Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1279-10.11.2011-ՏՀ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` «է)» կետով.

«է) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի եւ հողի հարկի) վերաբերող գերավճարների եւ (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողի օգտին հաշվեգրված տույժերը:»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում`

1) 1-ին մասի աղյուսակը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«Ամսական հարկվող եկամտի չափը Հարկի գումարը
Մինչեւ 80.000 դրամ հարկվող եկամտի 10 տոկոսը
80.000-ից
մինչեւ 2.000.000 դրամ
8.000 դրամին գումարած 80.000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը
2.000.000 դրամից ավելի 392.000 դրամին գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 25 տոկոսը»:

2)  3-րդ մասում լրացնել նոր նախադասություններ` հետեւյալ բովանդակությամբ.

«Սույն մասով սահմանված դրույքաչափը չի կիրառվում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից որպես անհատ ձեռնարկատեր գույքը վարձակալության տալուց ստացված եկամուտների նկատմամբ: Այդ եկամուտներից եկամտահարկը հաշվարկվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերով:»:

Հոդված 3. Օրենքի 20-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 3-րդ մասով`

«3. Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհամարվող կազմակերպությունները կամ Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված նրանց ստորաբաժանումները  կարող են, իրենց հայեցողությամբ, հարկային մարմին ներկայացվող` վերադաս հարկային մարմնի հաստատած ձեւով գրավոր հայտարարության հիման վրա հանդես գալ որպես հարկային գործակալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձանց Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վճարված եկամուտների մասով:

Այս դեպքում, հարկային գործակալը սույն օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասում նշված ժամկետում, հարկային մարմին ներկայացնում է հարկային մարմնի սահմանված ձեւով եկամտահարկի անվանական հաշվարկ:»:

Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի`

1) 2-րդ եւ 5-րդ մասերում «մեկ վեցերորդի» բառերը փոխարինել «18.75 տոկոսի» բառերով,

2) 5-րդ մասում «երկու երրորդից» բառերը փոխարինել «75 տոկոսից» բառերով:

Հոդված 5. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր` զ) ենթակետով`

«զ) ֆիզիկական անձինք, որոնց փոխարեն եկամտահարկի հաշվարկը սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով ներկայացնում են հարկային գործակալները:»:

Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում «հարկատուն» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան հարկային գործակալ ճանաչված անձը» բառերը:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված չափով եկամտահարկի կանխավճարները առաջին անգամ կատարվում են 2012 թվականի առաջին եռամսյակի համար` հիմք ընդունելով 2011 եկամտահարկի փաստացի գումարը եւ (կամ) եկամտահարկի հաշվարկային մեծությունը, եթե հարկ վճարողները 2011 թվականի տարեկան եկամուտները հաշվարկը հարկային մարմնին ներկայացրել են մինչեւ 2012 թվականի մարտի 15-ը ներառյալ:

2011 թվականի տարեկան եկամուտների վերաբերյալ հաշվարկը 2012 թվականի մարտի 15-ից հետո ներկայացվելու դեպքում 2012 թվականի 1-ին եռամսյակի համար եկամտահարկի կանխավճարի մեծությունը որոշվում է Օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով: