Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-12960-25.11.2011,28.11.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության (2003 թվականի ապրիլի 18-ի ՀՕ-528-Ն) քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 15-րդ հոդվածի 2-րդ մասը «384-րդ» բառից առաջ լրացնել «190-րդ, 200-րդ, 201-րդ, 311-313-րդ,» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 200-րդ հոդվածի`

1) 1-ին եւ 3-րդ մասերից հանել «կառավարչական գործառույթներ իրականացնող»  եւ «կառավարչական գործառույթ իրականացնող» բառերը.

2) 1-րդ մասում «ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով.

3) 3-րդ մասում «առավելություն ստանալը» բառերից հետո լրացնել «կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը» բառերով.

4) 5-րդ մասի`

ա. առաջին պարբերությունում «առեւտրային կազմակերպություններում» բառերից հետո լրացնել «կամ զբաղեցնում է ցանկացած այլ պաշտոն» բառերը.

բ. երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«Առեւտրային կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, կամ եթե այդ անձը կաշառք տալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին»:

Հոդված 3. Օրենսգրքի 201-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով».

2) 3-րդ մասի`

ա. առաջին պարբերությունում` «առավելություն ստանալը» բառերից հետո լրացնել «կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը» բառերը.

բ. երկրորդ պարբերությունում` «ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 308-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «հինգհարյուրապատիկի» բառը փոխարինել «երեքհարյուրապատիկի» բառով.

2) 4-րդ մասում «311-րդ, 312-րդ եւ 313-րդ հոդվածներով նախատեսված արարքների կատարման առումով» բառերը փոխարինել «311-րդ, 311.2-րդ, 312-րդ, 312.2-րդ եւ 313-րդ հոդվածներով նախատեսված» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 311-րդ, 311.1-ին, 311.2-րդ հոդվածների 1-ին մասերում «առավելություն ստանալը» բառերից հետո լրացնել «կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը» բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասում «ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերը փոխարինել «ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով:

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` 312.2-րդ հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 312.2.  ԻՐԱԿԱՆ ԿԱՄ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՊՕՐԻՆԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ

1. Անձին` նրա իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը, այսինքն` անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը իր կամ իր ներկայացրած անձանց օգտին որեւէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որեւէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար:

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է խոշոր չափերով`

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

3. Ապօրինի վարձատրություն տալը, որը կատարվել է`

1) առանձնապես խոշոր չափերով,

2) կազմակերպված խմբի կողմից`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

4. Ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրություն տալու շորթում, կամ եթե այդ անձը ապօրինի վարձատրություն տալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին»:

Հոդված 8. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրվանից:
 


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1. Անհրաժեշտությունը

Կաշառքը, այդ թվում նաեւ առեւտրային, բացահայտելիության տեսանկյունից ամենադժվար հանցագործություններից մեկն է: Դրա պատճառներն են.

1. ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվության է սահմանում ինչպես կաշառք ստանալու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու եւ առեւտրային կաշառք ստանալու(ՀՀ քրեական օրենսգրքի 311, 311.1 եւ 200 հոդվածներ), այնպես էլ կաշառք տալու, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու համար եւ առեւտրային կաշառք տալու(ՀՀ քրեական օրենսգրքի 312, 312.1 եւ 200 հոդվածներ), ինչպես նաեւ կաշառքի միջնորդության համար(ՀՀ քրեական օրենսգրքի 313 հոդվածներ): Այսինքն  քրեական պատասխանատվության է սահմանված այս հանցագործության բոլոր մասնակիցների համար, որի արդյունքում վերջիններիս միջեւ ստեղծվում է ներքին կապ, այսինքն` նրանք փորձում են ընդհանուր ջանքերով քողարկել այս հանցագործությունը.

2. Ի տարբերություն մյուս հանցագործությունների` նման հանցագործությունների քննության դեպքում ապացույցների քանակը սակավաթիվ է, հաճախ մեղադրանքը հիմնվում է անուղղակի ապացույցների վրա, որոնց գնահատումն իրենից մեծ դժվարություն է ներկայացնում.

3. Հաճախ կաշառքը տրվում է այնպիսի գործողությունների կատարման համար, որոնք ներառվում են կաշառք ստացողի` օրենքով նախատեսված լիազորությունների սահմաններում: Նման պայմաններում դժվարանում է այդ փաստի ապացուցումը, քանի որ բացակայում են ապօրինի գործունեության առկայությունը վկայող հանգանքներ

4. Այն հիմնականում իրականացվում է վկաների բացակայության պայմաններում:

Ուստի անհրաժեշտ է օրենսդրորեն այնպիսի մեխանիզմների առկայությունը, որոնք կնպաստեն տվյալ հանցագործության բացահայտմանը: Ներկայիս քրեական օրենսգրքում հենց այդպիսի մեխանիզմ է հանդիսանում է կաշառք, ապօրինի վարձատրություն, առեւտրային կաշառք տվողների պարտադիր ազատումը քրեական պատասխանատվությունից վերջիններիս գործուն զղջալու, այսինքն` կատարված հանցագործության մասին իրավապահ մարմիններին կամովին հայտնելու դեպքում:

Կամովին հայտնումը դա կաշառք կամ ապօրինի վարձատրություն տվողի սեփական ցանկությամբ տրված հայտարարությունն է` իր կողմից պաշտոնատար անձին կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին կամ առեւտրային կամ այլ կազմակերպության ղեկավարին կամ ցանկացած այլ պաշտոն զբաղեցնող անձին կաշառք կամ ապօրինի վարձատրություն տալու մասին: Ընդ որում այդ անձի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ իր կատարած հանցագործության մասին իրավապահ մարմիններին հայտնի չէ: Միաժամանակ որեւէ նշանակություն չունի կամավոր հայտնելու շարժառիթները եւ այն ժամանակահատվածը, որն անցել է կաշառքը կամ ապօրինի վարձատրությունը տալուց հետո: Օրենքը պարզապես պահանջում է, որ նման հայտարարությունն արվի իրավապահ մարմնին:

Պետք է նշել նաեւ, որ կաշառք կամ ապօրինի վարձատրություն տվողների ազատումը քրեական պատասխանատվությունից այդ մասին նրանց կողմից կամովին հայտնելու հիմքով բնավ չի նշանակում այդ անձանց գործողությունների մեջ հանցակազմի բացակայություն: Այդ պատճառով էլ վերջինները չեն կարող ճանաչվել տուժող եւ չեն կարող հավակնել այն արժեքների վերադարձմանը, որը տրվել է նրանց որպես կաշառակերության առարկա:

Ելնելով վերը նշվածից` կաշառք, ապօրինի վարձատրություն, առեւտրային կաշառք տվողի պարտադիր ազատման ինստիտուտի օրենսդրորեն սահմանումը անհրաժեշտ եւ պիտանի միջոց է կոռուպցիայի` որպես հանցավորության դեմ պայքարի իրականացման համար:

Այդ առումով նախատեսվում է փոփոխություններ եւ լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, որի անհրաժեշտությունը պայմանավորված է նախ ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1272-Ն որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի` կոռուպցիայի դեմ պայքարի քրեականացման միջոցները բաժնի, 98-րդ կետի պահանջներով: Մասնավորապես` հիշյալ որոշմամբ հաստատված «Ծրագրի» 98-րդ կետի համաձայն, որպես  հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառում, նախատեսվում է ամբողջականացնել եւ որոշակիացնել կոռուպցիոն հանցագործությունների շրջանակը: Այդ առումով օրենքի նախագծի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ հոդվածներով  նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասում, 311-րդ եւ 311.1-ին հոդվածների առաջին մասերում կատարել լրացում, քանի որ գործող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նշված հոդվածները չեն համապատասխանում «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» կոնվենցիայի 3-րդ եւ 8-րդ հոդվածների պահանջներին: Մասնավորապես` գործող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նշված հոդվածները չեն նախատեսում «կաշառք պահանջելու եւ առաջարկ կամ խոստում ընդունելու» տարրեր, ինչը «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» կոնվենցիայի 3-րդ եւ 8-րդ հոդվածների իմաստով դիտվում է մասնավոր հատվածում կամ պետական պաշտոնյաների պասիվ կաշառակերություն:  Գործող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նշված հոդվածների դրույթները միայն քրեականացնում են կաշառքի ստացումը:

Մասնավորապես ներկայացված նախագծի 2-րդ հոդվածով օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասում առաջարկվում է լրացնել «կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը» բառերով, որի արդյունքում ուղղակիորեն քրեականացվում է առեւտրային կաշառք պահանջելը եւ կաշառքի առաջարկը կամ խոստումը ընդունելը` հիշայլ հոդվածը համապատասխանեցնելով «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» կոնվենցիայի 8-րդ հոդվածի պահանջներին, որոնց համաձայն. «Յուրաքանչյուր կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու ձեռնարկատիրական գործունեության ոլորտում մասնավոր հատվածի կազմակերպությունում ղեկավար կամ ցանկացած պաշտոն զբաղեցնող որեւէ անձի` դիտավորությամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն նրա կամ ուրիշ որեւէ մեկի համար անհիմն օգուտ պահանջելը կամ ստանալը կամ նման օգուտի առաջարկ կամ խոստում ընդունելը, որպեսզի այդ անձն իր պարտականությունների խախտմամբ որեւէ գործողություն կատարի կամ դրա կատարումից ձեռնպահ մնա»:

Նախագծի 4-րդ եւ 5-րդ հոդվածներով օրենսգրքի 311-րդ եւ 311.1-ին հոդվածների առաջին մասերում առաջարկվում է լրացնել «կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը» բառերով, որի արդյունքում ուղղակիորեն քրեականացվում է պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհամարվող հանրային ծառայողի կողմից կաշառք պահանջելը եւ կաշառքի առաջարկը կամ խոստումը ընդունելը` հիշյալ հոդվածները համապատասխանեցնելով «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջներին, որոնց համաձայն. «Յուրաքանչյուր կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու որեւէ պետական պաշտոնյայի`  դիտավորությամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն նրա կամ ուրիշ որեւէ մեկի համար անհիմն օգուտ պահանջելը կամ ստանալը կամ նման օգուտի առաջարկ կամ խոստում ընդունելը, որպեսզի այդ պաշտոնյան իր իրավասության շրջանակներում որեւէ գործողություն կատարի կամ դրա կատարումից ձեռնպահ մնա»:

Բացի այդ, «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» կոնվենցիայի 12-րդ հոդվածը նախատեսում է, որ. «Յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են, իր ներպետական իրավունքին համապատասխան, քրեականացնելու դիտավորությամբ, ուղղակիորեն կամ անուղղակիորեն անհիմն օգուտ խոստանալը, առաջարկելը կամ տալը ցանկացած անձի, որը հայտարարում է կամ հաստատում է, որ ինքը կարող է 2-րդ, 4-6-րդ եւ 9-11-րդ հոդվածներում նշված անձանց որոշում կայացնելու վրա աղդեցություն գործել` անկախ այն բանից` այդ անհիմն օգուտը իր, թե ուրիշի համար է, ինչպես նաեւ նման օգուտ պահանջելը կամ ստանալը կամ այդ օգուտի առաջարկ կամ խոստում ընդունելը` այդպիսի ազդեցություն գործելու նպատակով, անկախ այն բանից` այդ ազդեցությունն իրագործվել է, թե ոչ, կամ ենթադրվող ազդեցությունը հանգեցրել է արդյոք նախատեսված արդյունքին, թե ոչ:

ՀՀ-ն 2006թ. հունվարի 9-ին ավանդապահին տրված վավերագրով ներկայացրել է ՀՀ վերապահումը, համաձայն որի Կոնվենցիայի 37-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն ՀՀ-ն իրավունք է վերապահում իր ներպետական օրենսդրությամբ, որպես քրեական հանցագործություն, չսահմանել Կոնվենցիայի 12-րդ հոդվածում նշված արարքը: Այնուհետեւ, ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի 2008թ. դեկտեմբերի 22-ի նամակով, որը Գլխավոր քարտուղարությունում գրանցվել է 2009թ. հունվարի 5-ին, ՀՀ կառավարությունը տեղեկացրել է Գլխավոր քարտուղարությանը այդ վերապահումը 3 տարի ժամանակահատվածով (մինչեւ 2012թ. հունվարի 5-ը) ամբողջությամբ պահպանելու իր մտադրության մասին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քրեական օրենսգրքում 2008թ. ապրիլի 30-ի լրացմամբ մասամբ (իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն ստանալու մասով) կատարվել է Կոնվենցիայի 12-րդ հոդվածի պահանջը, իսկ մյուս մասով (իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը) համապատասխան լրացում կատարվում է սույն նախագծի 7-րդ հոդվածով` ՀՀ-ն կարող է այլեւս չերկարաձգել Կոնվենցիայի 12-րդ հոդվածի հետ կապված վերապահման ժամկետը:

Մասնավորապես, նախագծի 7-րդ հոդվածը նախատեսում է ՀՀ քրեական օրենսգիրքը լրացնել նոր` 312.2-րդ հոդվածով, որով քրեականացվում է նաեւ անձին իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը: Դրանով, ինչպես նաեւ Նախագծի 6-րդ հոդվածով նախատեսված լրացմամբ, ամբողջանում է Կոնվենցիայի 12-րդ հոդվածով նախատեսված պահանջի կատարումը: «Իրական կամ ենթադրյալ ազդեցություն» եզրույթը վերցված է գործող ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածից:

Ինչ վերաբերվում է Նախագծի 1-ին հոդվածին, ապա դրանով կատարվում է Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված միջազգային պարտավորությունը, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված կոռուպցիոն հանցագորությունների համար ՀՀ քաղաքացին կամ ՀՀ-ում մշտապես բնակվող եւ քաղաքացիություն չունեցող անձը կենթարկվի քրեական պատասխանատվության, անկախ այն հանգամանքից, թե օտարերկրյա պետությունում նրա արարքը հանցագործություն է համարվում, թե` ոչ, կամ նա հանդիսանում է տվյալ հանցագործության սուբյեկտ, թե` ոչ: Օրինակ ՀՀ դատավորը իր վարույթում գտնվող դատական գործի կապակցությամբ կաշառք է վերցնում օտարերկրյա պետությունում, սակայն նա տվյալ պետությունում կարող է կաշառք վերցնելու սուբյեկտ չհանիսանալ, քանի որ տվյալ պետությունում նա չի հանդիսանում պաշտոնատար անձ: Քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի գործող տարբերակի վերլուծությունը ցույց է տալիս, որ նշված դեպքում դատավորը ենթակա չէ քրեական պատասխանատվության, քանի որ արարքը կատարելու վայրում նա հանցագործության սուբյեկտ չէ: Կատարվող լրացմամբ այդ խնդիրը լուծվում է, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը «384-րդ» բառից առաջ լրացվում է «190-րդ, 200-րդ, 201-րդ, 311-313-րդ,» բառերով:Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Կոնվենցիայի 12-րդ հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված պաշտոնատար անձանց վրա ազդեցություն օգտագործելը եւս պետք է լինի քրեորեն պատժելի: Այդ իսկ պատճառով, նախատեսվում է Օրենսգրքի 308-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսել նաեւ Օրենսգրքի 311.2-րդ եւ նախագծով լրացվող 312.2-րդ հոդվածները: Միաժամանակ, տարընթերցումներից խուսափելու համար առաջարկվում է նշված հոդվածի 4-րդ մասից հանել նաեւ «արարքների կատարման առումով» բառերը, որպեսզի հստակ լինի, որ խոսքը գնում է ոչ միայն հանցանքը կատարող սուբյեկտների մասին, այլ նաեւ այն պաշտոնատար անձանց մասին, որոնց նկատմամբ կարող է գործադրվել իրական կամ ենթադրյալ ազդեցությունը:

Առաջարկվում է նաեւ վերանայել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ պայմանավորված անձանց, կազմակերպությունների իրավունքներին եւ օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին պատճառված գույքային վնասի նվազագույն շեմը` այն սահմանելով նվազագույն աշխատավարձի 300 ապատիկի չափը:

Ներկայացված նախագիծը բխում է կոռուպցիայի դեմ պետությունների խմբի (GRECO) զեկույցում նախատեսված առաջարկություններից:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Գործող Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասում, 311-րդ եւ 311.1-ին հոդվածների դրույթները միայն քրեականացնում են կաշառքի ստացումը: Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի նշված հոդվածները չեն համապատասխանում «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» կոնվենցիայի 3-րդ եւ 8-րդ հոդվածների պահանջներին: Բարձր է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ պայմանավորված անձանց, կազմակերպությունների իրավունքներին եւ օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին պատճառված գույքային վնասի նվազագույն շեմը:

Բացի այդ, գործող օրենսգիրքը չի լուծում անձին` վերջինիս կողմից իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալու քրեականացման հարցը:

Միաժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ քրեական օրենսգիրքը 200-րդ հոդվածի/առեւտրային կաշառք/ հանցակազմի սուբյեկտ է նշում առեւտրային կամ այլ կազմակերպության կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայողին, ով մշտապես, ժամանակավորապես կամ հատուկ լիազորությամբ իրականացնում է կարգադրիչ կամ այլ կառավարչական գործառույթներ առեւտրային կազմակերպություններում` անկախ սեփականության ձեւից, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հիմնարկներ չհամարվող ոչ առեւտրային կազմակերպություններում: Սակայն «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» կոնվենցիայի 7-րդ եւ 8-րդ հոդվածները որպես մասնավոր հատվածում ակտիվ կամ պասիվ կաշառակերության հանցակազմի սուբյեկտ է նշում մասնավոր հատվածի կազմակերպություններում ղեկավար կամ այլ ցանկացած պաշտոն զբաղեցնող անձանց:  Այսինքն, տվյալ դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի հանցակազմի սուբյեկտը ավելի նեղ է քան «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» կոնվենցիայի 7-րդ եւ 8-րդ հոդվածներով նախատեսված մասնավոր հատվածում ակտիվ կամ պասիվ կաշառակերության հանցակազմի սուբյեկտը, քանի որ չի ներառում առեւտրային կամ այլ կազմակերպությունում ցանկացած պաշտոն զբաղեցնող անձին: Ուստի առեւտրային կաշառքի հանցակազմի սուբյեկտների մասով ՀՀ քրեական օրենսգրքի եւ «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» կոնվենցիայի միջեւ առկա է հակասություն:

ՀՀ քրեական օրենսգիրքը 200-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսում Է առեւտրային կաշառքի հանցակազմի սուբյեկտների հնարավորությունը ազատվելու քրեական պատասխանատվությունից գործուն զղջալու դեպքում, եթե նրանք կամովին հայտնել են կատարված հանցանքի մասին քրեական գործ հարուցելու իրավունք ունեցող մարմնին, իսկ ապօրինի վարձատրություն ստացողները միաժամանակ վերադարձրել են ստացածը կամ հատուցել են դրա արժեքը: Առեւտրային կաշառքի դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու այս մեխանիզմը տարբերվում է ՀՀ քրեական օրենսգրքի 312/կաշառք տալ/ եւ 312.1/պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալու/ հոդվածներով նախատեսված գործուն զղջալու մեխանիզմներից: Ի տարբերություն նշված հոդվածների` ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածը հնարավորություն է տալիս ազատել քրեական պատասխանատվությունի ինչպես առեւտրային կաշառք տվողին, այնպես էլ այդ կաշառքը ստացողին: Բացի այդ, 200-րդ հոդվածը կաշառք տվողին պատասխանատվությունից ազատելու պարտադիր պայման է համարում նաեւ կաշառք ստացողի կողմից քրեական գործ հարուցելու իրավունք ունեցող մարմնին դրա մասին հայտնելը եւ կաշառքի առարկան վերադարձնելը կամ դրա արժեքը հատուցելը: ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածը, ի տարբերություն ՀՀ քրեական օրենսգրքի 312 եւ 312.1 հոդվածների, չի նախատեսում նաեւ կաշառք տվողի պարտադիր ազատումը կաշառքի շորթման դեպքում:

ՀՀ քրեական օրենսգրքի նաեւ նախատեսում է, որ հանցագործության կողմերի գործուն զղջալու դեպքում կաշառքի առարկան ենթակա է վերադարձման առեւտրային կաշառք տվողին, ինչը հակասում է «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» մասին կոնվենցիայի 19-րդ հոդվածի 3-րդ մասին, որի համաձայն յուրաքանչյուր Կողմ պետք է ընդունի այնպիսի օրենսդրական եւ այլ միջոցներ, որոնք անհրաժեշտ են այդ Կողմին լիազորելու համար բռնագրավել կամ այլ կերպ զրկել սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործությունների գործիքներից կամ եկամուտներից կամ այն գույքից, որը համարժեք է նման եկամուտներին: Ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդված 5-րդ մասում անհրաժեշտ է կատարել համապատասխան փոփոխություններ` կատարելագործելով եւ հստակեցնելով գործուն զղջալու դեպքում առեւտրային կաշառքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու մեխանիզմը` ապահովելով դրա միատեսակությունը ՀՀ քրեական օրենսգրքի 312 եւ 312.1 հոդվածներին եւ համապատասխանությունը «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» մասին կոնվենցիային: ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի, 201-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի, 312.1-րդ հոդվածի 1-ի  մասի սանկցիաների վերլուծությունից բխում է, որ դրանք ոչ մեծ ծանրության հանցագործություններ են, եւ, հետեւաբար, դրանց համար քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամեկտը կազմում է երկու տարի, ինչն արդարացված չէ:

Միաժամանակ, գործող օրենսգրքով նախատեսված չէ քրեական պատասխանատվության ենթարկելու հնարավորություն այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացու կամ ՀՀ-ում մշտապես բնակվող եւ քաղաքացիություն չունեցող անձի կողմից օտարերկրյա պետությունում կատարվել է կոռուպցիոն հանցագորություն, եթե տվյալ պետությունում նրա կատարած արարքը հանցագործություն չի համարվում, կամ նա չի հանդիսանում տվյալ հանցագործության սուբյեկտ: Հետեւաբար, նշված բացթողմամբ, ՀՀ-ն, փաստորեն, չի կատարում Կոնվենցիայի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1272-Ն որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի` կոռուպցիայի դեմ պայքարի քրեականացման միջոցները բաժնի, 98-րդ կետի համաձայն` որպես հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառում նախատեսվում է ամբողջականացնել եւ որոշակիացնել կոռուպցիոն հանցագործությունների շրջանակը:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծով հստակեցվում եւ ամբողջականացվում է կոռուպցիոն հանցագործությունների շրջանակը` ապահովելով կոռուպցիայի քրեականացման բնագավառում միջազգային ընդունելի մոտեցումներին համահունչ օրենսդրություն ընդունումը` ապահովելով պասիվ կաշառակերության հանցակազմերի իրավական կարգավորումը: ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի հանցակազմի սուբյեկտը համապատասխանեցվում է «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» կոնվենցիային: Այդ նպատակով ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 5-րդ մասում, որում սահմանված է առեւտրային կամ այլ կազմակերպության ծառայողի հասկացությունը, մշտապես, ժամանակավորպես կամ հատուկ լիազորությամբ կարգադրիչ կամ այլ կառավարչական գործառույթներ իրականացնող անձի հետ միասին առաջարկվում է նախատեսել առեւտրային կամ այլ կազմակերպությունում ցանկացած այլ պաշտոն զբաղեցնող անձին:

ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածում անհրաժեշտ է կատարվում են մի շարք փոփոխություններ: Առաջինը, նախատեսվում է առեւտրային կաշառք տվողի ազատումը քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում:

Երկրորդ, նախատեսվում է առեւտրային կաշառք տվողի ազատումը քրեական պատասխանատվությունից այդ մասին իրավապահ մարմիններին կամավոր հայտնելու դեպքում` անկախ կաշառքը վերցնողի կողմից գործուն զղջալու հանգամանքից:

Երրորդ, վերացվում է առեւտրային կաշառք ստացողին քրեական պատասխանատվությունից ազատելու դրույթը` վերջինիս կողմից այդ մասին քրեական գործ հարուցելու իրավունք ունեցող անձանց հայտնելու մասին:

Չորրորդ, բացառվում, վերացվում է այդ նույն դրույթը, որի համաձայն հանցակազմի կողմերի գործուն զղջալու դեպքում կաշառքի առարկան վերադարձվում է կաշառք տվողին:

Խստացվում է ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին մասի, 201-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի, 312.1-րդ հոդվածի 1-ի մասի սանկցիաները` այդ հանցագործությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու առավել երկար վաղեմության ժամկետ սահմանելու նպատակով:

5. Ակնկալվող արդյունքը

Հիշյալ օրենքի ընդունումն ու կիրառումը կբարձրացնի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը` նպաստելով կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ տարվող ՀՀ հակակոռուպցիոն պետական քաղաքականության իրականացմանը, օրենքի ընդունմամբ կկատարվեն նաեւ Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի կոնվեցիայով նախատեսված միաջազգային պարտավորությունները:

Մասնավորապես` ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերությունում առաջարկվող փոփոխությունների արդյունքում կվերանա առեւտրային կաշառքի հանցակազմի սուբյեկտի հետ կապված ՀՀ քրեական օրենսգրքի եւ «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» կոնվենցիայի միջեւ առկա հակասությունը, եւ ՀՀ քրեական օրենսգիրքը կհամապատասխանեցվի Կոնվենցիային:

ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 5-րդ մասի երկրորդ պարբերությունում առաջարկվող փոփոխությունների արդյունքում կբարելավվի քրեական պատասխանատվությունից ազատելու մեխանիզմը եւ կապահովվի դրա եւ ՀՀ քրեական օրենսգրքի 312 եւ 312.1 հոդվածների միասնականությունը ու դրա համապատասխանությունը «Կոռուպցիայի մասին քրեական իրավունքի» կոնվենցիայի պահանջներին:

ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին, 201-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ, 312.1-րդ հոդվածի 1-ի մասերում նախատեսված հանցագործությունները կվերածվեն միջին ծանրության հանցագործությունների, որի արդյունքում դրանց համար վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից ազատելը երկու տարուց կփոխարինվի հինգ տարով: