Armenian ARMSCII Armenian
Կ-1303-01.12.2011-ՏՀ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

գեոդեզիա` երկրագնդի ձեւի, չափերի, ծանրաչափական դաշտի, Երկրի մակերեւույթի կետերի կոորդինատների որոշման հետ կապված գիտական, տեխնիկական եւ արտադրական գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ.

գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեություն` գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառում գիտական, տեխնիկական, արտադրական եւ կառավարչական գործունեություն, գեոդեզիայի եւ քարտեզագրության ոլորտում ծառայությունների մատուցման գործունեություն.

գեոդեզիական կետ` կառուցվածք, որով տեղանքում տեղադրված են երկրագնդի ֆիզիկական մակերեւույթի կետերը` որոշվող կոորդինատներով եւ բարձրություններով.

գեոդեզիական ցանց` մեկը մյուսին կապակցված գեոդեզիական կետերի ամբողջություն.

գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքներ` գեոդեզիական եւ քարտեզագրական նյութերի ու տվյալների, ինչպես նաեւ արտադրանքի ստեղծման գործընթաց.

երկրագնդի հեռահար զոնդավորում` տիեզերքից կատարված նկարահանումների միջոցով Երկրի մակերեւույթի վերաբերյալ տվյալների ստացման գործընթաց.

կոորդինատային համակարգ` երկրագնդի ֆիզիկական  մակերեւույթի կետերին կոորդինատներ վերագրելու մաթեմատիկական կանոններ.

մասշտաբ` համամասնություն, որը սահմանում (հաստատում) է հարաբերակցությունը քարտեզագրական պատկերում արտահայտված օբյեկտի գծային չափերի եւ բնության մեջ նրա իրական չափերի միջեւ.

մասշտաբային շարք` Հայաստանի Հանրապետության համար ընդունված պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների եւ հատակագծերի որոշակի մասշտաբների հստակ համակարգ.

տեղական կոորդինատային համակարգ` Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորը չգերազանցող սահմանափակ տարածքի համար սահմանված պայմանական կոորդինատային համակարգ, որի կոորդինատների սկիզբը եւ կոորդինատային առանցքների կողմնորոշումը շեղված են պետական միասնական կոորդինատային համակարգի նկատմամբ, որը կիրառվում է գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների իրականացման ժամանակ.

տարածական տվյալներ` օբյեկտների վերաբերյալ տարածական տեղեկություններ, որոնք ընդգրկում են տեղեկություններ դրանց տեղադիրքի, ձեւի եւ հատկությունների մասին.

տարածական մետատվյալներ` տվյալների հավաքածու, որոնք թույլ են տալիս նկարագրել տարածական տվյալների բնութագրերը.

քարտեզագրություն` քարտեզների ուսումնասիրման, ստեղծման եւ օգտագործման հետ կապված գիտական, տեխնիկական եւ արտադրական գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ.

քարտեզագրագեոդեզիական ֆոնդ` գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության իրականացումից ստեղծված եւ հետագա օգտագործման նպատակներով երկարատեւ պահպանման ենթակա նյութերի ու տվյալների հավաքածու:»:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում`

1) 2-րդ մասի «ժա» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«ժա) նավիգացիոն գործունեության իրականացման նպատակով գեոդեզիական դիտարկումներ.».

2) 4-րդ մասի «բ», «գ» եւ «զ» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«բ) հանութային աշխատանքների իրականացումը, պետական մասշտաբային շարքի տեղագրական, հատուկ եւ նավիգացիոն քարտեզների ստեղծումը, դրանց թարմացումը եւ բազմացումը.

գ) երկրագնդի հեռահար զոնդավորման արդյունքում ստացված նյութերի մշակումը, տիեզերական եւ օդահանութային (աերոհանութային) աշխատանքների արդյունքում ստացված նյութերի ֆոտոգրամետրիկ մշակումը քարտեզների ստացման նպատակով.»,

«զ) աշխարհագրական անվանումների պետական գրանցման իրականացումը, աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծումն ու վարումը եւ դրանց տվյալների հիման վրա պաշտոնական տեղեկատուների, ընդհանուր եւ թեմատիկ բառարանների, ցանկերի ստեղծումն ու հրատարակումը.».

3) 4-րդ մասի «է» կետը «ազգային ատլասի» բառից հետո լրացնել «, Աշխարհի մեծ ատլասի, կրթական համակարգի համար ուսումնական եւ այլ պաշտոնական քարտեզների» բառերով,  «թ» կետը «պետական» բառից հետո լրացնել «բազային» բառով, իսկ «ժբ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի «ե» կետի «(այդ թվում` Հայաստանի Հանրապետության հերթապահ տեղեկատու քարտեզի)» բառերը հանել:

Հոդված  4. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ մասերով.

«6. Տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքը տեղեկատվական ռեսուրսների ամբողջականություն է, որը նախատեսված է տարածական տվյալների հավաքագրման, մշակման, վերլուծության, արդիականացման, պահպանման եւ սպառողին տվյալների տրամադրման համար եւ բաղկացած է պետական տարածական տվյալների բանկից, ճյուղային, տարածքային եւ համայնքային տարածական տվյալների բանկից, մետատվյալների բանկից, ինչպես նաեւ` իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տարածական տվյալների բանկից:

7. Տարածական տվյալների` Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ենթակառուցվածքի կազմը, ձեւավորումը, վարումը եւ տեղեկատվության տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված  5. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի «համայնքի վարչական սահմաններից դուրս` մարզպետը: Մարզպետները եւ համայնքների ղեկավարները» բառերը հանել, իսկ «պարտավոր են» բառերը փոխարինել «ով պարտավոր է» բառերով:

Հոդված  6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: