Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-1279-10.11.2011-ՏՀ-010/2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «է)» ենթակետով`

«է) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի եւ հողի հարկի) վերաբերող գերավճարների եւ (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրված տույժերը:»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 1-ին կետի աղյուսակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«Ամսական հարկվող եկամտի չափը
Հարկի գումարը
Մինչեւ 80.000 դրամ հարկվող եկամտի 10 տոկոսը
80.000-ից մինչեւ 2.000.000 դրամ 8.000 դրամին գումարած 80.000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը
2.000.000 դրամից ավելի 392.000 դրամին գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 25 տոկոսը

»:

2)  3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություններով`.

«Սույն մասով սահմանված դրույքաչափը չի կիրառվում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից որպես անհատ ձեռնարկատեր գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտների նկատմամբ: Այդ եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով:»:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով`

«3. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհամարվող կազմակերպությունները  կարող են, իրենց հայեցողությամբ, հարկային մարմին ներկայացվող` վերադաս հարկային մարմնի հաստատած ձեւով գրավոր հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վճարված եկամուտների մասով:

Այս դեպքում, հարկային գործակալը սույն օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ կետում նշված ժամկետում, հարկային մարմին ներկայացնում է հարկային մարմնի սահմանված ձեւով եկամտահարկի անվանական հաշվարկ:»:

Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետում «եւ «ժգ»» բառերտ փոխարիներ ««ժգ» եւ «ժթ»» բառերով:

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի`

1) 2-րդ եւ 5-րդ կետերում «մեկ վեցերորդի» բառերը փոխարինել «18.75 տոկոսի» բառերով.

2) 5-րդ կետում «երկու երրորդից» բառերը փոխարինել «75 տոկոսից» բառերով:

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ զ) ենթակետով`

«զ) ֆիզիկական անձինք, որոնց փոխարեն եկամտահարկի հաշվարկը սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում են հարկային գործակալները:»:

Հոդված 7. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետը «հարկատուն» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան հարկային գործակալ ճանաչված անձը» բառերը:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված չափով եկամտահարկի կանխավճարները առաջին անգամ կատարվում են 2012 թվականի առաջին եռամսյակի համար` հիմք ընդունելով 2011 եկամտահարկի փաստացի գումարը եւ (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծությունը, եթե հարկ վճարողները 2011 թվականի տարեկան եկամուտները հաշվարկը հարկային մարմնին ներկայացրել են մինչեւ 2012 թվականի մարտի 15-ը ներառյալ:

2011 թվականի տարեկան եկամուտների վերաբերյալ հաշվարկը 2012 թվականի մարտի 15-ից հետո ներկայացվելու դեպքում 2012 թվականի 1-ին եռամսյակի համար եկամտահարկի կանխավճարի մեծությունը որոշվում է Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված կարգով:

ԱՄՓՈՓԱԹԵՐԹԻԿ

«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ստացված առաջարկությունների
 
ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Լարիսա Ալավերդյան
1.Առաջարկվում է նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
Ամսեկան հարկվող եկամտի չափ
Հարկի գումար
Նվազագույն ամսեկան աշխատավարձ
0
Նվազագույն ամսեկան աշխատավարձից մինչեւ 70 հազար դրամ
հարկվող եկամտի 3 տոկոս
70 հազարից մինչեւ 200 հազար դրամ
Հարկվող եկամտի 4 տոկոս
200 հազարից մինչեւ 400 հազար դրամ
Հարկվող եկամտի 5 տոկոս
400 հազարից 800 հազար դրամ:
Հարկվող եկամտի 10 տոկոս
800 հազարից 1.500 հազար դրամ 
Հարկվող եկամտի 15 տոկոս
1.500 հազար դրամից-2 մլն դրամ 
Հարկվող եկամտի 20 տոկոս
2 մլն-ից 5 միլիոն դրամ
Հարկվող եկամտի 25 տոկոս
5 մլն-ից 10 միլիոն դրամ
Հարկվող եկամտի 30 տոկոս
10 մլն-իդ 20 մլն դրամ
Հարկվող եկամտի 35 տոկոս
20 մլն դրամից ավելի
Հարկվող եկամտի 45 տոկոս
Չի ընդունվել:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ում վճարվող աշխատավաձի շատ քիչ մասն է գերազանցում 400 հազար դրամը, առաջարկի ընդունումը կհանգեցնի եկամտահարկի գծով պետական բյուջեի եկամուտների 2-4 անգամ նվազեցման: 
Բացի այդ, եկամտահարկի աննախադեպ առավելագույն բարձր դրույքաչափը, ոչ մի կերպ հիմնավորված չէ:
Միաժամանակ եկամտահարկի առաջարկվող 10 աստիճան անդղակի կիրառումը`
ա) չի բխում կենսաթոշակային համակարգի բարեփոխումների շրջանակներում 2013 թվականից ուժի մեջ մտնող միասնական եկամտային հարկի տրամաբանությունից, որով 2013 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում կիրառվի միասնական եկամտային հարկի դրուքաչափ,

բ) չի բխում եկամտահարկի դրույքաչափի պրոգրեսիվության կիրառման միաջզագային փորձից: Մասնավորապես եվրոպական երկրների լավագույն փորձը ցույց է տալիս, որ արդյունավետ կարող է համարվել եկամտահարկի դրույքաչափերի առավելագույնը քառաստիճան սանդղակը, 

գ) ինչպես հարկ վճարողների, այնպես հարկային մարմինների համար կհանգեցնի լուրջ վարչարարական խնդիրների եւ բարդությունների: