Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1340-23.02.2012-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի /այսուհետ` օրենսգիրք/ 7-րդ գլխի վերնագրում  «կուլտուրայի» բառը փոխարինել «մշակույթի» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 95-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 95. Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը

Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:»

Հոդված 3. Օրենսգրքում լրացնել 172.2-րդ  եւ 172.3-րդ հոդվածներ հետեւյալ բովանդակությամբ`

«Հոդված 172.2. Հասարակական վայրերում գտնվելու կամ դրանցից օգտվելու կանոնները խախտելը

Փողոցները, մայթերը, հրապարակները, պուրակները, զբոսայգիները, երկաթուղային կայարանները, օդանավակայանները, մարզադաշտերը եւ հասարակական այլ վայրերը` օրենքով սահմանված նպատակների խախտմամբ օգտագործելը կամ դրանք օգտագործելու` օրենքով կամ օրենքի հիման վրա արձակված վարչական ակտով սահմանված սահմանափակումները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ վաթսունապատիկի չափով:

Հոդված 172.3. Իշխանության ներկայացուցչին վիրավորելը

Իշխանության ներկայացուցչին հրապարակայնորեն վիրավորելը` կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով:»

Հոդված 4. Օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերից հանել «95 հոդվածով» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 220-րդ հոդվածից «95,» թիվը հանել, իսկ «100 հոդվածներով» բառերը փոխարինել «100 հոդվածով» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 224-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «115» թվից առաջ լրացնել «95 հոդվածով,» բառերը, իսկ «172, 172.1» թվերը փոխարինել «172.2, 172.3» թվերով,

2) 2-րդ մասի`

ա. 1-ին կետում «44.1 եւ 44.2 հոդվածներով»  բառերը փոխարինել «44.1, 44.2 եւ 95 հոդվածներով» բառերով,

բ. 1-ին կետի 2-րդ պարբերությունում «172.1 հոդվածով» բառերը փոխարինել «172.2 եւ 172.3 հոդվածներով» բառերով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանը հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները

Հանրային վայրերն օրենքի պահանջների խախտմամբ օգտագործելու համար վարչական պատասխանատվության սահմանումը պայմանավորված է փողոցների, հրապարակների, երկաթուղային կայարանների, օդանավակայանների, զբոսայգիների, այլ հասարակական վայրերի օգտագործման կանոնների պահպանման անհրաժեշտությամբ: Հայաստանի Հանրապետության տարբեր օրենքներով սահմանվում են տարբեր հանրային վայրերի օգտագործման կանոններ: Մասնավորապես` համապատասխան վայրերը, ինչպիսիք են փողոցները, զբոսայգիները, հրապարակները, որեւէ նպատակով օգտագործելու, նշված վայրերում որոշակի գործունեությամբ զբաղվելու համար տարբեր օրենքներ որպես նախապայման են սահմանում թույլտվության առկայությունը: Անձինք չեն կարող հանրային վայրերն օգտագործել իրենց հայեցողությամբ: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով պատասխանատվություն է սահմանվում հանրային վայրերի օգտագործման կանոնների խախտման առանձին դեպքերի համար: Նշված զանցակազմը ներառում է այն բոլոր դեպքերը, երբ հանրային վայրերի օգտագործման համար սահմանված են որոշակի կանոններ, բայց վարչական պատասխանատվություն նախատեսված չէ:

Հասարակությունում պետական հաստատությունների հեղինակությունը պաշտպանելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում պետական իշխանության ներկայացուցչին եւ մասնավոր անձանց դեմ ուղղված վիրավորանքները տարանջատել` պետական իշխանության ներկայացուցչին վիրավորանք հասցնելու համար առանձին վարչական պատասխանատվություն սահմանելով: Այս առումով, հարկ ենք համարում նշել, որ իշխանության ներկայացուցչին վիրավորանք հասցնելն ավելին է, քան մասնավոր անձանց հասցեին ուղղված վիրավորանքը, որովհետեւ նրանք ոչ միայն հիմնական իրավունքների մասնավոր կրող են, այլեւ պետական իշխանության ներկայացուցիչներ: Նրանց վիրավորելու դեպքում վիրավորանքն ուղղվում է նաեւ նրանց այդ դերակատարման եւ գործառույթի դեմ: Բացի այդ, առաջարկվող կարգավորման շրջանակներում ուսումնասիրվել է եվրոպական առաջադեմ երկրների փորձը, որի արդյունքում պարզ է դարձել, որ մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում` այնպիսի զարգացած երկրում, ինչպիսին է օրինակ` Գերմանիան, իշխանության ներկայացուցչին վիրավորելը չի հանդիսանում հասարակական կարգ ու կանոնի խախտում, այլ այն նախատեսված է որպես առանձին զանցակազմ:

Ինչ վերաբերում է օրենսգրքի 95-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությանը, ապա վերջինիս անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայիս օրենսգրքի հիշյալ հոդվածը խմբագրվել է դեռեւս 1993 թվականին եւ հետեւաբար չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության ներկայիս օրենսդրությանը, ինչպես նաեւ անհիմն ցածր պատասխանատվություն է սահմանում պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության եւ օգտագործման կանոնների խախտման համար, որի արդյունքում արդյունավետ կերպով չի ապահովվում վարչական պատասխանատվության իրականացումը:

Առաջարկվող լուծումները

Զանցակազմի նախատեսումը նպատակ ունի ապահովել հանրային նշանակություն ունեցող վայրերի օգտագործումն օրենքի կանոններին համապատասխան: Որոշակի կանոններ սահմանելուն զուգընթաց պետք է մշակել համապատասխան մեխանիզմներ դրանց կատարումն ապահովելու համար: Այդպիսի արդյունավետ մեխանիզմ է համապատասխան կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության սահմանումը:

Իշխանության ներկայացուցչին վիրավորելը` որպես առանձին վարչական իրավախախտում նախատեսելու նպատակը պետական իշխանության ներկայացուցչի պաշտպանությունն է իր ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ հրապարակային վիրավորանքից կամ նվաստացումից: Ուստի, խոսքը չի վերաբերում սոսկ «ինչ-որ առիթով» հասցված կամ պետական իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման հետ քիչ թե շատ պատահական ժամանակային կապի մեջ գտնվող վիրավորանքին: Այդ վիրավորանքն արտահայտում է այն, որ արարքը գործողը անհարգալից վերաբերմունք է դրսեւորում` կապված իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականության կատարման հետ: Դրա պատճառ կարող է լինել այն, որ իրավախախտն սկզբունքորեն մերժում է այդպիսի ծառայողական պարտականությունների կատարումը կամ այն, որ նա մերժում է կոնկրետ դեպքում այդ ծառայողական պարտականությունների կատարման եղանակը:

Նախագծով առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել օրենսգրքի 95-րդ հոդվածը, որով պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնները խախտելը կառաջացնի տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Ակնկալվող արդյունքը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարվելիք այս լրացումը նպատակ ունի կանխել փողոցների, հրապարակների, օդանավակայանների, զբոսայգիների, երկաթուղային կայարանների եւ այլ հասարակական վայրերի կամայական ձեւով` օրենքի պահանջների խախտմամբ:

Պետական իշխանության ներկայացուցչի` որպես պաշտոնատար անձի հեղինակությունն արդյունավետ պաշտպանության կարիք ունի: Դրանով է պայմանավորված այն առանձին հոդվածով կարգավորելը եւ տուգանքի ավելի մեծ չափ նախատեսելը, ինչը հնարավորություն է տալիս բարձրացնել հարգանքը պետական իշխանության նկատմամբ եւ թույլ չտալ, որպեսզի իրենց ծառայողական պարտականությունների կատարման արդյունքում նրանք ենթարկվեն վիրավորանքի կամ նվաստացուցիչ վերաբերմունքի առանձին անձանց կողմից:

Օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջարկվող շարադրանքը կնպաստի պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության կամ օգտագործման կանոնների խախտման դեպքերի կրճատմանը: