Armenian ARMSCII Armenian
Կ-062-19.03.2019-ՏՏԳԲ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հունիսի 4-ի ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացություններով`.

«երաշտ՝ տեղումների երկարատեւ բացակայությամբ օդի բարձր ջերմաստիճանի  եւ խոնավության նվազեցման հետ համատեղ օդերեւութաբանական գործոնների համալիր, որը հանգեցնում է բույսերի ջրային հաշվեկշռի խախտմանը եւ դրանց ոչնչացմանը:

սակավաջրություն՝ իրավիճակ, որը սահմանվում է հիմք ընդունելով տվյալ  հիդրոլոգիական տարում մթնոլորտային տեղումների քանակը, ձմռան ամիսներին կուտակված ձյան պաշարը, օդի ջերմաստիճանը, եւ երբ ըստ բազմամյա դիտարկումների տվյալների գետավազանների համապատասխան ժամանակահատվածի ջրի միջին ելքերի ապահովվածությունը գերազանցում է վաթսունվեց ամբողջ յոթ տոկոսը եւ արդյունքում վատթարանում են ջրային ռեսուրսների պահանջարկի ապահովման պայմանները:»:

Հոդված 2. Օրենսգրքի 30.2-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրության կամ երաշտի մասին Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ հաշվի առնելով ջրօգտագործման գերակայության ապահովումը.»

Հոդված 3. Օրենսգրքի 92-րդ հոդվածի՝

1) վերնագրում եւ 2-րդ մասում «սակավաջրություն եւ երաշտ» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «սակավաջրություն կամ երաշտ» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

2) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Օդերեւութաբանական վերլուծության արդյունքում սակավաջրության կամ երաշտի վերաբերյալ հիդրոօդերեւութաբանական գործունեության բնագավառի լիազոր պետական մարմնի կողմից ներկայացված պաշտոնական տեղեկատվության հիման վրա, ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության լիազոր մարմնի առաջարկությամբ Կառավարությունը որոշում է ընդունում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կամ դրա մի մասում սակավաջրություն կամ երաշտ հայտարարելու մասին:»:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ի կատարումն Վարչապետի 2018թ. հունվարի 25-ի N02/24.9/974 հանձնարարականի՝ ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի  2018թ-ի հունվարի 9-ի N 1-Փ/18 արձանագրության վերաբերյալ, ՀՀ բնապահպանության նախարարի մոտ կազմակերպվել են քննարկումներ ՀՀ բնապահպանության, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, ՀՀ արտակարգ իրավիճակների, ՀՀ գյուղատնտեսության  նախարարությունների, ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային տնտեսության կոմիտեի եւ ՀՀ ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկումների արդյունքում որոշվեց, անկախ նրանից տարին սակավաջուր կլինի թե ոչ, «սակավաջրություն» հասկացության ձեւակերպման նպատակով հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծով առաջարկվել է լրացումներ կատարել ՀՀ ջրային օրենսգրքի 1-ին եւ  92-րդ հոդվածներում, որոնցով ամրագրվել են «սակավաջրություն» եւ «երաշտ» հասկացությունները, հստակեցվել են լիազոր մարմինների իրավասությունները տարին սակավաջուր հայտարարելու ուղղությամբ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կնպաստի «սակավաջրություն» եւ «երաշտ»  հասկացությունների լիարժեք ձեւակերպմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ  օրենքի նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերի ավելացում կամ եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
 


ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

22 նոյեմբերի 2018 թվականի  N  1329    - Ա


«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը   ո ր ո շ ու մ   է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
2018 թ. նոյեմբերի  29
            Երեւան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
                        ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

                                                                            պարոն  ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ



Հարգելի պարոն Միրզոյան

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Օրենքի նախագծին կից ներկայացվում են օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը, գործող օրենքի փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացությունը, ինչպես նաեւ օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1329-Ա որոշումը:

Միաժամանակ հայտնում ենք, որ, նշված օրենքի նախագիծը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննարկելիս, Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հիմնական զեկուցող) է նշանակվել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
 
Հարգանքով`
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ