Armenian ARMSCII Armenian
Պ-1331-08.05.2019,17.06.2019-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «համարվում են քաղաքացիական  պաշտոններ» բառերը փոխարինել «ինքնավար պաշտոններ են» բառերով,

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով, նշանակում է Ազգային ժողովը՝  հինգ տարի  ժամկետով, բացառությամբ Հանձնաժողովի առաջին կազմի անդամների նշանակման, ինչպես նաեւ սույն հոդվածի 6-րդ եւ 7-րդ մասերով նախատեսված դեպքերի: Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ նշանակվել Հանձնաժողովի նախագահ կամ լիազորությունների ամբողջ ժամկետով՝ Հանձնաժողովի անդամ:»,

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 2.1-ին, 2.2-րդ եւ 2.3-րդ մասերով.

«2.1. Հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք ունի Կառավարությունը: Հանձնաժողովի մյուս անդամների թափուր պաշտոններում թեկնածու առաջադրելու իրավունք ունեն հաջորդաբար՝ Կառավարությունը, Ազգային ժողովի կառավարող խմբակցությունը եւ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունը:

2.2. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում թեկնածուն առաջադրվում է Հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունները դադարելու մասին սույն օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով տեղեկացվելուց, Հանձնաժողովի նախագահի կամ անդամի լիազորությունները դադարեցվելուց, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահ կամ անդամ նշանակելու մասին Ազգային ժողովի որոշումը չընդունվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Եթե Կառավարությանը կամ Ազգային ժողովի կառավարող խմբակցությանը վերապահված Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա նույն մարմինն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում: Եթե Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությանը վերապահված Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում սահմանված ժամկետում թեկնածու չի առաջադրվում, ապա Ազգային ժողովի կառավարող խմբակցությունն այդ պաշտոնում թեկնածու առաջադրում է մեկամսյա ժամկետում:

2.3. Հանձնաժողովի նախագահի կամ անդամի թափուր պաշտոնում նշանակումը կատարվում է այդ պաշտոնում թեկնածու առաջադրելու համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:»,

4) 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հանձնաժողովի անդամ կարող է նշանակվել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, բարձրագույն կրթությամբ, առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ ունեցող (որից առնվազն երեք տարին ղեկավար պաշտոններում՝ պետական մարմնի կամ դրա աշխատակազմի կամ կազմակերպության ղեկավարի կամ նրանց տեղակալների կամ  պետական մարմնի  կամ կազմակերպության ներքին միավորի  ղեկավարի աշխատանքային ստաժ կամ այնպիսի պաշտոններում աշխատանքային ստաժ, որը իրականացնում է աշխատանքների կազմակերպման, ղեկավարման, վերահսկման կամ համակարգման գործառույթներ) եւ հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:»:

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածում՝

1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել,

2) 2-րդ մասի 1-ին կետից հանել «առավելագույն» բառը,

3) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 1.1-ին կետով.

«1.1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.»,

4) 2-րդ մասի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) նա «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով հրաժարական է տվել.»,

5) 3-րդ մասի «կարող են դադարեցվել» բառերը փոխարինել « «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով դադարեցվում են» բառերով,

6) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելիս  Հանձնաժողովի անդամն անհապաղ տեղեկացնում է Հանձնաժողովի նախագահին, ինչպես նաեւ այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որի առաջարկությամբ նա նշանակվել է Հանձնաժողովի անդամ: Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված այլ դեպքերում Հանձնաժողովի անդամի  լիազորությունները դադարելուց, ինչպես նաեւ  սույն հոդված 3-րդ մասով նախատեսված որեւէ հիմք ի հայտ գալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Հանձնաժողովի նախագահը կամ սույն օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով նրան փոխարինող Հանձնաժողովի անդամն  այդ մասին տեղեկացնում է Ազգային ժողովի նախագահին, ինչպես նաեւ այն մարմնին կամ պաշտոնատար անձին, որն իրավասու է տվյալ պաշտոնում թեկնածու առաջադրելու՝ միաժամանակ ներկայացնելով թեկնածուի համար անհրաժեշտ սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները:»:

Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «զ» կետից հանել «եւ նիստերի արձանագրությունները» բառերը,

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Արձակուրդի կամ գործուղման դեպքում Հանձնաժողովի նախագահը Հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է իրեն փոխարինող: Փոխարինող չնշանակելու, ինչպես նաեւ Հանձնաժողովի նախագահի ժամանակավոր անաշխատունակության, լիազորությունների դադարման կամ դադարեցման դեպքերում Հանձնաժողովի նախագահին փոխարինում է Հանձնաժողովի տարիքով ավագ անդամը:»:

Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր նախադասությամբ.

«Արձանագրությունը ստորագրում են նիստին ներկա Հանձնաժողովի բոլոր անդամները:»,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ նոր 13-րդ մասով.

«13. Հանձնաժողովն  ապահովում  է  իր  գործունեության հրապարակայնությունը եւ թափանցիկությունը զանգվածային լրատվամիջոցների, պաշտոնական ինտերնետային կայքի եւ այլ միջոցներով: Հանձնաժողովն իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է իր ընդունած որոշումները:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: