Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1345-24.02.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հունիսի 17-ի  ՀՕ-247 քաղաքացիական դատավարության  օրենսգրքի 78-րդ հոդվածում.

1) 2-րդ կետում «հանձնվում է ստացականով (այսուհետ` պատշաճ ձեւով)» բառերից հետո լրացնել «,բացառությամբ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված դեպքի» բառերը,

2) լրացնել 4-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«4. Հայցվորն իր ներկայացրած հայցադիմումում, պատասխանողն` իր պատասխանում, իսկ երրորդ անձն` իր դիմումում կարող է նշել իր էլեկտրոնային հասցեն, որին դատարանի կողմից ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրը սույն հոդվածի 2-րդ կետի իմաստով հանդիսանում է պատշաճ ծանուցում»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ներկա իրավիճակը եւ առկա խնդիրները.

Ներկայումս դատական ծանուցագրերի ուղարկման եւ գործին մասնակցող անձանց կողմից դրանց ստացման հետ կապված գործնականում առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնք հանգեցնում են բազմաթիվ խնդիրների կապված դատական նիստերի հետաձգման, քաղաքացիական գործերով ողջամիտ ժամկետում գործը քննելու իրավունքի խախտման հետ: Այդ նպատակով ներկայումս անհրաժեշտ է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ եւ լրացումներ, որոնք կշտկեն առկա խնդիրները: Սակայն ելնելով դատական ծանուցագրերի հետ կապված խնդիրների բարդություն հետ` առաջարկվող փոփոխությունները նախ պետք է կրեն փորձնական բնույթ:

Առաջարկվող լուծումները.

Նախագծով առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածում` դատարանի կողմից դատական ծանուցագրերը գործին մասնակցող անձանց էլեկտրոնային հասցեին ուղարկելու հնարավորությունը` նախատեսելով, որ հայցվորն իր ներկայացրած հայցադիմումում, պատասխանողն` իր պատասխանում, իսր երրորդ անձն` իր դիմումում կարող է նշել իր էլեկտրոնային հասցեն, որին դատարանի կողմից ուղարկված ծանուցագիրը սույն հոդվածի 2-րդ մասի իմաստով հանդիսանում է պատշաճ ծանուցում: Այս փոփոխությունը կնպաստի դատական ծանուցագրերի ուղարկման եւ ստացման ոլորտում ներկայում առկա խնդիրների մի մասի լուծման:

Միաժամանակ ելնելով դատական ծանուցագրերի ոլորտում կատարվող բարեփոխումների հարցում առավել շտապողականությունը բացառելու անհրաժեշտությունից եւ հաշվի առնելով էլեկտրոնային հաղորդակցման միջոցների ոչ ամբողջական տարածվածության աստիճանը` դատական ծանուցագրերն էլեկտրոնային եղանակով ուղարկելու դատարանի այդ իրավունքն անհրաժեշտ է նախատեսել միայն կողմերի համաձայնության դեպքում, այսինքն այն դեպքերում, երբ կողմերն իրենք են դատարանին ներկայացնում իրենց էլեկտրոնային հասցեն:

Ակնկալվող արդյունքը.

Այս փոփոխությունը եւ դրա պրակտիկ կիրառման արդյունքում կատարված ուսումնասիրությունների արդյունքում կատարված եզրահանգումները կհանգեցնեն դատական ծանուցագրի ոլորտում առկա խնդիրների լուծման: