամբ, իսկ համապատասխան օրենսդրական կարգավորման բացակայությունը հնարավորություն չի տալիս պատշաճ հսկողություն սահմանել նմանատիպ գործունեության նկատմամբ, ինչը պրակտիկայում հանգեցնում է մի շարք բացասական երեւույթների:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի ոչ պետական պաշտպանության իրականացման գործընթացը կարգավորող օրենքի նախագծի ընդունումը կնպաստի իրավակարգի պահպանության եւ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացնանը, հնարավորություն կընձեռի իրավական կարգավորման ենթարկել թիկնազորային գործունեությունը, անհրաժեշտ երաշխիքներ կստեղծի դրա իրականացման գործընթացում օրինականության ապահովման համար:

Ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի`

ապահովել միասնական պետական քաղաքականությունը թիկնազորային գործունեության ոլորտում,

օրենսդրորեն ամրագրել թիկնազորային գործունեության իրավական հիմքերը, բարենպաստ պայմաններ ստեղծել թիկնազորային գործունեության զարգացման համար,

սահմանել իրավակարգի ապահովման եւ հանցավորության դեմ պայքարի ոլորտում իրավասու պետական մարմինների հետ թիկնազորային գործունեության սուբյեկտների համագործակցության կարգն ու ձեւերն:

Վերը նշված իրողության եւ պահանջմունքների հիման վրա էլ մշակվել է «Թիկնազորային գործունեության մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: