Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-2732-09.09.2019-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի N ՀՕ-186 օրենքի 19.4-րդ հոդվածը լրացնել 10-րդ եւ 11-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.
 

«10) ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի նպատակով մեկանգամյա թույլտվության տրամադրման համար` տարեկան 
բազային տուրքի
20-ապատիկի չափով

11) Կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման կամ շահագործման նպատակով ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի թույլտվություն տրամադրման համար` տարեկան
բազային տուրքի
500-ապատիկի չափով»

Հոդված 2. . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 
  
 
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

1) Օրենքների նախագծերի փաթեթում ներառված՝ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակը ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարության պարզեցումն է: «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի համաձայն, վարչական մարմիններն իրավունք չունեն անձանցից պահանջել կատարելու այնպիսի գործողություններ, որոնք արդեն իսկ կատարվել են այդ անձանց կողմից այլ գործողությունների շրջանակներում կամ էլ իրենց բովանդակությամբ ներառվում են կամ կարող են ներառվել այդ շրջանակներում:

Ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման չափանիշների ու պայմանների վերանայման եւ հստակեցման նպատակով առաջարկվում է վերանայել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 33-րդ, 38-րդ եւ 49-րդ հոդվածները, քանի որ դրանք պարունակում են տեղեկանքների ներկայացման դրույթներ, մասնավորապես դիմումատուի՝ Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալներ, որոնց տիրապետում է լիազոր մարմինը:

Օրենսգրքով կարգավորված չէ օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքի ժամկետի երկարաձգման նպատակով դիմումի ներկայացման եւ որոշում ընդունելու ժամկետները: Վերջիններիս սահմանված չլինելու դեպքում լիազոր մարմնի կողմից  ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգման մասին որոշումը կարող է կայացվել տվյալ իրավունքի ժամկետի լրանալուց հետո կամ ժամկետի երկարաձգման դիմումը կարող է ներկայացվել ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի լրանալուց հետո: Ինչը հակասում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ եւ 34-րդ հոդվածի 3-րդ պարբերություններին, ինչպես նաեւ Օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասին` համաձայն որի իրավունքը կարող է երկարաձգվել միմյանց հաջորդող 3 ժամանակահատվածների համար:

Հիմք ընդունելով վերոգրյալը, օրենքի նախագծով նախատեսվել է ընդերքօգտագործման իրավունքի հայցման դիմումին կից պահանջվող փաստաթղթերի ցանկից հանել նմանատիպ փաստաթղթերի անվանումները, մասնավորապես՝ դիմումատուի` Հայաստանի Հանրապետությունում նախկինում ունեցած ընդերքօգտագործման իրավունքի մասին տվյալները, ինչպես նաեւ պետական գրանցման վկայականի պատճենը՝ նշվում է միայն պետական գրանցման վկայականի համարը:

Անրաժեշտություն է առաջացել նաեւ ընդերքօգտագործման պայմանագրով ամրագրել օգտակար հանածոյի արդյունահանման իրականացվելիք աշխատանքների կատարման ժամկետները՝ նպատակ ունենալով պայմանագրով հստակ սահմանելու ընդերքօգտագործողի պարտականություները:

ՀՀ ընդերքի մասին օրենսգրքով կարգավորված չեն նաեւ տրանuպորտային կամ հաղորդակցության ուղիների կամ թունելների կամ ջրամբարների կառուցման ժամանակ իրականացված ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթի հետագա օգտագործման իրավահարբերությունները: Ընդերքի ողջամիտ օգտագործման նպատակով նախատեսվում է սահմանել մեկանգամյա թույլտվության տրամադրում, համաձայն որի իրավաբանական անձին հնարավորություն ընձեռնվի համապատասխան նախագծի կամ թույլտվության առկայության դեպքում ընդերքի որոշակի տեղամասից կատարված նշյալ հանույթի օգտագործումը:

Իսկ կարեւորագույն նշանակության օբյեկտ հանդիսացող ստորգետնյա պահեստարանների կառուցման տարածքից ոչ մետաղական օգտակար հանածոյի հանույթ իրականացնելու թույլտվության կարգը եւ ընդերքի տրամադման պայմանները, ժամկետները եւ հանույթի տնօրինման պայմանները կսահմանի ՀՀ կառավարությունը:

2) Օրենքների նախագծերի փաթեթում ներառված՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում  լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման նպատակն է ապահովել վարչական (տեղեկատվության) ռեգիստրի տվյալների հավաստիությունը եւ տիրող իրավիճակի լիարժեքությունը: Քանի որ «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 13-րդ եւ 17-րդ հոդվածների համաձայն եւ 2003թ. հոկտեմբերի 3-ի ՀՀ վիճակարգության պետական խորհրդի «Վարչական (տեղեկատվության) ռեգիստրի վարման եւ դրանցից տեղեկատվության ստացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջների՝ պետական մարմիններն իրականացնում են  ճյուղային (գերատեսչական) հաշվառում (վիճակագրություն) վարչական ռեգիստրների վարման միջոցով, իսկ վարչական վիճակագրություն իրականացնող մարմիններն օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրավունք ունեն ստանալ վարչական ռեգիստրների վարման համար անհրաժեշտ տվյալներ եւ տեղեկություններ իրավաբանական անձանցից, պետական հիմնարկներից եւ անհատ ձեռնարկատերերից:

Ընդերքօգտագործման ոլորտում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց կողմից վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման՝ որպես պարտականություն սահմանված չէ, իսկ վարչական (տեղեկատվության) ռեգիստրի վարման համար ընդերքօգտագործողների կողմից հաշվետվությունները ներկայացվում է կամայականորեն: Ուստի ընդերքօգտագործման ոլորտում  վարչական (տեղեկատվության) ռեգիստրի տվյալների հավաստիությունը եւ տիրող իրավիճակի լիարժեքությունը ապահովելու համար անհրաժեշտ է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում ընդերքօգտագործման ոլորտի վերաբերյալ վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման պարտավորությունների չկատարման դեպքում ընդերքօգտագործողներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դրույթներ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Պարզեցնել ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարությունը, ինչպես նաեւ ապահովել վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում:

4. Ակնկալվող արդյունքը.

Օրենքի նախագծի ընդունմամբ կպարզեցվի ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման գործընթացի վարչարարությունը, ինչպես նաեւ վարչական վիճակագրական ռեգիստրի վարումը կիրականացվի լիարժեք՝ ապահովելով ռեգիստրի տվյալների հավաստիությունը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում նախատեսվում է պետական բյուջեում եկամուտների ավելացում: 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

22 օգոստոսի 2019 թվականի  N  1060  - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ   ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ   ԸՆԴԵՐՔԻ   ՄԱՍԻՆ   ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ   ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ   ՎԵՐԱԲԵՐՅԱԼ   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ  «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ     ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՆԵՐԻ  ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ   ԵՎ   ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածը եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ    է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարել անհետաձգելի եւ սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. օգոստոսի 26
          Երեւան
  

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
                                                                            պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 73-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:

Օրենքների նախագծերի փաթեթին կից ներկայացվում են օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը, գործող օրենքների փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի  N 1060-Ա  որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքների նախագծերի փաթեթը  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ  Լիլիա Շուշանյանը:
 
Հարգանքով` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ