Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1311-19.12.2011-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀO-258 oրենքի (այսուհետ` օրենք)` 33-րդ հոդվածում`

1. 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները, սույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն զինծառայողներին հավասարեցված անձինք, ինչպես նաեւ ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները բժշկական օգնությամբ ապահովվում են սույն հոդվածով սահմանված կարգով:».

2. լրացնել նոր 5-րդ մաս` հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն հոդվածի իմաստով` զինծառայողի, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում.

1) 18 տարին չլրացած երեխաները, անգործունակ ճանաչված կամ մինչեւ 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաեւ 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը.

2) ծնողները, ամուսինը.

3) զինծառայողի, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչեւ 23 տարեկան ուսանող քույրը եւ եղբայրը, ինչպես նաեւ նրա խնամքի տակ գտնվող 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը եւ եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը: Քույրը եւ եղբայրը համարվում են զինծառայողի, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:»:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 34-րդ հոդվածի`

1. 1-ին մասում.

ա) «աջակցություն» բառից հետո լրացնել «` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերը.

բ) լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն մասում նշված անձանց ընտանիքի անդամ են համարվում.

1) ամուսինը եւ 18 տարին չլրացած երեխաները.

2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչեւ 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաեւ համատեղ բնակվող` 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը.

3) համատեղ բնակվող ծնողները.

4) զինծառայողի, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող եւ համատեղ բնակվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված, կամ մինչեւ 23 տարեկան ուսանող քույրը եւ եղբայրը, ինչպես նաեւ նրա խնամքի տակ գտնվող եւ համատեղ բնակվող` 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը եւ եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը: Քույրը եւ եղբայրը համարվում են զինծառայողի, ինչպես նաեւ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:»

2. 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն` հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն մասի իմաստով` զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում.

1) ամուսինը եւ 18 տարին չլրացած երեխաները.

2) համատեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչեւ 23 տարեկան ուսանող զավակները, ինչպես նաեւ համատեղ բնակվող` 18 տարեկան եւ դրանից բարձր տարիքի հաշմանդամ զավակները, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչեւ իրենց 18 տարին լրանալը:»:

ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

1.Անհրաժեշտությունը

Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքով նախատեսված արտոնությունների կիրառման արդյունքում զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց, հաշմանդամ կամ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամ համարվող անձանց շրջանակը հստակեցնելու անհրաժեշտությամբ:

2.Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս օրենքով սահմանված բժշկական սպասարկման եւ բնակարանային ապահովածության արտոնությունների կիրառման, ինչպես նաեւ բնակելի տարածությունների վարձակալության դիմաց դրամական փոխհատուցման տրամադրման գործընթացում օրենքը չէր նախատեսում զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց, հաշմանդամ կամ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամ համարվող անձանց շրջանակը, ինչն առաջացնում էր այդ շրջանակի անհարկի մեկնաբանությունների, օրենքի դրույթների ոչ միատեսակ կիրառման, եւ դրա արդյունքում` չհստակեցված ծախսերի կատարում:

3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Օրենքով սահմանված բժշկական սպասարկման եւ բնակարանային ապահովածության արտոնությունների կիրառման գործընթացում օրենքի դրույթների միատեսակ կիրառման ապահովում եւ հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցում, կատարվող ծախսերի օպտիմալացում:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց, սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված, հաշմանդամ կամ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բժշկական սպասարկման եւ բնակարանային ապահովածության արտոնությունները, ինչպես նաեւ բնակելի տարածությունների վարձակալության դիմաց դրամական փոխհատուցումը սահմանող օրենքի հոդվածներում տրվում է նշված անձանց ընտանիքների անդամների շրջանակը: Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին պարբերությունում կատարվում է տեխնիկական բնույթի լրացում, քանի որ ՀՀ կառավարության 09.05.2005թ. N 947-Ն որոշմամբ արդեն իսկ հաստատվել է անհատույց պետական ֆինանսական աջակցության տրամադրման կարգը:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք

Նախագծի մշակմանը ներգրավվել են ՀՀ ՊՆ իրավաբանական վարչությունը, ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչությունը, ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունը:

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ բժշկական սպասարկման եւ բնակարանային ապահովածության արտոնությունների կիրառման գործընթացում կապահովվի օրենքի դրույթների միատեսակ կիրառումը եւ հստակ կսահմանվի զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց, սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված, հաշմանդամ կամ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամների շրջանակը, ինչը կնպաստի հնարավոր կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, կատարվող ծախսերի օպտիմալացմանը: