Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-1229-06.09.2011,17.10.2011-ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2009 թվականի հուլիսի 10-ի  ՀՕ-160-ն  օրենքի  25-րդ  հոդվածի՝

ա) 4-րդ մասում «հաստատության» բառից հետո լրացնել «մեկ դրույքով պաշտոնավարող»  բառերը

բ)  4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝

«Կես դրույքով պաշոնավարող եւ համապատասխան որակավորում ունեցող պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչեւ տասնվեց դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն»։

Հոդված 2. Սույն Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը

Օրինագծի ընդունման հիմնավորում

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 2009 թ. հուլիսի 10-ին: Այն սահմանում է հանրակրթության համակարգի պետական քաղաքականության սկզբունքները, կարգավորում ոլորտի կազմակերպաիրավական ու ֆինանսատնտեսական հիմքերը, սահմանում հանրակրթության գործընթացին մասնակից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավահարաբերությունները։

Գործող օրենքի 25-րդ հոդվածը թույլ է տալիս պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողին համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով  շաբաթական ունենալ մինչեւ ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն (ուսուցչական մեկ դրույքը 22 դասաժամ է): Ըստ էության օրենքը չի նախատեսում կես դրույքով պաշտոնավարող վարչական մանկավարժական աշխատողների իրավունքները։ Այսօր, սակայն, ոլորտում շատ են  այն վարչական աշխատողները, որոնք  կես դրույքով են պաշտոնավարում եւ  օրենքը սահմանափակում է նաեւ ուսուցչի կես դրույք ծանրաբեռնվածություն ունենալու իրավունքը։ Ըստ էության խաթարվում է ամբողջական ծանրաբեռնվածություն ունենալու եւ համապատասխան վարձատրություն ունենալու սկզբունքը։ Խնդիրը մի շարք դեպքերում կարգավորվել է ՀՀ ԿԳ նախարարի կարգադրություններով։ Սակայն հիմք ընդունելով ,Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի  բացառապես օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմաններն ու  կարգը՝ կարծում ենք խնդիրը օրենսդրական կարգավորման դաշտում է։

Համոզված ենք, որ սույն օրենսդրական նախաձեռնությամբ կես դրույքով պաշտոնավարող եւ համապատասխան որակավորում ունեցող վարչական մանկավարժական աշխատողների համար սահմանելով շաբաթական համատեղության կարգով մինչեւ տասնմեկ դասաժամ (կես դրույքի չափով) ուսումնական ծանրաբեռնվածություն  ունենալու իրավունք՝ ապահովված կլինենք արդար պայմանների եւ հնարավորությունների  սկզբունքը։