Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1303-01.12.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԳԵՈԴԵԶԻԱՅԻ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի ՀՕ-179 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին եւ 2-րդ հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ`

«ՀՈԴՎԱԾ 1. ՕՐԵՆՔՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները.

գեոդեզիա ` երկրագնդի ձեւի, չափերի, ծանրաչափական դաշտի, Երկրի մակերեւույթի կետերի կոորդինատների որոշման հետ կապված գիտական, տեխնիկական եւ արտադրական գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ.

քարտեզագրություն ` քարտեզների ուսումնասիրման, ստեղծման եւ օգտագործման հետ կապված գիտական, տեխնիկական եւ արտադրական գործունեության ընթացքում ծագող հարաբերությունների ոլորտ.

գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեություն ` գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառում գիտական, տեխնիկական, արտադրական եւ կառավարչական գործունեություն, գեոդեզիայի եւ քարտեզագրության ոլորտում ծառայությունների մատուցման գործունեություն.

կոորդինատային համակարգ ` երկրագնդի ֆիզիկական  մակերեւույթի կետերին կոորդինատներ վերագրելու մաթեմատիկական կանոններ.

տեղական կոորդինատային համակարգ ` պայմանական կոորդինատային համակարգ սահմանված սահմանափակ տարածքի համար Հանրապետության վարչատարածքային միավորը չգերազանցող, որի կոորդինատների սկիզբը եւ կոորդինատային առանցքների կողմնորոշումը շեղված է պետական միասնական կոորդինատային համակարգի նկատմամբ, որը կկիրառվի գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքների իրականացման ժամանակ.

գեոդերզիական կետ ` կառուցվածք, որով տեղանքում տեղադրված են երկրագնդի ֆիզիկական մակերեւույթի կետերը որոշվող կոորդինատներով եւ բարձրություններով.

գեոդեիզական ցանց ` մեկը մյուսին կապակցված գեոդեզիական կետերի ամբողջություն.

գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքներ ` գեոդեզիական եւ քարտեզագրական նյութերի ու տվյալների, ինչպես նաեւ արտադրանքի ստեղծման գործընթաց.

մասշտաբ ` համամասնություն, որը սահմանում/հաստատում է հարաբերակցությունը քարտեզագրական պատկերում արտահայտված օբյեկտի գծային չափերի եւ բնության մեջ նրա իրական չափերի միջեւ.

մասշտաբային շարք ` Հայաստանի Հանրապետության համար ընդունված պետական մասշտաբային շարքի տեղագրական քարտեզների եւ հատակագծերի որոշակի մասշտաբների հստակ համակարգ.

տարածական տվյալներ ` օբյեկտների վերաբերյալ տարածական տեղեկություններ, որոնք ընդգրկում են իրենց մեջ տեղեկություններ դրանց տեղադիրքի, ձեւի եւ հատկությունների մասին.

տարածական մետատվյալներ ` տվյալների հավաքածու, որոնք թույլ են տալիս նկարագրել տարածական տվյալների բնութագրերը.

Երկրագնդի հերահառ զոնդավորում ` գործընթաց, որը թույլ է տալիս ստանալ տվայլներ Երկրի մակերեւույթի վերաբերյալ տիեզերքից կատարված նկարահանումների միջոցով.

քարտեզագրագեոդեզիական ֆոնդ ` գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության իրականացումից ստեղծված եւ հետագա օգտագործման նպատակներով երկարատեւ պահպանման ենթակա նյութերի ու տվյալների հավաքածու:

ՀՈԴՎԱԾ 2. ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

1. Գեոդեզիական եւ քարտեզագրական աշխատանքներն ըստ իրենց նշանակության դասակարգվում են`

ա) պետական նշանակության աշխատանքների.

բ) տեղական նշանակության աշխատանքների:

2. Պետական նշանակության գեոդեզիական աշխատանքներն են`

ա) երկրագնդի ձեւի եւ արտաքին ծանրաչափական դաշտի պարամետրերի որոշումը.

բ) Հայաստանի Հանրապետության տարածքի համար պետական (ազգային) եւ միջազգային պլանային ու բարձունքային համակարգերի սահմանումը.

գ) պետական գեոդեզիական (պլանային եւ բարձունքային) ցանցի ստեղծումը, թարմացումը եւ զարգացումը.

դ) պետական ծանրաչափական ցանցի ստեղծումը եւ զարգացումը.

ե) պետական գեոդինամիկական ցանցի եւ պոլիգոնների ստեղծումը, թարմացումը եւ զարգացումը.

զ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի եւ վարչատարածքային միավորների սահմանագծման, սահմանազատման հետ կապված գեոդեզիական աշխատանքների իրականացումը.

է) գեոդեզիական եւ ծանրաչափական ցանցերի կետերի քարտադարանների (կատալոգների) ստեղծումը եւ վարումը.

ը) գեոդեզիական եւ ծանրաչափական չափումների արդյունքում ստացված նյութերի ու տվյալների ֆոնդերի (տեղեկատվական բանկի) ստեղծումը, պահպանումը, թարմացումը, տեղեկատվության տրամադրումը.

թ) գեոդեզիայի ոլորտին վերաբերող գիտահետազոտական եւ փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարումը, այդ ոլորտում ժամանակակից տեխնիկայի եւ տեխնոլոգիաների ներդրումը.

ժ) նավիգացիոն գործունեության իրականացման նպատակով գեոդեզիական դիտարկումներ.

ժա) գեոդեզիական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.

ժբ) պետական գեոդեզիական ցանցի կետերի պահպանությունը:

3. Տեղական նշանակության գեոդեզիական աշխատանքներն են`

ա) ճյուղային, տարածքային եւ տեղական ծրագրերի (գեոդինամիկա, քաղաքաշինություն, բնության պահպանություն, հանքավայրերի շահագործում, կադաստրի, հողերի ծրաչափություն եւ հողաշինարարական այլ աշխատանքներ) իրականացման հետ կապված խտացման եւ հատուկ գեոդեզիական ցանցերի ստեղծումը` կոորդինատային տարբեր (տեղական եւ պայմանական) համակարգերում.

բ) խտացման եւ հատուկ գեոդեզիական ցանցերի կետերի քարտադարանների ստեղծումն ու վարումը:

4. Պետական նշանակության քարտեզագրական աշխատանքներն են`

ա) տեղագրական քարտեզների եւ հատակագծերի պետական մասշտաբային շարքի սահմանումը.

բ) հանութային աշխատանքների իրականացումը, պետական մասշտաբային շարքի տեղագրական, հատուկ եւ նավիգացիոն քարտեզների ստեղծումը, դրանց թարմացումը եւ բազմացումը.

գ) երկրագնդի հեռահար զոնդավորման արդյունքում ստացված նյութերի մշակումը, տիեզերական եւ օդահանութային (աերոհանութային) աշխատանքների արդյունքում ստացված նյութերի ֆոտոգրամետրիկ մշակումը` քարտեզների ստացման նպատակով.

դ) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի եւ վարչատարածքային միավորների սահմանագծման, սահմանազատման հետ կապված քարտեզագրական աշխատանքների կատարումը.

ե) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող այլ տարածքների քարտեզագրումը.

զ) աշխարհագրական անվանումների պետական գրանցման իրականացումը, աշխարհագրական անվանումների պետական քարտադարանի ստեղծումն ու վարումը եւ դրանց տվյալների հիման վրա պաշտոնական տեղեկատուների, ընդհանուր եւ թեմատիկ բառարանների, ցանկերի ստեղծումն ու հրատարակումը.

է) հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների (այդ թվում` Հայաստանի ազգային ատլասի, Աշխարհի Մեծ ատլասի, կրթական համակարգի համար ուսումնական եւ այլ պաշտոնական քարտեզների) ստեղծումը եւ հրատարակումը.

ը) պետական բազային երկրատեղեկատվական համակարգերի ստեղծումը եւ վարումը.

թ) պետական մասշտաբային շարքի քարտեզների ու հատակագծերի եւ հիմնարար քարտեզագրական ստեղծագործությունների ֆոնդի (տեղեկատվական բանկի) ստեղծումը, պահպանումը, թարմացումը, տեղեկատվության տրամադրումը.

ժ) քարտեզագրության ոլորտին վերաբերող գիտահետազոտական եւ փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կատարումը, այդ ոլորտում ժամանակակից տեխնիկայի եւ տեխնոլոգիաների ներդրումը.

ժա) քարտեզագրական աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը:

5. Տեղական նշանակության քարտեզագրական աշխատանքներն են`

ա) ճյուղային, տարածքային եւ տեղական ծրագրերի իրականացման նպատակով տեղագրական եւ թեմատիկ հատակագծերի, քարտեզների եւ ատլասների (կադաստրային, նավիգացիոն, գյուղատնտեսական, քաղաքաշինական, բնապահպանական, ոռոգելի հողերի, երկրաբանական, տնտեսական, կլիմայական, պատմական, տուրիստական, գեոդինամիկական եւ այլն) ստեղծումն ու հրատարակումը.

բ) գերատեսչական եւ տեղական (համայնքային) երկրատեղեկատվական համակարգերի ստեղծումը եւ վարումը.

գ) անշարժ գույքի միավորի սահմաններում կադաստրային քարտեզագրական աշխատանքների իրականացումը:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) վերնագրում եւ առաջին պարբերությունում «լիազորած» բառը փոխարինել «լիազորված» բառով.

2)  ե) ենթակետում «(այդ թվում` Հայաստանի Հանրապետության հերթապահ տեղեկատու քարտեզի)» բառերը հանել.

3) ը) ենթակետում «աշխատանքների» բառից հետո լրացնել «ծրագրային տեխնիկական» բառերը:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 9-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 10-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «Պետական» բառից հետո լրացնել « նպատակների,» բառը:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասում «ցանցերի» բառից հետո լրացնել «նյութերից եւ կետերի կոորդինատների ժողովածուներից,» բառերը.

2) 5-րդ մասից հետո լրացնել նոր 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ մասեր հետեւյալ բովանդակությամբ`

« 6. Հայաստանի Հանրապետության տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքը հանդիսանում է ինտեգրված տեղեկատվական ռեսուրսների ամբողջականություն, որը ներկայանում է տեղեկատվական տվյալների բազային տեսքով, որոնք նախատեսված են տարածական տվյալների հավաքագրման, մշակման, վերլուծության, արդիականացման, պահպանման եւ սպառողին տվյալների տրամադրման համար:

7. Տարածական տվյալների ենթակառուցվածքների ստեղծումը եւ զարգացումը պայմանավորված է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական կառավարման մարմիններին օբյեկտիվ անհրաժեշտությամբ եւ հավաստի, օպերատիվ եւ գործածական տվյալների կիրառման արդյունավետության համար:

8. Հայաստանի Հանրապետության տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքը բաղկացած է պետական տարածական տվյալների բանկից, ճյուղային, տարածքային եւ համայնքային տարածական տվյալների բանկից, մետատվյալների բանկից, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց տարածական տվյալների բանկից:

9. Ճյուղային, տարածքային եւ համայնքային տարածական տվյալների բանկերը ստեղծվում են տեղական բյուջեի հաշվին, իրենց իրավասությունների սահմաններում:

10. Հայաստանի Հանրապետության տարածական տվյալների տեղեկատվական ենթակառուցվածքի կազմը, ձեւավորումը, վարումը եւ  տեղեկատվության տրամադրման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`  « 4. Գեոդեզիական կետերի պահպանությունը համայնքի վարչական սահմաններում իրականացնում է համայնքի ղեկավարը: Համայնքների ղեկավարները պարտավոր են լիազորված մարմնին տեղյակ պահել գեոդեզիական կետերի ոչնչացման կամ վնասման բոլոր դեպքերի մասին:»:

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

«Գեոդեզիայի եվ քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասինե  Հայաստանի Հանրապետության օրենքի  ընդունման վերաբերյալ

1. Անհրաժեշտությունը.

Սույն օրենքի փոփոխության անհրաժեշտությունը բխում է վերջին տասնամյակի ընթացքում գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառում տեղի ունեցած հիմնարար փոփոխությունների, այդ թվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 17-ի նիստի ,Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման եւ մշտական գործող ՋիՊիէս (GPS) ռեֆերենց կայանների ցանցի ստեղծման հայեցակարգը հաստատելու մասինե N 52-Ա որոշման պահանջներից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Գեոդեզիայի եւ քարտեզագրության ոլորտը բուռն զարգացում է ապրում, որի վառ ապացույցն է ՀՀ կառավարության կողմից հաստատված 23 դեկտեմբերի 2010 թվականի N 1721-Ն որոշմամբ հաստատված ,,Հայաստանի Հանրապետությունում նավիգացիոն համակարգերի ներդրման ծրագիր”-ն է:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Բնագավառի քաղաքականության առաջնային խնդիրն է` ապահովել գեոդեզիայի եւ քարտեզագրության ոլորտի արդիականությունը եւ ստեղծել տարածական տվյալների ենթակառուցվածքներ:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Կարգավորման նպատակն է քաղաքացիներին, կազմակերպություններին, պետական կառավարման մարմիններին օբյեկտիվ անհրաժեշտությամբ եւ հավաստի տվյալների կիրառման արդյունավետության բարձրացումը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:

6. Ակնկալվող արդյունքը.

Առաջարկվող նախագիծը հաստատելու դեպքում կարդիականացվի Հայաստանի Հանրապետության գեոդեզիայի եւ քարտեզագրության ոլորտը: