Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12661-02.11.2011-ՊԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (03-ը հուլիսի, 2002 թվականի, ՀՕ-380-Ն) 25-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «4.1.»-րդ մասով`

«4.1. Սույն օրենքի եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հետագա ծառայությունը շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության զինված ուժերից փրկարար ծառայություն կարող են տեղափոխվել զինծառայողներ, իսկ փրկարար ծառայությունից Հայաստանի Հանրապետության զինված ուժեր` փրկարարական ծառայողներ»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի

Պետական կառավարման համակարգի բարեփոխումների շրջանակներում նախկին Արտակարգ իրավիճակների վարչության համակարգում բարեփոխումներն ապահովելու նպատակով 2005 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի  փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, նախկին ԱԻՎ-ը վերանվանվեց Հայաստանի փրկարար ծառայության, զինվորական ծառայության փոխարեն ներդրվեց փրկարարական ծառայություն: Ներկայումս «Հայաստանի  փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվում են անհրաժեշտ փոփոխություններ` ուղղված Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության եւ նրա համակարգում գործող Հայաստանի  փրկարար ծառայության խնդիրների հստակեցմանը, կադրային, մասնագիտական, նյութատեխնիկական ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը, փրկարարական ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը, «Հայաստանի փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում առկա թերությունների վերացմանը եւ ծառացած այլ խնդիրների լուծմանը:

«Հայաստանի  փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածում ամրագրվել է, որ փրկարարական ծառայությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում կարող են ընդունվել Զինված ուժերի ծառայողներ, իսկ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում ամրագրված չէ, որ փրկարարական ծառայողները կարող են տեղափոխվել կամ ծառայության անցնել Զինված ուժերում, սակայն ծառայության անհրաժեշտությունից ելնելով անցած հինգ տարիների ընթացքում, հետագա ծառայությունը շարունակելու նպատակով, կատարվել են երկկողմանի տեղափոխումներ:

Սույն նախագիծը ներկայացվում է երկու հատուկ պետական ծառայությունները` զինվորական եւ փրկարարական ծառայությունները, կանոնակարգող օրենքների միջեւ առկա բացը լրացնելու նպատակով, որովհետեւ ըստ գործող օրենքի` հետագա ծառայությունը շարունակելու համար զինվորական ծառայողները կարող են տեղափոխվել փրկարարական ծառայություն, փրկարարական ծառայողները չեն կարող տեղափոխվել զինվորական ծառայության: