Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-244-31.07.2019-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  Հայաստանի Հանրապետության 1985թ. դեկտեմբերի 6-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 124-րդ հոդվածի 26-րդ մասի «տասնհինգապատիկի» բառերը փոխարինել «երեսնապատիկի» բառերով:

«26. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով»:

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության 1985թ. դեկտեմբերի 6-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 126-րդ հոդվածի 1-ին մասի «հարյուրհիսնապատիկի» բառերը փոխարինել «երկուհարյուրհիսնապատիկի» բառերով:

«1. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, եւ զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից վեցերորդ մասերի հատկանիշները՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով»:

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության 1985թ. դեկտեմբերի 6-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում (այսուհետ նաեւ՝ Օրենսգիրք) 126-րդ հոդվածի 2-րդ մասի «երկուհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկի» բառերով:

«2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» հայաստանի հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծի վերաբերյալ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Տարեցտարի Ճանապարհատրասնպորտային պատահարների թիվը աճում է, եւ վիճակագրության համաձայն յուրաքանչյուր տարի ավելանում է նաեւ դրանց հետեւանքով զոհված եւ վիրավորված մարդկանց թիվը:

Պրակտիկայում, ինչպես նաեւ օրենսդրությամբ ճանապարհատրանսպորտային պատահարները դիտարկվում են որպես անզգուշությամբ կատարված հանցագործություններ: Սակայն տրանսպորտային միջոցը վարորդի կողմից ալկոհոլի, թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի ազդեցությամբ վարելը կատարվում է ուղղակի դիտավորությամբ եւ ավտովթարի արդյունքում ծանր հետեւանքների առաջացումը նշված պայմաններում դիտարկվում է որպես ծանրացուցիչ հանգամանք:

Գործող օրենսդրության պայմաններում տրանսպորտային միջոցները ոչ սթափ վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, եւ զանցանքը չի պարունակում համապատասխան հոդվածի երկրորդից վեցերորդ մասերի հատկանիշները, առաջացնում է տուգանք 150.000 ՀՀ դրամի չափով, իսկ նշված արարքը կատարելիս եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը, կամ եթե մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, առաջացնում է տուգանք 200.000 ՀՀ դրամի չափով:

Միաժամանակ պետք է արձանագրել, որ բազմաթիվ կոպիտ խախտումների հիմնական պատճառ է հանդիսանում վարորդների կողմից օգտագործումը: Կարծում ենք, որ տուգանքների չափերի բարձրացումը եւ պատասխանատվության խստացումը կնվազեցնի կոպիտ խախտումների թիվը, եւ սրանով է պայմանավորված տուգանքի չափերը համապատասխանաբար 250.000 եւ 300.000 ՀՀ դրամ սահմանելու առաջարկի ներկայացումը:

Եթե «Հոծ գիծ»-ը տրորելը կարող է պայմանավորված լինել տվյալ պահին ճանապարհատրանսպորտային ստեղծված իրավիճակով, այն կարող է լինել անզգուշության հետեւանք կամ իրավիճակից բխող հարկադրական մանեւր, ապա տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելը վարորդների կողմից կատարվում է ուղղակի դիտավորությամբ: Բացի այդ սա տրանսպորտային միջոցի վարորդի կողմից անհարգալից վերաբերմունք է հասարակության նկատմամբ:

Նման պայմաններում հետիոտնը ստիպված ոչ սահմանված վայրով կարող է դուրս գալ երթեւեկելի ուղեմաս՝ վթարային իրավիճակ ստեղծելով երթեւեկության մյուս մասնակիցների համար:

Գործող օրենսդրությամբ տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելու համար սահմանված է 15.000 ՀՀ դրամի չափով տուգանք: Փորձը ցույց է տալիս, որ ներկայիս տուգանքի չափը բավարար չէ եւ չի նպաստում նման խախտումների թվի նվազեցմանը, ուստի կարիք կա տուգանքի շեմը բարձրացնել՝ սահմանելով 30.000 ՀՀ դրամ:

Իրավական ակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը

Ակնհայտ է, որ այս փոփոխությամբ ոլորտի բոլոր խնդիրները լուծում չեն ստանում, սակայն ակնկալվում է, որ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու եւ  տրանսպորտային միջոցը հետիոտնային անցման վրա կանգնեցնելու համար վարչական պատասխանատվության զգալի խստացումը կնպաստի այդ իրավախախտումների թվի նվազմանը:
 
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգելի պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածով, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածներով, օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը եւ խնդրում սահմանված կարգով այն դնել շրջանառության մեջ:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են.

ա) օրենքի նախագիծը, (հիմնական զեկուցող՝ Միքայել Մելքումյան)

բ) օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:
 
 

 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝  ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

 ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝ ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆ