Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-0721-26.03.2019-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածում.

1) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) առկա է համայնքի բնակչության նախաձեռնությամբ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով տեղական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ համապատասխան ընտրական հանձնաժողովի՝ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված որոշումը:»:

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

 «3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում, բացառությամբ 1-ին կետի, համայնքի ավագանին կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն:».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով.

«3.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում աշխատակազմի քարտուղարի կողմից համայնքի ղեկավարի հրաժարականի մասին պատշաճ ձեւով ծանուցվելուց հետո համայնքի ավագանին եռօրյա ժամկետում կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն: Արձանագրություն չկազմվելու դեպքում համայնքի ղեկավարի լիազորություններն օրենքի ուժով համարվում են վաղաժամկետ դադարեցված: Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը չկազմվելու մասին հաղորդումը աշխատակազմի քարտուղարի կողմից ներկայացվում է մարզպետարան:».

3) 5-րդ մասը «հոդվածի 3-րդ» բառերից հետո լրացնել «3.1-ին» թվով, իսկ «որոշումը կամ արձանագրությունները» բառերը փոխարինել «արձանագրությունը կամ հաղորդումը» բառերով.

4) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«6. Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը սույն հոդվածի  3-րդ, 3.1-ին եւ 4-րդ մասերով նախատեսված արձանագրությունը կամ հաղորդումը ստանալուց հետո՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տվյալ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:»:

Հոդված 10. Օրենքի 27-րդ հոդվածում.

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Մինչեւ համայնքի նորընտիր ղեկավարի` իր պարտականությունների ստանձնումը սույն օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ, 3.1-ին եւ 4-րդ մասերով նախատեսված արձանագրությունը կամ հաղորդումը Հայաստանի Հանրապետության կառավարություն (մարզպետարան) մուտքագրվելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը պետք է լինի Հայաստանի Հանրապետության քաղաքացի:»,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1. Համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը թափուր լինելու կամ այդ պաշտոնի բացակայության պարագայում համայնքի ղեկավարի կողմից մինչեւ մեկ ամիս ժամկետով իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում՝ համայնքի ղեկավարի նիստ հրավիրելու եւ վարելու պարտականությունները դրվում են համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: Այդ ընթացքում համայնքի ավագանու նիստի օրակարգում չեն կարող ընգրկվել համայնքի զարգացման ծրագրի, բյուջեի, տարեկան աշխատանքային պլանի նախագծերը, ինչպես նաեւ ավագանու նիստի ընթացքում չեն կարող ներկայացվել համայնքի ղեկավարի՝ սույն օրենքով նախատեսված հաշվետվությունները:»:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Գործող օրենսդրության կարգավորման շրջանակում, իրավակիրառ պրակտիկայում հնարավոր չէ համայնքի ղեկավարին պաշտոնանկ անել կամ անվստահություն հայտնել՝ բացառությամբ Երեւան, Գյումրի եւ Վանաձոր համայնքների, որտեղ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու իրավասությունը վերապահված է տվյալ համայնքի ավագանուն: Առօրյա կյանքում լինում են բազմաթիվ դեպքեր, երբ համայնքի բնակիչների գերակշիռ մասը դեմ է համայնքի ղեկավարի հետագա պաշտոնավարմանը, ինչի համար սակայն, առկա չեն համապատասխան իրավական գործիքակազմեր, որպեսզի բավարարվի տվյալ համայնքի բնակիչների պահանջը: Այդ նպատակով «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում որպես տեղական հանրաքվե դրվող հարց սահմանվում է համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվեի կարող է դրվել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը:

Գործող օրենքի համաձայն՝ համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվեի առարկա կարող են դրվել այն դեպքում, երբ, բացի «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ստորագրություններից զատ հավաքվել են նաեւ տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց եւս 10 տոկոսի  ստորագրությունները: Համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու համար այդ շեմը նախագծով սահմանվում է 20 տոկոս, որպեսզի այս գործիքը չդառնա ամենօրյա կիրառման եւ համայնքի բնականոն կյանքի խաթարման գործիք, այլ կիրառվի ծայրահեղ դեպքում, երբ դրա անհրաժեշտությունը կարեւորում են  տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց նվազագույնը 20 տոկոսը:

Գործող օրենքի համաձայն՝ տեղում ստորագրությունների հավաքում նախատեսված է երեք վայրերում՝ համայնքապետարանում, բազմաբնակավայր համայնքներում՝ նաեւ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրի վարչական ղեկավարների նստավայրերում, Երեւան քաղաքում՝ վարչական շրջանների ղեկավարների նստավայրերում: Համարելով, որ վարչական շենքերում ընտրողների ստորագրելու գործընթացը կարող վերջիններիս կաշկանդվածության եւ անհարմարությունների պատճառ հանդիսանա՝ նախագծով առաջարկվում է, որպեսզի նախաձեռնող խմբի հայեցողությամբ ստորագրահավաք ացկացվի նաեւ այլ վայրերում:

Գործող օրենքի համաձայն՝ տեղական հանրաքվեի դրված հարցը կամ որոշման նախագիծը համարվում է ընդունված, եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց մեկ քառորդը: Գտնում ենք, որ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով տեղական հանրաքվեի արդյունքները պետք է համարվեն դրական, եթե եթե կողմ է քվեարկել քվեարկության մասնակիցների կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց 40 տոկոսը, ինչը իրականում կկազմի համայնքում փաստացի բնակվողների այն անհրաժեշտ քանակը, որից ավել ձայներով բացասական որոշում չէր կարող ընդունվել:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասում կատարվում է լրացում, համաձայն որի՝ համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե առկա է համայնքի բնակչության նախաձեռնությամբ համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցով տեղական հանրաքվեի արդյունքների վերաբերյալ համապատասխան ընտրական հանձնաժողովի՝ «Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված որոշումը: Այդ կապակցությամբ ավագանին պետք է կազմի արձանագրություն եւ մարզպետի միջոցով ներկայացնի պետական լիազոր մարմին (Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն), որը 20 աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացնի տվյալ համայնքում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

Քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածում կատարվում է լրացում՝ այդ եւ դրան փոխկապակցված 27-րդ հոդվածներում նախապես նախատեսված այլ կարգավորումներ եւս տեղ են գտել նախագծում, մասնավորապես.

Գործող օրենքի 26-րդ հոդվածը սահմանում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը եւ դադարումը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավակիրառ պրակտիկայում լինում են դեպքեր, երբ համայնքի ղեկավարի կողմից ներկայացվում է հրաժարականի դիմում, որի հիման վրա համայնքի ավագանին՝ ըստ օրենքի պետք է կազմի արձանագրություն, սակայն  չի կազմում այն, այլ կազմում է համայնքի ղեկավարի հրաժարականը չընդունելու վերաբերյալ արձանագրություն: Ավագանին օրենքով  նման իրավասությամբ օժտված չի: Արդյունքում, ստեղծվում է մի իրավիճակ, երբ ավագանին ուղղակիորեն ըստ իր կամքի չի կազմում համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման վերաբերյալ արձանագրություն: Նման դեպքերից խուսափելու եւ հնարավոր բոլոր իրավիճակները օրենքի կարգավորման առարկայի շրջանակում ներառելու նպատակով, առաջարկվում է փոփոխություններ կատարել 26-րդ հոդվածում: Նախագծով առաջարկվում է ընթացակարգը փոխել հետեւյալ խմբագրությամբ եւ տրամաբանությամբ. «Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքում աշխատակազմի քարտուղարի կողմից համայնքի ղեկավարի հրաժարականի մասին պատշաճ ձեւով ծանուցվելուց հետո համայնքի ավագանին եռօրյա ժամկետում կազմում է համայնքի ղեկավարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին արձանագրություն: Արձանագրություն չկազմվելու դեպքում համայնքի ղեկավարի լիազորություններն օրենքի ուժով համարվում են վաղաժամկետ դադարեցված: Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը չկազմվելու մասին հաղորդումը աշխատակազմի քարտուղարի կողմից ներկայացվում է մարզպետարան:»:

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման մասով, գործող «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածը սահմանում է պաշտոնակատար նշանակելու ժամկետը, նախատեսվում է նախագծով «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «երեք աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

27-րդ հոդվածում կարգավորված է մեկ ամսից ավել ժամկետով համայնքի ղեկավարի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում պաշտոնակատար նշանակելու հարցը: Սակայն, բաց է մնացել համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը թափուր լինելու կամ այդ պաշտոնի բացակայության պարագայում համայնքի ղեկավարի կողմից մինչեւ մեկ ամիս ժամկետով իր ծառայողական պարտականությունների կատարման անհնարինության դեպքը: Առաջարկվում է որպեսզի նման պարագայում համայնքի ղեկավարի նիստ հրավիրելու եւ վարելու պարտականությունները դրվեն համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա: Միեւնույն ժամանակ սահմանափակվում է ավագանու նիստի օրակարգում դրվող շրջանակը, այսպես՝ սահմանվում է, որ այդ ընթացքում համայնքի ավագանու նիստի օրակարգում չեն կարող ընգրկվել համայնքի զարգացման ծրագրի, բյուջեի, տարեկան աշխատանքային պլանի նախագծերը, ինչպես նաեւ ավագանու նիստի ընթացքում չեն կարող ներկայացվել համայնքի ղեկավարի՝ սույն օրենքով նախատեսված հաշվետվությունները:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ