Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1304-02.12.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի ՀՕ-248 քրեական դատավարության օրենսգիրքը  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 478.1-478.4 հոդվածներով.

«ՀՈԴՎԱԾ 478.1.  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ  ԴՈՒՐՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ  ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած անձանց Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալելու դեպքում ձերբակալման արձանագրությունն անհապաղ ուղարկվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն:

2. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը ձերբակալման արձանագրությունն ստանալուց հետո ձերբակալման մասին անհապաղ տեղեկացնում է միջազգային հետախուզում իրականացնող իրավասու մարմիններին եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը: Իրավասու մարմինները 3-օրյա ժամկետում տեղեկացնում են հետախուզում հայտարարած օտարերկրյա պետության իրավասու մարմիններին:

3. Եթե անձի ձերբակալման պահից 72 ժամվա ընթացքում չի կայացվել նրան ժամանակավոր կալանավորելու մասին  Հայաստանի Հանրապետության դատարանի որոշումը, ապա ձերբակալված անձը ենթակա է անհապաղ ազատման:

ՀՈԴՎԱԾ 478.2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՏԱՐԱԾՔԻՑ  ԴՈՒՐՍ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ  ԱՆՁԱՆՑ  ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

1. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հանցագործություն կատարած եւ Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված անձանց նկատմամբ  կիրառվում է ժամանակավոր կալանավորում` մինչեւ 40 օր ժամկետով կամ միջազգային պայմանագրով նախատեսված այլ ժամկետով` հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալու եւ հանձնումը բացառող հանգամանքները պարզելու նպատակով: Եթե հանձնելու վերաբերյալ միջնորդությունը չի ստացվել ժամանակավոր կալանավորման համար նախատեսված առավելագույն ժամկետի ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության դատարանը մերժել է հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդությունը կամ  պարզվել են հանձնումը բացառող հանգամանքները, ապա անձը ենթակա է ազատման: Հանձնելու վերաբերյալ միջնորդությունը ժամանակին չներկայացնելու հիմքով անձին ժամանակավոր կալանավորումից ազատելը չի խոչընդոտում հետագայում նրա նկատմամբ հանձնելու համար կալանավորման կիրառումը:

2. Մինչեւ անձին հանձնելու վերաբերյալ միջնորդություն ստանալը, օտարերկրյա պետության իրավասու մարմնի` անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդությունը կամ որոշումը կարող է հանձնվել փոստով, այդ թվում` էլեկտրոնային կամ հեռագրով կամ տեխնիկական այլ միջոցներով, ինչպես նաեւ Միջազգային քրեական ոստիկանության (Ինտերպոլ) կամ անձի հետախուզում իրականացնող այլ միջազգային կազմակերպության միջոցով, որի մասնակից է Հայաստանի Հանրապետությունը:

3. Դատախազն անձի նկատմամբ ժամանակավոր կալանավորում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացնում է ձերբակալման վայրի դատարան: Միջնորդությանը կցվում են` ձերբակալման արձանագրության պատճենը, օտարերկրյա պետության իրավասու մարմնի` անձին ժամանակավոր կալանավորելու մասին միջնորդությունը կամ որոշումը կամ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված փաստաթղթերը եւ ձերբակալվածի անձը հաստատող փաստաթղթերը:

4. Միջնորդությունը քննարկելիս` դատարանը լսելով դատախազին, ձերբակալված անձին եւ նրա պաշտպանին, ուսումնասիրելով ներկայացված նյութերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու եւ ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին կամ  միջնորդությունը մերժելու մասին: Ժամանակավոր կալանավորում կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

5. Միջնորդության քննարկման արդյունքների մասին դատախազը, սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով, անհապաղ տեղյակ է պահում օտարերկրյա պետության իրավասու մարմնին:

ՀՈԴՎԱԾ  478.3. ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ

1. Անձին հանձնելու վերաբերյալ միջնորդությունն ստանալիս, դատախազը, իսկ այլ պետության դատարանի վարույթում գտնվող քրեական գործերով կամ դատավճռի ի կատար ածելու գործերով  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը անձին հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդություն են ներկայացնում անձին արգելանքի վերցնելու վայրի դատարան:

2. Հանձնելու համար կալանավորում կիրառելու միջնորդությանը կցվում են` անձին հանձնելու մասին միջնորդության պատճենը եւ անձի  քաղաքացիության վերաբերյալ տեղեկանքը:

3. Միջնորդությունը քննարկելիս, դատարանը լսելով միջնորդություն ներկայացնողին, արգելանքի վերցված անձին եւ նրա պաշտպանին, ստուգելով անձին հանձնելու վերաբերյալ միջնորդությունը եւ ուսումնասիրելով ներկայացված այլ փաստաթղթերը, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու եւ հանձնման համար կալանավորում կիրառելու կամ կալանավորման ժամկետը երկարացնելու կամ  միջնորդությունը մերժելու մասին: Դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

4. Միջնորդությունը քննարկելիս դատարանը իրավասու չէ հետազոտել անձի մեղավորության հարցերը, կամ ստուգել օտարերկրյա պետության մարմինների կողմից ընդունված դատավարական փաստաթղթերի օրինականությունը:

5. Հանձնելու համար կալանավորումը կիրառվում է երկու ամիս ժամկետով:  Կալանավորման ժամկետը լրանալուց 10 օր առաջ` դատախազը կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը դատարան են ներկայացնում անձին կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդություն: Հանձնելու համար կալանավորման ժամկետը չի կարող գերազանցել 8 ամիսը:

6. Հանձնելու համար կալանավորման առավելագույն ժամկետում անձին հանձնելու հարցը չլուծելու կամ նրան փաստացի չհանձնելու դեպքում` անձը ենթակա է անհապաղ ազատման: Սույն հիմքով անձին ազատելը չի խոչընդոտում նրա նկատմամբ փաստացի հանձնելու նպատակով կալանավորում կիրառելը:

7. Անձին կալանավորումից ազատելու դեպքում նրա նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքի 144–148-րդ հոդվածներով նախատեսված խափանման այլ միջոցներ:

8. Սույն հոդվածի եւ սույն օրենսգքրքի 478.2 հոդվածի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծանր եւ առանձնապես ծանր հանցագործություն կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա` քրեական գործով վարույթը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու նպատակով: Փոխանցված քրեական գործը վարույթ ընդունելու պահից անձի նկատմամբ խափանման միջոց ընտրելու հարցը լուծվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

ՀՈԴՎԱԾ 478.4. ԱՐԳԵԼԱՆՔԻ  ՎԵՐՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

1. Սույն օրենսգրքի 478.1, 478.2, 478.3 հոդվածներով նախատեսված դեպքերում արգելանքի վերցված անձինք իրավունք ունեն հայտնել բացարկներ, անվճար ստանալ ձերբակալման արձանագրությունը, ինչպես նաեւ ժամանակավոր կալանավորում կիրառելու կամ հանձնելու համար կալանավորում կիրառելու որոշման կամ խափանման միջոց ընտրելու մասին որոշման պատճենը,  ունենալու պաշտպան, հրաժարվել պաշտպանից եւ պաշտպանվել ինքնուրույն, առանձին, խորհրդապահական կարգով անարգել տեսակցել իր պաշտպանի հետ` առանց տեսակցության թվի եւ տեւողության սահմանափակման, հետ վերցնել իր կամ իր պաշտպանի ներկայացրած բողոքը, բողոքարկել հետաքննության մարմնի, դատախազի, դատարանի որոշումները եւ գործողությունները:

2. Քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց պետական միջոցների հաշվին հնարավորություն է տրվում թարգմանչի օգնությամբ իրականացնել իրենց իրավունքները: Քրեական դատավարության լեզվին չտիրապետող անձանց տրվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հանձնման ենթակա փաստաթղթերի պատճեններն այն լեզվով, որին նրանք տիրապետում են:

3.  Հետաքննության մարմինը, գրավոր բացատրում է արգելանքի վերցված անձանց իրավունքները եւ ապահովում դրանց իրականացումը` սույն օրենսգրքով սահմանված կարգով:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման