Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1294-23.11.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.Օրենքի կիրառման ոլորտը

1. Սույն օրենքով.

1) սահմանվում են արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի բովանդակության, մշակման կարգի, հրապարակման ու կիրառման նկատմամբ ընդհանուր պահանջներ, որոնք ուղղված են արտադրանքի ազատ տեղաշարժի, գործընթացների թափանցիկության ապահովմանը,

2) կարգավորվում է տեխնիկական կանոնակարգման, այդ թվում նաեւ համապատասխանության գնահատման կանոնակարգվող ոլորտներում իրականացվող գործունեության հարաբերությունները եւ տարածվում է տնտեսվարող սուբյեկտների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ համապատասխան հասարակական կազմակերպությունների վրա,

3) սահմանվում են սահմանված պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման գործընթացին մասնակից կառավարման մարմինների իրավունքներն ու պարտականությունները:

2.Տեխնիկական կանոնակարգումը գտնվում է պետության իրավասության ներքո:

3. Սույն օրենքը չի տարածվում սանիտարահիգիենիկ եւ հակահամաճարակային կանոնների եւ նորմերի, ինչպես նաեւ ֆիտոսանիտարական կանոնների, սանիտարաանասնաբուժական չափանիշների վրա, որոնց իրավական հիմքերը սահմանվում են այլ օրենքներով` բացառությամբ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերից:

Հոդված 2.Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են.

տեխնիկական կանոնակարգում `  գործունեության տեսակների ամբողջություն, որով սահմանվում են արտադրանքի եւ դրանց հետ կապված գործընթացների նկատմամբ հիմնական պահանջներ, այդ թվում իրացման  պայմաններ, ինչպես նաեւ շուկայահանման կանոններ եւ համապատասխանության գնահատման ընթացակարգեր,

տեխնիկական կանոնակարգ ` փաստաթուղթ, որն ընդունվել է տեխնիկական կանոնակարգման ոլորտում գործող օրեսնդրությանը համապատասխան, որոնցով սահմանվում են արտադրանքի բնութագրերին եւ/կամ դրանց հետ կապված գործընթացներին, արտադրական եղանակներին, ներառյալ կիրառվող վարչական դրույթներին ներկայացվող` կատարման համար պարտադիր պահանջներ, ինչպես նաեւ արտադրանքի ներմուծման եւ շուկայահանման պայմաններ: Այն կարող է ներառել նաեւ բացառապես արտադրանքի, գործընթացի կամ արտադրական եղանակի նկատմամբ կիրառվող հասկացություններ, պայմանանշաններ, փաթեթավորման, մակնշման եւ պիտակավորման պահանջներ,

սահմանված պահանջներ ` տեխնիկական կանոնակարգերով, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով եւ տեխնիկական մասնագրերով սահմանված պահանջներ,

այլ պահանջներ ` ցանկացած պահանջներ` բացառությամբ տեխնիկական մասնագրերի, որոնք սահմանվում են արտադրանքի նկատմամբ, մասնավորապես` սպառողների կամ շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված, ինչպես նաեւ  ազդում են արտադրանքի շուկայահանումից հետո դրա հետագա ընթացքի վրա, ինչպիսիք են` օգտագործման, կրկնակի օգտագործման կամ ոչնչացման պայմանները, եթե այդ պայմանները կարող են էապես  ազդել արտադրանքի բաղադրության, բնույթի, կամ  վաճառքի վրա,

տեխնիկական մասնագրեր (առանձնահատկություն) ` փաստաթղթում առկա պայմաններ, որոնք սահմանում են արտադրանքի պահանջվող բնութագրերը (այդ թվում՝ որակի մակարդակը, կատարողականը, անվտանգությունը կամ չափերը, ներառյալ արտադրանքի նկատմամբ կիրառվող պահանջները), ինչպես նաեւ պահանջները տերմինաբանության, փորձարկումների եւ փորձարկման մեթոդների, փաթեթավորման, մակնշման, պիտակավորման եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի վերաբերյալ։ Տեխնիկական մասնագրերում ընգրկվում են նաեւ արտադրանքի արտադրության մեթոդները եւ գործընթացները,

արտադրանք ` ցանկացած արդյունաբերական եւ գյուղատնտեսական արտադրանք, այդ թվում նաեւ կենդանական եւ բուսական ծագում ունեցող արտադրանք: Արտադրանք է համարվում  նաեւ սպառման համար մատակարարվող էլեկտրական եւ ջերմային էներգիան, բնական եւ հեղուկ գազը, ջուրը,քաղաքաշինության բնագավառի շենքերը եւ շինությունները եւ դրանց հետ կապված գործընթացները,

արտադրող ` ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը նախագծում եւ/կամ արտադրում է որեւէ արտադրանք կամ ունի նախագծված եւ/կամ արտադրված արտադրանք` այն իր սեփական անվանմամբ կամ իր ապրանքային նշանի անվանմամբ շուկայահանման նպատակով,

ներմուծող ` ցանկացած  ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը գրանցվել է Հայաստանի Հանրապետությունում, իրականացնում է արտադրանքի(բացառությամբ` ֆիզիկական անձանց կողմից անձնական սպառման նպատակով ներկրված արտադրանքից) ներսբերումը Հայաստանի Հանրապետության տարածք`  հետագայում շուկայահանման նպատակով,

արտադրողի լիազոր ներկայացուցիչ ` Հայաստանի Հանրապետությունում գրանցված ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ,  որը ստացել է արտադրողի կողմից գրավոր թույլտվություն` գործելու իր անունից, վերջինիս  պարտավորությունների շրջանակներում սահմանված խնդիրների լուծման համար` համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրությանը,

դիստրիբուտոր ` արտադրական կազմակերպություններին շուկայում ներկայացնող վաճառող, որն արտադրական կազմակերպությունների հետ կնքված մատակարարման պայմանագրով մեծածախ ձեռքբերումների հիման վրա իրականացնում է իրացման գործունեություն,

որակ ` արտադրանքի բնութագրերի ամբողջություն, որը վերաբերում է դրա հատկությանը` բավարարելու իր նշանակությանը համապատասխանող` արտահայտված կամ ենթադրվող պահանջները,

արտադրանքի շուկայահանում (շուկայում հասանելի դարձնելը) ` գործողություն, որն ուղղված է շուկայում արտադրանքի առաջին անգամ առկայության ապահովմանը, նաեւ պահպանմանը` տարածման, արտադրանքի վճարովի կամ անհատույց փոխանցման նպատակով,

համապատասխանության գնահատում ` արտադրանքին, գործընթացին,  համակարգին, անձին կամ մարմնին ներկայացվող  սահմանված պահանջների կատարման ապացույց` փորձարկման, սերտիֆիկացման, տեխնիկական հսկողության իրականացման միջոցով,

համապատասխանության գնահատման մարմին ` մարմին, որը համապատասխանության գնահատման ծառայություն է մատուցում` կալիբրավորում, փորձարկում, սերտիֆիկացում եւ տեխնիկական հսկողություն,

համապատասխանության հայտարարագիր ` փաստաթուղթ, որով արտադրողը հավաստում է ( փաստում է)  արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի պահանջներին,

համապատասխանության սերտիֆիկատ ` համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է ( փաստում է)  արտադրանքի, անձանց եւ կառավարման համակարգերի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգի եւ/կամ ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի պահանջներին,

համապատասխանության գնահատման սխեմա ` համապատասխանության գնահատման գործընթացի մասնակիցների գործողությունների ամբողջություն, որոնք դիտարկվում են որպես սահմանված պահանջներին  արտադրանքի համատասխանության ապացույց,

երրորդ կողմ ` տվյալ արտադրանքի շահագրգիռ կողմերից (արտադրող, վաճառող, արտադրանք սպառող) որպես անկախ ճանաչված կազմակերպություն կամ անձ, որն իրականացնում է համապատասխանության գնահատում,

համապատասխանության գնահատման ընթացակարգ ` ընթացակարգ, որն  օգտագործվում է որոշելու համար համապատասխան տեխնիկական կանոնակարգերում կամ միջազգային եւ/կամ ազգային ստանդարտներում սահմանված պահանջների կատարման ապահովումը: Համապատասխանության գնահատման ընթացակարգերն են` փորձարկումը,  տեխնիկական հսկողությունը, սերտիֆիկացումը, ինչպես նաեւ դրանց համադրումը,

համապատասխանության գնահատման նշանակված մարմին (այսուհետ` նշանակված մարմին) ` մարմին, որը տեխնիկական կանոնակարգերի պահանջներին  համապատասխանության գնահատման ծառայություն է մատուցում,

համապատասխանության կանխավարկած ` հավաստի համարվող ենթադրություն, որ արտադրանքը եւ/կամ դրա հետ կապված գործընթացները համապատասխանում են կիրառվող տեխնիկական կանոնակարգերով եւ/կամ փոխկապակցված եւ ներդաշնակեցված եվրոպական ստանդարտներով սահմանված պահանջներին, մինչեւ չի ապացուցվել հակառակը,

կանոնակարգվող ոլորտ ` տնտեսական գործունեության տեսակների եւ դրանց համապատասխանող արտադրանքի տեսակների ամբողջություն, որոնց համար հրապարակվում են համապատասխան տեխնիկական կանոնակարգեր շուկայահանման եւ/կամ դրանց օգտագործման պայմանների մասին,

կանոնակարգող մարմին ` պետական կառավարման մարմին, որն իր իրավասությունների սահմաններում պատասխանատու է տեխնիկական կանոնակարգերի մշակման կամ մշակման կազմակերպման համար,

համակարգող մարմին ` կանոնակարգող մարմին, որն իր իրավասության սահմաններում համակարգում է տեխնիկական կանոնակարգման բնագավառում իրականացվող քաղաքականությունը,

նշանակում ` Հայաստանի Հանրապետության կառավարության պետական լիազորված մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտին` տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության գնահատման որոշակի գործունեության կատարման իրավունքի վերապահում,

ռիսկ ` որոշակի ժամանակահատվածի ընթացքում արտադրանքի բացասական ազդեցության հետեւանքների ի հայտ գալու հնարավորություն եւ տարածման հնարավոր ծավալներ,

փոխկապակցված ստանդարտ ` ազգային ստանդարտ, որի կատարումից բխում է կանոնակարգվող  ոլորտի արտադրանքի համար համապատասխան տեխնիկական կանոնակարգում սահմանված հիմնական պահանջների կանխավարկածը,

ներդաշնակեցված եվրոպական ստանդարտ ` Եվրահանձնաժողովի մանդատի ներքո մշակված եւ  եվրոպական ստանդարտացման կազմակերպության կողմից ընդունված եվրոպական ստանդարտ, որի հերթական համարը եւ դիրեկտիվին հղումը հրապարակվել են Եվրամիության պաշտոնական տեղեկագրում` նպատակ հետապնդելով սահմանել պահանջ, որի կատարումը պարտադիր չէ,

հավասար բարենպաստության ռեժիմ `  ռեժիմ, որը գործում է  ներմուծված ապրանքների համար, եւ այն ոչ պակաս բարենպաստ է, քան համեմատելի վիճակում նմանատիպ հայրենական ապրանքի համար գործող ռեժիմը:

Հոդված 3. Տեխնիկական կանոնակարգման նպատակները եւ սկզբունքները

1. Սույն օրենքը նպատակաուղղված է.

1) մարդու առողջության եւ անվտանգության պահպանությանը, շրջակա միջավայրի, այդ թվում՝ բուսական եւ կենդանական աշխարհի պահպանությանը, ազգային անվտանգության ապահովմանը, անբարեխիղճ գործելակերպի կանխարգելմանը,

2) Հայաստանի Հանրապետությունում արտադրանքին ներկայացվող տեխնիկական պահանջների մոտարկմանը միջազգային եւ Եվրոպական Միության պահանջներին,

3) միջազգային առեւտրի տեխնիկական խոչընդոտների վերացմանը:

2. Հայաստանի Հանրապետությունում շուկայում հասանելի դարձված տեխնիկական կանոնակարգերով կանոնակարգվող արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական կանոնակարգերին պարտադիր է:

3. Տեխնիկական կանոնակարգման ոլորտում պետական քաղաքականությունը հիմնվում է հետեւյալ սկզբունքների վրա`

1) տեխնիկական կանոնակարգումը չպետք է սահմանափակի առեւտուրն ավելի, քան անհրաժեշտ է սույն հոդվածի առաջին մասով սահմանված նպատակներին հասնելու համար,

2) տեխնիկական կանոնակարգերը պետք է փոփոխվեն կամ ուժը կորցրած ճանաչվեն, եթե դրանց ընդունումը խթանող պատճառները կամ հանգամանքները այլեւս գոյություն չունեն, կամ եթե փոփոխված հանգամանքները թույլ են տալիս ձեռք առնել առեւտուրն առավել քիչ սահմանափակող միջոցներ:

Հոդված 4. Տեխնիկական կանոնակարգման եւ համապատասխանության գնահատման ոլորտում հարաբերությունների իրավական կարգավորումը

Տեխնիկական կանոնակարգման, այդ թվում նաեւ համապատասխանության գնահատման ոլորտի Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը բաղկացած է սույն օրենքից եւ այլ  իրավական ակտերից:

Հոդված 5.Միջազգային պայմանագրերը

Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ դրույթներ, քան նախատեսված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի դրույթները:

Հոդված 6. Տեխնիկական կանոնակարգման, այդ թվում համապատասխանության գնահատման ընթացակարգերի ընդհանուր սկզբունքները

1. Տեխնիկական կանոնակարգերը, այդ թվում համապատասխանության գնահատման ընթացակարգերը մշակվում են առեւտրում ավելորդ խոչընդոտներ չստեղծելու կամ դրանց ստեղծմանը չհանգեցնելու, ինչպես նաեւ սպառողների իրավունքների պաշտպանության,  մարդու առողջության եւ անվտանգության պահպանության, շրջակա միջավայրի պահպանության, ազգային անվտանգության ապահովման սկզբունքով:

2. Տեխնիկական կանոնակարգերը, այդ թվում համապատասխանության գնահատման ընթացակարգերը պետք է մշակվեն միջազգային եւ եվրոպական ստանդարտների հիման վրա, բացառությամբ դեպքերի, երբ դրանք անարդյունավետ կամ անհամապատասխան են` հաշվի առնելով պաշտպանվածության/պաշտպանության ոչ բավարար մակարդակը կամ պետության հիմնական կլիմայական, աշխարհագրական պայմանները, տեխնիկական  խնդիրներն ու պայմանները, իսկ միջազգային եւ եվրոպական ստանդարտների բացակայության դեպքում` տարածաշրջանային եւ ազգային ստանդարտների հիման վրա:

3. Տեխնիկական կանոնակարգերը պետք է լինեն հստակ, ճշգրիտ ու ունենան կառուցվածքային միասնականություն, իսկ պահանջները հնարավորության սահմաններում պետք է վերաբերեն ոչ թե արտադրանքի կառուցվածքին կամ նկարագրությանը, այլ նրա բնութագրերին:

4. Տեխնիկական կանոնակարգերի եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի նախագծերի վերաբերյալ ազգային կամ միջազգային բոլոր շահագրգիռ կողմերի մեկնաբանությունները քննարկվում են տեխնիկական կանոնակարգեր կամ համապատասխանության գնահատման ընթացակարգեր մշակող համապատասխան աշխատանքային խմբի կողմից:

ԳԼՈՒԽ 2

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ

Հոդված 7.Տեխնիկական կանոնակարգերը

1. Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական կանոնակարգերն են Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները, որոնցով սահմանված են արտադրանքի (գործընթացների) վերաբերյալ տեխնիկական պահանջները եւ, անհրաժեշտության դեպքում, այդ պահանջներին համապատասխանության գնահատման ընթացակարգերը, ինչպես նաեւ տերմինաբանությանը, փաթեթավորմանը, պայմանանշաններին, արտադրանքի մակնշմանը եւ պիտակավորմանը ներկայացվող պահանջները։

2. Տեխնիկական կանոնակարգերի բովանդակությանը ներկայացվող պահանջներն են.

1) Տեխնիկական կանոնակարգերը չպետք է առեւտրի վրա թողնեն առավել սահմանափակող ազդեցություն, քան դա անհրաժեշտ է հետեւյալ նպատակների իրականացման համար.

ա. ազգային անվտանգության ապահովում,

բ. մարդու կյանքի, առողջության եւ անվտանգության պաշտպանություն,

գ. նյութական արժեքների պահպանում,

դ. կենդանական եւ բուսական աշխարհի պահպանություն,

ե. շրջակա միջավայրի պահպանություն,

զ.բնական եւ էներգետիկ պաշարների արդյունավետ օգտագործում,    էներգախնայողության եւ էներգաարդյունավետության կիրառում,

է. արտադրանքի անվտանգության, որակի, բաղադրության, ծագման, նշանակության վերաբերող հարցերում  սպառողներին թյուրիմածության մեջ գցող գործողությունների նախաշգուշացում:

2) Տեխնիկական կանոնակարգերը պետք է.

ա. այն երկրներից ներմուծված արտադրանքի համար, որոնց հետ առկա են համապատասխան պայմանագրեր, ապահովեն ոչ պակաս բարենպաստության ռեժիմ, քան տրամադրվում է   նմանատիպ հայրենական արտադրանքի համար,

բ. մշակվեն եւ կիրառվեն այնպես, որ չստեղծեն տեխնիկական խոչընդոտներ առեւտրում այն երկրների հետ, որոնց հետ կնքնված են համապատասխան պայմանագրեր,

գ. մշակվեն հիմնավորված գիտական տվյալների հիման վրա:

3) Տեխնիկական կանոնակարգը կարող է նախատեսել հետեւյալ տարրերը` սակայն չսահմանափակվելով դրանցով.

ա. կանոնակարգվող ոլորտի սահմանում` նկարագրվում է արտադրանքը կամ արտադրանքի խումբը, որին վերաբերում է համապատասխան տեխնիկական կանոնակարգը, ռիսկերի տեսակները, որոնք անհրաժեշտ է բացառել,  անհրաժեշտության դեպքում նաեւ` արտադրանք կամ արտադրանքի խումբ, որի վրա  չեն տարածվում տվյալ տեխնիկական կանոնակարգի պահանջները,

բ. կանոնակարգվող ոլորտի համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի կամ արտադրանքի խմբեր` սահմանվում է արտադրանքը, որը ենթակա է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատմանը,

գ. կանոնակարգվող ոլորտի արտադրանք կամ արտադրանքի խմբեր, որոնք ենթակա չեն համապատասխանության գնահատմանը` նշվում է այն արտադրանքը, որը ենթակա չէ տվյալ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատմանը,

դ. արտադրանքին կամ արտադրանքի համապատասխան խմբերին ներկայացվող հիմնական պահանջներ` հստակ սահմանումներով պահանջներ, որոնք ներկայացվում են արտադրանքին` դրանց շուկայահանման նպատակով:  Հիմնական պահանջները տեխնիկական կանոնակարգերի հիմնական մասերից է: Այն դեպքում, երբ արտադրանքը արտադրվել է չփոխկապակցված ստանդարտների հիման վրա, այն ենթակա է համապատասխանության գնահատման` երրորդ կողմի միջոցով,

ե. համապատասխանության գնահատման ընթացակարգեր` կանոնակարգվող ոլորտի  արտադրանքի համար` նախատեսված լինելու դեպքում, նշվում են մեկ կամ մի քանի համապատասխանության գնահատման համահավասար ընթացակարգեր,

զ. համապատասխանության ազգային նշանի կիրառման կանոններ, որոնք սահմանվում են գործող օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի դրույթների համաձայն,

է. չափումների միասնականության ապահովմանը ներկայացվող պահանջներ` անհրաժեշտության դեպքում` նշվում են կիրառվող էտալոնները, չափման միջոցները, նյութերը, չափումներ իրականացնելու ձեւերը`  չափումների սխալանքի հետ միասին եւ այլն,

ը. կանոնակարգվող ոլորտում գործունեություն իրականացնելու համար օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակված համապատասխանության գնահատման մարմիններին ներկայացվող պահանջներ, այդ թվում` հատուկ պահանջներ, որոնք սահմանված են կանոնակարգող մարմնի կողմից,

թ. սերտիֆիկացվող արտադրանքի պարբերական գնահատման հաճախականությունը կամ հաճախականության որոշման չափանիշներ, համապատասխանության սերտիֆիկատների եւ հայտարարագրերի գործողության ժամկետի կասեցման, կամ դրանց ուժը կորցրած ճանաչելու մասին չափանիշներ,

ժ. շուկայի վերահսկողության մարմինների կողմից իրականացվող միջոցառումներ` սահմանված պահանջներին արտադրանքի մեկ կամ մի քանի տեսակի անհամապատասխանության հայտնաբերման եւ վտանգավոր լինելու դեպքում:

3. Կանոնակարգող մարմինների եւ կանոնակարգվող ոլորտների ցանկը հաստատւմ եւ փոփոխում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Համապատասխանության հայտարարագրում նախատեսող տեխնիկական կանոնակարգը պետք է ներառի համապատասխանության հայտարարագրման ընթացակարգ, ձեւ, բովանդակություն եւ համապատասխանության հայտարարագրի պահման ժամկետ:

5. Ազգային ստանդարտների ցանկը, որոնք կամավոր կիրառման դեպքում հանդիսանում են արտադրանքի տեխնիկական կանոնակարգերի պահանջների համապատասխանության կանխավարկածի ապացույց` հրապարակում է ստանդարտացման ազգային մարմինը` համակարգող մարմնի հանձնարարությամբ:

Հոդված 8. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները տեխնիկական կանոնակարգման ոլորտում

Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) համակարգում է տեխնիկական կանոնակարգման ոլորտի համակարգող պետական կանոնակարգող (այսուհետ` համակարգող մարմին) եւ այլ պետական կանոնակարգող մարմինների (այսուհետ` կանոնակարգող մարմին) գործունեությունը,

2) սահմանում է տեխնիկական կանոնակարգման ոլորտում համակարգող մարմին,

3) հաստատում է.

ա. այն տեխնիկական կանոնակարգերը, որոնք չեն նախատեսվում օրենքով     ընդունմանը,

բ. տեխնիկական կանոնակարգերի   մշակման ամենամյա ծրագիրը,

4) կնքում է Հայաստանի Հանրապետության համապատասխանության գնահատման արդյունքների փոխճանաչման եւ օտարերկրյա ու ազգային տեխնիկական կանոնակարգերի համարժեքության միջազգային պայմանագրերը,

5) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված  9. Համակարգող մարմնի լիազորությունները

Համակարգող մարմինը`

1) ապահովում է տեխնիկական կանոնակարգման ոլորտում պետական քաղաքականության մշակումն ու իրականացման համակարգումը,

2) համակարգում է տեխնիկական կանոնակարգերի մշակման աշխատանքները,

3) իր իրավասության շրջանակներում, սույն օրենքով սահմանված կարգով մշակում եւ/կամ կազմակերպում է տեխնիկական կանոնակարգերի մշակումը,

4) նախապատրաստում է եւ համապատասխան այլ կանոնակարգող մարմինների հետ համատեղ մշակում է տեխնիկական կանոնակարգերի մշակման ամենամյան ծրագիրը,

5) վարում է գործող տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանը,

6) սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում անհետաձգելի տեխնիկական կանոնակարգերի նախագծերը,

7) նշանակում է համապատասխանության գնահատման մարմիններին եւ համապատասխանության պարբերական գնահատման արդյունքում, սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում, որոշում է ընդունում նշանակումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ,

8) վարում է համապատասխանության գնահատման նշանակված մարմինների գրանցամատյանը եւ հաստատում գրանցամատյանի վարման կարգը,

9) իրականացնում է համապատասխանության գնահատման նշանակված մարմինների վերաբերյալ ծանուցում,

10) հաստատում է համապատասխանության գնահատման նշանակման համար սահմանված համապատասխան փաստաթղթերի ձեւերը, համապատասխանության գնահատման նշանակված մարմինների բողոքարկման հանձնաժողովների կանոնադրությունը եւ բողոքների քննարկման կարգը,

11) հաստատում է համապատասխանության հայտարարագրի եւ համապատասխանության սերտիֆիկատի ձեւերը,

12)  իրականացնում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի եւ ծառայության համապատասխանության պետական վերահսկողություն,

13)  իրականացնում է այս ոլորտում օրենքով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 10. Կանոնակարգող մարմինների լիազորությունները

Կանոնակարգող մարմինները`

1) իրենց իրավասության շրջանակներում, սույն օրենքով սահմանված կարգով մշակում են եւ/կամ կազմակերպում են տեխնիկական կանոնակարգերի մշակումը,

2) ձեւավորում են փորձագետների աշխատանքային խմբեր (այսուհետ` աշխատանքային խմբեր) տեխնիկական կանոնակարգերի մշակման եւ վերանայման համար,

3) տեխնիկական կանոնակարգերի մշակմամբ կամ վերանայմամբ զբաղվող աշխատանքային խմբերում ընդգրկելու համար ընտրում են իրենց ներկայացուցիչներին,

4) առաջարկներ են ներկայացնում համապատասխանության գնահատման մարմինների նշանակման համար:

Հոդված 11. Որակի եվ տեխնիկական կանոնակարգման ազգային խորհուրդ

1. Որակի եւ տեխնիկական կանոնակարգման ազգային խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված կոլեգիալ խորհրդատվական եւ խորհրդակցական մարմին է:

2. Խորհուրդը ձեւավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչներից, համակարգող եւ կանոնակարգող մարմինների ներկայացուցիչներից, ստանդարտացման, չափումների միասնականության ապահովման եւ հավատարմագրման ազգային մարմինների ներկայացուցիչներից, ինչպես նաեւ արտադրողների, գործարարների, սպառողների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներից: Խորհրդի գործունեությունը հիմնվում է բաց եւ հրապարակային սկզբունքների վրա:

3. Խորհրդի անհատական կազմը, կանոնադրությունը եւ գործունեության կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Խորհրդի հիմնական գործառույթներն են`

1) որակի ենթակառուցվածքի հարցերի վերաբերյալ խորհրդատվության տրամադրումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը,

2) որակի ենթակառուցվածքի արդյունավետ գործունեությունն ապահովող միջոցառումների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը,

3) երկրում որակի ենթակառուցվածքի քաղաքականության լիարժեք որդեգրման եւ Հայաստանի միջազգային ինտեգրման խրախուսումը, երկխոսության, ինչպես նաեւ հետադարձ կապի ապահովումը պետության եւ շահագրգիռ կողմերի միջեւ,

4) որակի ենթակառուցվածքի արդիականացման գործընթացի եւ դրա բարեփոխման իրականացման միաժամանակյա ընթացքի ապահովումը,

5) որակի ենթակառուցվածքի բարեփոխման  գործողությունների ծրագրերի եւ հաշվետնությունների քննարկումը եւ հավանության արժանացնելը,

6) տեխնիկական կանոնակարգերի մշակման ամենամյա ծրագրի նախագծի վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը,

7) տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման կամ մերժման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը,

8) սպառողների սոցիալ տնտեսական պահաջների ու կարիքների հիման վրա տեխնիկական կանոնակարգերի մշակման գերակայությունների սահմանումը:

5. Խորհուրդը իրավունք ունի պետական կառավարման մարմիններից` Խորհրդի իրավասության ներքո գտնվող խնդիրների վերաբերյալ ստանալ տեղեկատվություն եւ նյութեր:

6. Խորհուրդը նիստեր է գումարում, ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:

7. Համակարգող մարմինը հանդիսանում է խորհրդի քարտուղարությունը:

Հոդված 12. Տեխնիկական կանոնակարգերի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբերը

1. Համակարգող եւ կանոնակարգող մարմինները, որոնց լիազորությունների ներքո համապատասխան օրենսդրությամբ սահմանված է տեխնիկական կանոնակարգերի մշակումը եւ/կամ դրանց մշակման կազմակերպումը, ստեղծում են աշխատանքային խմբեր:

2. Այն մասնագետները, որոնք ցանկություն են հայտնել մասնակցելու աշխատանքային խմբերի աշխատանքներին եւ ունեն համապատասխան որակավորում, հրավիրվում են աշխատելու որպես փորձագետ` պայմանագրային հիմունքներով:

3. Կանոնակարգող համապատասխան մարմինները իրենց կամ իրենց ենթակա կազմակերպությունների աշխատակազմի անդամներից մեկին նշանակում են աշխատանքային խմբի քարտուղար:

Հոդված 13. Տեխնիկական կանոնակարգերի մշակման ամենամյա ծրագրի նախապատրաստում

1. Շահագրգիռ կողմերը տեխնիկական կանոնակարգերի մշակման, տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու կամ տեխնիկական կանոնակարգերի ուժը կորցնելու վերաբերյալ առաջարկություններ են ներկայացնում համակարգող մարմնին:

2. Բոլոր ընդունված առաջարկությունները ներառվում են տեխնիկական կանոնակարգերի մշակման ամենամյա ծրագրի նախագծում:

3. Աշխատանքային մշակման ամենամյա ծրագրի նախագիծը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Խորհրդի առաջարկությունների քննարկման արդյունքում:

Հոդված 14. Տեխնիկական կանոնակարգերում ազգային ստանդարտներին հղում կատարելը

1. Կանոնակարգող մարմինները տեխնիկական կանոնակարգերի մշակման համար որպես հիմք  օգտագործում են միջազգային, տարածաշրջանային եւ ազգային ստանդարտները եւ կարող են.

1) տեխնիկական կանոնակարգերում ամբողջովին կամ մասամբ ներառել միջազգային, տարածաշրջանային եւ ազգային տանդարտների տեքստերը,

2) տեխնիկական կանոնակարգերի տեքստում տալ ուղղակի հղումներ ազգային ստանդարտներին, ցույց տալու համար, որ տեխնիկական կանոնակարգերի որոշակի պահանջների համապատասխանության հասնելու միակ ճանապարհը համարվում է նշված ստանդարտների պահանջներին համապատասխանելը,

3) տալ տեխնիկական կանոնակարգերի տեքստում ազգային ստանդարտների անուղղակի  հղումներ` ցույց տալու համար, որ տեխնիկական կանոնակարգերի որոշակի պահանջներին համապատասխանությանը հասնելու ճանապարհներից մեկը փոխկապակցված ստանդարտների պահանջներին համապատասխանելն է:

2. Փոխկապակցված կամավոր կիրառման ստանդարտների պահանջներին համապատասխանությունը տալիս է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության կանխավարկածի ապացույց:

3. Տեխնիկական կանոնակարգերը ներառում են, անհրաժեշտության դեպքում, հղումներ ազգային ինչպես նաեւ ազգային մակարդակում կիրառվող միջազգային եվրոպական եւ միջպետական ստանդարտներին, որոնք ապահովում են տեխնիկական կանոնակարգերում սահմանված` հիմնական պահանջների համապատասխանության կանխավարկածը:

Հոդված 15. Տեխնիկական կանոնակարգերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման մասին

Տեխնիկական կանոնակարգի նախագծի մշակման աշխատանքներից հետո համապատասխան կանոնակարգող մարմինն իր պաշտոնական հրատարակության (ինտերնետ կայք) կամ զանգվածային տեղեկատվության միջոցներում օրենսդրությամբ սահմանված կարգով հրապարակում է տեղեկատվություն`  հնարավորություն տալով բոլոր շահագրգիռ կողմերին կարծիք ներկայացնելու նախագծի վերաբերյալ, նշելով կարծիքի ներկայացման վերջնաժամկետն ու  հասցեն:

Հոդված 16. Տեխնիկական կանոնակարգի նախագծի ընդունումը կամ ընդունման մերժումը

1. Աշխատանքային խումբը տեխնիկական կանոնակարգի նախագծի վերջնական տարբերակը պետք է ներկայացնի համապատասխան կանոնակարգող մարմնին, որն իր հերթին պետք է համաձայնեցնի այն շահագրգիռ այլ մարմինների հետ:

2. Կանոնակարգող մարմինը տեխնիկական կանոնակարգի  համաձայնեցված նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` համապատասխան որոշում կայացնելու համար:

3. Կանոնակարգող մարմինների միջեւ էական տարաձայնությունների առկայության դեպքում տեխնիկական կանոնակարգի նախագիծը բոլոր դեպքերում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության կառավարություն, որն էլ, անհրաժեշտության դեպքում հաշվի առնելով Խորհրդի առաջարկությունները, ընդունում է որոշում տվյալ տեխնիկական կանոնակարգի  ընդունման կամ մերժման մասին:

Հոդված 17. Տեխնիկական կանոնակարգերի ուժի մեջ մտնելը

Տեխնիկական կանոնակարգերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակումից առնվազն 6 ամիս հետո, բացառությամբ անհետաձգելի տեխնիկական կանոնակարգերի:

Հոդված 18. Տեխնիկական կանոնակարգի ընդունման անհետաձգելի անհրաժեշտություն

1. Պաշտպանության, առողջապահության, ազգային անվտանգության, մարդու կյանքի ու առողջության անվտանգության, շրջակա միջավայրի, բնական եւ էներգետիկ պաշարների պահպանության բնագավառներում հանգամանքների բերումով  տեխնիկական կանոնակարգի անհապաղ մշակման կամ ընդունման պահանջի դեպքում համապատասխան ոլորտը կանոնակարգող մարմինը մշակում է տեխնիկական կանոնակարգի նախագիծ (այսուհետ` անհետաձգելի տեխնիկական կանոնակարգի նախագիծ), որը ներկայացնում է տեխնիկական կանոնակարգման ոլորտի համակարգող մարմնի քննարկմանը` սույն օրենքի դրույթներին համապատասխանելու մասով:

2. Համակարգող մարմնի կողմից տեխնիկական կանոնակարգի անհապաղ մշակման անհրաժեշտությունը հաստատելու դեպքում, համակարգող մարմինը պատրաստում է համապատասխան եզրակացություն եւ անհետաձգելի տեխնիկական կանոնակարգի նախագիծը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված անհետաձգելի տեխնիկական կանոնակարգը հրապարակվում է «Պաշտոնական տեղեկագրում» եւ ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Հոդված 19. Ընդունված տեխնիկական կանոնակարգերի վերանայումը

1. Գործող տեխնիկական կանոնակարգերը համապատասխան աշխատանքային խմբի կողմից վերանայվում են դրանց` «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակման օրվանից հետո 5 տարվա ընթացքում:

2. Կանոնակարգող մարմինները հանրային տեղեկատվության   միջոցներով հրապարակում են գործող տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու կամ դրանց գործողությունը դադարեցնելու  վերաբերյալ առաջարկությունները` նշելով դրանց մասին առաջարկությունների տրամադրման ժամկետներն ու  վայրը: Առաջարկությունների տրամադրման ժամկետը չպետք է գերազանցի 30 օրը:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը լրանալուց հետո աշխատանքային խումբը քննարկում է առաջարկությունները եւ տալիս է եզրակացություն տեխնիկական կանոնակարգի փոփոխության կամ դրա ուժը կորցրած ճանաչելու  անհրաժեշտության վերաբերյալ:

4. Գործող տեխնիկական կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ եզրակացություն ընդունելու դեպքում համապատասխան կանոնակարգող մարմինները գումարում են համապատասխան աշխատանքային խմբի նիստ:

5. Այն տեխնիկական կանոնակարգերը, որոնք վերանայվել են, սակայն նրանցում փոփոխություններ չեն կատարվել կամ դրանց ուժը կորցրած չեն ճանաչվել,  նշագրվում են համակարգող մարմնի տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանում   համապատասխան նշումով:

6. «Պաշտոնական տեղեկագրում» հրապարակման պահից 5 տարվա ընթացքում չվերանայված տեխնիկական կանոնակարգի գործողության 5 տարին լրանալուց հետո, համակարգող մարմինը 3 ամսվա ընթացքում նախապատրաստում է դրա ուժը կորցրած ճանաչելու մասին համապատասխան իրավական ակտի նախագիծ եւ այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն:

ԳԼՈՒԽ 3

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐ

Հոդված 20. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման մարմնի նշանակում

1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատումն իրականացնում են համապատասխանության գնահատման համար նշանակված մարմինները, եթե օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:

2. Համապատասխանության գնահատման մարմնին նշանակում է համակարգող մարմինը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով եւ չափանիշներով։

3. Հավատարմագրման վկայագրի առկայությունը հիմք է հանդիսանում համապատասխանության գնահատման մարմինների նշանակման համար:

4. Համապատասխանության գնահատման մարմնի նշանակման համար նախատեսված փաստաթղթերի ձեւերը սահմանում է համակարգող մարմինը:

5. Համապատասխանության գնահատման մարմինների տեխնիկակական իրավազորության գնահատումը (փաստաթղթերի փորձաքննություն, համապատասխանության գնահատում)  իրականացվում է հավատարմագրման ազգային մարմին կողմից հավատարմագրման տեխնիկական կոմիտեների ուսումնասիրության հիման վրա:

6. Նշանակված մարմինները գրանցվում են համապատասխանության գնահատման նշանակված մարմինների գրանցամատյանում, որը վարում է համակարգող մարմինը։

7. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինների գրանցամատյանը պետք է մատչելի լինի հասարակության համար էլեկտրոնային եւ (կամ) այլ տարբերակով, եւ հրատարակվի համակարգող մարմնի պաշտոնական կայքում։

8. Վիճահարույց հարցերի ծագման դեպքում՝ համապատասխանության գնահատման մարմինն իրավունք ունի դիմել որակի եւ տեխնիկական կանոնակարգման ազգային խորհուրդ։

9. Որակի եւ տեխնիկական կանոնակարգման ազգային խորհրդի առաջարկի կամ Հավատարմագրման տեխնիկական կոմիտեների ուսումնասիրության արդյունքի հիման վրա Համակարգող մարմինը կարող է որոշում ընդունել նշանակումը չեղյալ համարելու վերաբերյալ, եթե հայտնաբերվել է, որ համապատասխանության գնահատման նշանակված մարմինները չեն հետեւում սահմանված չափանիշներին կամ եթե չեն իրականացնում իրենց պարտականությունները` համաձայն սույն օրենքի:

Հոդված 21. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինների պարտականությունները

1. Համապատասխանության գնահատման նշանակված մարմիններն իրականացնում են միայն այն ընթացակարգերը, որոնց համար նշանակվել են։

2. Համապատասխանության գնահատման նշանակված մարմնի անձնակազմը պետք է պահի առեւտրային գաղտնիքը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ։

3. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը իր գործունեության մասին, կանոնավոր կերպով, հաշվետվություն է ներկայացնում համակարգող մարմնին` վերջինիս կողմից սահմանված ձեւին համապատասխան։

4. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը պետք է.

1) ապահովի արտադրողների համար համապատասխանության գնահատման ընթացակարգերի եւ համապատասխանության ազգային նշանի ստացման հավասար իրավունք,

2) օպերատիվ կերպով ուսումնասիրի հետաքրքրված կողմի հարցումը, ինչպես նաեւ հայտարարի կամ տեղեկացնի հետաքրքրված կողմին փաստաթղթերի ամբողջականության եւ յուրաքանչյուր համապատասխանության գնահատման ընթացակարգի իրականացման  ժամանակահատվածի մասին, իսկ թերությունների հայտնաբերման դեպքում լիարժեք ու մատչելի կերպով հայտատուին տեղեկացնի բոլոր հայտնաբերված թերությունների մասին,

3) համապատասխանության գնահատման ընթացակարգերի ավարտից հետո 2-օրյա ժամկետում հայտնի համապատասխանության գնահատման արդյունքների մասին հայտատուին, անհրաժեշտության դեպքում` ուղղիչ գործողություններ ձեռնարկեելու նպատակով,

4) հնարավորության սահմաններում, հայտատուի խնդրանքով իրականացնի համապատասխանության գնահատման ընթացակարգերը` անգամ եթե հայտն ունի թերություններ, եւ տեղեկացնի թե որ փուլում է գտնվում համապատասխանության գնահատման ընթացակարգի իրականացումը՝ բացատրելով յուրաքանչյուր ուշացման պատճառը,

5) համապատասխանության գնահատման ընթացակարգերի իրականացման նպատակով ապահովի արտադրվող կամ մատակարարվող արտադրանքի մասին տեղեկության գաղտնիությունը, այդ թվում եւ այլ երկրներից,

6) սահմանի համապատասխանության գնահատման ընթացակարգի իրականացման համար վճարը,

7) ապահովի միանման արտադրանքի համապատասխանության գնահատման ընթացակարգերի իրականացման համար գանձվող ցանկացած վճարների միեւնույն մակարդակը, հայրենական եւ օտարերկրյա արտադրողների (մատակարարների) համար, հաշվի առնելով տեղափոխման, կապի եւ այլ ծախսեր՝ պայմանավորված հայտատուի արտադրական տարածքի եւ համապատասխանության գնահատման մարմնի գտնվելու վայրով:

5. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինները պետք է սահմանեն համապատասխանության գնահատման ընթացակարգի իրականացման վերաբերյալ բողոքների քննարկման ընթացակարգ:

6. Բողոքների քննարկման ընթացակարգերը պետք է նախատեսեն ուղղիչ գործողություններ, որոնք կիրառվում են բողոքի հիմնավորվածությունը ապացուցելու դեպքում։

7. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինը պատասխանատվություն է կրում համապատասխանության գնահատման արդյունքների համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

Հոդված 22. Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս իրականացված համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչում

1. Համապատասխանության գնահատման արդյունքները հավաստող փաստաթղթերը, որոնք տրվում են սույն օրենքի 20-րդ հոդվածում նշված պահանջների համաձայն նշանակված համապատասխանության գնահատման մարմնի կողմից եւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս իրականացված համապատասխանության գնահատման ընթացակարգերով, եթե դրանք ապահովում են անհրաժեշտ տեխնիկական կանոնակարգերին կամ ստանդարտներին՝ համապատասխանության միեւնույն մակարդակը, ինչը նախատեսված է համապատասխանության գնահատման ազգային ընթացակարգերով  եւ չեն պահանջում ճանաչման հավելյալ ընթացակարգ,  ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։

2. Օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմինների համապատասխանության գնահատման աշխատանքների արդյունքները ճանաչվում են`

 1) դրանց փոխճանաչման կամ բազմակողմ ճանաչման մասին համաձայնագրի առկայության դեպքում,

2) դրանց փոխճանաչման կամ բազմակողմ ճանաչման մասին համաձայնագրի բացակայության դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխանության գնահատման մարմինների համապատասխանության գնահատման աշխատանքների արդյունքների միակողմ ճանաչման կարգին համապատասխան:

Հոդված 23. Համապատասխանության գնահատման ընթացակարգի բողոքարկում

1. Համապատասխանության գնահատման ընթացակարգի համար հայտ ներկայացրած անձը կարող է համապատասխանության գնահատման նշանակված մարմնի գործողությունները եւ որոշումները բողոքարկել՝ բողոք ներկայացնելով համապատասխանության գնահատման նշանակված մարմնի համապատասխանության գնահատման բողոքարկման հանձնաժողով։

2. Համապատասխանության գնահատման նշանակված մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշման հետ կողմերից մեկի համաձայնության չգալու դեպքում, այն կարող է բողոքարկվել համակարգող մարմնի բողոքարկման հանձնաժողով, կամ դատական կարգով:

3. Բողոք ներկայացնելու ծախսերը իրականացնում է դիմող կողմը, եթե կրկնակի համապատասխանության գնահատման արդյունքները տարբերվում են նախորդից ի օգուտ հայտ ներկայացրած անձին, հակառակ դեպքում` հայտատուի բոլոր ծախսերը փոխհատուցվում են համապատասխանության գնահատման նշանակված մարմնի կողմից:

4. Բողոքարկման հանձնաժողովների կանոնադրությունը եւ բողոքների քննարկման կարգը հաստատում է համակարգող մարմինը:

Հոդված 24. Համապատասխանության հայտարարագիր եւ համապատասխանության սերտիֆիկատ

1. Արտադրողը հայտարարագիր է լրացնում շուկայահանված ողջ արտադրանքի համապատասխանության մասին, որոնք հանդիսանում են տեխնիկական կանոնակարգերի օբյեկտներ, եթե տեխնիկական կանոնակարգը այլ բան չի նախատեսել ։

2. Եթե տեխնիկական կանոնակարգը առավել տեղեկատվություն  չի նախատեսել, համապատասխանության հայտարարագիրը պետք է ընդգրկի հետեւյալ տեղեկատվությունը՝

1) արտադրանքի տվյալներ (անվանում, մոդելի տեսակ կամ համար, ցանկացած հավելյալ տեղեկություն, օրինակ՝ խմբաքանակ կամ սերիական համար, բաղադրիչ մասերի անվանումներ),

2) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ հայտարարություն, որին պետք է համապատասխանի արտադրանքը՝ ներառյալ հղումներ փոխկապակցված ազգային ստանդարտներին,

3) լրացուցիչ տեղեկատվություն (արտադրանքի տեսակը կամ դասը)՝ համաձայն տեխնիկական կանոնակարգի,

4) հայտարարագրի ձեւակերպման ամսաթիվը, արտադրողի կամ լիազորված ներկայացուցչի անվանումը, հասցեն եւ ստորագրությունը,

5) համապատասխանության գնահատման ընթացակարգ իրականացրած համապատասխանության գնահատման նշանակված մարմնի անվանումը, հասցեն եւ անհրաժեշտության դեպքում, նշանակված մարմինների գրանցամատյանում՝ նույնականացման կոդը:

3. Արտադրողը, համապատասխանության գնահատման համար պարտավոր է համապատասխանության գնահատման նշանակված մարմնում ստանալ համապատասխանության սերտիֆիկատ եւ/կամ փորձարկման արձանագրություն, սույն օրենքի պահանջների համաձայն, եթե տեխնիկական կանոնակարգով նախատեսված է նման ընթացակարգ։

4. Համապատասխանության հայտարարագրի` սերտիֆիկատի եւ/կամ փորձարկման արձանագրության ձեւը սահմանում է համակարգող մարմինը։

Հոդված 25. Համապատասխանության ազգային նշան

1. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունը հավաստող համապատասխանության ազգային նշանի նմուշը (նկարագիրը) եւ կիրառման կարգը  սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

2. Տեխնիկական կանոնակարգում սահմանված համապատասխանության ազգային նշանը կիրառվում է տվյալ տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող եւ օբյեկտ հանդիսացող ողջ արտադրանքի համար։

3. Տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի դեպքում՝  համապատասխանության գնահատման նշանակված մարմինը համապատասխանության ազգային նշանը  կիրառելիս  կցում է իրեն համար նախատեսված նույնականացման կոդը։

4. Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանելու դեպքում, համապատասխանության ազգային նշանը դրվում է արտադրանքի փաթեթի կամ պիտակի վրա, իսկ գործընթացների համար` օգտագործվում է գովազդային նյութերում։

5. Տեխնիկական կանոնակարգերով նախատեսված` համապատասխանության գնահատման չենթարկված արտադրանքի եւ գործընթացների համար արգելվում է համապատասխանության ազգային նշանի կիրառումը:

Հոդված 26. Համապատասխանության գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկատվության ներկայացումը

1.Մաքսային մարմինները տեխնիկական կանոնակարգերով նախատեսված համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում են համակարգող մարմնին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգին համապատասխան:

2. Համապատասխանության գնահատման նշանակված մարմինները համակարգող մարմնին ներկայացնում են տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգին համապատասխան:

Հոդված 27. Տնտեսական գործունեության սուբյեկտների պարտավորությունները

 1. Տնտեսական գործունեության սուբյեկտները պետք է շուկայահանեն հայրենական կամ օտարերկրյա ծագման այնպիսի արտադրանք, որոնք անվտանգ են մարդու կյանքի եւ առողջության, կենդանական եւ բուսական աշխարհի համար, ապահովում են ազգային անվտանգության, շրջակա միջավայրի եւ բնական ռեսուրսների պահպանություն, կանխում են անբարեխիղճ մրցակցությունը։

2. Տնտեսական գործունեության սուբյեկտները պետք է ապահովեն համապատասխան տեխնիկական կանոնակարգերի բոլոր պահանջների կատարումը՝ տեխնիկական կանոնակարգերի օբյեկտներ հանդիսացող արտադրանքը շուկայահանումից առաջ։

3. Տեխնիկական կանոնակարգերի օբյեկտներ հանդիսացող արտադրանքի շուկայահանումն ուղեկցվում է համապատասխանության հայտարարագրով եւ (կամ) համապատասխանության սերտիֆիկատով, եւ (կամ) փորձարկման արձանագրությամբ, եւ (կամ) տեխնիկական կանոնակարգերով սահմանված այլ փաստաթղթեր, ինչպես նաեւ արտադրանքի մակնշմամբ՝ համապատասխանության ազգային նշանով, եթե դա նախատեսված է համապատասխան տեխնիկական կանոնակարգով։

4. Արտադրողը կամ Հայաստանի Հանրապետությունում նրա լիազոր ներկայացուցիչը, կամ դրանց բացակայության դեպքում` արտադրանք շուկայահանող տնտեսական գործունեության սուբյեկտը պետք է՝

1) ապահովի սպառողներին արտադրանքի հետ կապված եւ` ակնհայտ եւ` ոչ ակնհայտ ռիսկերի գնահատման համար համապատասխան տեղեկությամբ, եւ միջոցներ ձեռնարկի նման ռիսկերը կանխելու համար,

2) արտադրանքը հանի շրջանառությունից, եթե այն չի բավարարում համապատասխան տեխնիկական կանոնակարգերի պահանջները,

3) պահպանի համապատասխանության հայտարարագիրը եւ (կամ) համապատասխանության սերտիֆիկատը, տեխնիկական կանոնակարգերին համապատասխանությունը հավաստող այլ տեխնիկական փաստաթղթերը, արտադրանքի շուկայահանման ողջ ընթացքում, եւ այդ տեղեկատվությունը ներկայացնի՝ ըստ շուկայի վերահսկողության մարմինների պահանջի,

4) փոխհատուցի արտադրանքի եւ գործընթացի սպառողների վնասները, եթե ապացուցված է դրանց անհամապատասխանությունը՝ համապատասխանության հայտարարագրում եւ (կամ) համապատասխանության սերտիֆիկատում նշված տեխնիկական կանոնակարգերին։

ԳԼՈՒԽ 4

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

Հոդված 28. Պատասխնատվությունը սույն օրենքի խախտման համար

Սույն օրենքի դրույթները խախտող անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

ԳԼՈՒԽ 5

ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 29.Ֆինանսավորումը

1. Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են տեխնիկական կանոնակարգերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային համաձայնագրերով նախատեսված  տարածաշրջանային եւ միջպետական տեխնիկական կանոնակարգերի եւ դրանց պահանջների կատարումն ապահովող ստանդարտների մշակումը կամ մասնակցությունը դրանց մշակմանը, ինչպես նաեւ նշված փաստաթղթերի նախագծերի փորձաքննությունը:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից եւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից:

ԳԼՈՒԽ 6

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 30.Անցումային դրույթներ

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 12 ամսվա ընթացքում համակարգող մարմինը պետք է ապահովի տվյալ ոլորտի համապատասխանության գնահատման մարմինների նշանակումը:

2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց 12 ամիս հետո Հայաստանի Հանրապետության 2004 թվականի հունիսի 19-ի  «Համապատասխանության գնահատման մասին» ՀՕ-82-Ն օրենքի համաձայն տրված հավատարմագրման վկայագրերը տեխնիկական կանոնակարգերի պահանջների նկատմամբ համապատասխանության գնահատում կատարող մարմինների համար` որպես բավարար պայման չեն հանդիսանում:

ԳԼՈՒԽ 7

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 31.Եզրափակիչ դրույթներ

 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ», «ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ   ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. Անհրաժեշտությունը.

«Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին»,  «Ստանդարտացման մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների  նպատակը 2011 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին»  ՀՀ կառավարության N 111-Ն որոշման, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության եվ Եվրոպական միության միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի նպատակով մինչեւ 2011 թվականի հունիս ամիսը կատարվելիք միջոցառումների ժամանակացույցի»  1-ին կետի կատարման ապահովումն է, համաձայն որի  ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարված է սկսել ՀՀ կառավարության 2010թվականի դեկտեմբերի 16-ի N 1693-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ որակի ենթակառուցվածքների բարեփոխման ռազմավարության  եւ Գործողությունների ծրագրի իրականացումը, մասնավորապես` մշակել «Ստանդարտացման մասին», «Հավատարմագրման մասին», «Տեխնիկական կանոնակարգման մասին» եւ «Չափումների միասնականության ապահովման մասին»  ՀՀ օրենքները:

Սույն օրենքների նախագծերի փաթեթը մշակվել է հիմք ընդունելով`

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

Ներկայումս գործող` ոլորտը կանոնակարգող «Ստանդարտացման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» եւ «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքները չեն նպաստում համակարգերում առկա խնդիրների լիարժեք լուծմանը, ուստի համակարգերը կանոնակարգող օրենքները արդիկանացման կարիք ունեն` նպատակաուղղված.

տնտեսվարող սուբյեկտների  վարչական բեռի կրճատմանը, որը պայմանավորվում է տեխնիկական կանոնակարգերով, հնացած ստանդարտներով, պարտադիր սերտիֆիկացման պահանջներով եւ որոնց գոյությունը չի հիմնավորվում Առեւտրի համաշխարհային կազմակերպության ԱՏԽ համաձայնագրի պահանջների տեսանկյունից,

սպառողների շահերի պաշտպանության մակարդակի բարձրացմանը` միջազգային լավագույն փորձի ներդրման եւ արտադրանքի անվտանգության եւ սպառողների պաշտպանությանը լավագույնս ծառայելու համար:

Այսպիսով, որակի ենթակառուցվածքի բարեփոխման նպատակը տեխնիկական կանոնակարգերի, ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, փորձարկման, տեխնիկական հսկողության, սերտիֆիկացման եւ շուկայի վերահսկողության ազգային ընթացակարգերի արդիկանացումն է` ներքին եւ արտաքին բնույթի խնդիրներին լավագույնս ծառայելու համար:

Ընդհանուր առմամբ, գործող համակարգի վերաբերյալ 2010թ. ներկայացվեցվել են միջազգային փորձագետների զեկույցները, համաձայն որոնց ոլորտը կանոնակարգող ներկա օրենսդրական դաշտը հիմնականում չի համապատասխանում միջազգային լավագույն փորձին եւ հանգեցնում է անարդյունավետ ազգային որակի ենթակառուցվածքի եւ բացի դա, որակին առնչվող ծառայությունների, ինչպիսիք են` սերտիֆիկացումը,  փորձարկումը եւ ստուգաճշտումը, թույլ շուկան` արտադրանքի որակի հետ կապված մարտահրավերներ է առաջադրում Հայաստանում:

ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ԽՀԱԱՀ-ի շուրջ բանակցությունների մեկնարկի տեսանկյունից խնդրահարույց է համարվում առեւտրի տեխնիկական խոչընդոտների ոլորտը, որի  բարեփոխումը ենթադրում է կանոնակարգերի, ստանդարտների եւ գործելակերպերի աստիճանական մոտարկում եւ այն անհրաժեշտ է սկսել նախ օրենսդրության մոտարկումից: Մոտարկման նպատակն է ապահովել ազգային որակի ենթակառուցվածքի զարգացման հեռանկարային ուղղվածություն եւ գոյություն ունեցող համակարգը բարեփոխել այնպես, որ այն համապատասխանի միջազգային եւ եվրոպական պահանջներին: ՀՀ օրենսդրությունը ԵՄ օրենսդրությանը չմոտարկված լինելը խոչընդոտում է Հայաստանում արտադրվող արտադրանքի արտահանմանը եւ չի նպաստում սպառողների եւ պետության շահերի արդյունավետ պաշտպանությանը:

Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրումը` համապատասխանության հավաստման, չափումների միասնականության ապահովման եւ տեխնիկական անվտանգության ապահովման բնագավառներում չի իրականացվում մեկ համատարմագրման ընթացակարգով եւ մեկ հավատարմագրման մարմնի կողմից, որը հակասում է միջազգային եւ եվրոպական պահանջներին` ԻՍՕ/ԻԷԿ 17011 ստանդարտ եւ թիվ 765/2008 (ԵՀ) կանոնակարգ:

Հավատարմագրման մարմինը չի անդամակցում, որեւէ միջազգային, եվրոպական հավատարմագրման կազմակերպությանը, ուստի, հավատարմագրման վկայագրերը չեն ճանաչվում արտերկրում:

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման ոլորտից դուրս են մնացել մի շարք բնագավառներ, մասնավորապես սննդամթերքի անվտանգության, աշխատանքի անվտանգության կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինների հավատարմագրումը եւ այլն:

Օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել միջազգային եւ եվրոպական պահանջներին ներդաշնակ հավատարմագրման ազգային մարմին, որը կլինի համապատասխանության գնահատման մարմիններին հավատարմագրման ծառայություններ մատուցող Հայաստանի Հանրապետությունում միակ մարմինը, հավատարմագրման բնագավառում մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը: Օրենքի նախագծում ներառված են Հայատանի Հանրապետությունում օտարերկրյա համապատասխանության գնահատման մարմինների գործունեության իրականացման հնարավորության պայամանները, Հավատարմագրման ազգային մարմնի հավատարմագրման  տարածաշրջանային եւ միջազգային կազմակերպություններին անդամակցության, հավատարմագրման վկայագրերի ու համապատասխանության գնահատման արդյունքների փոխճանաչման, օտարերկրյա հավատարմագրման մարմնի հետ համատեղ համապատասխանության գնահատման մարմինների գնահատման եւ հավատարմագրման իրականացման մասին դրույթները  եւ այլն:

Հայաստանի Հանրապետության ստանդարտացման  համակարգում հիմնական բարեփոխումներն իրականացվել են 1999 թ. «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ։ 2004թ. օրենքում կատարվեցին փոփոխություններ, որոնք նպատակ էին հետապնդում համապատասխանեցնել օրենքը միջազգային չափանիշներին եւ ապահովել ՀՀ անդամկցությունը ԱՀԿ-ին: Համաձայն ներկայումս գործող ՀՀ օրենքի որոշակի խառնաշփոթ է առաջանում ստանդարտացման եւ տեխնիկական կանոնակարգման գործընթացների միջեւ: Նոր օրենքի նախագծով նախատեսվում է տարանջատել ստանդարտացման գործընթացը պարտադիր պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգերի սահմանման գործընթացից: Վերջինիս դրույթները նախատեսվում են առանձին օրենքով:

Ստանդարտացման բնագավառում պետական քաղաքականության սահմանման գործառույթը վերապահվում է պետական լիազորված մարմնին: Օրենքի նախագծով հստակեցվում են ստանդարտացման բնագավառի կառավարման մարմինների գործառույթները, ստանդարտացման սկզբունքները, ստանդարտների մշակման, ընդունման եւ կիրառման կարգը, ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի կազմը եւ բնույթը:

«Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ ուժը կորցրած պետք է ճանաչել ողջ օրենքը` բացառությամբ համապատասխան օրենքների 4-րդ գլխի, որը վերաբերում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի եւ ծառայությունների համապատասխանության նկատմաամբ պետական վերահսկողության իրականացման անհրաժեշտությամբ: Պարենային արտադրանքի նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, իսկ ոչ պարենային արտադրանքի համար` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: Պետական վերահսկողության իրականացման խնդիրները, գործառույթները, պարտականությունները եւ իրավասությունները  պետք է նախատեսվեն այլ օրենքով, որը ներկայումս գտնվում է մշակման գործընթացում: Շուկայի վերահսկողությանը վերաբերող օրենքի ընդունումից հետո ուժը կորցրած կճանաչվեն նաեւ նշված օրենքի նշված գլուխը:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

 ՀՀ կառավարության կողմից որդեգրված քաղաքականությունը ուղղված է նպատակին, որ Հայաստանը պետք է ապահովի արտադրանքի անվտանգությանը վերաբերող նոր օրենսդրության (ներդաշնակեցված ԵՄ ընդհանուր օրենսդրության ու միջազգային ստանդարտների հետ) արդյունավետ իրականացում եւ կիրարկում: Այն նախատեսում է որակի ամբողջ ենթակառուցվածքի բարեփոխումների իրականացում` համապատասխանեցնելով այն միջազգային օրենսդրությանը, ազգային տնտեսության նոր իրողություններին եւ համապատասխանեցնելով նաեւ մի շարք ոլորտներում առնչվող բարեփոխումներին, ինչպես օրինակ` <<Գործարար միջավայրի բարելավման>>  բարեփոխումն է:

4. Կարգավորման նպատակը եւ բնույթը.

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման նպատակը տեխնիկական կանոնակարգման ոլորտի բարեփոխումների իրականացումն է, ազգային տնտեսության նոր իրողություններին համապատասխանեցումը, ինչպես նաեւ ոլորտի կանոնակարգման օրեսդրական դաշտի ձեւավորումը` համապատասխան ԵՄ օրենդրությանը եւ միջազգային պահանջների:

Օրենքով հստակեցվել են.

հասկացությունները` ԵՄ N768/2008 դիրեկտիվի, ինչպես նաեւ ԱՏԽ համաձայնագրի պահանջներին համապատասխան,

տեխնիկական կանոնակարգերի մշակման եւ ընդունման ընթացակարգերը, նախատեսվել է պահանջ գործող տեխնիկական կանոնակարգերի վերանայման անհրաժեշտության վերաբերյալ,

տեխնիկական կանոնակարգերի կառուցվածքին ներկայացվող պահանջներ,

Սահմանվել են.

տեխնիկական կանոնակարգման եւ համապատասխանության գնահատման ընթացակարգերի  բոլոր մասնակիցների պարտավորությունները,

տեխնիկական կանոնակարգերի գրանցամատյանի վարման պահանջ,

տեխնիկական կանոնակարգերի մշակման կամ դրանց մշակման կազմակերպման իրավասության վերաբերյալ դրույթներ,

որակի ազգային խորհրդի ստեղծման վերաբերյալ դրույթներ, ինչը կնպաստի ընդունվող տեխնիկական կանոնակարգերի թաոանցիկությանն ու անկախությանը:

Տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման գործընթացի համար սահմանվել են գնահատման համար նշանակված մարմիններին եւ նրանց պարտականություններին, Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս իրականացված համապատասխանության գնահատման արդյունքների ճանաչմանը, համապատասխանության գնահատման նշանակված մարմնի բողոքարկմանը, համապատասխանության հայտարարագրին վերաբերող դրույթներ:

Հավատարմագրման ոլորտում անհրաժեշտ է.

1. զարգացնել Հայաստանի Հանրապետության հավատարմագրման ազգային համակարգը,

2. նպաստել Հայաստանի Հանրապետությունում համապատասխանության գնահատման մարմինների կարողությունների եւ ծառայությունների  կատարելագործմանը, բարձրացնել սպառողների վստահությունը համապատասխանության գնահատման գործունեության արդյունքների նկատմամբ,

3. ապահովել համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրումը` միջազգային լավագույն փորձին եւ պահանջներին համաձայն:

Ստանդարտացման բնագավառում օրենսդրական կարգավորման նպատակն է` սահմանել Հայաստանի Հանրապետությունում ստանդարտացման գործունեության իրավական հիմքերը եւ դրա մասնակիցների իրավասությունը, ինչպես նաեւ կանոնակարգել ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերի մշակման եւ կիրառման սկզբունքները։

«Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքը առաջին անգամ տալիս է Հայաստանի Հանրապետությունում «չափածրարված արտադրանք» հասկացությունը:

Արտադրանքը համարվում է չափածրարված, երբ այն դրվում է փաթեթի մեջ առանց գնորդի ներկայության, եւ փաթեթում գտնվող արտադրանքի պարունակության քանակը ունի նախասահմանված արժեք (թե քանակ), որը հնարավոր չէ փոխել առանց փաթեթը բացելու կամ զգալի փոփոխություններ կատարելու։

Օրենքով կարգավորվում են չափածրարված արտադրանքի եւ չափիչ սրվակների մակնշման, չափագիտական նորմերի, պայմանանշանների խնդիրները, ինչպես նաեւ դրանց տրամադրման կարգը, ինչպես նաեւ չափածրարում իրականացնելու համար եւ չափածրարման հսկողության համար կիրառվող սարքավորումներին ներկայացվող չափագիտական պահանջները: Արգելվում է առանց պայմանանշանի չափածրարված արտադրանքի իրացումը եւ առանց համապատասխան պայմանանշանի` չափիչ սրվակների կիրառումը:

Այս խնդիրը համարվում է արդի չափագիտության հիմնարար խնդիրներից մեկը, որի լուծումը համարվում է ԵՄ պահանջ: Օրենքով կարգավորվում է նաեւ չափագիտական վերահսկողությունը որպես ստուգում դիտարկելու եւ կիրառելու  հարցը: Վերջինս նվազեցում է կոռուպցիոն ռիսկերը:

Օրենքում հստակորեն ուրվագծված են չափագիտության բնագավառում պետության կողմից օրենսդրորեն կարգավորվող ոլորտները:

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Իրավական ակտի նախագծի մշակումն իրականացրել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն:

6.Ակնկալվող արդյունքը.

«Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում կապահովվի «Հայաստանի Հանրապետության եվ Եվրոպական միության միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի համաձայնագրի բանակցությունների մեկնարկի նպատակով մինչեւ 2011 թվականի հունիս ամիսը կատարվելիք միջոցառումների ժամանակացույցի»   1-րդ կետով նախատեսված հանձնարարականի կատարումը,որով կիրականացվի օրենսդրության եւ գործելակերպերի համապատասխանեցումը միջազգային ու եվրոպական պահանջներին եւ որակի ենթակառուցվածքի ծառայությունների միջազգային ճանաչումը: Այն ազդեցություն կունենա սպառողների պաշտպանության ոլորտի վրա այն առումով, որ Հայաստանում կգործեն համապատասխանության գնահատման միջազգային նորմերին համապատասխան ծառայություններ, պայմաններ կստեղծվեն ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում Հայաստանի արտադրողների մրցունակության բարձրացման համար, տեխնիկական կանոնակարգերը  աստիճանաբար կմոտարկվեն ԵՄ-ի տեխնիկական կանոնակարգերին` բացառելով բյուրոկրատական քաշքշուկը:

«Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում եվրոպական եւ միջազգային հավատարմագրման համակարգերին մոտարկված Հայաստանի Հանրապետության հավատարմագրման համակարգի ձեւավորման մեկնարկն է ու հավատարմագրման ազգային մարմնի ձեւավորումը, որն էլ իր հերթին կբարձրացնի Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրման բնագավառում մատուցվող ծառայությունների որակը եւ նախապայման կհանդիսանա Հավատարմագրման ազգային մարմնի կողմից հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների գործունեության արդյունքների ճանաչման համար:

Հավատարմագրման արդյունքների փոխճանաչման բազմակողմանի համաձայնագրերում հավատարմագրման մարմնի մասնակցությունը կվերացնի առեւտրային խոչընդոտները` կնպաստի արտաքին առեւտրի պայմանների դյուրինացմանը, արտահանման ծավալների մեծացմանը, բիզնեսի զարգացմանը, համապատասխանության գնահատման աշխատանքների իրականացման համար պահանջվող ժամանակի եւ ֆինանսական ռեսուրսների քանակի կրճատմանը, բարենպաստ պայմաններ կստեղծի տեղական արտադրողի համար, կապահովի ապրանքների ազատ տեղաշարժը, կբացառի նույն ապրանքի կրկնական փորձարկման եւ կրկնական սերտիֆիկացման անհրաժեշտությունը ու կնպաստի տնտեսության զարգացմանը:

7.Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են.)

«Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին»,  «Ստանդարտացման մասին» եւ «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը ներկայացվել են Եվրահանձնաժողով կարծիքի: Եվրահանձնաժողովի հանձնարարականի համաձայն վերջիններս ուսումնասիրվել են ԵՄ փորձագիտական խմբի միջազգային եւ ազգային փորձագետների կողմից, ինչպես նաեւ TAIEX գործիքի ներքո Եվրամիության փորձագիտական գնահատման առաքելության կողմից: Ներկայացվել են 172 կետ առաջարկություններ, որոնք բազմաթիվ քննարկումների արդյունքում լիովին ընդունվել են: