Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-12561-11.10.2011-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 18.-րդ հոդվածի 2-րդ մասում` «նախատեսվել պետական լիազորված մարմնի,» բառերից հետո լրացնել «անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի» բառերը, նույն մասում «նախատեսման դեպքում պետական լիազորված մարմնի» բառերից հետո լրացնել «, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի» բառերը, «բացառապես» բառից հետո «պետական լիազորված մարմնի աշխատակիցների» բառերը փոխարինել «համապատասխանաբար` պետական լիազորված մարմնի եւ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի աշխատակիցների» բառերով, իսկ «օգտագործվում են պետական լիազորված մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «օգտագործվում են համապատասխանաբար` պետական լիազորված մարմնի ղեկավարի եւ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի ղեկավարի»  բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1.  Անհրաժեշտությունը.

Նախագծի ներկայացումը անհրաժեշտ է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-247-Ն խմբագրությամբ) փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվող աշխատանքի վարձատրության հետ կապված իրավահարաբերությունների կանոնակարգման առանձնահատկությունների կիրարկումն ապահովելու նպատակով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան իրավական դրույթներ սահմանելու առումով:

2.  Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը աշխատակիցների խրախուսման ֆոնդերի ձեւավորման հնարավորություն է սահմանում միայն հարկային պետական ծառայության եւ մաքսային պետական մարմնի համար:

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգում ընթացող համալիր բարեփոխումների արդյունավետ իրականացման եւ համակարգի մասնագիտական ներուժի պահպանման եւ զարգացման տեսանկյունից կարեւորվում է համակարգում աշխատանքի վարձատրության մակարդակի վերանայման խնդիրը:

4.  Կարգավորման նպատակը եւ բնույթը.

Նախագծի կարգավորման նպատակն է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան լրացումեր կատարելու միջոցով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-247-Ն խմբագրությամբ) փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվող աշխատանքի վարձատրության առանձնահատկությունների կիրարկման ապահովումը:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից:

6.  Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման դեպքում բավարար իրավական հիմքեր կապահովվեն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (2011 թվականի հունիսի 23-ի ՀՕ-247-Ն խմբագրությամբ) փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով նախատեսվող աշխատանքի վարձատրության առանձնահատկությունների կիրարկումն ապահովելու  համար:

7.  Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) -

Նախագծի ընդունման առընչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք.

1  Այլ իրավական ակտերում փոփոխությունների եւ /կամ լրացումների անհրաժեշտությունը - չկան

2  Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը-ստանձնած պարտավորություններ չկան

Իրավական ակտն ընդունվելու դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի եւ եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանք

1  պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի եւ եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չի առաջանում

Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

1  հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնական www.cadastre.am կայքում: