Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12944-23.11.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Ուժը կորցրած ճանաչել «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի մայիսի 26-ի ՀՕ-82-Ն օրենքի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ գլուխները:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ   ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը.

«Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին»,  «Ստանդարտացման մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նպատակը 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին»  ՀՀ կառավարության N 111-Ն որոշման, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության եվ Եվրոպական միության միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի նպատակով մինչեւ 2011 թվականի հունիս ամիսը կատարվելիք միջոցառումների ժամանակացույցի»  1-ին կետի կատարման ապահովումն է, համաձայն որի  ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարված է սկսել ՀՀ կառավարության 2010թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ որակի ենթակառուցվածքների բարեփոխման ռազմավարության  եւ Գործողությունների ծրագրի իրականացումը, մասնավորապես` մշակել «Ստանդարտացման մասին», «Հավատարմագրման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» եւ «Չափումների միասնականության ապահովման մասին»  ՀՀ օրենքները:

Սույն օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է հիմք ընդունելով`

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Ներկայումս գործող` ոլորտը կանոնակարգող «Ստանդարտացման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» եւ «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքները չեն նպաստում համակարգերում առկա խնդիրների լիարժեք լուծմանը, ուստի համակարգերը կանոնակարգող օրենքները արդիկանացման կարիք ունեն` նպատակաուղղված.

տնտեսվարող սուբյեկտների  վարչական բեռի կրճատմանը, որը պայմանավորվում է տեխնիկական կանոնակարգերով, հնացած ստանդարտներով, պարտադիր սերտիֆիկացման պահանջներով եւ որոնց գոյությունը չի հիմնավորվում Առեւտրի համաշխարհային կազմակերպության ԱՏԽ համաձայնագրի պահանջների տեսանկյունից,

սպառողների շահերի պաշտպանության մակարդակի բարձրացմանը` միջազգային լավագույն փորձի ներդրման եւ արտադրանքի անվտանգության եւ սպառողների պաշտպանությանը լավագույնս ծառայելու համար:

Այսպիսով, որակի ենթակառուցվածքի բարեփոխման նպատակը տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, փորձարկման, տեխնիկական հսկողության, սերտիֆիկացման եւ շուկայի վերահսկողության ազգային ընթացակարգերի արդիկանացումն է` ներքին եւ արտաքին բնույթի խնդիրներին լավագույնս ծառայելու համար:

Ընդհանուր առմամբ, գործող համակարգի վերաբերյալ 2010թ. ներկայացվեցվել են միջազգային փորձագետների զեկույցները, համաձայն որոնց ոլորտը կանոնակարգող ներկա օրենսդրական դաշտը հիմնականում չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին եւ հանգեցնում է անարդյունավետ ազգային որակի ենթակառուցվածքի եւ բացի դա, որակին առնչվող ծառայությունների, ինչպիսիք են` սերտիֆիկացումը,  փորձարկումը եւ ստուգաճշտումը, թույլ շուկան` արտադրանքի որակի հետ կապված մարտահրավերներ է առաջադրում Հայաստանում:

ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ԽՀԱԱՀ-ի շուրջ բանակցությունների մեկնարկի տեսանկյունից խնդրահարույց է համարվում առեւտրի տեխնիկական խոչընդոտների ոլորտը, որի  բարեփոխումը ենթադրում է կանոնակարգերի, ստանդարտների եւ գործելակերպերի աստիճանական մոտարկում եւ այն անհրաժեշտ է սկսել նախ օրենսդրության մոտարկումից: Մոտարկման նպատակն է ապահովել ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածություն եւ գոյություն ունեցող համակարգը բարեփոխել այնպես, որ այն համապատասխանի միջազգային եւ եվրոպական պահանջներին: ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը չմոտարկված լինելը խոչընդոտում է Հայաստանում արտադրվող արտադրանքի արտահանմանը եւ չի նպաստում սպառողների եւ պետության շահերի արդյունավետ պաշտպանությանը:

Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրումը` համապատասխանության հավաստման, չափումների միասնականության ապահովման եւ տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառներում չի իրականացվում մեկ համատարմագրման ընթացակարգով եւ մեկ հավատարմագրման մարմնի կողմից, որը հակասում է միջազգային եւ եվրոպական պահանջներին` ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտ եւ թիվ 765/2008 (ԵՀ) կանոնակարգ:

Հավատարմագրման մարմինը չի անդամակցում, որեւէ միջազգային, եվրոպական հավատարմագրման կազմակերպությանը, ուստի, հավատարմագրման վկայագրերը չեն ճանաչվում արտերկրում:

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման ոլորտից դուրս են մնացել մի շարք բնագավառներ, մասնավորապես սննդամթերքի անվտանգության, աշխատանքի անվտանգության կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինների հավատարմագրումը եւ այլն:

Օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել միջազգային եւ եվրոպական պահանջներին ներդաշնակ հավատարմագրման ազգային մարմին, որը կլինի համապատասխանության գնահատման մարմիններին հավատարմագրման ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետությունում միակ մարմինը, հավատարմագրման բնագավառում մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը: Օրենքի նախագծում ներառված են Հայատանի Հանրապետությունում օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմինների գործունեության իրականացման հնարավորության պայամանները, Հավատարմագրման ազգային մարմնի հավատարմագրման  տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններին անդամակցության, հավատարմագրման վկայագրերի ու համապատասխանության գնահատման արդյունքների փոխճանաչման, օտարերկրյա հավատարմագրման մարմնի հետ համատեղ համապատասխանության գնահատման մարմինների գնահատման եւ հավատարմագրման իրականացման մասին դրույթները  եւ այլն:

Հայաստանի Հանրապետության ստանդարտացման  համակարգում հիմնական բարեփոխումներն իրականացվել են 1999 թ. «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ։ 2004թ. օրենքում կատարվեցին փոփոխություններ, որոնք նպատակ էին հետապնդում համապատասխանեցնել օրենքը միջազգային չափանիշներին եւ ապահովել ՀՀ անդամկցությունը ԱՀԿ-ին: Համաձայն ներկայումս գործող ՀՀ օրենքի որոշակի խառնաշփոթ է առաջանում ստանդարտացման եւ տեխնիկական կանոնակարգման գործընթացների միջեւ: Նոր օրենքի նախագծով նախատեսվում է տարանջատել ստանդարտացման գործընթացը պարտադիր պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի սահմանման գործընթացից: Վերջինիս դրույթները նախատեսվում են առանձին օրենքով:

Ստանդարտացման բնագավառում պետական քաղաքականության սահմանման գործառույթը վերապահվում է պետական լիազորված մարմնին: Օրենքի նախագծով հստակեցվում են ստանդարտացման բնագավառի կառավարման մարմինների գործառույթները, ստանդարտացման սկզբունքները, ստանդարտների մշակման, ընդունման եւ կիրառման կարգը, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի կազմը եւ բնույթը:

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ ուժը կորցրած պետք է ճանաչել ողջ օրենքը` բացառությամբ համապատասխան օրենքների 4-րդ գլխի, որը վերաբերում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության նկատմաամբ պետական վերահսկողության իրականացման անհրաժեշտությամբ: Պարենային արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, իսկ ոչ պարենային արտադրանքի համար` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Պետական վերահսկողության իրականացման խնդիրները, գործառույթները, պարտականությունները եւ իրավասությունները  պետք է նախատեսվեն այլ օրենքով, որը ներկայումս գտնվում է մշակման գործընթացում: Շուկայի վերահսկողությանը վերաբերող օրենքի ընդունումից հետո ուժը կորցրած կճանաչվեն նաեւ նշված օրենքի նշված գլուխը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

 ՀՀ կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունը ուղղված է նպատակին, որ Հայաստանը պետք է ապահովի արտադրանքի անվտանգությանը վերաբերող նոր օրենսդրության (ներդաշնակեցված ԵՄ ընդհանուր օրենսդրության ու միջազգային ստանդարտների հետ) արդյունավետ իրականացում եւ կիրարկում: Այն նախատեսում է որակի ամբողջ ենթակառուցվածքի բարեփոխումների իրականացում` համապատասխանեցնելով այն միջազգային օրենսդրությանը, ազգային տնտեսության նոր իրողություններին եւ համապատասխանեցնելով նաեւ մի շարք ոլորտներում առնչվող բարեփոխումներին, ինչպես օրինակ` <<Գործարար միջավայրի բարելավման>>  բարեփոխումն է:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման նպատակը տեխնիկական կանոնակարգման ոլորտի բարեփոխումների իրականացումն է, ազգային տնտեսության նոր իրողություններին համապատասխանեցումը, ինչպես նաեւ ոլորտի կանոնակարգման օրեսդրական դաշտի ձեւավորումը` համապատասխան ԵՄ օրենդրությանը եւ միջազգային պահանջների:

Օրենքով հստակեցվել են.

հասկացությունները` ԵՄ N768/2008 դիրեկտիվի, ինչպես նաեւ ԱՏԽ համաձայնագրի պահանջներին համապատասխան,

տեխնիկական կանոնակարգերի մշակման եւ ընդունման ընթացակարգերը, նախատեսվել է պահանջ գործող տեխնիկական կանոնակարգերի վերանայման անհրաժեշտության վերաբերյալ,

տեխնիկական կանոնակարգերի կառուցվածքին ներկայացվող պահանջներ,

Սահմանվել են.

տեխնիկական կանոնակարգման եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի  բոլոր մասնակիցների պարտավորությունները,

տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանի վարման պահանջ,

տեխնիկական կանոնակարգերի մշակման կամ դրանց մշակման կազմակերպման իրավասության վերաբերյալ դրույթներ,

որակի ազգային խորհրդի ստեղծման վերաբերյալ դրույթներ, ինչը կնպաստի ընդունվող տեխնիկական կանոնակարգերի թաոանցիկությանն ու անկախությանը:

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման գործընթացի համար սահմանվել են գնահատման համար նշանակված մարմիններին եւ նրանց պարտականություններին, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս իրականացված համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչմանը, համապատասխանության գնահատման նշանակված մարմնի բողոքարկմանը, համապատասխանության հայտարարագրին վերաբերող դրույթներ:

Հավատարմագրման ոլորտում անհրաժեշտ է.

1. զարգացնել Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային համակարգը,

2. նպաստել Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման մարմինների կարողությունների եւ ծառայությունների  կատարելագործմանը, բարձրացնել սպառողների վստահությունը համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ,

3. ապահովել համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրումը` միջազգային լավագույն փորձին եւ պահանջներին համաձայն:

Ստանդարտացման բնագավառում օրենսդրական կարգավորման նպատակն է` սահմանել Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման գործունեության իրավական հիմքերը եւ դրա մասնակիցների իրավասությունը, ինչպես նաեւ կանոնակարգել ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման եւ կիրառման սկզբունքները։

«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքը առաջին անգամ տալիս է Հայաստանի Հանրապետությունում «չափածրարված արտադրանք» հասկացությունը:

Արտադրանքը համարվում է չափածրարված, երբ այն դրվում է փաթեթի մեջ առանց գնորդի ներկայության, եւ փաթեթում գտնվող արտադրանքի պարունակության քանակը ունի նախասահմանված արժեք (թե քանակ), որը հնարավոր չէ փոխել առանց փաթեթը բացելու կամ զգալի փոփոխություններ կատարելու։

Օրենքով կարգավորվում են չափածրարված արտադրանքի եւ չափիչ սրվակների մակնշման, չափագիտական նորմերի, պայմանանշանների խնդիրները, ինչպես նաեւ դրանց տրամադրման կարգը, ինչպես նաեւ չափածրարում իրականացնելու համար եւ չափածրարման հսկողության համար կիրառվող սարքավորումներին ներկայացվող չափագիտական պահանջները: Արգելվում է առանց պայմանանշանի չափածրարված արտադրանքի իրացումը եւ առանց համապատասխան պայմանանշանի` չափիչ սրվակների կիրառումը:

Այս խնդիրը համարվում է արդի չափագիտության հիմնարար խնդիրներից մեկը, որի լուծումը համարվում է ԵՄ պահանջ: Օրենքով կարգավորվում է նաեւ չափագիտական վերահսկողությունը որպես ստուգում դիտարկելու եւ կիրառելու  հարցը: Վերջինս նվազեցում է կոռուպցիոն ռիսկերը:

Օրենքում հստակորեն ուրվագծված են չափագիտության բնագավառում պետության կողմից օրենսդրորեն կարգավորվող ոլորտները:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն:

6.Ակնկալվող արդյունքը.

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում կապահովվի «Հայաստանի Հանրապետության եվ Եվրոպական միության միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի նպատակով մինչեւ 2011 թվականի հունիս ամիսը կատարվելիք միջոցառումների ժամանակացույցի»   1-րդ կետով նախատեսված հանձնարարականի կատարումը,որով կիրականացվի օրենսդրության եւ գործելակերպերի համապատասխանեցումը միջազգային ու եվրոպական պահանջներին եւ որակի ենթակառուցվածքի ծառայությունների միջազգային ճանաչումը: Այն ազդեցություն կունենա սպառողների պաշտպանության ոլորտի վրա այն առումով, որ Հայաստանում կգործեն համապատասխանության գնահատման միջազգային նորմերին համապատասխան ծառայություններ, պայմաններ կստեղծվեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում Հայաստանի արտադրողների մրցունակության բարձրացման համար, տեխնիկական կանոնակարգերը  աստիճանաբար կմոտարկվեն ԵՄ-ի տեխնիկական կանոնակարգերին` բացառելով բյուրոկրատական քաշքշուկը:

«Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում եվրոպական եւ միջազգային հավատարմագրման համակարգերին մոտարկված Հայաստանի Հանրապետության հավատարմագրման համակարգի ձեւավորման մեկնարկն է ու հավատարմագրման ազգային մարմնի ձեւավորումը, որն էլ իր հերթին կբարձրացնի Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման բնագավառում մատուցվող ծառայությունների որակը եւ նախապայման կհանդիսանա Հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների գործունեության արդյունքների ճանաչման համար:

Հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմանի համաձայնագրերում հավատարմագրման մարմնի մասնակցությունը կվերացնի առեւտրային խոչընդոտները` կնպաստի արտաքին առեւտրի պայմանների դյուրինացմանը, արտահանման ծավալների մեծացմանը, բիզնեսի զարգացմանը, համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակի եւ ֆինանսական ռեսուրսների քանակի կրճատմանը, բարենպաստ պայմաններ կստեղծի տեղական արտադրողի համար, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը, կբացառի նույն ապրանքի կրկնական փորձարկման եւ կրկնական սերտիֆիկացման անհրաժեշտությունը ու կնպաստի տնտեսության զարգացմանը:

7.Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են.)

«Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին»,  «Ստանդարտացման մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը ներկայացվել են Եվրահանձնաժողով կարծիքի: Եվրահանձնաժողովի հանձնարարականի համաձայն վերջիններս ուսումնասիրվել են ԵՄ փորձագիտական խմբի միջազգային եւ ազգային փորձագետների կողմից, ինչպես նաեւ TAIEX գործիքի ներքո Եվրամիության փորձագիտական գնահատման առաքելության կողմից: Ներկայացվել են 172 կետ առաջարկություններ, որոնք բազմաթիվ քննարկումների արդյունքում լիովին ընդունվել են: