Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-321-17.10.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի (ընդունված 2017 թվականի նոյեմբերի 15-ին, համարը` ՀՕ-195-Ն, այսուհետեւ` Օրենք) 19-րդ Հոդվածի 1-ին մասի 3-րդ նախադասությունը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենքի 19-րդ Հոդվածի 2-րդ մասի «ժամկետով» բառից հետո ավելացնել հետեւյալ բառերը` «,ինչպես նաեւ այն քաղաքացիները եւ պահեստազորի սպայական կազմ, որոնց համապատասխանաբար 27 եւ (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ

Առկա հիմնախնդիրները

«Զինվորական ծառայության եւ զինվորների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի (այսուհետեւ` Օրենք) 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն. «Պարտադիր զինվորական ծառայությունը կազմակերպվում է զորակոչի միջոցով: Զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչեւ 27 տարին լրանալը, ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` մինչեւ 35 տարին լրանալը (այսուհետ` պահեստազորի սպայական կազմ): Հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաեւ այն քաղաքացիները եւ պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27 եւ (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում»:

2017թ. ամառային զորակոչից հետո վերը նշված հոդվածների պահանջներին համապատասխան 27 տարեկանը լրանալուց հետո որեւէ անձ չի զորակոչվել:

Վերը նշված նորմում առկա է հակասություն. առաջին նախադասության մեջ հստակ ամրագրված է, որ 27 տարին լրանալուց, ինչպես նաեւ բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները` 35 տարին լրանալուց հետո չեն զորակչվում, սակայն անմիջապես հաջորդ նախադասության մեջ գրված է, որ կարող են զորակաչվել, եթե այդ տարիքները լրանում են զորակոչի ընթացքում:

Կարգավորման բնույթը

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել հակասությունը, ինչպես նաեւ ամրագրել, որ եթե անգամ Օրենքում նշված քաղաքացիների եւ պահեստազորի սպայական կազմի տարիքները լրանում են տվյալ զորակոչի ընթացքում, միեւնույն է իրենք ենթակա չեն զորակոչման` բացառելու համար հնարավոր չարաշահումները:

Օրենքը պետք է լինի այն աստիճանի որոշակի, որպեսզի քաղաքացին հստակ գիտակցի` երբ է նա ենթակա զորակոչի, այլ ոչ թե պայմանավորված զորակոչի ժամկետների հետ: Պայմանականորեն կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ զորակոչի ժամկետները փոփոխվեն, որի արդյունքում անձը զորակոչվի, այն էլ 27 տարեկանը լրանալուց հետո:

Ակնկալվող արդյունքը

Նախագիծը մի կողմից վերացնում է Օրենքում առկա հակասությունը, մյուս կողմից բացառում է մարդու իրավունքների խախտումները եւ հնարավոր չարաշահումները:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱՀԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի՛ պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) եւ

Խնդրում եմ

Ներկայացված Նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  աշխատակարգը հաստատելու մասին» ՀՀ Ազգային ժողովի որոշման 25-րդ կետի համաձայն` գրությանը կից ներկայացվում են`

Նախագիծը (հիմնական զեկուցող` Նիկոլայ Բաղդասարյան),

Նախագծի ընդունման հիմնավորումը,

Փոփոխվող օրենքի հոդվածի մասին տեղեկանքը:
 

Հարգանքներով`              Նիկոլայ Բաղդասարյան

16.10.2019թ.
ք. Երեւան