Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-2281-28.02.2008,11.11.2011-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  169.18 հոդվածով.

«ՀՈԴՎԱԾ 169.18  ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՐԿԵԼԸ, ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼԸ

1.Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձի կողմից մասնավոր պահնորդական ծառայություններ առաջարկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

2. Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնելու լիցենզիա չունեցող անձի պահնորդական ծառայություններից օգտվելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսունապատիկի չափով:»

Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածի առաջին մասում եւ երկրորդ մասի առաջին ենթակետում «167,» թվից հետո լրացնել «169.18,» թիվը:

Հոդված 3. Օրենսգրքի 182  հոդվածի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոuտիկանության ծառայողի oրինական պահանջը չկատարելը:»

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին»,  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

«Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ոչ պետական պաշտպանության գործունեության կազմակերպման անհրաժեշտությամբ` նկատի ունենալով, որ օրենսդրական կարգավորման բացակայությունը հնարավորություն չի տալիս պատշաճ հսկողություն սահմանել, ներկայումս` ներառյալ զենքի օգտագործմամբ իրականացվող, այդպիսի գործունեության նկատմամբ, ինչը գործնականում հանգեցնում է որոշակի բացասական դրսեւորումների:

Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի ոչ պետական պաշտպանության իրականացման գործընթացը կարգավորող օրենքի նախագծի  ընդունումը կնպաստի իրավակարգի պահպանության եւ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության բարձրացնանը, հնարավորություն կընձեռի իրավական կարգավորման ենթարկել թիկնապահական եւ պահնորդական գործունեությունը, անհրաժեշտ երաշխիքներ կստեղծի դրա իրականացման գործընթացում օրինականության ապահովման համար:

Ներկայացվող օրենքի նախագծերի փաթեթը նպատակ ունի թիկնապահական եւ պահնորդական գործունեության ոլորտում ապահովել միասնական պետական քաղաքականություն , օրենքով ամրագրել թիկնապահական եւ պահնորդական գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, խնդիրները, պաշտպանվող յուրաքանչյուր անձին ուղեկցելու տրանսպորտային միջոցների եւ թիկնապահների քանակը, լիցենզավորման, զենք, հատուկ կամ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու եւ պետական այլ մարմինների հետ համագործակցության կարգը, ինչպես նաեւ կարգավորել այդ գործունեության իրականացման ընթացքում առաջացած հարաբերությունները:

Նախագիծը մշակելիս ուսումնասիրվել է մի շարք երկրների, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնության, Էստոնիայի, Լատվիայի, Ղազախստանի, Ուկրաինաիայի, Բելոռուսիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Շվեյցարիայի, Նոր Զելանդիայի եւ Կանադայի «Պետական պահպանության մասին», «Պահպանության ծառայության մասին» կամ «Պահպանության գործունեության մասին» վերտառությամբ օրենքները, ինչպես նաեւ  ԱՊՀ երկրների միջպառլամենտական վեհաժողովի  2003 թականի հունիսի 13-ի որոշմամբ հաստատված  եւ ազգային օրենսդրությունում օգտագործելու նպատակով ԱՊՀ անդամ երկրների պառլամենտներին ուղարկված «Ոչ պետական (մասնավոր) պահպանության գործունեության եւ ոչ պետական (մասնավոր) խուզարկուի գործունեության մասին» մոդելային օրենքը:

Նախագծի վերաբերյալ գրավոր առարկություններ եւ առաջարկություններ է ներկայացրել ՀՀ ոստիկանությունը, որոնք գտնվում են քննարկման փուլում:

 Մեր կարծիքով, ներկայացված նախագիծն առաջադիմական բնույթ է կրում, քանի որ  այս փաստաթղթով մտցվում է նոր ինստիտուտ, որը  կօգնի թիկնապահական եւ պահնորդական ծառայությունների քաղաքակիրթ շուկայի զարգացմանը, մասնավորապես`  հնարավորություն կտրվի ապահովագրել պրոֆեսիոնալ ռիսկեր` ինչպես թիկնապահների ու պահնորդների, այնպես էլ հաճախրդների համար: