Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1297-25.11.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու եւ  անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀO-186-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Պետական ռեգիստրը հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված ցանկերը ստանալուց հետո` մինչեւ 2012 թվականի փետրվարի 1-ը, դրանք հրապարակում է http://www.azdarar.am հաuցեով գտնվող Հայաuտանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, ինչպես նաեւ իր պաշտոնական` http://www.e-register.am ինտերնետային կայքում:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու եւ  անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որպեսզի առավել դյուրին, արագ եւ միաժամանակ` ոչ ծախսատար դարձնել ՀՀ ԱՆ պետական ռեգիստրի գործակալության կողմից վերը նշված օրենքով նախատեսված անձանց համապատասխան ծանուցման գործընթացը:

Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

«2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու եւ  անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Պետական ռեգիստրը հարկային մարմնի կողմից սույն հոդվածի 1-ին մասում նշված ցանկերը ստանալուց հետո` մինչեւ 2011 թվականի սեպտեմբերի 15-ը, ուղարկում է ծանուցում պետական ռեգիստրում կազմակերպությունների գտնվելու վայրի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի կամ պետական ռեգիստրին հայտնի կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հասցեով: Ծանուցումը համարվում է պատշաճ տրված, եթե այն հանձնվել է կազմակերպության ներկայացուցչին կամ անհատ ձեռնարկատիրոջը կամ վերջինիս ներկայացուցչին: Եթե նշված հասցեներում կազմակերպության ներկայացուցչին կամ անհատ ձեռնարկատիրոջը հնարավոր չէ գտնել, ապա պետական ռեգիստրը ծանուցումն ուղարկում է Հայաստանի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում հրապարակման, որը եւս տեղեկագրի հրապարակման օրվանից համարվում է պատշաճ տրված ծանուցում: Ծանուցումները հանձնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը: Սույն մասում նշված ցանկերը պետական ռեգիստրը հրապարակում է նաեւ իր պաշտոնական ինտերնետային կայքում եւ 3000-ից ավելի տպաքանակ ունեցող մամուլում»:

Լուծարման եւ պետական հաշվառումից հանելու ենթակա անձինք 40000-ից ավելի են, ինչը նշանակում է, որ փոստային առաքման միջոցով (հետ ծանուցմամբ) ծանուցումներ ուղարկելու համար անհրաժեշտ կլինի մոտ 13մլն. ՀՀ դրամ: Բացի այդ, ըստ գործող օրենքի պետ. ռեգիստրը պետք է ստուգի, թե ուղարկված ծանուցումները արդյոք ստացվել են կոնկրետ այն անձանց կողմից, որոնք մատնանշված են օրենքում, եւ եթե ոչ, ապա վերջիններիս համար ծանուցումը պետք է ուղարկվի նաեւ հրապարակման գերատեսչական նորմատիվ իրավական ակտերի տեղեկագրում: Այս առումով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ցուցակում բերված կազմակերպությունները փաստորեն արդեն մոտ երեք տարի է, ինչ փաստացի դադարեցրել են իրենց գործունեությունը, ապա կազմակերպության ներկայացուցչին կամ անհատ ձեռնարկատիրոջը կամ վերջինիս ներկայացուցչին ծանուցումը հանձնելը հիմնականում իրատեսական չէ, ուստի նշված դեպքերում փոստային առաքման վրա ծախսված միջոցներն արդարացված չեն:

Միաժամանակ, ռեգիստրը պարտավոր է նաեւ ծանուցումը հրապարակել իր պաշտոնական ինտերնետային կայքում եւ 3000-ից ավելի տպաքանակ ունեցող մամուլում: Այդ է պատճառը, որ մինչ օրս հնարավոր չի եղել իրականացնել նշված ծանուցումները, եւ փաստորեն, մոտ 40000 իրավաբանական անձ եւ ԱՁ դեռեւս լուծարված կամ հաշվառումից հանված չեն:

Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը

Նախագծով, առաջարկվում է, փոստային ծանուցումների փոխարեն կիրառել «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին» ՀՀ օրենքով նախատեսված ընթացակարգը, եւ համապատասխան ցանկերը հրապարակել http://www.azdarar.am հաuցեով գտնվող Հայաuտանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում:

Առաջարկվող ընթացակարգով հնարավոր կլինի դյուրին, արագ եւ անվճար իրականացնել համապատասխան ծանուցման գործընթացը: Բացի այդ, առաջարկվող տարբերակում բացակայում է ՀՀ արդարադատության նախարարի կողմից ծանուցումների հանձնման կարգ սահմանելու անհրաժեշտությունը: