Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-2953-25.09.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016թ. հոկտեմբերի 4-ի Հարկային Օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 164-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) ապրանքների ներմուծումը, որոնց սպառումը, վերամշակումը, ոչնչացումը առաջացնելու է «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքով սահմանված աղբ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 165-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մասով.

«Աղբ առաջացնող ապրանքների ներմուծման համար բնապահպանական հարկով հարկման բազա է համարվում Հայաստանի Հանրապետություն «Բացթողում ներքին սպառման համար», «Վերամշակում մաքսային տարածքում», «Վերամշակում ներքին սպառման համար», «Անմաքս առեւտուր», «Ոչնչացում» մաքսային ընթացակարգերով ներմուծվող ապրանքների (բացառությամբ խողովակաշարերով եւ էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների, էներգակիրների, ոսկու, արծաթի ստանդարտացված ձուլակտորների, ադամանդի) մաքսային արժեքը»:

Հոդված 3. Օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) Հայաստանի Հանրապետություն «Բացթողում ներքին սպառման համար», «Վերամշակում մաքսային տարածքում», «Վերամշակում ներքին սպառման համար», «Անմաքս առեւտուր», «Ոչնչացում» մաքսային ընթացակարգերով աղբ առաջացնող ապրանքների ներմուծման դեպքում»:

Հոդված 4. Օրենսգրքում ավելացնել 171.1 հոդված հետեւյալ վերնագրով եւ բովանդակությամբ.

«Աղբ առաջացնող ապրանքների ներմուծման համար բնապահպանական հարկի դրույքաչափերը

1. Աղբ առաջացնող ապրանքների ներմուծման համար բնապահպանական հարկը հաշվարկվում է հարկման բազայի նկատմամբ 0.5% դրույքաչափով»:

Հոդված 5. Օրենսգրքի 172-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, արտակարգ  իրավիճակներում եւ (կամ) պետության այլ կարիքների ապահովման նպատակով աղբ առաջացնող ապրանքներ ներմուծող անձինք, այդ թվում՝ պետությունը. համայնքները, բնապահպանական հարկից ազատվում են:

Սույն մասով սահմանված՝ բնապահպանական հարկի արտոնություններից օգտվելու իրավունքը հաստատող փաստաթղթերը եւ դրանց ներկայացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 6. Օրենսգրքում ավելացնել հետեւյալ վերնագրով եւ բովանդակությամբ 179.1 հոդված.

«Աղբ առաջացնող ապրանքների ներմուծման համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկի հաշվարկման կարգը

1. Հայաստանի Հանրապետություն «Բացթողում ներքին սպառման համար», «Վերամշակում մաքսային տարածքում», «Վերամշակում ներքին սպառման համար», «Անմաքս առեւտուր», «Ոչնչացում» մաքսային ընթացակարգերով ներմուծվող՝ Օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 165-րդ հոդվածի 6-րդ մասում նշված՝ աղբ առաջացնող ապրանքների համար պետական բյուջե վճարման ենթակա բնապահպանական հարկը հաշվարկվում է այդ ապրանքների հարկման բազայի նկատմամբ՝ սույն Օրենսգրքի 171.1 հոդվածով սահմանված դրույքաչափով

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ Աղբ առաջացնող ապրանքների համար Ներմուծող հարկ վճարողները բնապահպանական հարկը հաշվարկում են ինքնուրույն եւ հաշվարկված բնապահպանական հարկի գումարը ներառում են Օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում հարկային մարմնին ներկայացվող ներմուծման հարկային հայտարարագրում եւ հաշվարկված բնապահպանական հարկի գումարը հաշվանցման (պակասեցման) ենթակա չէ հարկ վճարողի՝ բնապահպանական հարկով հարկող այլ օբյեկտների մասով հաշվարկվող բնապահպանական հարկի, ինչպես նաեւ այլ հարկերի գումարներից»:

Հոդված 7. Օրենսգրքի 181-րդ հոդվածում ավելացնել 4-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«4. Աղբ առաջացնող ապրանքների ներմուծման համար բնապահպանական հարկը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարվում հետեւյալ ժամկետներում եւ կարգով.

1) ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ աղբ առաջացնող ապրանքների համար բնապահպանական հարկը պետական բյուջե է վճարվում մինչեւ այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածք փաստացի ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

2)  ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող՝ աղբ առաջացնող ապրանքների համար բնապահպանական հարկը պետական բյուջե է վճարվում մինչեւ «Բացթողում ներքին սպառման համար», «Վերամշակում մաքսային տարածքում», «Վերամշակում ներքին սպառման համար», «Անմաքս առեւտուր», «Ոչնչացում» մաքսային ընթացակարգերով մաքսային հայտարարագրի գրանցումը կամ գրանցման ժամանակ, բայց ոչ ուշ, քան ապրանքների բացթողնումը՝ որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ՝ վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացնելով մաքսային մարմնին:

Եթե նախապես հայտարարագրված մաքսային ընթացակարգը փոխարինվում է այլ մաքսային ընթացակարգով, անկախ ներմուծումից հետո այդ ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգի փոփոխությունից, ապա աղբ առաջացնող ապրանքների համար բնապահպանական հարկը հաշվարկվում եւ գանձվում է Հայաստանի Հանրապետության սահմանով յուրաքանչյուր մուտքի համար մեկ անգամ:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը, առաջարկվող կարգավորումների նպատակը եւ բնույթը, ինչպես նաեւ փոփոխությունների եւ լրացումների ընդունման անհրաժեշտությունը

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները հիմնականում կրում են զուտ խմբագրական բնույթ եւ ածանցվում են Հարկային օրենսգրքում առաջարկվող բնապահպանական հարկի հարկման նոր օբյեկտի սահմանմամբ:

Առաջարկվող փոփոխությունները կբացառեն Հարկային օրենսգրքում սահմանվող նոր իրավակարգավորումների եւ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում գործող իրավակարգավորումների միջեւ հակասությունները եւ անհստակությունները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում (այսուհետ Օրենսգիրք) առաջարկվող փոփոխությունները հիմնականում պայմանավորված է այդ օրենսգրքի 43.1 հոդվածի որոշակի թերությունեներով, որը գործնական կիրառության ընթացքում հանգեցնում է փակուղային իրավիճակի: Մասնավորապես Օրենսգրքի հիշատակված հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը, 8-րդ եւ 9-րդ կետերը անձի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը կախման մեջ են դնում թափված աղբի ծավալից: Ըստ այդմ, թափված աղբը մինչեւ 1 խմ ծավալ եւ 1խմ-ից ավել կազմելու դեպքում տուգանքի գումարը էապես տարբեր է:

Պրակտիկայում ըստ էության չկա որեւէ գործիքակազմ թափված աղբի ծավալը խախտման արձանագրման պահին ֆիքսելու եւ ըստ այդմ նաեւ տուգանքի չափը որոշելու առումով, ի տարբերություն, օրինակ, կենդանական ծագման պարենային եւ ոչ պարենային հումքի վերամշակումից ստացված թափոններ, ինչպես նաեւ անասնապահական, թռչնաբուծական եւ ձկնաբուծական ձեռնարկությունների գործունեության հետեւանքով առաջացած թափոններ թափելու դեպքերի, որտեղ տուգանքի նշանակման համար այդպիսի աղբի (թափոնի) ծավալի պարամետր ընդհանրապես սահմանված չէ:

Շատ հաճախ նաեւ համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող տարածքներին կից այլ անձանց սեփականությունը հանդիսացող տարածքներում, շենք-շինություններում կուտակված է լինում տարբեր տեսակի աղբ, որը այդ անշարժ գույքի սեփականատերը ինչ-ինչ պատճառներով չի հավաքում եւ հեռացնում, որը ընդհանուր առմամբ բացասաբար է ազդում աղբահանության եւ սանմաքրման ընդհանուր վիճակի վրա:

Ելնելով վերը նշվածից, առաջարկվում է՝

1. Միավորել ՎԻՎ օրենսգրքի 43.1-րդ Հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը միմյանց հետ, իսկ 8-րդ եւ 9-րդ կետերը միմյանց հետ, պատասխանատվությունը աղբը թափելու համար նախատեսելով անկախ աղբի ծավալից, ըստ այդմ որոշակիորեն խստացնելով նաեւ պատասխանատվությունը աղբ թափելու համար:

2. ՎԻՎ օրենսգրքի 43.1 Հոդվածը լրացնել նոր իրավակարգավորում նախատեսող մասով, ըստ որի «Համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերին (տարածքներին), շենքերին, շինություններին անմիջականորեն հարող եւ այլ անձի սեփականությունը հանդիսացող հողամասերում (տարածքներում), շենքերում, շինություններում առկա աղբը հեռացնելու պետական կամ համայնքային մարմնի պահանջը չկատարելը կառաջացնի տուգանքի նշանակում:

2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից:

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունումն էապես կնպաստի վարչական իրավախախտումների կապակցությամբ իրականացվող վարչարարության առջեւ դրված խնդիրների իրագործմանն ավելի պակաս ռեսուրսատարությամբ եւ հստակությամբ՝ առանց որեւէ վնաս հասցնելու անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը: Բացի այդ, այն բարելավող ազդեցություն կունենա աղբահանության եւ սանմաքրման ընդհանուր իրավիճակի վրա:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ



 «24» սեպտեմբերի, 2019թ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՐՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան.

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», եւ «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

ա) օրենքների նախագծերի փաթեթը, (հիմնական զեկուցող՝ Հայկ Գեւորգյան)

բ) օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝ ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑ

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ