Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1283-10.11.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ 0 ՏՈԿՈՍ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑԻՑ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՉԻ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՎ ԳԱՆՁՎՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հունիսի 29-ի ՀՕ-195 օրենքի 1-ին հոդվածի ցանկի`

1.  3901, 3902, 3903, 3905, 4005, 4805 12 000, 4805 19 100, 4805 19 900, 4805 40 000, 4805 92 910, 6006, 7210 12 110, 7210 49 100, 7606 ապրանքային դիրքերի տողերը հանել.

2.  8409 ապրանքային դիրքի տողից հետո լրացնել նոր տող հետեւյալ խմբագրությամբ.
 
8410 Հիդրավլիկ տուրբիններ, ջրային անիվներ եւ դրանց կարգավորիչներ

3. 8541 ապրանքային դիրքի տողի «հավաքված» բառից հետո լրացնել «բացառությամբ» բառը:

4. 8541 ապրանքային դիրքի տողից հետո լրացնել նոր տող հետեւյալ խմբագրությամբ.
 
8541 40 Կիսահաղորդիչային ֆոտոզգայուն սարքեր` ներառյալ ֆոտոգալվանիկական էլեմենտները, հավաքված կամ չհավաքված մոդուլներ, լուսատու դիոդներ

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

Հիմնավորում

«Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող, մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հակով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը. Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին զուգահեռ խնդրո առարկա օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով մի շարք ապրանքների ներմուծման համար ներկայումս մաքսատուրքի դրույքաչափը սահմանված է 0 տոկոս, ինչը հնարավորություն է ստեղծում այդ ապրանքները ներառել Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին ԱԱՀ-ով չհարկվող ապրանքների ցանկում:  «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6դ -րդ հոդվածով սահմանված է Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի վճարման հետաձգման հնարավորություն, որը ըստ էության բավականին բարդ է եւ խնդրահարույց, ինչպես նաեւ ստեղծում է հարկման խտրական պայմաններ տնտեսվարողոների միջեւ:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է բոլոր տնտեսվարողների համար հարկման համահավասար դաշտի ապահովմանը:

4.Կարգավորման նպատակը եւ բնույթը. Նախագծի ընդունման արդյունքում մի շարք ապրանքատեսակներ (մասնավորապես, որոնք ներառված են «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6դ-րդ հոդվածում) կընդգրկվեն խնդրո առարկա օրենքով սահմանված ցանկում:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից:

6. Ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ներդաշնակ օրենսդրական դաշտ:  Հարկ է նշել նաեւ, որ նախագծի ընդունման դեպքում, այլ հավասար պայմաններում, նախատեսվում է ավելացված արժեքի գծով պետական եկամուտների աճ: