Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-12912-15.11.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի փետրվարի 22-ի ՀՕ-126-Ն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 13-րդ կետով` հետեւյալ բովանդակությամբ.

«13) «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կազմավորված գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողովի կազմում առաջադրում է մեկ արհեստավարժ մասնագետ:»

Հոդված 2. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման

«Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ հարակից մի շարք այլ օրենքների նախագծերի փաթեթի հետապնդած նպատակներն են.

մինչեւ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի Հայաստանի անկախության հանրաքվեն նախկին ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կամ այլ երկրների հատուկ ծառայությունների հետ բացահայտ կամ գաղտնի հիմունքներով աշխատած կամ համագործակցած անձանց գաղտնազերծումը,
ներկայումս Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար եւ այլ պաշտոններ զբաղեցնող անձանց գաղտնազերծումը, նրանց պաշտոնանկությունը, եթե վերջիններս նախկինում գաղտնի կամ բացահայտ համագործակցել են հատուկ ծառայությունների հետ, ինչպես նաեւ այդպիսի անցյալով անձանց ղեկավար եւ այլ պաշտոններ զբաղեցնելու հավակնությունների կանխումը,
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրության հիմնարար դրույթների ու սկզբունքների իրականացումը պետության եւ հասարակության, մարդու եւ քաղաքացու իրավունքների, ազատությունների ու անձնական անվտանգության պաշտպանության նպատակով` ապահովելով նրանց պաշտպանվածությունը նախկին ԽՍՀՄ եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանցից, նրանց ներազդեցությունից, շանտաժից ու հավաքագրումից կամ անօրինական գործունեության մեջ ներգրավելուց կամ դրանց փորձերից:
Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական հասարակության եւ սահմանադրական կարգի ամրապնդումը, ազգային անվտանգության ապահովման կանխարգելիչ միջոցառումների իրականացումը, սահմանադրական կարգի հիմունքների ու պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կանխումը, հանրության սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի ու բարի համբավի պաշտպանությունը, ինչպես նաեւ Խորհրդային, ֆաշիստական եւ այլ ամբողջատիրական գաղափարախոսության ու քարոզչության տարածման կանխումը:

Նախագծերի փաթեթը մշակելիս հաշվի են առնվել եւ վերլուծվել են սույն ոլորտում առկա միջազգային փորձը, մասնավորապես` Լիտվայի, Լեհաստանի, Վրաստանի, Չեխիայի, Սերբիայի, Գերմանիայի, Ռումինիայի, Ալբանիայի եւ Հունգարիայի օրենսդրությունները:

Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ սահմանված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար եւ այլ պաշտոններ զբաղեցնող անձանց գաղտնազերծման` լյուստրացիայի իրավական հիմքերը:  Գործող օրենսդրությամբ ամրագրված չեն այնպիսի դրույթներ, ըստ որոնց` պետության եւ հասարակության, մարդու եւ քաղաքացու իրավունքների, ազատությունների ու անձնական անվտանգության պաշտպանության նպատակով, կապահովվի նրանց պաշտպանվածությունը նախկին ԽՍՀՄ եւ օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցած անձանցից, նրանց ներազդեցությունից, շանտաժից ու հավաքագրումից կամ անօրինական գործունեության մեջ ներգրավելուց կամ դրանց փորձերից:

Սույն օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է իրավական սահմանում տալ լյուստրացիային` գաղտնազերծմանը, ամրագրելով այդ գործընթացի հաջորդականությունը:

Գաղտնազերծման մասին օրենքով առաջարկվում է հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց գործունեության բացահայտման, գնահատման, ինչպես նաեւ վերջիններիս` օրենքով սահմանված պաշտոններ զբաղեցնելը կանխելու եւ սահմանափակելու (կամ գաղտնազերծելու) նպատակով Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում Կառավարության որոշմամբ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով: Չորրորդ գումարման Ազգային ժողովի համար առաջարկվում է Հանձնաժողովը ձեւավորել Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

Հանձնաժողովում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների, պատգամավորական խմբերի եւ անկախ պատգամավորների կողմից առաջադրված` մեկական արհեստավարժ մասնագետ, ընդ որում` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների կողմից ներկայացված երկուական ներկայացուցիչ: Հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ եւ քարտուղար, ընդ որում` նրանցից մեկը պետք է լինի ընդդիմության ներկայացրած անդամը:

Հանձնաժողովը հավաքագրում, ստուգում եւ վերլուծում է հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց տրամադրած փաստաթղթերը, նյութերը եւ նրանց նախկին գործունեության մասին տեղեկությունները, որոնք կարող են հրապարակվել սույն օրենքով սահմանված դեպքերում, վարում է հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցած անձանց ռեեստր, ինչպես նաեւ հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ խոստովանած անձանց խնդրանքով միջոցներ է ձեռնարկում նրանց շանտաժի, հավաքագրման կամ անօրինական գործունեության մեջ ներգրավելու փորձերից պաշտպանության ուղղությամբ:

Գաղտնազերծման ենթակա պաշտոններ զբաղեցնող կամ դրանց հավակնող անձանց, ովքեր բացահայտվել կամ խոստովանել են հատուկ ծառայությունների հետ համագործակցության մասին, Հանձնաժողովն առաջարկում է ինքնակամ (կամավոր) հրաժարվել զբաղեցրած պաշտոնից կամ դրան հավակնելուց: Եթե նրանց կողմից մերժվում է այդ առաջարկությունը, Հանձնաժողովը հրապարակում է այդ անձանց վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ տվյալ անձի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է համապատասխան մարմնին` պաշտոնանկության, թեկնածության գրանցումը չեղյալ ճանաչելու առաջարկով:

«Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը նաեւ սահմանում է Հանձնաժողովի կազմավորման, գործունեության, որոշումների ընդունման եւ դրանց բողոքարկման կարգերը, ինչպես նաեւ իրավունքներն ու պարտականությունները, սույն օրենքի պահանջների խախտման համար պատասխանատվությունը:

Օրենսդրական փաթեթի մաս կազմող «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված լրացումը սահմանում է գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողովում Ազգային ժողովի խմբակցությունների, պատգամավորական խմբերի ու անկախ պատգամավորների կողմից նշանակվող անդամների առաջադրման կարգը:

«Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող լրացումը գլխավոր դատախազի լիազորություններում ավելացնում է այդ հանձնաժողովում անդամ առաջադրելու իրավասությունը: Իսկ «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված լրացումը ոստիկանության պարտականությունների թվում ավելացնում է «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» օրենքով սահմանված կարգով գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողովին աջակցելու պարտականությունը:

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առաջարկվող լրացմամբ գաղտնազերծման միջգերատեսչական հանձնաժողովի պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին ծանոթանալու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում առաջակվող լրացմամբ ավելացվում է նոր հոդված «Գաղտնազերծման (լյուստրացիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները չկատարելու համար: