Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-301-01.10.2019-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապե-տության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ. «Համապատասխանաբար հաշվարկվում է նաեւ համատեղությամբ մեկից ավելի տեղերում աշխատելու ժամանակահատվածը` համաձայն սույն օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետի: »:

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ կետը «աշխատանքային ստաժ, բացառությամբ» բառերից հետո լրացնել «համատեղությամբ մեկից ավելի տեղերում աշխատելու ժամանակահատվածը, ոչ ավել քան սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետով եւ» բառերով, իսկ «օրենքով սահմանված» բառերից հետո լրացնել «այլ» բառով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման վերաբերյալ


«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի անհրաժեշտությունը առաջացել է պարզ տրամաբանության եւ քաղաքացիների բազմաթիվ արդարացի դիմումների հիման վրա: Ներկայում գործող օրենքի համաձայն` ՀՀ քաղաքացիների աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման ժամանակ հաշվի են առնում միայն մեկ աշխատատեղի ստաժի տարիները` մեկ օրացույցային տարվա համար հաշվարկելով միայն մեկ տարի, բացառությամբ օրենքով սահմանված մասնավոր դեպքերի: Բայց ՀՀ քաղաքացիների մեջ բավական մեծ թիվ են կազմում մարդիկ, ովքեր աշխատել են եւ աշխատում են համատեղության կարգով` հարկեր վճարելով ոչ միայն մեկ, այլ յուրաքանչյուր աշխատատեղից: Սակայն աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման ժամանակ դա անտեսվում է, քանի որ դա նախատեսված չէ «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Ուստի առաջարկում եմ սույն օրենսդրական նախաձեռնությամբ աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման ժամանակ հաշվարկել նաեւ համատեղությամբ աշխատած տարիների քանակը` առնվազն գոնե ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 5-րդ կետի սահմանափակումների շրջանակներում, այն է. « Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու եւ ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տեւողությունը (ներառյալ` հանգստի եւ սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից »:
 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության մասին

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրենքի նախագծի առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ



ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

ՀԱՐԳԵԼԻ՜ ՊԱՐՈՆ ՄԻՐԶՈՅԱՆ,

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային Ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում  «Հայաստանի Հանրապետութան պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:  Նախագծին կից ներկայացվում են`

1. օրենքի  ընդունման հիմնավորումը,

2. օրենքի ընդունման առնչությամբ այլ օրենքների ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանքը,

3. օրենքում լրացվող հոդվածները:

Խնդրում եմ սահմանված կարգով օրենքի նախագիծը դնել շրջանառության մեջ:

Առդիր`   վեց  (6) էջ:
 
Հարգանքով` Տիգրան Ուրիխանյան /092/