Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-1263-01.11.2011-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 97-րդ հոդվածի 1-ին մասը ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով`

«5) ով կատարել է սույն օրենսգրքի 138-րդ հոդվածի 3 մասով, 139-րդ հոդվածի 3-րդ մասով, 140-րդ հոդվածի 3-րդ մասով, 141-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 142-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքներ:»

ՀՈԴՎԱԾ 2. Օրենսգրքի 97-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով`

«5. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված անձանց նկատմամբ բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը կիրառվում է համալիր փորձագիտական եզրակացությունից հետո այն մասին, որ կիրառվող միջոցը չի հանգեցնի ֆիզիկական առողջության վնասման, ինչպես նաեւ անվերահսկելի ագրեսիայի կամ հոգեկան խանգարման առաջացմանը:»

ՀՈԴՎԱԾ 3. Օրենսգրքի 98-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով`

«4. քիմիական եղանակով ստերջացումը»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 100.1-րդ հոդվածով`

«Հոդված 100.1. Քիմիական եղանակով ստերջացում

1. Քիմիական եղանակով ստերջացումն իրականացնում է մարդու օրգանիզմ ներարկելով հորմոնալ դեղամիջոցներ, որոնց ցանկը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից:

2. Քիմիական եղանակով ստերջացումն իրականացնում է ՀՀ առողջապահության նախարարության կազմում գործող մասնագիտական հաստատություններում:

3. Քիմիական եղանակով ստերջացումն առաջին անգամ սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվում է նրա համաձայնությամբ:

Քիմիական եղանակով ստերջացման կիրառման դեպքում անձի հետ մասնագիտական աշխատանք են իրականացնում հոգեբանը եւ/կամ հոգեբույժը, որոնց հիմնական նպատակն է այդ անձի մոտ կամավոր ստերջացման անհրաժեշտության գիտակցումն ու քիմիական եղանակով ստերջացման կիրառման համար համաձայնություն տալն է:

Սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հանցանք կատարած անձը կարող է հրաժարվել քիմիական եղանակով ստերջացման կիրառումից` սահմանափակվելով միայն հոգեբանական  միջամտությամբ:

Հոգեբանի եւ/կամ հոգեբույժի մասնագիտական գործունեության իրականացման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության կողմից:

4. Եթե սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ներգործության միջոցի կիրառումից հետո, անձը կատարում է սույն օրենսգրքի 97-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված արարք, նրա քիմիական եղանակով ստերջացումն իրականացվում է հարկադրաբար:

Հարկադրաբար քիմիական եղանակով ստերջացումն առաջին անգամ կիրառվում է պատժի կրումից ազատվելուց վեց ամիս առաջ, իսկ եթե անձը պատժի կրումից ազատվում է մինչեւ նշանակված պատժի ժամկետի ավարտը, ապա` ազատման պահին:

Քիմիական եղանակով ստերջացման նպատակով հաջորդ ներարկումներն իրականացվում են համալիր փորձագիտական եզրակացության հիման վրա, որտեղ նշվում է ներարկումների հաճախականությունը, չափը, հնարավոր հետեւանքները եւ այլ տեղեկություններ, որոնք փորձագետի կարծիքով էական են եւ անհրաժեշտ իմանալու համար:»

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՄԱԿ-ի 12-րդ համագումարում, որը անց է կացվել 2010թ.-ի ապրիլի 12-19 Սալվադորում քննարկվել են հանցագործությունների կանխարգելման եւ քրեական արդարադատության հարցերը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հանցագորխության տուժող կամ վկա երեխաների պաշտպանությանը: Մասնավորապես նշվել է հետեւյալը.

ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատմամբ ամեն տարի աշխարհում 500 մլն.-ից մինչեւ 1,5 մլրդ երեխա ենթարկվում են բռնության եւ 275 մլն երեխա աշխարհում դառնում կենցաղային բռնության զոհ: Թեեւ բռնության որոշ դեպքեր անսպասելի եւ սպոնտան են, այնուամենայնիվ, դրանց մեծ մասը երեխաների նկատմամբ կատարվում է այնպիսի մարդկանց կողմից, ում երեխաները ճանանչում են, ում նրանք վստահում են, ում նրանք պետք է դիմեն պաշտպանության եւ աջակցության համար, մասնավորապես, ծնողների, խորթ ծնողների կամ ծնողների ընկերների, ընտանիքի այլ անդամների, այն անձանց կողմից, ովքեր հոգում են նրանց համար, ընկերների/ ընկերուհիների, դասընկերների ու ուսուցիչների, հոգեւոր ուսուցիչների ու գործատուների կողմից:

37 երկրներից ստացված տվյալները ցույց են տալիս, որ 2-ից 14 տարեկան երեխաների 86% ենթարկվում են ֆիզիկական բռնության եւ/ կամ հոգեբանական ագրեսիայի: Ֆիզիկական բռնության ենթարկվում են երեխաների 2/3-ը:

Վերջին տարիներին ավելացել է երեխաների դեմ կատարվող հանցագործությունների նկատմամբ ուշադրությունը , այդ թվում, նոր տեսակի հանցագործությունների, ինչպիսիք են մարդկանց թրաֆիքինգը, սեռական շահագործումը ինտերնետում եւ  չարաշահումները/ խոշտանգումները համակարգչային տեխնոլոգիաների օգտագործմամբ:

Երեխայի իրավունքների մասին 1989թ.-ի կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն մասնակից պետությունները պարտավորվում են երեխային պաշտպանել սեռական շահագործման բոլոր ձեւերից եւ սեռական չարաշահումից: Այդ նպատակով մասնակից պետությունները, մասնավորապես, ներպետական, երկկողմ եւ բազմակողմ մակարդակներով ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի կանխարգելեն երեխային ցանկացած ապօրինի սեռական գործունեության դրդելը կամ հարկադրելը:

«Երեխայի իրավունքների մասին» 1996թ.-ի մայիսի 29-ի ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Երեխայի զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման հարցում հիմնական պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները: Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայմանների ապահովման անկարողության կամ անհնարինության դեպքում պետությունը ցուցաբերում է համապատասխան օգնություն: Նույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, պետությունն ու նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը ցանկացած բռնությունից, շահագործումից, հանցավոր գործունեության մեջ ներգրավելուց, այդ թվում` թմրանյութերի օգտագործումից, դրանց արտադրության կամ առեւտրի մեջ ներգրավումից, մուրացկանությունից, անառակությունից, մոլի խաղերից եւ նրա իրավունքների եւ օրինական շահերի այլ ոտնահարումից:

Այս եւ այլ դրույթներ, որոնք ամրագրված են եւ միջազգային, եւ ազգային օրենսդրության մեջ ստեղծում են այն իրավական բազան, որի համաձայն ցանկացած երեխա պետք է գտնվի մշտական պաշտպանության տակ, եւ այդ պաշտպանությունը պետք է տրամադրվի պետության կողմից` հնարավոր բոլոր միջոցների կիրառմամբ:

Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանությանը վերաբերող հիմնական միջազգային իրավական ակտ է համարվում  Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի 2007թ.-ի կոնվենցիան, որի 7-րդ հոդվածի համձայն, որը վերնագրված է «Կանխարգելիչ միջամտության ծրագրերը կամ միջոցառումները», յուրաքանչյուր կողմ ապահովում է, որ այն անձինք, ովքեր մտավախություն ունեն, որ կարող են կատարել սույն Կոնվենցիայով նախատեսված հանցագործություններից որեւէ մեկը, անհրաժեշտության դեպքում, կարողանան մասնակցել միջամտության ծրագրերին կամ միջոցառումներին, որոնք նախատեսված են գնահատելու եւ կանխարգելելու կատարվող հանցագործու-թյունների ռիսկը: Այստեղ խոսքը գնում է նաեւ քիմիական եղանակով ստերջացման եւ միջամտության այլ եղանակների մասին:

Այդ միտքը մանրամասնվում է կոնվենցիայի այլ հոդվածներում: Այսպես, 15-րդ հոդվածի համաձայն  յուրաքանչյուր Կողմ, իր ներպետական իրավունքի համաձայն, ապահովում կամ խթանում է 16-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ պարբերություններում նշված անձանց (կասկածյալների եւ դատապարտյալների) համար արդյունավետ միջամտության ծրագրերը կամ միջոցառումները` երեխաների դեմ սեռական բնույթի հանցագործությունների կրկնման ռիսկերը կանխարգելելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:  Նման ծրագրերը կամ միջոցառումները պետք է հասանելի լինեն վարույթի ընթացքում ցանկացած պահի, բանտից դուրս եւ ներս` ներպետական իրավունքով սահմանված պայմանների համաձայն:

Քանի որ մանկապիղծների կատարած սեռական հանցագործությունների քանակը տարեց տարի ավելանում է ամբողջ աշխարհում եւ հաշվի առնելով միջազգային օրենսդրությունը, շատ եվրոպական երկրներում, ԱՄՆ-ի մի շարք նահանգներում ներդրվել է քիմիական կրտման կամ քիմիական եղանակով ստերջացման ինստիտուտը, որի էությունը կայանում է նրանում, որ տղամարդու օրգանիզմ ներարկում են հատուկ դեղամիջոց (օրինակ, թեստոսթերոն հորմոնի ձեւափոխված տարբերակը` testosterone undecanoate), որն ընկճում է տղամարդու սեռական ցանկությանները:

Այժմ Ամերիկայում գործում է «Պարտադիր կրտման մասին» օրենքը, որն ուժի մեջ է մտել 1990 թ.-ին: Ընդ որում, Կալիֆորնիա նահանգում քիմիական կրտումը պարտադիր է բոլոր մանակպիղծների համար:

Գերմանիայում, Դանիայում, Կանադայում եւ Շվեդիայում քիմիական կրտումը կիրառվում է դատապարտյալի համաձայնությամբ: 2007թ.-ից, քիմիական կրտումը կամավոր հիմունքներով իրականացվում է նաեւ Մեծ Բրիտանիայում այն մանկապիղծների նկատմամբ, որոնք կրել են իրենց պատիժը եւ նախապատրաստվում են ազատվեն պատժից:

2004թ.-ից Իսրայելում քիմիական կրտման նպատակով փորձարկվել է «Դեկապեպտիլ» դեղամիջոցը: Այդ փորձնական ծրագիրն իրականացվում էր Իսրաելի առողջապահության նախարարության ու բանտային վարչության կողմից այն դատապարտյալ մանկապիղծների նկատմամբ, որոնք պատիժ էին կրում բանտերում:

Գերմանիայում, որտեղ կամավոր կրտման են ենթարկվում տարեկան մինչեւ 6 հանցագործ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ առանց կրտման/ ստերջացման պատժից ազատված մանկապիղծների կողմից կրկնակի հանցագործություն կատարելու հնարավորությունը կազմում է 84 տոկոս, իսկ կրտումից/ ստերջացումից հետո` ընդամենը 3 տոկոս:

Լեհաստանում 2009թ.-ին ընդունվել է մի օրենք, որի համաձայն մանկապիղծի բուժման անհրաժեշտությունը որոշում է դատարանը ոչ ուշ, քան պատիժը կրելն ավարտելուց 6 ամիս առաջ, եւ միայն այն դեպքում, երբ տուժողը եղել 15 տարեկան չլրացած անձ կամ հանցագործն ու տուժողը ազգականներ են:

Ներկայացվող նախագծով առաջարկվում է ընդլայնել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման հիմքերի ցանկը` կիրառելով այն նաեւ ՀՀ քր. օր.-ի 138-րդ հոդվածի 3 մասով, 139-րդ հոդվածի 3-րդ մասով, 140-րդ հոդվածի 3-րդ մասով, 141-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 142-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքներ կատարած անձանց նկատմամբ:

Այս միջոցները կիրառվելու են մանկապիղծների նկատմամբ համալիր փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո, որով կհիմնավորվի այդ միջոցի անվտանգությունը ֆիզիկական առողջության համար եւ եթե այն չի հանգեցնի անվերահսկելի ագրեսիայի կամ հոգեկան խանգարման առաջացմանը:

Քիմիական եղանակով ստերջացման առաջին ներարկումը կիրականացվի առողջապահության մարմիններում` բժիշկների հսկողության տակ, որոնք հսկողություն կիրականացնեն վերահսկողություն անձի վարքագծի նկատմամբ նաեւ հետներարկման ժամանակահատվածում:

Մենք գտնում ենք, որ օրենսդրական այս նախաձեռնությունը զգալիորեն կազդի անչափահասների սեռական ազատության եւ սեռական անձեռմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրության վրա: Մասնավորապես, որ ՀՀ-ում սեռական հանցագործությունների վիճակագրությունը հետեւյալն է` ՀՀ գլխավոր դատախազության տվյալների համաձայն 2008թ.-ին կատարվել է սեռական ազատության եւ սեռական անձեռմխելիության դեմ ուղղված 63 հանցագործություն, 2009թ.-ին` 73, իսկ 2010թ.-ի միայն առաջին կիսամյակում` 54 հանցագործություն, որոնցից գերակա մասը կատարվել են անչափահասների նկատմամբ` այն էլ ՀՀ քր. օր.-ի 141-րդ հոդվածով:

Օրինագծի մշակմանը մասնակցել է ՀՀ Դատախազության դպրոցի դասախոս, ՀՀ ոստիկանության ակադեմիայի դասախոս, ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի հայցորդ Դավիթ Թումասյանը: