Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-295-25.09.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2011թ. հուլիսի 15-ի «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» (այսուհետ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասը վերաշարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում աղբահանության եւ սանիտարական մաքրման հետ կապված հարաբերությունները, սահմանում է աղբահանության եւ սանիտարական մաքրման գործընթացի կազմակերպման սկզբունքները,  պատասխանատվությունը պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման կարգը աղբահանության եւ սանիտարական մաքրման կազմակերպման բնագավառներում:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասը վերաշարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«7.   Աղբի հավաքման եւ փոխադրման թույլտվությունները տրամադրվում են վճարովի հիմունքներով: Թույլտվությունների համար վճարների դրույքաչափերը սահմանում է ավագանին:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը վերաշարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«3. Ոչ կենցաղային աղբը, ինչպես նաեւ խոշոր եզրաչափերով աղբը հավաքվում եւ պահվում է համայնքի կամ օպերատորի կամ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված անձանց տրամադրած եւ դրանց համար նախատեսված աղբամաններում կամ կոնտեյներներում, որոնք տեղադրվում են սույն մասում նշված անձանց համապատասխան տարածքներում, եթե այլ բան չի սահմանել համայնքի ավագանին:»:

Հոդված 4. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը վերաշարադրել հետեւյալ կերպ.

«Պատասխանատվությունը»:

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 4-րդ Հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 5-րդ Հոդվածը, 6-րդ Հոդվածը, 8-րդ Հոդվածի 4-րդ մասը, 10-րդ Հոդվածի 4-րդ մասը, 14-րդ Հոդվածը, 3-րդ Գլուխը, 20-րդ Հոդվածը, 21-րդ Հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը:

Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «եւ 4-րդ» բառերը:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

1. Ընթացիկ իրավիճակը, առաջարկվող կարգավորումների նպատակը եւ բնույթը, ինչպես նաեւ փոփոխությունների եւ լրացումների ընդունման անհրաժեշտությունը

«Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները հիմնականում կրում են զուտ խմբագրական բնույթ եւ ածանցվում են Հարկային օրենսգրքում առաջարկվող բնապահպանական հարկի հարկման նոր օբյեկտի սահմանմամբ:

Առաջարկվող փոփոխությունները կբացառեն Հարկային օրենսգրքում սահմանվող նոր իրավակարգավորումների եւ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքում գործող իրավակարգավորումների միջեւ հակասությունները եւ անհստակությունները:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում (այսուհետ Օրենսգիրք) առաջարկվող փոփոխությունները հիմնականում պայմանավորված է այդ օրենսգրքի 43.1 հոդվածի որոշակի թերությունեներով, որը գործնական կիրառության ընթացքում հանգեցնում է փակուղային իրավիճակի: Մասնավորապես Օրենսգրքի հիշատակված հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը, 8-րդ եւ 9-րդ կետերը անձի նկատմամբ կիրառվող տուգանքի չափը կախման մեջ են դնում թափված աղբի ծավալից: Ըստ այդմ, թափված աղբը մինչեւ 1 խմ ծավալ եւ 1խմ-ից ավել կազմելու դեպքում տուգանքի գումարը էապես տարբեր է:

Պրակտիկայում ըստ էության չկա որեւէ գործիքակազմ թափված աղբի ծավալը խախտման արձանագրման պահին ֆիքսելու եւ ըստ այդմ նաեւ տուգանքի չափը որոշելու առումով, ի տարբերություն, օրինակ, կենդանական ծագման պարենային եւ ոչ պարենային հումքի վերամշակումից ստացված թափոններ, ինչպես նաեւ անասնապահական, թռչնաբուծական եւ ձկնաբուծական ձեռնարկությունների գործունեության հետեւանքով առաջացած թափոններ թափելու դեպքերի, որտեղ տուգանքի նշանակման համար այդպիսի աղբի (թափոնի) ծավալի պարամետր ընդհանրապես սահմանված չէ:

Շատ հաճախ նաեւ համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող տարածքներին կից այլ անձանց սեփականությունը հանդիսացող տարածքներում, շենք-շինություններում կուտակված է լինում տարբեր տեսակի աղբ, որը այդ անշարժ գույքի սեփականատերը ինչ-ինչ պատճառներով չի հավաքում եւ հեռացնում, որը ընդհանուր առմամբ բացասաբար է ազդում աղբահանության եւ սանմաքրման ընդհանուր վիճակի վրա:

Ելնելով վերը նշվածից, առաջարկվում է՝

1. Միավորել ՎԻՎ օրենսգրքի 43.1-րդ Հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը միմյանց հետ, իսկ 8-րդ եւ 9-րդ կետերը միմյանց հետ, պատասխանատվությունը աղբը թափելու համար նախատեսելով անկախ աղբի ծավալից, ըստ այդմ որոշակիորեն խստացնելով նաեւ պատասխանատվությունը աղբ թափելու համար:

2. ՎԻՎ օրենսգրքի 43.1 Հոդվածը լրացնել նոր իրավակարգավորում նախատեսող մասով, ըստ որի «Համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողամասերին (տարածքներին), շենքերին, շինություններին անմիջականորեն հարող եւ այլ անձի սեփականությունը հանդիսացող հողամասերում (տարածքներում), շենքերում, շինություններում առկա աղբը հեռացնելու պետական կամ համայնքային մարմնի պահանջը չկատարելը կառաջացնի տուգանքի նշանակում:

2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության կողմից:

3. Ակնկալվող արդյունքը.

Նախագծերի ընդունումն էապես կնպաստի վարչական իրավախախտումների կապակցությամբ իրականացվող վարչարարության առջեւ դրված խնդիրների իրագործմանն ավելի պակաս ռեսուրսատարությամբ եւ հստակությամբ՝ առանց որեւէ վնաս հասցնելու անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանությանը: Բացի այդ, այն բարելավող ազդեցություն կունենա աղբահանության եւ սանմաքրման ընդհանուր իրավիճակի վրա:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ



 «24» սեպտեմբերի, 2019թ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՐՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան.

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», եւ «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

ա) օրենքների նախագծերի փաթեթը, (հիմնական զեկուցող՝ Հայկ Գեւորգյան)

բ) օրենքների նախագծերի փաթեթի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքի նախագծերի փաթեթը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ՝ ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑ

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ