Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1342-23.02.2012-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԵՎ ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՊԱՌՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության համայնքերի վարչական սահմաններում գտնվող /հաշվառված/ գույքի եւ հողամասերի համար 2011 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների գույքահարկի եւ հողի հարկի վճարման պարտականություն ունեցող անձանց վրա:

Հոդված 2. Հողի հարկ եւ գույքահարկ վճարող անձինք ազատվում են իրենց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի 2008 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ չվճարված գույքահարկից եւ հողի հարկից, ինչպես նաեւ այդ պարտավորությունները սահմանված ժամկետներում չվճարելու համար հարկային օրենսդրությամբ սահմանված  կարգով հաշվարկված տույժերից եւ տուգանքներից։ Սույն հոդվածում նշված գույքահարկի եւ հողի հարկի պարտավորությունները տեղեկատվական ավտոմատացված համակարգերից դուրս գրելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 3. 2008 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար համայնքների վարչական սահմաններում գտնվող /հաշվառված/ գույքի եւ հողի գույքահարկի եւ հողի հարկի գումարները մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ) վճարած անձինք ազատվում են գույքահարկը եւ հողի հարկը սահմանված ժամկետներում չվճարելու համար  2008 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած հաշվետու ժամանակաշրջանների մասով հաշվարկված եւ չվճարված տույժերի եւ տուգանքների վճարումից, եթե շինությունների համար չվճարված գույքահարկը կամ հողամասերի համար չվճարված  հողի հարկը  եւ դրանց մասով հաշվարկված տույժերը եւ տուգանքները չեն գերազանցում 2 մլ. ՀՀ դրամը, իսկ փոխադրամիջոցների համար չեն գերազանցում 1 մլ. ՀՀ դրամը:

Հոդված 4.  Սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված ժամկետը չի տարածվում գույքահարկի եւ հողի հարկի վճարման պարտավորություն ունեցող այն անձանց վրա, ովքեր մինչեւ 2012 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ հողի հարկի եւ գույքահարկի չվճարված գումարների վճարումն ապահովելու նպատակով իրենց հաշվառող մարմինների հետ կնքել են ժամանակացույց հետեւյալ ժամկետներով՝

1. մինչեւ երեք հարյուր հազար ՀՀ դրամի դեպքում՝ 3 ամիս ժամկետով.

2. երեք հարյուր հազար ՀՀ դրամից մինչեւ մեկ միլիոն ՀՀ դրամի դեպքում՝ 6 ամիս ժամկետով.

3. մեկ միլիոն ՀՀ դրամը գերազանցող պարտավորության դեպքում ՝ մեկ տարի ժամկետով:

Սույն հոդվածում նշված ժամանակացույցի ժամկետների հաշվարկը սկսվում է 2013 թվականի հունվարի 1-ից:

5. Սույն  հոդվածում նշված ժամանակացույցը կազմվում է ըստ եռամսյակների, վճարման ենթակա գումարի /առանց տույժերի եւ տուգանքների/ համամասնական բաշխումով, եռամսյա վճարումների պարտադիր կատարման պայմանով։ Սույն հոդվածով սահմանված կարգով կնքված ժամանակացույցով նախատեսված առաջին վճարումը չկատարելու դեպքում հարկի եւ գույքահարկի չվճարված գումարները եւ դրանց չվճարման համար հաշվարկված տույժերը եւ տուգանքները գանձվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ընդհանուր կարգով:

Հոդված 5. Այն գույքահարկ եւ հողի հարկ վճարողները, որոնք մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը փաստացի կատարել են 2008 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած հաշվետու ժամանակաշրջանների  համար համայնքների վարչական սահմաններում գտնվող /հաշվառված/ գույքի եւ հողամասերի գույքահարկի եւ հողի հարկի գումարների վճարումները, սակայն ունեն դրանց մասով հաշվարկված եւ չվճարված տույժեր եւ տուգանքներ, սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ազատվում են չվճարված տույժերը եւ տուգանքները վճարելուց:

Հոդված 6. 2012 թվականին նախորդող երեք տարիներին /բացառությամբ 2011թվականին/ վերաբերող  գույքահարկի եւ հողի հարկի վճարած տույժերի եւ տուգանքների գումարները հաշվանցվում են հարկ վճարողների` գույքահարկի եւ հողի հարկի գծով ընթացիկ կամ առաջիկա վճարումների հաշվին:

Հոդված 7. Սույն օրենքով տրամադրվող գույքահարկի եւ հողի հարկի վճարման պարտավորության դադարեցման հետեւանքով համայնքերի կողմից չստացված գումարները փոխհատուցման ենթակա չեն «Համայնքի բյուջեի եկամուտները նվազեցնող` Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման արդյունքում համայնքի բյուջեի եկամուտների կորուստները պետության կողմից փոխհատուցելու կարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներրորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գույքահարկի եւ  հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  եւ  լրացումներ  կատարելու  մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

1. Անհրաժեշտությունը

Սույն փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հողի հարկի եւ գույքահարկի ապառքների, տույժերի, տուգանքների մարման անհուսալիությամբ, հողի հարկի եւ գույքահարկի բազաների անճշտություններով:

2. Ընթացիկ վիճակը եւ խնդիրները

 Հողի հարկի եւ գույքահարկի բազաներում առկա են բազմաթիվ անճշտություններ` կապված ապառքների, տույժերի եւ տուգանքների հետ, ինչը խոչընդոտ է հանդիսանում համայնքների կողմից իրատեսական բյուջեների կազմման համար: 2012թ. հունվարի 1-ի դրությամբ առկա է 16,4 մլրդ դրամ հողի հարկի ապառք, 9,8 մլրդ դրամ տույժեր եւ տուգանքներ: Գույքահարկի գծով ապառքը կազմում է 11,6 մլրդ դրամ, տույժերը, տուգանքները` 6,0 մլրդ դրամ:  2008 թվականի հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված ապառքների մարումը անհուսալի է` պայմանավորված բնակչության սոցիալապես անապահով վիճակով, հանրապետությունից բացակայությամբ, սեփականատերերի մահվան եւ ժառանգների կողմից սեփականությունը չգրանցելու հանգամանքով, հողի հարկի դեպքում` հողերի մշակման համար անբարենպաստ պայմաններով:   Մինչեւ 2008թ. հունվարի 1-ին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար հաշվարկված ապառքների մարման անհնարինության կարեւորագույն պատճառներից է դատարան դիմելու վաղեմության ժամկետի հետ կապված խնդիրը: Մասնավորապես, դատական պրակտիկայում առկա են նախադեպեր, որոնց նկատմամբ դատարանը կիրառում է 3 տարվա վաղեմություն, հետեւաբար` 3 տարուց ավելի վաղեմություն ունեցող ապառքների, տույժերի տուգանքների գանձումը անհնարին է դառնում: 3 տարվա վաղեմության ժամկետի գաղափարը խոչընդոտ է հանդիսանում ապառքների հավաքագրման գործընթացի իրականացման համար:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տվյալ բնագավառում ՀՀ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է հարկային վարչարարության բարելավմանը, համայնքների բյուջետավարման գործընթացի հստակեցմանը:

2009թ. ապրիլի 7-ին ընդունվել է «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքը, 2010թ. հունիսի 10-ին` «Հողի հարկի արտոնություններ տրամադրելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքը: Այս օրենքների կիրարկման արդյունքում համայնքային բյուջեներ է մուտքագրվել 2,811,801  հազ. դրամ, արտոնված տույժերի եւ տուգանքների գումարը կազմել է 2,095,606 հազ. դրամ, օրենքով սահմանված արտոնությունից օգտված քաղաքացիների թիվը` 129,891 մարդ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Նշված խնդիրները կարգավորելու նպատակով մշակվել է «Հողի հարկի եւ գույքահարկի գծով առաջացած ապառքների մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ  եւ  լրացումներ  կատարելու  մասին», «Հողի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, ՀՀ արդարադատության նախարարություն, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե:

6. Ակնկալվող արդյունք

Օրինագծի ընդունումը կնպաստի ավելի իրատեսական համայնքային բյուջեների կազմմանը, համայնքների բյուջետավարման գործընթացի հստակեցմանը, հողի հարկի եւ գույքահարկի բազաների ճշգրտմանը: