Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-322-17.10.2019-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (ընդունված 2003 թվականի ապրիլի 18-ին, համարը՝ ՀՕ-528-Ն) լրացնել նոր 176.1 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 176.1 Խարդախությունը ապահովագրական ոլորտում

1. Խարդախությունը ապահովագրական ոլորոտում` խաբեությամբ ուրիշի գույքի հափշտակումն է պայմանավորելով ապահովագրական դեպքի գրանցմամբ, ինչպես նաեւ ապահովագրական գումարի հատուցմամբ, որը ենթկա է վճարման օրենքով կամ պայմանագրով սահմանված չափով` ապահովադրին կամ այլ անձի՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երկու տարի ժամկետով`

2. Նույն արարքը, որը կատարվել է՝

1)  մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2)  պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) խոշոր չափերով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) առանձնապես խոշոր չափերով,

2) կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:»:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ  ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ապահովագրական ինստիտուտի զարգացման հետ մեկտեղ աճում են նաեւ ապահովագրական խարդախության դեպքերը: Հիմնականում այդ դեպքերն արձանագրվում են պարտադիր ապահովագրական ոլորտում: Ապահովագրական ընկերությունները հաճախ հատուցումներ են վճարում կասկածելի դեպքերում, իսկ ՀՀ քրեական օրենսգրքում համապատասխան հանցակազմը նախատեսող նորմի բացակայությունը վերոգրյալ բովանդակությամբ արարքների  հաստատումը դարձնում է երբեմն անհնարին:

 Հասարակությունը եւս բացասական է տրամադրված ապահովագրական ընկերությունների նկատմամբ: Հասարակության մի մասը չի վստահում ապահովագրական ընկերություններին, եւ որեւէ անօրինական բան չեն տեսնում, երբ ապահովագրական դեպքերի ձեւացման արդյունքում խաբեությամբ ապահովագրական ընկերություններից հատուցումներ են ստանում:

Հիմնական հանցագործության դեպքերը վերաբերում են ԱՊՊԱ ոլորտին, երբ տեղիէ  ունենում ավտովթարի ձեւացում: Տարածված դեպքերից է, երբ փոխում են վարորդին, երբ վերջինս վթարի պահին գտնվում է ոչ սթափ վիճակում:

Խարդախությունը ապահովագրական ոլորտում` հանդիսանում է խարդախության որակյալ հանցակազմը: Տվյալ տեսակի խարդախության կատարումը հնարավոր է բացառապես ցանկացած տեսակի ապահովագրական դեպքի գրանցմամբ:

Ապահովագրական գործունեություն է համարվում՝ անձի կողմից որպես ապահովագրող կողմ պարբերաբար իր անունից ապահովագրական գործարքների կնքմանը, ինչպես նաեւ դրանցով ստանձնած պարտավորությունների կատարմանն ու ձեռք բերած իրավունքների իրականացմանն ուղղված փաստացի գործողությունների ամբողջությունը:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետեւ` Նախագիծ) առաջարկվող լրացումը հանդիսանում է բլանկետային դիսպոզիցիա, այսինքն` նշված հոդվածով անձը կարող է ենթարկվել պատասխանատվության, եթե մինչ այդ խախտել է իրավական ակտով նախատեսված կանոնակարգումը:

Նախագծով նախատեսված հանցակազմի օբյեկտը լիովին համընկնում է հափշտակության ընդհանուր օբյեկտի հետ. դրանք այն հասարակական հարաբերություններն են, որոնք ձեւավորվել են ապահովագրական ոլորոտում: Այսինքն, հանցավորի կողմից կատարվող  ոտնձգությունն ուղղված է հափշտակություն կատարելուն, որն իրականացվում է ապահովագրական վճարի ստացմամբ:

Հանցագործության օբյեկտիվ կողմը դրսեւորվում է խաբեությամբ: Հանցավորի նպատակն է ստանալ ապահովագրական վճար` ապահովագրական դեպք գրանցելով: Ընդ որում, գումարի չափը կարող է սահմանված լինել եւ՜ օրենքով, եւ՜ պայմանագրով: Գումար ստացողը կարող է լինել եւ՜ հանցավորը եւ՜ այլ անձ:

Նախագծով առաջարկվող արարքը համարվելու է ավարտված, երբ հանցավորը կամ այլ անձ ստանում է վճարը կամ հնարավորություն է ունենում տնօրինելու ապահավագրական վճարը: Մինչ այդ պահը արարքը պետք է որակել որպես նկարագրվող հանցագործության փորձ:

Հանցագործության սուբյեկտ է հանդիսանում տասնվեց տարին լրացած  յուրաքանչյուր գործունակ անձ:

Հանցագործության սուբյեկտիվ կողմը դրսեւորվում է բացառապես ուղղակի դիտավորությամբ: Հանցավորի ուղղակի դիտավորության մասին է վկայում կեղծ պայմանագրերի առկայությունը, ապահովագրական դեպքի ձեւացումը: Անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե ապահովագրական դեպքը տեղի է ունեցել, սակայն անձը փոխել է ապահովագրական դեպքի վայրը կամ սխալ տվյալներ է արձանագրել:

Հարկ ենք համարում նշել նաեւ, որ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 159.5-րդ հոդվածում նախատեսված է «խարդախությունը ապահովագրական ոլորտում» որպես առանձին հանցակազմ:

3.Ակնկալվող արդյունքները.

Առաջարկվող կարգավորումները կարող են ունենալ հետեւյալ դրական արդյունքները։ Այն ավելի շատ կանխարգելիչ նպատակ է հետեւապնդում, քան պատժիչ: Արդյունքում, մենք կբացառենք տվյալ տեսակի հանցագործության դեպքերը եւ այն լուրջ խթան կհանդիսանա նաեւ ապահովագրական ինստիտուտի զարգացման համար: 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱՀԱԳԱՀ

ՊԱՐՈՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի՜ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) եւ

Խնդրում եմ

Ներկայացված Նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կից ներկայացվում են՝

Նախագիծը (հիմնական զեկուցող՝ Նիկոլայ Բաղդասարյան),

Նախագծի ընդունման հիմնավորումը,

Փոփոխվող օրենքների հոդվածների մասին տեղեկանքները:
 
Հարգանքներով՝ Նիկոլայ Բաղդասարյան

03.10.2019թ.
ք. Երեւան