Armenian ARMSCII Armenian
Պ-305-03.10.2019-ՊԱ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգերում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումները»,

2) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Սույն օրենքով նախատեսված հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումն ապահովում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումները (այսուհետ՝ օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանում): Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումն ապահովում է միայն ոստիկանության օպերատիվ-հետախուզական ստորաբաժանումների նախաձեռնությամբ, ինչպես նաեւ օրենքով սահմանված հիմքերով կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում այդ ստորաբաժանումներին տրված հանձնարարության կատարման նպատակով իրականացվող հեռախոսային խոսակցության վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը:»,

3) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման անմիջական ղեկավարումն իրականացնում է օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետը, որին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի ներկայացմամբ: Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման ընդհանուր ղեկավարումն իրենց համակարգերում իրականացնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը:»,

3) 4-րդ մասում «Գլխավոր վարչությունը» բառերը փոխարինել «Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանումը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «ոստիկանության կամ» բառերը հանել, իսկ «Գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման» բառերով,

2) 5-րդ մասում «Գլխավոր վարչության» բառերը փոխարինել «Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման» բառերով:

Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի՝

1) 1-ին մասից հանել «, ներառյալ` ազգային անվտանգության մարմինները,» բառերը,

2) 3-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հանրապետական մարմնի ղեկավարը անհապաղ զեկուցում է» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը անհապաղ զեկուցում են» բառերով,

3) 4-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը յուրաքանչյուրն իր համակարգի մասով հաջորդ տարվա հունվարի 31-ից ոչ ուշ Հայաստանի Հանրապետության վարչապետին տարեկան հաշվետվություն են ներկայացնում, որը պարունակում է նախորդ տարվա ընթացքում`»,

4) ողջ տեքստում «Գլխավոր վարչություն» բառերը եւ դրանց բոլոր հոլովաձեւերը համապատասխանաբար փոխարինել «Օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանում» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու օրվան հաջորդող օրը: Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու օրը նշանակման մասին տեղեկատվությունը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում: