Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-163-27.05.2019-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 34-րդ հոդվածի 1-ին մասում «Հետաքննության մարմինը, քննիչը եւ դատախազը» բառերը փոխարինել «Քրեական հետապնդման մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 57-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին կետ.

«5.1) Սույն օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված դեպքում նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու որոշման կատարման արդյունքներն ուղարկում է անմիջականորեն նախաքննության մարմին` այդ մասին անհապաղ տեղյակ պահելով դատախազին.»:

Հոդված 3. Օրենսգրքի 282-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Հետաքննության մարմինը, քննիչը միջնորդություն հարուցելու որոշման պատճենն ուղարկում է հսկող դատախազին: Սույն օրենսգրքի 280-րդ հոդվածով նախատեսված դատավարական հարկադրանքի միջոց կիրառելու մասին միջնորդություն հարուցելու որոշումը (պատճենը) դատարան եւ հսկող դատախազին կարող է ուղարկել էլեկտրոնային եղանակով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 283-րդ հոդվածում`

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Միջնորդությունները քննում է դատավորը միանձնյա: Դատավարական հարկադրանք կիրառելու մասին միջնորդությունը քննարկվում է այն ներկայացրած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցչի մասնակցությամբ, դռնփակ դատական նիստում: Քննչական գործողություններ կատարելու միջնորդության քննարկմանը միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձը կամ նրա ներկայացուցիչը կամ դատախազը մասնակցում է դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի կամ դատախազի նախաձեռնությամբ:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ մաս.

«6. Որոշումը կայացնելու օրը դատարանն այն հանձնում է վարույթ իրականացնող մարմնին, ով որոշման պատճենն անհապաղ ուղարկում է հսկող դատախազին:»:

Հոդված 5. Օրենսգրքի 284-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Միջնորդությունը քննարկում է դատավորը միանձնյա: Միջնորդության քննարկմանը միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձը կամ նրա ներկայացուցիչը մասնակցում է դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի նախաձեռնությամբ: Միջնորդությունը պետք է քննարկվի եւ որոշում կայացվի այն ստացվելուց հետո` 12 ժամվա ընթացքում:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

16 մայիսի 2019 թվականի  N 587   - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ       Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

2019 թ. մայիսի 21
Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 16-ի N 587-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը:

ՀԱՐԳԱՆՔՈՎ`         ՆԻԿՈԼ  ՓԱՇԻՆՅԱՆ